Դեկտեմբեր 01, 2024
exclusive
2966 դիտում

Հարություն Մերդինյան. Սպորտում իմ նոր մոտիվացիան աղջիկս է

Հարություն Մերդինյանը
Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարություն Մերդինյանն այս տարի 2-րդ անգամ կարողացավ դառնալ Եվրոպայի չեմպիոն: Նա իր աշխատասիրությամբ ու համառությամբ ցույց է տալիս, որ անհնարին նպատակներ ու խնդիրներ սպորտում չկան:

Mediamax Sport-ի հետ զրույցում Մերդինյանը խոստովանել է, թե ինչու է այս ոսկե մեդալն այդքան յուրահատուկ իր համար, ինչպես է դստեր ծնունդը փոխել իրեն ու թե ինչպես է հաղթահարել Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ունեցած ծանր դեպրեսիան:

-Հարություն, ինչպե՞ս է, երբ 38 տարեկանում հաջողվում է դառնալ Եվրոպայի չեմպիոն:

-Զգացողություններս անբացատրելի են, որովհետեւ այդ տարիքում կարողացա նորից ուժ գտնել ու իմ առջեւ դրված առաջադրանքը կատարել: Ինձ լավ եմ զգում եւ ուրախ եմ, որ կրկին ստացվում է սպորտում արդյունքների հասնել: Դա նրա շնորհիվ է, որ մարզումներս կարողանում եմ ճիշտ դասավորել ու սննդակարգիս խիստ հետեւել, հավաքականի մարզիչն էլ գտնում է, եթե մնացել եմ սպորտում, պետք է աշխատեմ նույն մոտեցմամբ ու կարգապահությամբ: Տարիների ընթացքում ինձ մոտ այդ առումով բացարձակ ոչինչ չի փոխվել:

-Ի՞նչն է քեզ մոտիվացնում մինչեւ հիմա ու ամեն առավոտ բերում մարզադահլիճ:

-Զգում եմ, որ դեռ կարող եմ աշխատել, մեջս ուժ եւ էներգիա կա: Փորձում եմ անել այն, ինչին պատրաստ եմ: Ամեն մրցաշար ինձ համար կարող է վերջինը լինել, այնպես որ, ժամանակ կորցնել չեմ կարող:

Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` European Gymnastics Federation


-Այս առաջնությունից առաջ կա՞ր այդ համոզմունքն ու վստահությունը, որ ոչ միայն մեդալի համար կպայքարես, այլ կհաջողվի նաեւ չեմպիոն դառնալ:

-Մրցումների ժամանակ է երեւում, թե ինչի ես ընդունակ կամ որ տեղերին կարող ես հավակնել: Եզրափակիչ անցնելուց հետո հասկացա, որ վարժությունս կոկիկ ու մաքուր կատարելու դեպքում հնարավոր է պայքարել: Ցանկացած մրցաշարի մեկնելուց առաջ, եթե մտովի մեդալի համար չեմ պայքարում, բացարձակ անիմաստ է հանդես գալ, ստացվում է, որ չարչարվել ու տանջվել եմ մի բանի համար, ինչի նկատմամբ ինքս էլ  հավատ չունեմ: Այն տարիքում ու կարգավիճակում չեմ, որ պարզապես մարզվեմ,  մասնակցում եմ պայքարելու համար:

-Բայց միշտ չէ, որ ստացվել է լավ հանդես գալ ու մեդալով վերադառնալ, որքան էլ հավատ ես ունեցել ուժերիդ նկատմամբ ու տքնաջան աշխատել:

-2017 թվականի ԵԱ-ի բրոնզե մեդալից հետո Աշխարհի առաջնությունում 5-րդ տեղը գրավեցի, լուրջ մրցակցություն էր ու լավագույն եռյակից դուրս մնացի: 2018-ին լարվածություն ունեի եւ վարժությունս նորմալ չկարողացա անել, այդ ընթացքում անգամ մտածում էի, որ երեւի սա է վերջն ու պետք է թողնել մարմնամարզությունը: Չէի կարողանում հասկանալ, կստացվի՞ որեւէ բան անել, թե՞ ոչ: Օլիմպիական խաղերից հետո իմ առջեւ առաջադրանք չէի կարողանում դնել ու հասկանալ, թե ինչի համար եմ պայքարում: 2016-ին չափազանց կենտրոնացած էի մեկնել Ռիո, շատ էի ցանկանում մեդալով վերադառնալ, ամեն ինչ էի տվել խաղերին ու դրանից հետո լրիվ դատարկվեցի: 2019-ի Գավաթներին եմ մասնակցել, վատ չեմ հանդես եկել, բայց էլի մեդալ նվաճել չէր ստացվում: 2021-ին ԵԱ-ն բաց թողեցի, ԱԱ-ում եզրափակիչ մտա ու հասկացանք, որ պետք է վարժությունս փոխենք, որպեսզի հնարավոր լինի բարձր տեղերի համար պայքարել: Այդ հարցում ինձ շատ օգնեցին մարզիչներ Հայկ Նազարյանը, Հակոբ Սերոբյանը եւ Սոս Սարգսյանը: Քննարկեցինք ու հասկացանք, որ նոր տարրի շնորհիվ հնարավոր կլինի խառնվել մեդալային պայքարին:



-Նոր տարրն այնքան էլ հեշտ չի տրվել քեզ ու հետը շատ ես կռիվ տվել: Ի վերջո, ինչպե՞ս այն քեզ ենթարկեցիր:  

-Շատ բարդ էր ու անսովոր, սկզբում անգամ չէի կարողանում հարմարվել, անընդհատ ասում էի, որ չի ստացվում, բայց հիմա ամենալավը, երեւի, հենց դա եմ կատարում: Շատ շնորհակալ եմ, որ այդքան պայքարեցինք մարզիչների հետ ու շարունակեցինք փորձել: Անընդհատ անելու ու շատ մարզվելու արդյունքում եղավ, ամեն օր պարտադիր կենտրոնացած աշխատում էի: Եթե անգամ մարզում էլ չունեի, այդ տարրը փորձում էի, որ մեխանիկորեն ստացվի ու ենթարկվի ինձ:

-Քո վերջին ոսկե մեդալը եղել էր 2016 թվականին, դու Բեռնում էիր Եվրոպայի չեմպիոն դարձել: Զգացողությունների ու տարած աշխատանքի առումով այս երկու նվաճումները ինչո՞վ են տարբերվում իրարից:

-2016-ին մի փոքր ուրիշ էր ամեն ինչ, շատ էի ուրախացել, որ անկախ Հայաստանի առաջին մեդալն էր մարմնամարզությունում, բացի այդ էլ Օլիմպիական խաղերից առաջ էր ու լավ կարգավիճակով էի մեկնելու: Բայց այս տարվա մեդալը լրիվ ուրիշ էր, չափից շատ էի ուրախացել, նախ քանի որ վարժությունս լավ էի կատարել, 2016-ին այնքան էլ հաջող չէր ստացվել ու սխալներ կային, բայց բարդության հաշվին էի առաջին տեղը գրավել, բացի այդ էլ բրիտանացի մարզիկն էր վրիպել: Մյունխենում պայքարի մեջ էի մտել, գիտեի, որ լավ անելու դեպքում հնարավոր է հաղթել: Մարմնամարզությունում տասնորդական միավորների պատճառով կարող ես պարտվել, ինչպես եղավ Արթուր Դավթյանի դեպքում: Աղջկաս ծնվելուց հետո անչափ շատ էի ուզում հաջող հանդես գալ, անընդհատ մտածում էի՝ մեկ մրցաշարի էլ մասնակցեմ: Ինքս ինձ հոգեբանորեն տրամադրել էի, որ նրան նվիրեմ մեդալս՝ անկախ նրանից ինչ գույնի կլիներ, բայց արդյունքում ամենալավ կերպով ստացվեց:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Առաջնության հոգեբանական պայքարի մասին ի՞նչ կասես, երբ գիտես ամեն միավորն ու աննշան սխալը կարող են որոշիչ լինել:

-Տարիքի հետ դժվարանում է այդ առումով, հասկանում ես, որ շատ մրցումների մասնակցելու հնարավորություն չունես, պետք է կարողանաս հիմա լավ մասնակցել ու շանսդ օգտագործել: Դրա համար հիմա կենտրոնացած եմ միայն առաջիկա մրցաշարի վրա ու պատրաստվում եմ այնտեղ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ: Ուզում եմ անել լավագույն փորձերից մեկը, իհարկե, լարվածության պատճառով կարող է չստացվել, կամ էլ հոգեբանորեն չտրամադրվեմ, բայց դեռ կարողանում եմ այդ ամենը հաղթահարել:
 

-Օլիմպիական խաղերից հետո բավական բարդ փուլ ես ունեցել ու դժվարությամբ ես այն հաղթահարել: Արի վերադառնանք Ռիո ու փորձենք հասկանալ, թե քեզ հետ այնտեղ ի՞նչ կատարվեց:

- Ուղղակի սպառվեցի, չափից ավել լավ էի պատրաստ ու հիանալի մարզավիճակում, բայց զգացի, որ էլ չեմ կարող, օրգանիզմս թույլ չէր տալիս որեւէ բան անել: Եզրափակչում այնքան դժվար էր, չեմ կարողանում բացատրել, թե հետս ինչ եղավ: Պատրաստ էի վարժությանն ու մտքումս այնքան թեթեւ էի կատարում այն, բայց որակավորումից հետո ստիպված եղա 8 օր սպասել, դրանից առաջ էլ այնքան էի մարզվել, որ լրիվ սպառվել էի եւ անգամ չէի էլ ուզում մոտենալ գործքին, հոգեբանորեն հոգնած էի: Եզրափակչում որքան կարողացա տրամադրվեցի, հասկանում էի, որ այդ մի փորձն ունեմ, բայց ինքս ինձ հաղթահարել չստացվեց:  

Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ու դրանից հետո ի՞նչ եղավ, ինչպե՞ս աստիճանաբար կորցրիր քեզ:

- Ամիսներ շարունակ չէի կարողանում քնել, դատարկություն էր մոտս, ոչ մի ճանապարհ ու ելք չէի տեսնում, սպորտով զբաղվելն էլ չէր ուրախացնում: 2017-ին Եվրոպայի առաջնությունում մեդալի համար պայքարեցի, բայց ուղղակի մասնակցում էի, այդ բրոնզը ոչ մի ոգեւորություն չառաջացրեց, ապագայի վրա կենտրոնանալ ի վիճակի չէի:

-Նման դեպրեսիայի ու դատարկության մասին շատ առաջատար մարզիկներ են խոսել, Սիմոնա Բայլզն էլ Տոկիոյում խաղերից հենց այդ պատճառով դուրս եկավ պայքարից: Ամեն մեկը յուրովի է հաղթահարում իրավիճակը, քեզ ի՞նչն օգնեց:

-Փոխեցի մտածելակերպս ու ապրելակերպս, կենտրոնացա անձնական կյանքիս վրա, ամուսնացա, ապա աղջիկ ունեցա: Բայց, միեւնույն է, խաղերի մասին  մոռանալ չեմ կարողանում, շատ-շատ դժվար է ինձ համար անգամ հիմա, ուզում եմ հասկանալ, թե ինչու չստացվեց: Միշտ էլ տանջվելու եմ Օլիմպիական մեդալից զրկվելու պատճառով: Սկսեցի ամեն ինչին թեթեւ նայել, որովհետեւ սեփական մաշկիս վրա էի զգացել դժվարությունն ու երկար ժամանակ այդ դատարկությունը չէի կարողանում լրացնել: Հիմա էլ ոչ մի մրցումի այդքան լուրջ չեմ մոտենում, այլեւս կյանքի նպատակ չի ինձ համար, ինչպես առաջ էր: Պարզապես ուզում եմ եւս մեկ անգամ էլ ուրախացնել մարդկանց իմ հաջողությամբ, հանդես եմ գալիս իմ հետաքրքրության ու աղջկաս համար: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ինձ ապացուցել, որ կարող եմ, իսկ վատ պահեր բոլորն էլ ունենում են:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` European Gymnastics Federation


-Ի՞նչ դաս քաղեցիր այդ իրավիճակից ու ի՞նչ խորհուրդ կտաս այն մարզիկներին, որոնք եւս ունենում են նման պահեր, թեեւ բոլորը չէ, որ այդ մասին բարձրաձայնում են:

-Հասկացա, որ անգամ ամենալարված մրցումներին պետք է թեթեւ մոտենալ: Գիտակցեցի, որ եթե հոգնել ես ու ուզում ես որեւէ օր չմարզվել, այդպես էլ արա, հանգստյան օր վերցրու, այլ բաներով զբաղվիր: Պարտադիր չէ ամեն օր նույնն անել, պարզապես պետք է ուղեղիդ մեջ մտցնես, որ մրցումներին քեզ մոտ ամեն ինչ ստացվելու է: Ինչ վերաբերվում է մյուս մարզիկներին, երբեւէ չեմ ցանկանա, որ նման բաների միջով անցնեն: Թող սպորտում այլ հետաքրքրություններ գտնեն, ամեն ինչին չափից շատ լուրջ չվերաբերվեն, ճակատագրական հարց չի, եթե չի ստացվում, մյուս մրցաշարում նորից կփորձելու շանս կա: Եթե ֆիզիկապես պատրաստ են, մնում է տրամադրվել ու հետագայում անել:

-Իսկ մարդկանց սպասումները չափից շատ պատասխանատվությո՞ւն են գցում մարզիկների վրա, դա՞ էլ է մեծացնում լարվածությունը:

-Նախ՝ ինքդ ես քո առաջ խնդիր դնում, բայց, միանշանակ, մարդկանց սպասումներն էլ մեծացնում են պարտավորվածությունն ու լրացուցիչ բեռ դնում ուսերիդ: Սկսում ես մտածել ու անհանգստանալ՝ բա որ չստացվի՞: Բայց չստացվելու դեպքում ես հասկանում, որ մնացել ես լրիվ միայնակ մարզիչներիդ հետ, պետք է հաղթահարես ինչպես որ կարող ես: Դատարկված մնալու արդյունքում դու ես քեզ այդ ամենից հանելու: Մարդիկ կիսում են հաղթանակդ քեզ հետ, պարտության դեպքում էլ կողքիդ են, բայց նրանք էլ չգիտեն ինչ անել ու ինչպես օգնել: Ուղղակի ասում են ոչինչ, մյուս անգամ կստացվի, բայց թե հաջորդ անգամ ինչպես կլինի, միայն ու միայն քեզնից է կախված:
Հասմիկ Բաբայանը եւ Հարություն Մերդինյանը Հասմիկ Բաբայանը եւ Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ո՞րն է քո հաջորդ նպատակն ու որտե՞ղ ես քեզ տեսնում առաջիկայում:

-Ուզում եմ Աշխարհի առաջնությունում առավելագույնս լավ հանդես գալ, մի փոքր կբարդացնեմ վարժությունս, տարրն արդեն ունենք: Թբիլիսիում 21-օրյա հավաք ենք անցկացնում, այնտեղ ամեն ինչ կկարգավորվի ու կհասկանաք, թե առաջին օրը որ վարժությամբ հանդես կգամ, եզրափակչ անցնելու դեպքում՝ որը կընտրենք:  

-Իսկ քեզ տեսնո՞ւմ ես Փարիզի խաղերում, ի՞նչ ես կարծում 2 տարի անց պատրաստ կլինես:

-Իհարկե, շատ կուզեմ մասնակցել, բայց դրա հետ կապված հստակ պլաններ չունեմ: Լինելու դեպքում փորձելու եմ նախորդ սխալներս էլ թույլ չտալ: Շատ ուրախ կլինեմ եւս մեկ անգամ հնարավորություն ստանալ հանդես գալ խաղերում, պարզապես բավական բարդ է վարկանիշ ձեռք բերելը:

-Հակոբ Սերոբյանին ու մյուս մարզիչներին հաջողվել է ստեղծել ամենաօրինակելի հավաքականներից մեկը, դուք մի ընտանիքի պես եք, իրար աջակցում եք ու օգնում մրցումների ժամանակ: Ինչո՞ւմ է նրանց ու ձեր ներդրումն այդ ամենում:


-Առաջին հերթին հավատում են իրար ու ուրախանում միմյանց ձեռքբերումներով, ցանկացածի մեդալն ասեք բոլորինս լինի, դրա շնորհիվ է նման կոլեկտիվ հավաքվել: Մարզիչների ու թիմակիցներիս շնորհիվ է, որ դեռ սպորտում եմ, որովհետեւ ինձ շատ են օգնում, եթե իրենց աջակցությունը չլիներ, հնարավոր է շատ վաղուց ավարտած լինեի կարիերաս: Ուժ են տալիս, ասում, որ կարող եմ ու շարունակեմ փորձել: Ես էլ ուզում եմ իրենց հուսախաբ չանել: Անգամ ցավերի դեպքում փորձում եմ առավելագույնն անել, եթե ինձ հնարավորություն են տալիս ու տանում Եվրոպայի առաջնություն, չեմ կարող վատ հանդես գալ: Թիմակիցներս էլ նույն կերպ քաջալերում են, հավատում, իսկ դա չափազանց կարեւոր է: Հաճախ է լինում, որ մտածում եմ, երեւի, հերիք է ու ժամանակն է հեռանալու, բայց նրանց հավատը դա անել թույլ չի տալիս: Փառք Աստծո, այս հաղթանակով բոլորի սպասելիքներն արդարացրի:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դուստդ, որի համար այդքան շատ էիր ցանկանում լավ հանդես գալ, արդեն 8 ամսական է, կուզե՞ս նա էլ ընտրի սպորտը:

-Ճիշտ է դեռ չի հասկանում մեդալիս կարեւորությունն ու որ իրեն եմ նվիրել, բայց հետո կգիտակցի եւ կուրախանա, երբ իմանա, թե որքան շատ եմ ցանկացել այն իր համար նվաճել: Սառան ինձ համար խթան է, կա մեկն, ում համար գնում եմ մրցումների ու անում այս ամենը: Սիրում եմ առօրյայում օգնել կնոջս ու խնամել երեխային, ինքնուրույն լողացնել էլ կարող եմ, եթե կարիքը լինի: Սառան շատ աշխույժ է, իր ակտիվությամբ ինձ է նման, ամեն մեկս 5 րոպեից ավել չենք կարողանում պահել նրան: Հետն արդեն սպորտով եմ զբաղվում (ծիծաղում է, խմբ.), շատ պինդ է ու ճկուն, նրա սպորտային պոտենցիալը նկատվում է: Երբ մի քիչ էլ մեծանա, իր առողջության համար անպայման կբերենք մարզադահլիճ, եթե ցանկանա սպորտով զբաղվել, դեմ չենք լինի: Պարզապես ինքս անեցել եմ շատ դժվարությունների միջով ու չեմ ցանկանա նրան էլ այս ամենը բաժին հասնի: Բայց դա էլ իր կյանք է, իր նպատակներն ու ուղին, եթե ընտրի, թող զբաղվի: Թեեւ սպորտում միանշանակ շատ լավ կողմեր էլ կան, կարողանում ես քո ազգին ճանաչում բերել եւ անգամ անծանոթ մարդիկ հպարտանում ու ուրախանում են քո հաղթանակներով:

-Դու որ այդքան յուրահատուկ ձեռքբերումներ ես ունեցել ու շատ ես վայելել այդ բերկրանքի պահերը:

-Այո, երեւի այս տարիների լավագույն արդյունքներից մեկն եմ գրանցել: Մեր անկախ Հայաստանի մարմնամարզության առաջին քայլերը ես եմ կարողացել անել, ինձնով սկսվել են հաջողությունները եւ մեր մարզիկները դա տեսնելով՝ ավելի լավ արդյունքներ են գրանցում: Ցանկացած մեդալ ու նվաճում յուրաքանչյուրինս է, ամեն ինչ մարմնամարզության համար ենք անում, առավել ուրախացնում է, որ նոր սերունդն էլ արդեն իր խոսքն է ասում միջազգային ասպարեզում: Երեխաների հետ աշխատող մարզիչներն էլ հասկանում են, որ հնարավոր է արդյունքի հասնել: Երբ ես էի նոր սկսում, ամեն ինչ այլ էր, իմ աչքի առաջ օրինակ չունեի եւ ոգեշնչվում էի Ալբերտ Ազարյանով, Էդուարդ Ազարյանով ու Հրանտ Շահինյանով: Հիմա մեր հավաքականը օրինակելի է  երեխաների համար, չստացվելու դեպքում չեն դադարի աշխատել մինչեւ որ իրենք էլ մեդալ չունենան: Տարիքն էլ նրանց չի կանգնեցի, մեր հավաքականի մեծ մասը 30 տարեկան ու 30-ից մեծ են՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ես, բայց դա չի խանգարում մեզ շարունակել հաջող հանդես գալ:  
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ամեն դեպքում հասկանում ես, որ կարիերայիդ մեծ մասն արդեն անցյալում է, ինչպե՞ս ես պատկերացնում սպորտից հեռանալը:  

-Ինձ թվում է, որ ավարտելուց հետո էլ որոշ ընթացք նույն գրաֆիկով գալու եմ մարզադպրոց: Այդպես էլի է եղել, որ խաղերից հետո 1 ամիս չմարզվեցի, բայց օրգանիզմս ինքը ֆիզիկական ծանրաբեռնվածության կարիք ուներ: Որովհետեւ թեկուզ 30 րոպե մարզվելու արդյունքում ավելի թարմ ես զգում, երեւի, դա է երիտասարդ պահում ինձ (ծիծաղում է, խմբ.): Այսքան տարի ծանրաբեռնված մարզվել եմ ու եթե միանգամից թողնեմ, հաստատ կհիվանդանամ:  

-Ի՞նչ է քեզ տվել մարմնամարզությունն ու ինչպե՞ս է փոխել: Այսպիսին կլինեի՞ր այլ բանով զբաղվելու դեպքում, թե՞ սպորտն իսկապես հետք է թողնում մարդու կյանքում:


-Միանշանակ, սպորտը ձեւավորում է մարդուն: Մարմնամարզությունն ինձ լավ շրջապատ է տվել ու հոգատար մարդիկ, ովքեր կողքիս են ու հոգ են տանում իմ մասին,  սա էլ մի ուրիշ ընտանիք է, որն ամբողջ կյանքում ինձ հետ կլինի ու կշարունակի կյանքում էլ ուղղություն ցույց տալ: Բոլորս միասին ենք, չենք ցանկանա մեզնից որեւէ մեկը սխալ ճանապարհ ընտրի, նման բան լինելու դեպքում՝ փորձում ենք շուտ հետ վերադարձնել: Հոգատար ենք ու ուշադիր իրար նկատմամբ, դա սպորտի տված կարեւոր բաներից մեկն է:
Հարություն Մերդինյանը Հարություն Մերդինյանը


-Քանի որ մինչեւ հիմա ցավով ես հիշում Օլիմպիական խաղերը, արի մեր զրույցն ավարտենք կարիերայիդ ամենավառ ու ուրախ պահով, որը միշտ կարեւոր կլինի քեզ համար:

-Ամենաշատն ուրախացել եմ Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելուց հետո, այդ պահն ավելի յուրահատուկ էր, քան անգամ Եվրոպայի չեմպիոնությունները: Շատ դժվար էր ուղեգիր ապահովելը, պետք է կարողանայի ԱԱ-ի մրցանակային եռյակում ընդգրկվել:  Բրոնզե մեդալակիր դարձա ու երբ հասկացա, որ Օլիմպիական խաղերում եմ հանդես գալու, թեւավորվեցի, չափից շատ ուրախացա ու ոգեւորվեցի: Դրա համար էլ ուրախ պահը չեմ կարող տխուրից առանձնացնել, շատ են կապված իրար հետ:

Հարություն Մերդինյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արսիտակեսյանի

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին