Ապրիլ 19, 2024
exclusive
1688 դիտում

Վահան Բիչախչյան. Սպորտում ամենակարեւորը մարդկանց երջանկացնելն ու դրական հույզեր փոխանցելն է

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Պոգոն»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ Երեւանում հանդիպել չստացվեց, արձակուրդը շատ կարճ էր ու նա պետք է միանար իր թիմին:

Խոսեցինք Լեհաստանի առաջնությունում նրա խփած առաջին գոլից հետո, թեեւ Բիչախչյանի հետեւից հասցնելն այնքան էլ հեշտ չէ, արդեն 2-րդ գնդակն է հեղինակել:

Mediamax Sport-ի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմել է Լեհաստանում հարմարվելու, ակումբի նպատակների, խոհանոցում ուժերը փորձելու, հոր խորհուրդների ու հավաքականին անմնացորդ նվիրվելու մասին:

-Վահան, վերջերս մեկնարկած Լեհաստանի առաջնության առաջին տուրում գոլի հեղինակ դարձար, ինչպիսի՞ն են տպավորություններդ նոր մրցաշրջանից:  

-Հավաքականի խաղերից հետո ուշ միացա թիմին, որն արդեն սկսել էր պատրաստվել նոր մրցաշրջանին, բայց մինչ առաջնության մեկնարկն արդեն 2 խաղ էինք անցկացրել Կոնֆերենցիաների Լիգայում «Ռեյկավիկ»-ի դեմ: «Պոգոն»-ն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց առաջին փուլի արգելքը, եւ դրական էմոցիաներով ու լավ տպավորություններով սպասում էինք առաջնության մեկնարկին: Առաջին տուրը շատ դժվար ստացվեց, բայց կարողացանք հաղթել: Ուրախ եմ, որ աչքի ընկա, կարեւոր հաղթանակ տարանք ու սկիզբը լավն էր:

Լուսանկարը` FC Pogon


-Ինչո՞ւմ էր կայանում բարդությունը, չէիք ուզում մեկնարկում միավո՞ր կորցնել:

-Առաջին խաղը միշտ էլ տարբերվում է մյուսներից, մրցակիցը՝ «Վիցեւ»-ը, բավական լավ թիմ է, թեեւ առաջնության նորեկ է, բայց մեծ պատմություն ունեցող, ավանդույթներով ակումբ է եւ իրեն արժանիորեն դրսեւորեց: Մեր ստադիոնում ամեն թիմ չէ, որ կարողանում է իրեն լավ զգալ: Զիջում էինք 1:0 հաշվով, բայց 2 գոլ խփեցինք ու առաջին հաղթանակը գրանցեցինք:

-Դու փոխարինման մտար այդ խաղում, հոգեբանական առումով լարվածություն շա՞տ է լինում, երբ խաղը սկսում ես պահեստային նստարանին:

-Միշտ էլ հաճելի է մեկնարկային րոպեներից խաղալ, բայց եթե մարզիչը որոշում է քեզ պահել պահեստայինների նստարանին, պետք է ամեն րոպե պատրաստ լինես շանս ստանալու դեպքում դրսեւորել քեզ:

-Իսկ ինչո՞ւ է մրցակիցների համար այդքան բարդ հանդես գալ Շեդինի քաղաքային ստադիոնում:

-Մեր քաղաքն աշխարհագրորեն մյուսներից բավական հեռու է, որպես թիմ էլ ուժեղ ենք, ինչն իր դերն է խաղում: Դրա համար էլ բոլոր մրցակիցների համար դժվար է մեզ հետ մրցել: Բայց մյուս կողմից էլ արտագնա խաղերին մենք ենք դժվարությունների առաջ կանգնում, քանի որ ամեն անգամ բավականին ճանապարհ ենք անցնում:

Լուսանկարը` FC Pogon


-Ինչպիսի՞ն են «Պոգոն»-ի երկրպագուները, վերջերս հայատառ պաստառներով էին եկել ստադիոն ու քեզնից շապիկ էին ուզում:

-Նրանց օգնությամբ միշտ կարող ես պարտվելիս վերադառնալ խաղին ու ամեն ինչ շտկել, առաջին տուրում հենց այդպես էլ եղավ: Մեր երկրպագուներն, իսկապես, ֆանտաստիկ են: Առաջին անգամը չէր, որ հայատառ գրություններով էին եկել, նախկինում էլ նման դեպքեր են եղել: Միանշանակ հաճելի է ու պարտավորեցնող, մարդիկ ցանկանում են հաղթանակներ ու լավ խաղ տեսնել, դրա համար պատասխանատու ենք, որ լրջորեն մոտենանք ամեն հանդիպմանն ու նրանց ուրախացնենք:

-Իսկ շապիկդ տվեցի՞ր այդ երկրպագուին:

-Դեռ չեմ տվել (ծիծաղում է, խմբ.), քանի որ հանդիպումից հետո ժամանակ չունեի, բայց անպայման կտամ:

-Ի՞նչն է քեզ դուր գալիս Լեհաստանում եւ ինչպե՞ս կարողացար հարմարվել ու լեզու գտնել թիմակիցներիդ հետ:

-Առաջին օրվանից էլ հասկանում էի լեհերեն, բայց լավ չէի խոսում, հիմա արդեն ստացվում է: Սլովակիայում անցկացրած տարիներն օգնեցին, որ լեզուն շուտ սովորեմ, քանի որ բավական նմանություն կա: «Ժիլինայում» խաղալն ինձ շատ փորձ է տվել, ֆուտբոլային տեսանկյունից էլ հարմարվելու նրբություններին արդեն ծանոթ էի, դրա համար Լեհաստանում բարդություն չեմ ունեցել: Կարեւորը թիմն ինձ լավ ընդունեց, տղաների հետ էլ ջերմ հարաբերություններ ունենք: Հենց սկզբում էլ զգացի, որ ճիշտ որոշում եմ կայացրել, քանի որ իմ տեղում եմ:

Լուսանկարը` FC Pogon


-Դու առանձին բնակարանում ես ապրում, կարողանո՞ւմ ես գլուխ հանել կենցաղային գործերից ու նաեւ ուտելիք պատրաստել:

-Իհարկե, կարողանում եմ պատրաստել (ծիծաղում է, խմբ.): Եթե տրամադրություն եմ ունենում, ամեն ինչ էլ ստացվում է տատիկիս ու մայրիկիս օգնությամբ, զանգում եմ ու հարցնում նրանց: Արդեն բավական հմտացել եմ այդ գործում: Շատ կարեւոր է մարզիկի համար ճիշտ սնվել, միշտ հետեւում եմ, թե ինչ եմ ուտում: Թիմով էլ ունենք օրեր, երբ պարտադիր միասին ենք նախաճաշում ու ճաշում, մարզումներից հետո էլ մեզ համար խոհարարն է պատրաստում: Բայց եթե ազատ եմ, դեմ չեմ խոհանոցում ժամանակ անցկացնել:

-Իսկ ընտանիքիդ անդամներն արդեն հյուրընկալվե՞լ են քեզ մոտ:

-Հայրս է եկել, բայց առաջիկա շաբաթվա ընթացքում մայրիկս ու քույրերս կգան եւ կման մինչեւ ամռան ավարտը՝ դասերի սկսվելը: Ավելի ուշ էլ ինձ կմիանան տատիկս ու պապիկս: Կարեւոր է, որ կողքիս լինեն, մնացածն արդեն ընթացքում կորոշենք որտեղ գնալ ու ինչպես մեր ժամանցը կազմակերպել: Հաստատ ամեն ինչ շատ լավ կանցնի:

Լուսանկարը` FC Pogon


-Վահան, նախորդ տարի Լեհաստանի առաջնությունում «Պոգոն»-ը 3-րդն էր, այս տարի ի՞նչ նպատակներ կան ակումբի առջեւ դրված:

-Ակումբը զարգացման ճանապարհին է, իրոք, բարձրակարգ պայմաններ ունենք: Փորձում ենք ֆուտբոլիստներով ամեն ինչ անել ու օգնել, որ հասնենք մեր նպատակներին, իսկ դրանք են չեմպիոնությունն ու գավաթը եւ Եվրոպայի Լիգայի ուղեգիր նվաճելը: «Պոգոնն» իր պատմության ամենալավ տարիներն է անցկացնում թե կազմի առումով, թե գրանցած հաջողությունների: Դեռ մրցաշրջանը նոր է սկսվել ու երկար ճանապարհ ունենք անցնելու, մի բան կարող եմ ասել հաստատ՝ պայքարելու ենք մինչեւ վերջ: Նախորդ տարի էլ մոտ էինք հաջողությանը, բայց չստացվենք, այդ սխալները փորձելու ենք չկրկնել:

-Խոսենք նաեւ Հայաստանի հավաքականից: Մենք մեկնարկեցինք Ազգերի Լիգայի B դիվիզիոնում ու հաղթեցինք Իռլանդիային: Ինչի՞ շնորհիվ եղավ առաջին ու դեռ միակ հաջողությունը:

-Կամքի, ցանկության, անմնացորդ նվիրման: Հայաստանի հավաքականում խաղալիս միշտ պետք է անմնացորդ նվիրվել, մեծ ցանկությամբ ու հավատով գործել, մանավանդ, որ B դիվիզիոնում թույլ հավաքականներ չկան: Ուժեղների հետ էլ մրցելիս պետք է հավատալ, որ կարող ես հաղթել, անկախ նրանից, թե ով է մրցակիցը:

Լուսանկարը` Photolure


-Բայց հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց, դրան հաջորդեցին պարտությունները, ինչո՞ւ:

-Երեւի, հոգնածությունն էր պատճառը, 10 օրում 4 խաղ անցկացրինք ու բարդ էր մեզ համար, թեեւ արդարանալու համար չեմ ասում: Թե Շոտլանդիայի հետ արտագնա խաղում, թե Ուկրաինայի կարող էր այլ կերպ դասավորվել, բայց ֆուտբոլում ամեն ինչ էլ լինում է: Արդեն անցյալ է ու մոռացել ենք դրանց մասին:

-Իսկ լա՞վ է այդ մասին մոռանալ: Մի կողմից դրական է, որ չես կառչում անհաջողություններից, բայց չէ՞ որ պետք է ցավեցնի, որպեսզի ցանկանաս ուղղել ամեն ինչ:

-Համաձայն եմ, թող պարտությունները ցավեցնեն: Զիջելուն հաջորդող օրերին  արդեն շատ ենք տխրել, ափսոսանքի զգացում կար, բայց անցյալով էլ ապրել պետք չէ, առաջ գնալ է հարկավոր: Եթե անընդհատ գլխիդ մեջ լինի անցածը, չես կարողանա առավելագույնս կենտրոնանալ ապագայի վրա: Դասեր պետք է քաղենք ու աշխատենք, պարտադիր հետեւություն անենք, այլապես միայն պարտության մասին մտածելը չի օգնի: Այո, զիջել ենք, բայց անմնացորդ նվիրվել ենք բոլոր խաղերում էլ, եթե չի ստացվում արդյունքի հասնել, դա հարցի այլ կողմն է: Խաղադաշտում եղած բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց առավելագույնն են ցուցադրել: Ես էլ միշտ փորձում եմ այնպես անել, որ մեր ազգը ուրախանա: Հավատում եմ ու հույս ունեմ, որ առաջիկայում լավ խաղեր են լինելու ու անպայման հասնելու ենք հաջողության, դրա համար պետք է ճիշտ դասեր քաղել ու մտածել ապագայի մասին:

Լուսանկարը` Reuters


-Ո՞րն է քո կարծիքով մեր հավաքականի ուժեղ կողմը եւ ինչի՞ վրա է պետք աշխատել:

-Անկախ նրանից, թե ով է մրցակիցը, պետք է միշտ անմնացորդ նվիրվենք, այն թիմը չենք, որը կարող է որեւէ մեկին թերագնահատել կամ խաղացողներից որեւէ մեկը քիչ վազել, մենք ոչ Ֆրանսիան ենք, ոչ էլ այլ ուժեղ ընտրանի: Միայն ամեն մեկիս առավելագույն գործելու դեպքում է հնարավոր արդյունքի հասնել: Ես գիտեմ, որ բոլորս էլ հենց այդպես ենք գործում, բայց մարզիչն ավելի լավ կասի, թե ինչու չի ստացվում, գուցե, ճիշտ չենք անում կամ որեւէ այլ բան չի հերիքում: Ես հստակ պատճառները նշել չեմ կարող:

-Սեպտեմբերին մեկնարկելու է Ազգերի Լիգայի 2-րդ հատվածը, ի՞նչ սպասումներ ունես, կարծում ես որեւէ բան կստացվի՞:

-Միշտ դրական սպասումներ ունեմ, ուրախությամբ եմ սպասում հավաքականի խաղերին, քանի որ մեր ազգի համար միշտ էլ հաճելի է խաղալ, առավել եւս, երբ ստացվում է հաղթել: Անհամբերությամբ եմ տրամադրված, հավատում եմ, որ մեր հավաքականի լավ օրերը դեռ առջեւում են:

-Քեզ համար հավաքականում անցկացրած խաղերից ո՞րն է առավել հիշվող ստացվել:

-Երեւի թե Կիպրոսում Մակեդոնիայի դեմ անցկացրած հանդիպումն էր, որն ավարտվեց մեր 1:0 հաշվով հաղթանակով: Կան դժվար հանդիպումներ, այդ խաղը դրանցից էր: Համավարակի ընթացքում էր, ֆուտբոլիստներից մի քանիսը հիվանդացել էին, բայց կարողացանք լավ տրամադրել ու առաջին տեղը գրավել C դիվիզիոնի մեր ենթախմբում:

Լուսանկարը` Photolure


-Վերջապես հաջողվեց հավաքականով արդյունքի հասնել՝ այն էլ պատերազմի օրերին, ի՞նչն էր ձեզ առաջ տանում:

-Չեմ կարող Մակեդոնիայի դեմ այդ հաղթական խաղն առանձնացնել Շոտլանդիայից 1:4 հաշվով կրած պարտությունից, քանի որ երկուսի դեպքում էլ խաղադաշտ ենք դուրս եկել նույն տրամադրվածությամբ ու նվիրումով: Հավատը միշտ էլ կա, պարզապես այն ժամանակ ստացվեց հաջողության հասնել: Վատ օրերն էլ պետք է կարողանալ հաղթահարել, միշտ այդպես եմ մտածում:

-Դու պարտություններից ի՞նչ հետեւություններ ես արել քեզ համար:

-Ինչքան էլ լավ խաղաս, միեւնույն է սահման չկա, դա միայն ֆուտբոլին չի վերաբերվում՝ ամեն առումով է այդպես, միշտ առավելագույնին հասնելու տարբերակներ կան: Եկել եմ այն հետեւության, որ եթե այդքան աշխատելուց հետո պարտվել ենք, ուրեմն ավելիին պետք է ձգտեմ ու անեմ: Միշտ եմ փորձում իմ ազգի համար լավ խաղալ, պատրաստ եմ եղել ու կլինեմ ամեն ինչի, քանի որ երկիրը ներկայացնելը գերագույն հաճույք է:

-Դու Ազգերի Լիգայի խաղարկությունից հետո կարճատեւ արձակուրդ ունեիր, գնացիր քո հարազատ քաղաք, ինչպե՞ս անցկացրիր այդ օրերը:

-Փոքրիկ հանգիստը շատ արագ անցավ, հիմնականում ընտանիքիս հետ անցկացրի, մի քանի օր եմ մնացել Գյումրիում ու միացել եմ ուսումնամարզական հավաքներին: Գյումրին շատ էր փոխվել, բնականաբար, դեպի լավը, կարոտել էի քաղաքն ու ընկերներիս: Մեր քաղաքն ինձ համար առանձնանում է ու հատուկ տեղ ունի իմ կյանքում, միշտ էներգիա է տալիս հետագա աշխատանքի համար: Դրանից ավել բան ինձ պետք էլ չէր, շատ լավ էի զգում ու կարողացա որոշ չափով հանգստանալ գործի անցնելուց առաջ:

Լուսանկարը` FC Pogon


-Քո նկատմամբ պահանաջկոտ ես, այդ դեպքում ե՞րբ ես գոհ լինում քո աշխատանքից ու խաղից:

-Բավարարված լինելը կախված է նաեւ հաղթանակից: Երբ զգում ես, որ երկրպագուներն այդ ամենը քեզ հետ ապրում են, տրամադրությունը հաղթանակից հետո բարձրանում է եւ դեմքերին ժպիտ հայտնվում, գոհ ես լինում: Միանշանակ, բավարարվածություն եմ ստանում, բայց նաեւ պարտավորված զգում, որ անընդհատ ուշադիր լինեմ ու ավելացնեմ, որպեսզի կարողանամ նրանց սպասելիքներն արդարացնել: Ինձ համար ֆուտբոլում ամենակարեւորը հենց դա է: Ամեն հաղթանակից հետո գիտեմ, որ հնարավոր է էլ ավելի լավ գործել: Երբ որեւէ հաջողության մաս ես կազմում, անսահման հաճելի է: Սպորտում ամենակարեւորը մարդկանց երջանկացնելն ու դրական հույզեր փոխանցելն է:

- Վահան, այս տարեվերջին Քաթարում կայանալու է Աշխարհի առաջնությունը, ի՞նչ ես կարծում, որ հավաքականն առավել լավ շանսեր ունի հաղթելու:

-Պորտուգալիան: Ուզում եմ Ռոնալդուն Աշխարհի չեմպիոն դառնա, արժանի է այդ կոչմանը, մանավանդ, որ նրա վերջին Մունդիալն է լինելու: Հուսամ՝ Աստված իրեն կպարգեւի այդ հաջողությունը, Ռոնալդուն իր կարիերայում ամեն ինչի արժանապատվորեն է հասել, ինձ համար բոլոր ժամանակների ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկն է: Թեեւ Գերմանիայի ու Ֆրանսիայի հավաքականներն էլ հաղթելու լավ շանսեր ունեն:

Լուսանկարը` FC Pogon


-Լեո Մեսսիի Արգենտինային չե՞ս հավատում, նրա համար էլ վերջին ԱԱ-ն կլինի:

-Ճիշտ է, Արգենտինան էլ վատը չէ, հուսով եմ՝ եմ նրանցից մեկը կհաղթի, բայց ես Պորտուգալիային եմ երկրպագելու:

Մեծ սպորտի ապագա աստղերը. Վահան Բիչախչյան


-Վերջին անգամ քեզ հետ 5 տարի առաջ ենք զրուցել, դու դեռ «Շիրակ»-ում էիր խաղում, համարվում էիր հեռանկարային ֆուտբոլիստ: Հիմա արդեն մեծահասակների սպորտում ես, այս տարիների ընթացքում ինչպե՞ս ես փոխվել ու քո նպատակներից որո՞նք կարողացել իրագործել:

-Այդ 5 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց լավ օրերն ավելի շատ են եղել, քան վատերը, դրա համար էլ շնորհակալ եմ Աստծուն: Կարողացել եմ իմ կարիերայում առաջընթաց գրանցել: 18 տարեկանում «Շիրակ»-ից տեղափոխվեցի Սլովակիա ու շատ աճեցի, այնտեղ անմոռանալի, հիշարժան ու ջերմ օրեր եմ անցկացրել, ձեւավորվել որպես ֆուտբոլիստ ու մարդ: Թեեւ նաեւ մեծ դժվարություններ միջով եմ անցել հոգեբանորեն ու ֆիզիկապես, բայց այդ ամենն ինձ շատ բան է տվել: Երբ տեղափոխվեցի «Պոգոն», իմ նկատմամբ վստահությունը լավ մակարդակի վրա էր: Բացի այդ էլ «Ժիլինա»-ում խաղալու տարիներին հրավիրվեցի Հայաստանի հավաքական, ինչն իմ մանկության երազանքի կատարումն էր: Շատ ուսուցողական էին այդ տարիները, բազում կարեւոր դասեր եմ քաղել: Դրա հետ մեկտեղ ինձ հիմա ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ Աստծուն, որ առողջ եմ եւ կարող եմ ֆուտբոլ խաղալ, մարզիկի համար վնասվածքներն ամենամեծ թշնամին են: Մարզվում եմ, ֆուտբոլ խաղում, զբաղվում սիրած գործով, ինչն ինձ համար ամեն ինչից վեր է: Հուսով եմ՝ կշարունակեմ էլ ավելի բարելավել որակներս, որ նորից առաջ շարժվեմ:

Լուսանկարը` FC Pogon


-Հայրդ՝ Վարդան Բիչախչյանը, ֆուտբոլային մարզիչ է, նա քեզ ավելի շատ գովո՞ւմ է, թե՞ մատնանշում թույլ կողմերդ:

-Հորս հետ միշտ էլ ֆուտբոլից շատ ենք խոսում, նա ինձ կարեւոր խորհուրդներ է տալիս, որոնց կարիքն, իսկապես, ունեմ: Հաճելի է նրանից լսել, թե ինչի վրա է պետք աշխատել: Շատ ուրախ եմ, որ կողքիս նման մարդ կա, աջակցում եւ օգնում է, իր դերն իմ կյանքում շատ մեծ է եղել: Մատներիս վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ է ասել, որ խաղս ստացվել է, հիմնականում ավելի շատ սխալներս է մատնանշել, պահանջկոտ է եղել իմ նկատմամբ, ինչն օգնել է առաջ գնալ:  

-Դու սիրում էիր գրքել կարդալ, թենիս ու ըմբշամարտ նայել, նախասիրություններդ փոխվե՞լ են, թե՞ շարունակում են ազատ ժամանակդ լցնել:

-Էլի գրքեր եմ կարդում, սերիալներ նայում, սպորտային մրցումներ դիտում, սովորություններս հիմնականում նույնն են մնացել: Մի քանի օր առաջ ավարտեցի Պաուլո Կուելյոյի «Աքրայում գտնված ձեռագիր»-ը, հիմա անգլերենով շատ լավ գիրք եմ կարդում ՝«Relentless: From good to great to unstoppable», Ձեզ էլ խորհուրդ կտամ: Սպորտային շատ կարեւոր նշանակության հարցեր են շոշափում հեղինակները, բավական ուսուցողական է մարզիկի համար:  

Լուսանկարը` FC Pogon


-Ինչպիսի՞ն ես ուզում լինի ֆուտբոլային ապագադ, ո՞ր ակումբում ես ցանկանում հայտնվել:

-Անկեղծ ասած, ապագայի մասին շատ չեմ սիրում խոսել: Բոլոր ֆուտբոլիստերն էլ մանկուց երազում են բարձր մակարդակով խաղալու եւ ուժեղ առաջնություններում հանդես գալու, Չեմպիոնների Լիգային մասնակցելու մասին, ես էլ բացառություն չեմ: Դրա համար եմ ընտրել ֆուտբոլը, որպեսզի կարողանամ մի օր հասնել այդ ամենին: Ցանկություն ունեմ աճել որպես ֆուտբոլիստ, ուժեղանալ ու լավ ակումբներում հայտնվել:

-Իսկ մեր հավաքականի ու հայկական ֆուտբոլի ապագան ինչպիսի՞ն է ու առհասարակ կա՞:

-Միշտ էլ պետք է լավը մտածել ու հավատալ, ցանկություն ունենալու դեպքում ամեն ինչի էլ հնարավոր է հասնել: Ինձ համար նաեւ երազանք է խաղալ Աշխարհի կամ էլ Եվրոպայի եզրափակիչ փուլում, դրա համար էլ ամեն ինչով կօգնեմ հավաքականին, որ մյուս տղաների հետ հասնենք այդ արդյունքին: Ամեն ինչ միայն մեզանից է կախված, շատ դրական եմ տրամադրված ու հավատում եմ իմ ասածին:

Վահան Բիչախչյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին