Դեկտեմբեր 03, 2022
exclusive
1759 դիտում

Ռոման Բերեզովսկի. Ինչքան էլ լավ մասնագետ լինես, մերօրյա կյանքում կարեւորը մարդկային որակներն են

Ռոման Բերեզովսկին
Ռոման Բերեզովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռոման Բերեզովսկին երկար տարիներ Հայաստանի հավաքականի անփոխարինելի ու սիրված դարպասապահն է եղել, ապա որպես մարզիչ աշխատել թիմում: Mediamax Sport-ի հետ զրույցում նա անդրադարձել է հավաքականի խաղի որակին, խոսել Խոակին Կապառոսի մարզչական շտաբում լինելու, Հենրիխ Մխիթարյանի անսպասելի հեռանալու ու իրեն նվիրված ֆուտբոլային մրցաշարի մասին:

-Ռոման, ի՞նչ էիք զգում, երբ 11 տարի անց վերադարձաք «Ավիվա» մարզադաշտ:

-10 տարվա ընթացքում ստադիոնում քիչ բան էր փոխվել, ամեն ինչ համարյա նույնն էր մնացել: Բոլորս էլ վերհիշեցինք այնտեղ իմ ու մեր հավաքականի հետ տեղի ունեցածը եւ թե որքան մեծ հույսեր ունեինք: Շատ ափսոս, որ այն ժամանակ դեռ VАR համակարգ չկար, այլապես ինձ չէին հեռացնի խաղադաշտից:

-Իռլանդիայի հետ խաղից հետո շա՞տ եք հիշել այդ դրվագն ու մտովի վերադարձել դրան:

-Հենց այդ պահին էլ նույն մտքի էի ու հիմա էլ այն չի փոխվել՝ եղածը եղած է: Հնարավոր է ռիսկային դուրս եկա, բայց իրավիճակն էր այդպես թելադրում: Խաղն իրենց կիսադաշտում էր, մենք վերահսկում էինք գնդակն ու դժվար իրավիճակ չէր, բայց սխալվեցինք: Եթե մի քիչ դարպասին մոտ լինեի, կարող էի դուրս չգալ ու կխուսափեինք ամեն ինչից:

-Բայց դա վայրկյանների որոշում էր, հիմա այդ մասին խոսելը շատ ավելի հեշտ է: Այդ պահին, հավանաբար, դա ամենաճիշտ որոշումն եք համարել:

-Այո, ճիշտն էր թվում, որովհետեւ անհնար էր նման բարձր գնդակը արագության վրա մշակել: Դարպասապահների գլուխը շատ արագ է աշխատում, ամեն ինչ հաշվարկեցի ու ինձ թվաց, որ այդպես է պետք գործել: Իմ կողմից ձեռքով հպում չի եղել, պարզապես պրովոկացիոն շարժում արեցի, ուզում էի այդ ժեստով եւ գոռալով մրցակցին մի քիչ վախեցնել եւ հավասարակշռությունից հանել:

- Կարծում եք գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը հատո՞ւկ կարմիր քարտ ցույց տվեց: Հայաստանն առաջին անգամ էր այդքան մոտ ուղեգիր նվաճելուն ու նա փաստորեն ամեն ինչ արեց, որ այդպես էլ չստացվի:



- Վիճակագրությունը ցույց է տալիս, որ իսպանացի մրցավարներն առավել հաճախ են դիմում քարտերի օգնությանը: Չնայած շատ փորձառու մրցավար է, բայց, ինձ թվում է, տրվեց տրիբունաների էմոցիաներին: Ստադիոնը լիքն էր, որ երբ 50 հազարը միասին սկսեցին գոռալ ու բողոքել, դա էլ իր ազդեցությունն ունեցավ: Մի բան պարզ էր, որ նա անձամբ այդ դրվագը չի տեսել ու չգիտեր էլ, թե գնդակը որ հատվածին է կպել: Պարզապես հայի բախտ է (ծիծաղում է, խմբ.), չստացվեց դուրս գալ եզրափակիչ փուլ:

-Վերադառնանք մեր այսօրվա հավաքականին, ինչո՞ւ Ազգերի Լիգայի այս ընտրական փուլը նման վատ կերպով դասավորվեց՝ ավելի թո՞ւյլ էինք, մրցակիցնե՞րն էին ուժեղ, թե՞ այլ պատճառներ կային:

-Սկզբից էլ պարզ էր, որ մեզ համար բարդ է լինելու, քանի որ մրցակիցներն ավելի բարձր մակարդակի էին, քան եղել էին C դիվիզիոնում՝ Վրաստանը, Մակեդոնիան եւ Էստոնիան: Բացի այդ էլ խիտ գրաֆիկն իր ազդեցությունն ունեցավ, մեր հավաքականի համար բարդ էր այդքան կարճ ժամանակում միեւնույն խաղացողներով հանդիպումներ անցկացնել: Որքան էլ նրանք լավը լինեին եւ ուժեղ, մենք ընտրության քիչ հնարավորություն ունեինք, հավասարաչափ մակարդակի ֆուտբոլիստների պակաս կար: Հետագայում քարտեր էլ ստացանք, ինչն եւս իր ազդեցությունն ունեցավ: Հիմնական պատճառը դա էր, հենց ամենասկզբում էլ եղած ռեսուրսներով բարդ էր լավ արդյունքի հասնել:

Ռոման Բերեզովսկին Ռոման Բերեզովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Կապառոսի գլխավորությամբ 2 տարբեր հավաքականներ տեսանք, առաջին հատվածը ստացված կարելի է համարել, ապա եղան ծանր պարտություններ ու վատ խաղ: Դուք նրա մարզչական շտաբում եք եղել ու ամեն ինչ ներսից տեսել, ի՞նչ բերեց նա հավաքական:

-Պարզ է, որ բարձր ֆուտբոլային տեսակետ ու մտածելակերպ ունեցող երկրից է, նման մասնագետի կողքին աշխատելն ինձ մեծ փորձ տվեց, ինչի համար շատ շնորհակալ եմ: Նոր գիտելիքները հատկապես վերաբերվում են ճիշտ սննդակարգին, մարմնի հսկողությանը, տեսանյութերով խաղերի վերլուծությանը: Ներսից տեսա, թե աշխատանքն ինչպես է արվում, ինչի համար ուրախ եմ, իսկ հավաքականին, երեւի, ավելի պրոֆեսիոնալ մոտեցում տվեց: Նրա ամենակարեւոր պահանջն էր, որ ֆուտբոլիստներից ամեն մեկն իր ակումբում հնարավորինս լավ մարզավիճակում մնա, ռեժիմին հետեւին եւ ավելորդ ճարպային զանգված չհավաքի: Դա օգնեց, որ տեղացի ֆուտբոլիստների մակարդակն էլ բարձրանա: Շատ էր խոսում հպարտության մասին, չնայած բոլոր մարզիչներն էլ դրան մեծ ուշադրություն են դարձնում: Կապառոսն աշխարհի ու Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում գլխավորեց թիմը՝ նախ քովիդն էր, հետո պատերազմը սկսվեց: Բազմաթիվ սահմանափակումներ ու դժվարություններ կային ֆուտբոլիստների ժամանելու հետ կապված, մեր առաջատար Հենրիխ Մխիթարյանը չէր կարողանում միանալ թիմին, որովհետեւ ճանապարհները փակ էին: Բայց մարզիչն արժանիորեն դուրս եկավ այդ խնդիրներից: Աշխատանքի առաջին հատվածը շատ դրական եմ համարում՝ հաղթեցինք C լիգայում եւ ուրախացրինք մեր երկրպագուներին: Մի քանի լավ խաղեր ունեցանք ու գարնանը տպավորիչ հաղթանակներ տարանք Լիխտեյնշտեյնի, Ռումինիայի եւ Իսլանդիայի նկատմամբ: Մինչեւ այդ հատվածն ամեն ինչ լավ էր ընթանում:
Հասմիկ Բաբայանը եւ Ռոման Բերեզովսկին Հասմիկ Բաբայանը եւ Ռոման Բերեզովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Քանի որ Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց, հետաքրքիր է իմանալ Դուք կմնա՞ք հավաքականում, արդեն խոսե՞լ եք այդ մասին ֆեդերացիայի ղեկավարության հետ:

-Հետագայի մասին չենք խոսել, ֆեդերացիան, երեւի, դեռ մտածում է նոր մարզիչ նշանակելու մասին: Լավ է, որ բավական ժամանակ ունեն ամեն ինչ կշռադատելու եւ որոշելու համար, թե ով է արժանի այդ պաշտոնը զբաղեցնել: Ընտրությունը կախված է լինելու նրանից, թե ապագան ինչպես են տեսնում ու ինչ նպատակներ դնում: Կսպասեմ ֆեդերացիայի որոշմանն ու դրանից հետո կհասկանամ, թե ինչ է լինելու: Շատ կուզեմ հետագայում էլ օգուտ տալ մեր հավաքականին, ամեն դեպքում մեծ փորձ ունեմ, մանավանդ, որ իմ տեսանկյունից խաղադաշտը լրիվ տարբերվում է: 9 տարեկանից ֆուտբոլն այլ ռակուրսից եմ նայում ու հասկանում (ծիծաղում է, խմբ.): Երեւի թե, ամենալավ դիրքը հենց դա է:

-Եվ ո՞նց է այդ անկյունից ֆուտբոլ նայելը, ի՞նչ եք Դուք տեսնում, որ մնում է մյուսների ուշադրությունից դուրս:

-Ավելի շատ ես վերլուծում, բոլորին հիանալի կերպով տեսնում ես խաղադաշտում, թե որքան է նրանց միջեւ ընկած տարածությունը, տակտիկական առումով նկատում ճիշտ ու սխալ շարժումները, միանգամից ամեն ինչ երեւում է: Շատ կարեւոր բաներ ես տեսնում, ամբողջ խաղադաշտը քո աչքի առջեւ է:

-Իսկ երբ մենակ եք մնում, դարպասապահների հետ նման բան հաճախ է լինում, երբ թիմը լավ է խաղում, ի՞նչ մտքեր են Ձեզ այցելում:

-Եթե 10 տարի հետ գնանք ու վերադառնանք այն հավաքականին, ամենաուժեղ զգացողություններն եմ ունեցել: Երբ թիմը կարողանում էր բռնել խաղի թելն ու հիանալի ֆուտբոլ ցույց տալ, այդ ամենն ինձ անհավատալի էր թվում, իհարկե, ողջ 90 րոպեները չէին լավ անցկացնում, բայց շատ ստացված հատվածներ էին ունենում: Հպարտություն էի զգում, որ ես էլ եմ այդ թիմի անդամը, ու մեկ-մեկ ափսոսում, որ այդ սերնդից չեմ: Ամեն դեպքում մոտ 10 տարով մեծ եմ Կառլեն Մկրտչյանից, Գեւորգ Ղազարյանից, Հենրիխ Մխիթարյանից, Մարկոս Պիզելիից, Եդիգարյան եղբայրներից, Յուրա Մովսիսյանից:

Լուսանկարը` PAN Photo


-Իսկապես լավ հավաքական ունեինք, որը բազմաթիվ տպավորիչ հանդիպումներ է ունեցել:

-Կամաց-կամաց սկսեցինք զգալ, որ ամենալավ թիմի հետ էլ կարող ենք արժանիորեն խաղալ ու եթե մի քիչ էլ բախտներս բերի՝ հաղթել կամ միավոր վերցնել, այդ զգացողությունը շատ է օգնում: Լավ ժամանակներ էին, դրա համար այդքան դիմացա, որ հնարավորինս ուշ ավարտեմ կարիերաս:  

-Իսկ երբեւէ Ձեզ պատկերացրե՞լ եք հավաքականի գլխավոր մարզչի դերում:

-Պատկերացրել եմ, դրանում ինձ շատ օգնեց, երբ 2019-ին 3 շաբաթով «Սոչի»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կատարեցի: Շատ կարեւոր փորձ էր, հասկացա, արդյոք ի՞մն է, կկարողանա՞մ շփվել խաղացողների հետ: Կարող է թվալ, թե ինտրովերտ եմ եւ փակ ու շատ մարդկանց հետ դժվար եմ շփվում, բայց նման խնդիրներ ընդհանրապես չառաջացան: Թիմը շատ խարխլված ու վատ վիճակում էր՝ ֆիզիկապես ու հոգեբանորեն, մի շարք պարտություններ էին եղել, բայց այդ 3 շաբաթվա ընթացքում այնքան բան կատարվեց, որ շատերի հետ անգամ տարիների աշխատելիս չի լինում: 3 խաղ ունեինք, բայց մոտ 4 օրերի ընթացքում թիմի 14 խաղացողներ հիվանդացան՝ շատ բարձր ջերմություն ունենին ու կոկորդի ցավ, երեւի, կորոնավիրուսն այդ ժամանակ արդեն սկսվել էր: Պարզ է, որ  չհաղթեցինք, բայց 2 ոչ-ոքի գրանցեինք, այդ միավորները հետագայում օգնեցին թիմին առաջնության գարնանային հատվածում լավ դիրքում լինել:
Ռոման Բերեզովսկին Ռոման Բերեզովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Այդ ամենի արդյունքում ի՞նչ հասկացաք Ձեր մարզչական որակների մասին:

-Բոլորի հետ առանձին շփումն էր շատ կարեւոր, որովհետեւ ֆուտբոլիստները եւս մարդիկ են ու ամեն մեկը խնդիրներ ունի: Ասում են՝ խաղադաշտի գիծն անցնելիս ամեն ինչի մասին մոռանում են, բայց կարող է երեխան է հիվանդ, կնոջ հետ են բաժանվել կամ ծնողն է շատ հիվանդ, նման բազմաթիվ խնդիրներ են լինում, պետք է կարողանալ մարդկանց դրության մեջ մտնել ու փորձել հասկանալ: Ֆիզիկական պատրաստվածության առումով էլ շատ լավացրինք խաղացողների վիճակը, կարծում եմ, դրա շնորհիվ է նաեւ, որ Նոբոան մինչեւ հիմա խաղում է եւ օգուտ բերում թիմին, չնայած վետերան է: Մտածում եմ՝ ինչ-որ առումով ես էլ եմ նպաստել դրան: Զգացի, որ ֆուտբոլիստներն ինձ վստահում են, ինչքան էլ լավ մասնագետ լինես, մերօրյա կյանքում առաջին հերթին մարդկային որակներն են: Եթե ոգի տաս, անպայման կստացվի:

-Այս պահին ո՞ւմ եք տեսնում հավաքականի ղեկին, մեզ ինչպիսի՞մասնագետ է պետք՝ հա՞յ լինի, արտերկրի՞ց, լա՞վ ճանաչի խաղացողներին:

-Ինձ թվում է, որ խնդիրն այդքան էլ նոր մարզչի մեջ չէ, որքան ֆուտբոլիստների: Նրանց մարմինը միշտ փոփոխությունների է ենթարկվում, ամեն դիրքում մրցակցություն է պետք, հենց դա է առաջընթացի ամենամեծ գրավականը: Կադրերի խնդիրը շատ մեծ է, Հայաստանում հանդես եկողները որքան էլ տաղանդավոր լինեն, բայց ընդհանուր խաղամակարդակը նրանց թույլ չի տալիս աճել: Օրինակը բերեմ Վարազդատ Հարոյանով, որը վերջին տարիներին խաղացել է «Ուրալում», «Կադիսում» եւ հիմա՝ «Անորտոսիսում»: Ամեն ակումբում նրա մարզավիճակն անընդհատ փոփոխվել է՝ իջել կամ էլ բարձրացել, նման օրինակները բազմաթիվ են: Առաջատար ֆուտբոլիստներ հայկական ցանկացած ակումբում, ցավոք, չկան, եթե դիտարկենք մեր առաջնության առաջատարներին, ընդգծված հայ առաջատարներ չունեն:  
Ռոման Բերեզովսկին Ռոման Բերեզովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հիմա, իսկապես, անունների ու առաջատարների պակաս ունենք, Ձեր նշած այն տաղանդավոր սերունդը խաղացել ու աճել էր հենց հայկական թիմերում:

-Որովհետեւ այն ժամանակ բազային ակումբ կար՝ «Փյունիկը», Վարդան Մինասյանը ամենօրյա պլան էր մշակում տղաների համար, ֆուտբոլիստներն իրար լավ գիտեին ու կյանքում եւ խաղադաշտում էլ իրար հիանալի հասկանում էին, այլ համակարգ էր աշխատում, իսկ հիմա նման ակումբ չկա: ԲԿՄԱ-ում բոլորը համարյա հայ են, բայց աղյուսակում բարձր տեղում չեն ընթանում, դրան գումարած էլ՝ հավանաբար շատ երիտասարդ են խաղացողները, հիմա մի քանի փորձառուներ են ավելացել, բայց դեռ շատ առաջ գնալ չի ստացվում:

- Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո հավաքականն ի՞նչ կորցրեց, առանց նրա ի՞նչը փոխվեց:

-Հենրիխը մեզ համար բրենդ էր, համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, շատ ուժեղ ու լավ մարդ: Կորոնավիրուսի շրջանում ամեն ինչ այլ կողմ գնաց, հնարավոր է՝ շատ փայլուն խաղեր չունեցավ, միգուցե, մարզիչը նրան մի քիչ սխալ էր օգտագործում: Կարող է նրանց միջեւ շփումն էր քիչ, կամ իրար լավ չհասկացան, ինձ համար դժվար է բացատրել այդ ամենը: Կապառոսը պարզապես այն մարզիչներից է, որը կարեւորում է թիմային խաղը: Բայց ամեն պարագայում յուրաքանչյուր դիրքում ուժեղ խաղացող ունենալը առավելություն է տալիս, կարեւորն այն է, թե նրան ինչպես կօգտագործես ոչ միայն դաշտում, այլ նաեւ՝ կենցաղում եւ հանդերձարանում: Եթե ամեն ինչ գրագետ արվեր, հնարավոր է Մխիթարյանը դեռ շարունակեր օգուտ բերել հավաքականին, նրա հեռանալու իրական պատճառները չգիտեմ: Գուցե, դեռ ինչ-որ բան փոխվի, մարդիկ միշտ էլ լավ սպասելիքներ են ունենում: Գուցե եւ վերադառնա (ծիծաղում է, խմբ): Հիմա էլի լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնք աճ են արձանագրում՝ Էդուարդ Սպերցյանը, բարձր մակարդակի խաղ է ցույց տալիս, մեծ պոտենցիալ ունի: Խորեն Բայրամյանն էլ կարող է մեծ օգուտ բերել որպես առաջատար ու խաղ կառուցող: Հիմա նրա գործը մի քիչ դժվարացել է, որովհետեւ ռուսական ֆուտբոլի մակարդակը նորից իջնում է, հիմնականում լավ լեգիոներները հեռացել են, եթե «Զենիթ»-ի պես 4-5 թիմ լինի, հնարավոր կլիներ մակարդակը պահել ու նաեւ աճել:

Լուսանկարը` Գևորգ Ղազարյանի


-Մեր հավաքականի դարպասապահների մասին ի՞նչ կասեք, նրանք որքանո՞վ են կարողանում աճ ապահովել:

-Հիմնականում Յուրչենկոյից խոսենք, մյուսներն էլ լավն են, բայց հիմա Բեգլարյանն ու Բուչնեւը չեն խաղում: Ինձ դուր է գալիս Յուրչենկոյի հետ աշխատել, երբ ծանոթացանք 33 տարեկան էր, պարզ է՝ քիչ ժամանակ ունեինք շատ բաների վրա աշխատելու համար, հիմնականում վերլուծում էինք խաղն ու տեսանյութեր նայում, քննարկում, թե ինչը կարող ենք ավելացնել, նա ամեն ինչ ընդունում էր, ներծծում ու փոխվում: Ուրախալի էր նրա առաջընթացը տեսնել, թե ինչպես է ոտքով ավելի լավ խաղում ու սառնասիրտ գործում: Բայց հավաքականի վերջին 2 խաղերին ոճը փոխվել էր, հնարավոր է՝  հոգեբանական խնդիրների պատճառով: Մարդը ռոբոտ չի, որ միշտ նույն լավ որակները ցույց տա, անկումներ էլ է ունենում, բայց Յուրչենկոն Ազգերի Լիգայի վերջին հատվածում ավելի լավ կարող էր խաղալ:

-Ռոման, Ձեր կարծիքով ինչո՞վ էր դա հիմնականում պայմանավորված:

-Ավելի գերլարված էր, հնարավոր է Եվրագավաթերում շատ խաղեր անցկացրեց, դա էլ հոգեբանորեն ճնշեց, միջազգային խաղերը լարվածություն բերեցին, այդ ամեն ազդել է  նրա խաղի որակի վրա: Հիմա պետք է հանգստանա, ավելի թեթեւանա ու նորից կստացվի իր առավելագույն մակարդակին բարձրանալ:

Լուսանկարը` FC Urartu


-Վերջերս Ձեզ նվիրված ֆուտբոլային մրցաշարի մեկնարկն ազդարարվեց, որը նախատեսված է անցկացնել 3 մարզերում՝ Տավուշում, Վայոց Ձորում եւ Սյունիքում: Ինչո՞ւ էր կարեւոր Ձեզ համար անցկացնել մրցաշարը:

-Մրցաշարը եղբորս նախաձեռնությամբ է կազմակերպվել, նա ուզեց մի լավ բան անել եւ ուրախացնել երեխաներին, մանավանդ հիմա, երբ նման բարդ իրավիճակում ենք հայտնվել: Նպատակն էր, որ մարդիկ մի քիչ ցրվեն, հասկանան՝ կյանքը շարունակվում է: Փորձեցինք մրցաշարը կազմակերպել այն երեխաների համար, որոնք սիրում են ֆուտբոլ խաղալ: Երջանիկ ենք, որ կարողացել ենք որեւէ լավ գործ անել: Արդեն եղել ենք Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում, դեռ 2 ուղեւորություն էլ ունենք դեպի Վայոց ձոր եւ Սյունիք:

-Ի՞նչ տեսաք այնտեղ, ինչպիսի՞ մթնոլորտ ու ոգեւորություն էր տիրում երեխաների մոտ:

-Իրենց չգիտեմ, հնարավոր է՝ ես անգամ ավելի շատ բան եմ քաղել այդ շփումից: Որովհետեւ գյուղի մարդիկ ավելի պարզ են, ջերմ, մարդկային, Երեւանում էլ լավ մարդիկ կան, բայց այնտեղ տոկոսն ավելի բարձ է (ծիծաղում է, խմբ): Հասկանում ես, թե կյանքն ինչպես են սիրում, ամեն մեկն իր ճակատագրի մասին է պատմում, կարեկցում ես, խնդիրներն իմանում: Երեխաների հոգիներն այնքան մաքուր են, Տավուշ ուղեւորությունից շատ ոգեւորվեցի:
Ռոման Բերեզովսկին Ռոման Բերեզովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Սյունիք դեռ գնալու եք, Կապանում Ձեր կարիերայի առաջին քայլերն եք արել, երբ 90-ականներին պատերազմը սկսվեց: Հիմա էլ՝ 30 տարի անց, այնտեղ նորից անհանգիստ է, կհիշե՞ք այն տարիների դժվարությունները:

-1992 թվականի գարնանը տեղափոխվեցի «Սյունիք», սկզբում ամեն ինչ շատ լավ էր՝ հիանալի պայմաններ ունեինք, կենտրոնական մարզադաշտում էինք խաղում, որի կողքին հյուրանոց կար, բնությունը գեղեցիկ էր եւ ամեն ինչից հաճույք էինք ստանում: Բայց ամռան վերջին իրավիճակը սրվեց, սկսեցին նախ մեկ-մեկ կրակել, հետո՝ ամեն օր: Սկզբում կրակոցները քիչ էին, բայց աստիճանաբար ավելացան, շատ վախենալու էր ինձ համար, գուցե, պինդ մարդկանց համար՝ ոչ այդքան: Ընդամենը 18 տարեկան էի, երբ հրթիռակոծում էին, մինչ արկերը տեղ կհասնեին, ասեք ամբողջ օդն էր շարժվում ու չգիտեիր, թե որտեղ կընկնեն: Շուրջը մարդիկ էին մահանում, սարսափելի էր պատկերացնել, որ քեզնից ընդամենը 50 մետրի վրա են տեղի ունենում: Նման պահերին ավելի սուր ես զգում խաղաղության, մարդասիրության եւ կյանքի արժեքը, ափսոս է, որ մարդիկ իրենց կյանքը վատնում են պատերազմի պես բաների վրա:  

-Սպորտը կյանքի մի մասն է ու անհրաժեշտ է բոլոր ժամանակներում, պատերազմական՝ առավել եւս: Ինչո՞ւ է պետք միշտ ֆուտբոլ խաղալ ու ինչպե՞ս է այն օգնում երեխաներին:

-Թիմային ոգի ու ընկերոջ զգացողություն է տալիս, սովորեցնում իրար օգնել դաշտում, այդ ամենը կյանքի վրա էլ է տարածվում: Խաղադաշտում շփումը լավ որակներ է տալիս: Կարող է թվալ, թե նման օրերին ինչ ֆուտբոլի մասին կարող է խոսք լինել, բայց սթրեսների ու վախի մեջ մարդիկ երկար ժամանակ ապրել չեն կարող, նրանք ու հատկապես երեխաները՝ ցրվելու կարիք ունեն: Իսկ ֆուտբոլը մի քիչ փրկում է եւ բուժում:

Լուսանկարը` Photolure


-Դուք ՀՖՖ-ի հետ ծրագիր եք ունեցել դարպասապահների հայկական դպրոց բացել։ Ի՞նչ փուլում են աշխատանքներն ու այն ե՞րբ հնարավոր կլինի կյանքի կոչել:

-Միշտ ինչ-որ բան խանգարում էր, որ այն կյանքի կոչենք, ուզում էինք դեռ այս ամռանը բացել: Նման դպրոց ունենալու միտքը վերջերս է առաջացել, Արմեն Մելիքբեկյանն  առաջարկեց, ես համաձայնեցի: Պետք էր որոշակի մանրամասներ ճշտել, թե որ տարիքի երեխաների համար է, ինչ խմբեր է պետք ստեղծել, որ կարողանանք մարզագույք ձեռք բերել, դաշտերով ապահովել: Ես միայնակ այդ ամենը կազմակերպել չեմ կարող, հավասարազոր մարզիչներ են պետք, մեզ միացան եւս 2 մարզիչ՝ մեկը կանանց ֆուտբոլից, մյուսը՝ «Արարատ-Արմենիա»-ից, նա երեխաներին է մարզում: Առաջիկայում կսկսենք աշխատել, դպրոցը, երեւի, կգործի ֆուտբոլի Ակադեմիայում, հետո մարզեր էլ կգնանք ու երեխաներ կընտրենք: Ասում են՝ Այգեհովիտում 14-15 տ. տաղանդավոր դարպասապահ կա, իրեն էլ կարող ենք բերել փորձաշրջանի: Կփորձենք Հայաստանով մեկ լավ երեխաներ գտնել ու 15-17 տարեկան դարպասապահների մակարդակը բարձրացնել: Եթե մարզումները կանոնավոր լինեն, միանշանակ, կստացվի որակ ապահովել:

-Ընտրելու եք երեխաների, որոնք հստակ որոշել են դարպասապահ դառնալ, իսկ Ձեզ ի՞նչն է դրդել կանգնել դարպասում:

-Պարզապես այդպես ստացվեց, ես ֆուտբոլիստ էի եւ սիրում էի գոլեր խփել, բայց մեր դարպասապահը անհաջող խաղ անցկացրեց եւ դարպասում փորձնական ինձ կանգնեցրին՝ տեսնելու արդյոք կստացվի՞: Մարզչին թվաց, թե հաջող գործեցի, մինչդեռ այդ տարիքում ամենակարեւորը անվախ խաղալն է, գնդակի հետ համարձակ վարվելը,  դուրս գալը եւ մրցակցին դիմավորելը: Եթե անվախ ես, կարող ես դարպասապահ լինել, մնացածը ֆիզիկական տվյալներով են պայմանավորված, իսկ դրանց համար առաջին հերթին շնորհակալություն ծնողներիս, որ բարձրահասակ եմ: Թեեւ ժամանակակից ֆուտբոլի պահանջներով այդքան էլ բարձրահասակ չեմ համարվում:

Լուսանկարը` FFA


-Դարպասապահը թիմում միակն է, մնացած դիրքերում մի քանի խաղացող կա, ինչ-որ առումով նաեւ անփոխարինելի է:

-Այս վերջերս եմ լսել, որ ամեն դարպասապահ ֆուտբոլիստ է, բայց ամեն ֆուտբոլիստ դարպասապահ չէ: Դա, իհարկե, առավելություն է, կարիերադ էլ կարող է ավելի երկար լինել: Քիչ ֆուտբոլիստներ են խաղում մինչեւ 40 տարեկանը: 36-37 տարեկանից հետո այնքան էլ կտրուկ չեն լինում խաղացողները, բայց ամեն ինչ մարդու մոտիվացիայից է կախված, դա է միշտ առաջ տանում:

- Դուք ՈւԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագրի դասընթացի եք մասնակցել, ի՞նչ տվեց այն Ձեզ ու հետագայում Ձեզ տեսնո՞ւմ եք մարզչի դերում:  

-Մանավանդ «Սոչի»-ի հետ աշխատելուց հետո զգացի, որ եթե ինձ թիմ վստահեն ու ավելի երկար ժամանակ տան, կարող եմ մարզիչ աշխատել: Իմ մեջ թիմ մարզելու ուժ տեսա: Շատ կարեւոր է նաեւ լավ մարզչական շտաբ ունենալը: Առանձնապես էական չէ գլխավոր մարզիչ լինել, կարող եմ օգնական էլ աշխատել, դարպասապահների հետ էլ: Առաջնայինը նպատակ ունենալն է, ինչի համար կձգտեմ առաջ գնալ ու հարմարավետ զգալ ինձ հետ աշխատող մարդկանց կողքին: Մնացածն արդեն կախված է նրանից, թե կյանքն ինչպես կդասավորվի, ամեն դեպքում արտոնագիրը ստանում եմ:
Ռոման Բերեզովսկին Ռոման Բերեզովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հավաքականում միշտ սիրված եք եղել, ինչպե՞ս էր ստացվում երկրպագուների սիրտը շահել, Ձեր պատվին միշտ «Ռոման» կամ էլ «Բերեզովսկի» էին վանկարկում ստադիոնում: Ի՞նչն էր այդ փոխադարձ սիրո հիմքում:

-Երկրպագուները երբեք էլ շատ բան չեն ուզում՝ մարզաշապիկ, ստորագրություն կամ էլ լուսանկարվել: Ինձնից ոչինչ չէր պահանջում դա անելու համար, պարզապես նրանց ուշադրություն էի դարձնում: Շնորհակալ եմ այդ սիրո համար, երկար եմ հավաքականում խաղացել՝ 20 տարի, միշտ զգացել եմ այն: Այն ժամանակ դեռ ինձ պես լեգիոներներ կամ դրսից հրավիրված խաղացողներ չկային, միայն ես էի, որ հայ չէի՝ սպիտակ ագռավի պես եմ եղել:

-Չեմ կարծում Ձեզ որեւէ մեկը հայ չի համարել, միշտ յուրահատուկ տեղ եք ունեցել:

-Ուղղակի ավելի շիկահեր եմ, դարպասում էի կանգնում, երեւի խղճացել են ինձ, 90-ականերին ինչքան հարվածներ են կատարել դարպասիս (կատակում է, խմբ.):

-Համեստորեն խուսափում եք խոստովանել, որ Ձեզ իսկապես շատ են սիրել:

-Ես էլ իրենց եմ շատ սիրել:
Ռոման Բերեզովսկին Ռոման Բերեզովսկին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Կարոտո՞ւմ եք հավաքականում եղած տարիները:

-Այո, բայց ավելի շատ փորձում եմ ապրել ներկայով ու մտածել ապագայի մասին: Հիմա առաջնայինը մարդկանց աջակցելն ու ֆուտբոլիստներին օգնելն է: Երբեմն համացանցում նայում եմ, թե ինչպես էի ջահել օրերին ցատկում ու գնդակները որսում, բայց ոչ ավելին, խոսել այդ տարիներից չեմ սիրում: Դա իմ անցյալն է, այդ սերն ու վերաբերմունքն ոչ մեկը չի խլի: Մինչեւ հիմա էլ զգում եմ մարդկանց ջերմությունը:

-Ի՞նչ է Ձեզ տվել ֆուտբոլն ու օգնել կայանալ որպես մարդ:

-Մի քիչ վստահություն է տվել, հույս ունեմ՝ աստղային հիվանդություն չեմ ունեցել, բոլորս միեւնույն է գետնի վրա ենք քայլում: Հնարավոր է՝ ավելի ամաչկոտ լինեի ու որեւէ բան չասեի:

- Հիմա ամենաշատն ի՞նչ եք ցանկանում Հայաստանին ու Ձեզ:

-Առաջին հերթին ցանկանում եմ խաղաղություն տիրի ողջ աշխարհում ու նաեւ Հայաստանում, որ մարդիկ էլ չզոհվեն: Ինձ թվում է, որ այս ծանր օրերից հետո բարիությունն առաջին պլան կգա, կսկսեն իրար հասկանալ, ջերմ լինել, գնահատել միմյանց ու կյանքը: Դա ինձ հույս է տալիս, որ այս սարսափը հնարավորինս շուտ կավարտվի: Իսկ իմ կյանքի բաղադրատոմսը եղել է «Աշխատիր եւ աղոթիր», դա էլ մնացել է մինչեւ հիմա: Իմ հաջողության գրավականն է, ավել բան չեմ ուզում, միայն թե ընտանիքս, երեխաներս ու հարազատներս առողջ լինեն, անգամ այն մարդիկ, որոնք ինձ մի պահ վատություն են արել, բոլորին ներել եմ:

Ռոման Բերեզովսկու հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին