Դեկտեմբեր 04, 2024
exclusive
2524 դիտում

Մարտին Բերբերյան. Ուզում եմ սաներս ունենան այն ամենն, ինչ ես`որպես մարզիկ, չեմ ունեցել

Լուսանկարը` Մեդիամաքս


Դպրոցական էի, երբ ազատ ոճի ըմբիշ Մարտին Բերբերյանը Թուրքիայում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Սա մի մեծ տոն էր բոլորիս համար, բակի երեխաներով անընդհատ քննարկում էինք նրա ելույթն ու ոգեւորված խոսում հաղթանակից:  

Արդեն մեծ տարիքում հանդիպել էի նրա հետ ու փոքրիկ զրույցներ ունեցել, սակայն Հայաստանում գտնվող Բերբերյանի հետ այս անգամ որոշեցի ավելի ծավալուն եւ ընդգրկուն հարցազրույց վարել:

Մարզչական կյանքն ու հայերն ԱՄՆ-ում

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մարտին, ԱՄՆ-ից եկել ես Հայաստան ու քո սանի հետ հավաք անցկացրել Երեւանում: Մեր զրույցը սկսենք նրանից, թե մարզչական ի՞նչ գործունեություն ես ծավալում Նահանգներում:

-2012 թվականից ԱՄՆ-ում հանդես եմ գալիս որպես մարզիչ: Հիմա International Sport Union մարզադպրոցում աշխատում եմ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականի հետ: Մեծահասակների հետ էլ եմ աշխատում, բայց հիմնականում իմ սաները երեխաներ են: Իսկ ահա Glandel Fighting Club-ում մարզումներ եմ անցկացնում մեծահասակ մարզիկների հետ, ովքեր հանդես են գալիս խառը մենամարտերում:

-Ի՞նչ հաջողություններ են գրանցում սաներդ:

-ԱՄՆ-ում կա ըմբշամարտի եւս մեկ ձեւ, որը կոչվում է ֆոլքսթայլ: Դպրոցներում, քոլեջներում երեխաների մոտ 70 տոկոսը պարապում է այդ ձեւով: Այդ ոճում իմ տղաներից Գրիգոր Չոլակյանը, Տիգրան Գրեյանը, Հենրի Ասլանյանը, Նիկոլաս Սահակյանը շատ լավն են: Իսկ ահա ազատ ոճում Քերի Գոմեսը, որին բերել էի Երեւան, պատանիների ԱՄՆ-ի, Պանամերիկայի չեմպիոն է, իսկ անցած տարի դարձավ պատանիների ԱԱ-ի չեմպիոն: Այնտեղ աղջիկներն ու տղաները միասին են պարապում, ու երբ Քերիի հետ եկանք Երեւան ու մտանք դահլիճ, տղաները զարմացած նայում էին, իսկ մարզիչներն էլ ասում, թե նա ում հետ է պարապելու: Ասացի, որ տարբերություն չկա, քանի որ այնտեղ նա եւ տղաների, եւ աղջիկների հետ էլ մարզվում է:

-Մարտին, դու ի՞նչ ես տարել քեզ հետ ԱՄՆ հայկական դպրոցից ու ի՞նչ ես սովորել այնտեղ:

-ԱՄՆ-ում սիրում են հայկական գոտեմարտելու ոճը, շատ են ցանկանում, որ իրենց երեխաները սովորեն այն, ուզում են, որ իմ իմացած ամեն ինչը փոխանցեմ իրենց: Ես նույնպես շատ բաներ եմ սովորել, ամեն տեղից էլ մի բան քաղում եմ: Ինչքան էլ լավ մարզիչ կամ մարզիկ լինես, պետք է սովորես:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նշեցիր, որ հայ սաներ ունես: Շա՞տ են ըմբշամարտ նախընտրող հայերը:

-Հետաքրքրությունը շատ մեծ է: Եթե լավ մարզիկ ես, ամենալավ համալսարանն անվճար հրավիրում է սովորելու ու մրցումներում հենց իր հաստատությունը ներկայացնելու: Քիչ առաջ իմ նշած տղաներից երկուսով արդեն լավագույն համալսարաններից հետաքրքրվում են:

-Հայաստանցի մարզիկներ եւս վերջերս շատ են գալիս ԱՄՆ: Ինչպիսի՞ն է հայկական սպորտային համայնքն այնտեղ:

-Ունենք ըմբիշներ, ովքեր եկել ու խառը մենամարտերի են մասնակցում: Լավ մարզվում, աշխատում են, հույս ունեմ, որ կկարողանան այդտեղ կայանալ: Կան նաեւ ըմբիշներ, ովքեր գալիս են այնտեղ հավաքների, մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում օգնում ենք, դահլիճներ ենք տրամադրում: Ունենք նաեւ տարիքով ավելի մեծ հայեր, ովքեր մարզչական աշխատանքով են զբաղված: Բոլորս միշտ կապի մեջ ենք ու պարբերաբար հանդիպում ենք իրար:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչո՞վ է տարբերվում է մարզումային պրոցեսն ԱՄՆ-ում:

-Խոշոր հաշվով մեծ տարբերություն չկա: Իմ ժամանակների հետ համեմատած հիմա Հայաստանում դահլիճների տեսքն անհամեմատ լավացել է, սնվելու ու քնելու վիճակը նույնպես բարձր մակարդակի վրա է: Կնշեի միայն քաշ գցելու պահը. ԱՄՆ-ում մարզիկների հետ աշխատում են սննդաբաններ, դիետոլոգներ, ինչի շնորհիվ նրանք ճիշտ են քաշ գցում ու վերականգնվում: Իսկ որ հիշում եմ, թե մենք ինչ սխալ էինք անում... պարզապես անհամեմատելի է:

-Հիմա Հայաստանում կրկին նույնն ձեւո՞վ են անում այդ գործընթացը:

-Հարցրել եմ մարզիչներին, ասում են, որ փոփոխություն կա:

Կարծիքը Հայաստանի հավաքականի մասին ու խորհուրդն ըմբիշներին

Լուսանկարը` Մեդիամաքս


-Արտերկրում աշխատելով՝ մեր մարզիչները նորություններ են իմանում: Դու կիսվո՞ւմ ես քո գիտելիքներով հայաստանցի ըմբիշների հետ:

-Անպայման: Պատանիներից մինչեւ մեծահասակներ, ինչով կարողանում եմ օգնում եմ: Օրինակ՝ հիմա կան յուղեր, որ մարմնին քսելուց ու պարապելուց հետո քրտնում ես ու քաշ գցում ոչ թե պայմանական 500 գրամ, այլ 1 կգ: Սխալ վերականգնվելով չես կարող մրցման ժամանակ գորգի վրա ուժեղ լինել:

-Համոզված եմ, որ հետեւում ես մեր հավաքականի ելույթներին: Ինչպիսի՞ն է կարծիքդ:

-Մեր հեռանալուց հետո թիմում որոշ ժամանակ անկում եղավ: Երբ հարցնում էին՝ ինչ կարծիք ունեմ, ասում էի, որ սերնդափոխություն է, ժամանակ է պետք նոր տղաներին: Հիմա դա արդեն եղել է, ունենք լավ երիտասարդներ, ովքեր մեծահասակների պայքարում սկսել են մեդալներ նվաճել: Նրանք ասելիք ունեն ու կկարողանան ուժեղ թիմ ձեւավորել:

-Ի՞նչ պետք է անեն, որպեսզի զարգացնեն հաջողությունն ու չբավարարվեն ունեցածով:

-Մարզիչներն ամեն ինչ անում են, մնում է, որ տղաներն իրենք իրենց վրա շատ աշխատեն, վստահ ու խելացի լինեն, որպեսզի կարողանան առաջ շարժվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Որպեսզի այլեւս, այսպես ասած, բաց չառաջանա ու սերնդափոխությունը սահուն կատարվի, ի՞նչ պետք է անել:

-Պետք է նայենք պատանիներին, երիտասարդներին, ովքեր  մի քանի տարի անց լրացնելու են մեծահասակների թիմը: Չենք կարող ազգային թիմով բավարարվել ու ասել, թե ամեն ինչ լավ է, չեմպիոններ ունենք ու վերջ: Լրացնողը պատանիներն են լինելու, հարկավոր է նրանց վրա մեծ ուշադրություն դարձնել:

-Որպես փորձառու ու մեծ ճանապարհ անցած մարզիկ ի՞նչ խորհուրդ կտաս մեր ըմբիշներին:

-Լավ պարապեն, քիչ մտնեն համացանց, կենտրոնանան իրենց գործի վրա: Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, դժվար է կտրվել հեռախոսներից, բայց իրենք պետք է հասկանան, որ դա, իսկապես, շատ է խանգարում:

-Քեզ տեսնո՞ւմ ես Հայաստանի հավաքականում:

-Ճիշտն ասած, չեմ ուզում հավաքականի մարզիչ լինել: Ես կարող եմ գալ, համատեղ հավաք անել, եթե մի բանով կարողանամ, օգնեմ: Բայց մարզչական շտաբում ինձ չեմ տեսնում:

Մարզիկ Բերբերյանը, թուրքերի առաջարկած փողն ու ըմբշամարտի փոփոխությունները

Լուսանկարը` Մեդիամաքս


-Երբ դպրոցական էի, դու արդեն մեդալներ էիր նվաճում ու ընկերներով բոլորս քո հաղթանակներից էինք խոսում: Արի վերհիշենք մարզիկ Մարտին Բերբերյանին: Ինչպիսի՞ն էր նա գորգում:

-Մարզիչս եղել է Սամվել Մարգարյանը, որից ես շատ բան եմ սովորել: 1985-86 թվականներին ծնողներս տարել են մարզման: Երեւի նա զգացել է, որ կարող եմ լավ մարզիկ դառնալ ու արդեն 10 տարեկանում ինձ տանում էր մրցումների: Հետո երիտասարդների մեդալներ նվաճեցի ու սպասում էին, որ մեծահասակների պայքարում կկարողանամ հաջողություններ գրանցել: Երկար ժամանակ մոտս չէր ստացվում, հավասար գոտեմարտերում պարտվում էի: Ու այնպես եղավ, որ 2004-ին շատ կարեւոր օր հայերիս համար՝ ապրիլի 24-ին, Թուրքիայում դարձա Եվրոպայի չեմպիոն:

-Գիտեմ, թե ինչպիսի լարված օր է եղել քեզ համար ու ժամանակին նաեւ խոստովանել ես, որ հենց դա է քո կարիերայի ամենահիշարժան հաղթանակը:

-Դեռ առաջնությունից առաջ տղաներով խոսում էինք, թե տեսնես, ով է ապրիլի 24-ին ելույթ ունենալու: Մրցավայրում վիճակահանությունից հետո պարզ դարձավ, որ ես եմ հանդես գալու: Ես վստահ էի ուժերիս, բայց մեծ պատասխանատվություն ու ծանրություն էր վրաս:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Կարողացա՞ր քնել այդ գիշեր:

-Ոչ: Բայց պատճառը լարվածությունը չէր: Մի բան եղավ, որի մասին իմացան միայն մարզիչները: Հիմա տարիներ են անցել ու կարող եմ պատմել: Թուրքիայի հավաքականի մարզիչը Դաղստանից էր, այդ գիշեր երկու թուրքի հետ եկան իմ սենյակ, գումար էին բերել ու առաջարկում էին փողի դիմաց պարտվել: Մի կերպ դուրս հանեցի, իսկ նրանք ասացին, քանի որ չեմ վերցնում, ուրեմն այն կտան մրցավարին: Ու այդ միտքը չէր թողնում քնել, երբ հասկանում էի, որ մրցավարն էլ է իմ դեմ լինելու:

-Այդ դեպքում ի՞նչը քեզ ուժ տվեց, որ գորգ դուրս գաս ու հաղթես:

-Առավոտյան մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ զանգում էին ու ասում, որ թուրք մրցակցին պետք է հաղթեմ: Թուրքիայի կառավարության անդամներն էին եկել, Էրդողանն այն ժամանակ վարչապետ էր, նա էլ էր եկել ու սպասում էին իրենց մարզիկի հաղթանակին: Բայց դա տեղի չունեցավ, քանի որ ես հաղթեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պատկերացնում եմ, թե ինչպիսի վիճակում ես եղել ողջ ընթացքում: Ի՞նչ զգացիր, երբ հնչեց եզրափակիչ սուլիչը:

-Ճիշտն ասաց, հաղթելուց հետո տրիբունաներից սկսեցին շշեր ու այլ իրեր նետել: Ոստիկաններն ինձ փակեցին ու հեռացրին: Իսկ պատվոհարթակին արդեն ամեն ինչ հանգիստ էր, Թուրքիայի բոլոր պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կանգնած լսում էին մեր օրհներգը: Ինձ շատ հպարտ ու լավ էի զգում: Իսկ երբ եկանք Երեւան, ես չէի սպասում, որ այդպիսի ընդունելության կարժանանամ: Այնքան շատ մարդ էր եկել դիմավորելու, անակնկալ էր ինձ համար: Փշաքաղվել էի, քանի որ կարողացել էի մի փոքրիկ բան անել իմ ազգի համար:

-Տիգրան Պետրոսյանն ասել է, որ ինքն Աշխարհի չեմպիոն է դարձել, որովհետեւ ողջ Հայաստանն էր իր հետ խաղում: Կարո՞ղ ենք ասել, որ դու այդ օրը գորգի վրա մենակ չէիր:

-Հաստատ, մեր ազգն ինձ հետ էր: Դա այնպիսի օր էր, որ հազարապատիկ անգամ մեծ էր պատասխանատվությունը: Կարծես ողջ Հայաստանն ինձ հետ գոտեմարտ վարեր:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դրանից հետո Աշխարհի առաջնությունում մեդալակիր դարձար, բայց արդեն այլ քաշային կարգում:

-55 կգ-ում հանդես գալու համար շատ քաշ էի գցում, դրա համար տեղափոխվեցի 60 կգ: Դժվար է մի քանի ամսում փոփոխություն անել ու մեդալակիր դառնալ: Բայց ինձ հաջողվեց 3-րդ տեղը գրավել: Այ, դրա համար եմ ասում, որ մենք սխալ էինք քաշային փոփոխություններ անում: Եթե այն ժամանակ ես ճիշտ քաշ գցեի ու վերականգնվեի, 55-ում կմնայի ու ավելի մեծ արդյունքներ կգրանցեի:

-Ինչպիսի՞ն էր քո ժամանակ պայքարն ըմբշամարտում:

-Մեր ժամանակ պայքարն ավելի ուժեղ ու շատ էր: Հիմա 1-2 գոտեմարտ են անցկացնում ու Եվրոպայի մեդալակիր դառնում, ելույթը քառորդ փուլից սկսում: Իսկ մենք ամենապակասը 5-6 հանդիպում էինք ունենում:

-Բացի այդ էլ տեխնիկապես է փոխվել, գեղեցիկ հնարքներ գրեթե չկան: Միավորի համար մրցակցին գորգից դուրս հանելը բավական է:

-Ճիշտ է, կանոնները փոխել են: Մարզիկն էլ չի ուզում հնարք անի, ավելի հեշտին է գնում ու հրում դուրս: Ազատ ոճն էլի ոչինչ, հունահռոմեականը շատ է այս առումով նահանջել: Հիշենք, թե ինչ լավ հնարքներ էին անում հունահռոմեականները, նայում ու հաճույք էիր ստանում:

3 ՕԽ-ի մասնակիցը, որը սաներին ցանկանում է տեսնել չեմպիոնի կարգավիճակում

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մարտին, դու 2006-ին, երբ Եվրոպայի չեմպիոն էիր, Աշխարհի բրոնզե մեդալակիր, երկու անգամ Օլիմպիական խաղերի էիր մասնակցել, Հայաստանից գնացիր ԱՄՆ: Ինչո՞ւ որոշեցիր այդպես վարվել:

-Ընկերուհիս այնտեղ էր բնակվում, երբ 2005-ին ԱԱ-ում երրորդ տեղը գրավեցի, գնացի ԱՄՆ: Հասկացա, որ ցանկանում եմ կյանքս ընդմիշտ կապել նրա հետ, մեկ տարի անց ամուսնացանք ու տեղափոխվեցի: Այնտեղ այնպես չէ, որ հանգստանալու էի մեկնել, մարզվում էի, մրցումների մասնակցում: Հետո Հայաստանից ցանկացան, որ ես մասնակցեմ նաեւ 2008-ի Օլիմպիական խաղերին: Եկա, ուղեգիր նվաճեցի ու ելույթ ունեցա: 2009-ից արդեն մեկնեցի ու որոշեցի ամբողջովին ընտանեկան կյանքով ապրել: Բացի այդ էլ ծնկի վնասվածք ունեի, շատ բարդ վիրահատության էի ենթարկվել:

-Արի Օլիմպիական խաղերից խոսենք: Դու մասնակցության առումով բավական փորձառու մարզիկ ես:

-Սիդնեյի խաղերին մասնակցել եմ 20 տարեկանում: Այն ժամանակ պայքարը չորս հոգանոց խմբում էր ընթանում:  Ուկրաինացուն պարտվեցի, ադրբեջանցուն ու գերմանացուն հաղթեցի: Պետք է դուրս գայի խմբից, բայց կրկին գումարային հարցեր առաջ եկան, նոր գոտեմարտ մտցրին եւ ուկրաինացին հաղթեց:

Չորս տարի անց Աթենքում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն թուրք ըմբիշ կար,  վերջին րոպեին մի կերպ հաղթեցի ու 20 րոպե ժամանակ պետք է ունենայի հանգստանալու համար: Բայց հենց գորգից իջա, իմ անունը հայտարարեցին, մարզիչներս խառնվեցին իրար, բայց ոչինչ էլ չէր փոխվի, որովհետեւ հույնին որոշել էին առաջ տանել: Հասցրի միայն լվացվել ու գնալ հաջորդ հանդիպմանը, որտեղ զիջեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


2008-ին Պեկինում ամենալավ վիճակում էի: Սպարինգներ էի անում այնտեղ ու բոլորն էլ ասում էին, թե հաղթելու եմ: Բայց առաջին իսկ գոտեմարտից չստացվեց, պարտվեցի կանադացուն, որն աչքի չընկնող ըմբիշ էր: Սա իմ մեղավորությունն էր, թերագնահատել էի մրցակցիս:

-Բայց ամեն դեպքում Օլիմպիական երեք խաղեր մասնակցելն էլ բավական խոսուն փաստ է, ինչը ոչ բոլորին է հաջողվում:

-Այո, համաձայն եմ: Չնայած շատ կուզենայի, որ գոնե մեկ մեդալ նվաճած լինեի:

-Հուսանք, որ սաներդ կունենան:

-Աստված տա: Ինչի ես չեմ հասել, թող նրանք հասնեն:

-Մարտին, անընդհատ նշում ես, թե ինչքան շատ էր ըմբշամարտում գումարով գոտեմարտի ելք որոշվում: Ասում են, որ հիմա նման երեւույթները վերացել կամ էլ քչացել են: Իսկապե՞ս այդպես է:

-Առանց չափազանցության, նախկինում պայուսակներով գումարներ էին բերում ու բաժանում՝ կամ վիճակահանությունն էր լավ ստացվում, կամ պարտություն էին տալիս մրցակցին: Փողը սպորտում մեծ դեր է խաղում, չնայած հիմա ահագին փոխվել է, բայց չեմ կարծում, որ ամբողջությամբ վերացել է:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Միշտ էլ մարզիկները խոստովանում են, որ դժվարությամբ են հեռանում ակտիվ սպորտից: Քո պարագայում ինչպե՞ս եղավ դա:

-Շատ դժվար: Երկար տարիներ սպորտի մեջ ես լինում ու չես հասկանում, թե ինչպես կարող ես ամեն ինչ թողնել: Մինչեւ հիմա էլ կարոտում եմ, որ մտնում եմ դահլիճ ու տեսնում, թե ինչպես են տղաները մարզվում, մի տեսակ անբացատրելի բան եմ զգում:

-Հիմա, երբ հետ ես նայում քո կարիերային, կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում ես:

-Կան գոտեմարտեր, որոնցում պարտվել եմ իմ խելքից, մի սխալի համար զրկվել եմ մեդալից: Բայց երբ երեխաների հետ աշխատում ես սիրով, մեծ արդյունքներ ես տալիս, սիրում ես աշխատանքդ, այդ ամենը մոռանում ես: Ուզում եմ սաներս ունենան այն ամենն, ինչ ես`որպես մարզիկ, չեմ ունեցել: Իմ մարզիչ Սամվել Մարգարյանից ես շատ շնորհակալ եմ, բայց ինքն ասում էր, որ ինչքան էլ սովորեցնի, ես պետք է զգամ ամեն ինչ ու ինքս շարժվեմ առաջ:

-Իսկ երբ հոգնում ես այդ ամենից, ի՞նչ պետք է անես:

-Եթե սիրով ես անում, չեմ կարծում հոգնես: Սա իմ գործն է, որը պետք է մինչեւ գործունեությունս ավարտելն անեմ:

Երեք երեխայի հայրը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մարտին, եթե դեմ չես խոսենք նաեւ քո ընտանիքից, որը նույնպես այս օրերին Հայաստանում է:

-3 երեխա ունեմ: Մարիամը 15 տարեկան է, Եվան՝ 10, իսկ Էրիկը՝ 5: Մեծ աղջիկս մարմնամարզության էր գնում, բայց հետո դասերի հետ չէր հասցնում ու թողեց: Հիմա երկու քույրերով պարի են հաճախում: Հայկական դպրոց են գնում, հիմա էլ Հայաստանում լավացնում են հայերենը: Իսկ փոքր ավազակիս որոշեցի հետս մարզման տանել, որ տնից դուրս գա, խաղա: Սկզբից չէր մտնում դահլիճ, զանգում էի մայրիկին՝ գալիս տանում էր: Մի օր էլ կնոջս ասացի, որ հետը գա ու մնա դահլիճում: Հետո երկու եղբայր ընկերներ ունի, նրանք էլ եկան, ու մի օր էլ կինս զանգեց, թե մանկապարտեզ եմ տանում, պայուսակը վերցրել է հետը, որ հետո գա պարապմունքի: Հիմա արդեն ինքն է ոգեւորված ուզում պարապել:

-Որպես կանոն մարզիկները չեն ցանկանում, որ երեխաները շարունակեն իրենց ճանապարհը:

-Որովհետեւ գիտեն բոլոր դժվարությունները: Ես չեմ ստիպի իրեն, եթե ինքը ցանկանա, թող պարապի ու ընտրի իր մասնագիտությունը: Կարեւորը լավ մարդ լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպիսի՞ն է Մարտին Բերբերյանի կյանքն ԱՄՆ-ում սպորտից դուրս:

-Սիրում եմ մարզվել, դահլիճից բացի գնում եմ մարզասրահ, ֆուտբոլ ենք խաղում: Իմ կյանքը սպորտի հետ է եղել ու կա, այլ կերպ չի կարող: Երեխաներիս հետ եմ զբաղվում, դպրոց տանում, ընտանիքով ենք ինչ-որ տեղեր գնում: Կորոնավիրուսի պատճառով չէինք եկել Հայաստան, հիմա այստեղ ենք: Սա մեր հայրենիքն է, մայրիկս է այստեղ, եղբայրս, հարազատներս: Չենք կարող չգալ ու չլիցքավորվել:

-Առաջիկա ծրագրերդ որո՞նք են: Հայաստանում հավաքից հետո ի՞նչ ես անելու:

-Հավաքն ավարտվեց, Քերին մեկնեց ԱՄՆ, որտեղ հավաքականի հետ կմարզվի ու կգնան Սոֆիա՝ Աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ես էլ Հայաստանից կմեկնեմ մրցավայր, իսկ օգոստոսի վերջերին արդեն կվերադառնամ Միացյալ Նահանգներ ու կանցնեմ ամենօրյա աշխատանքիս:

Մարտին Բերբերյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին