Դեկտեմբեր 09, 2024
exclusive
9202 դիտում

Հռիփսիմե Խուրշուդյան. Վերադարձել եմ սպորտ բարի անունս վերականգնելու համար

Հռիփսիմե Խուրշուդյանը
Հռիփսիմե Խուրշուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը երկարատեւ դադարից հետո որոշել է վերադառնալ սպորտ ու պայքարել նոր նվաճումների համար:

Հիմա նա հավաքականի հետ պատրաստվում է մայիսի 28-ին Տիրանայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:

Mediamax Sport-ի հետ զրույցում Խուրշուդյանը պատմել է դոպինգ սկանդալը հաղթահարելու ծանր ապրումների, ծանրամարտն անչափ սիրելու ու այդ պատճառով որդիներից որոշ ժամանակ հեռու լինելու, իր բարի անունը վերականգնելու ցանկության մասին:

-Հռիփսիմե, ինչո՞ւ որոշեցիր 6 տարվա դադարից հետո նորից վերադառնալ ծանրամարտ ու մտնել պայքարի մեջ:

-Առանց ծանրամարտի չեմ կարող ապրել, միշտ եմ ասել, թե որքան շատ եմ սիրում իմ մարզաձեւը: Դոպինգ սկանդալից հետո չէի ցանկանում, որ կարիերաս այդպիսի ավարտ ունենա: Վերադարձել եմ, որ նորից մեդալներ նվաճեմ, իմ պատվին մեր օրհներգը հնչի ու իմ բարի անունը վերականգնեմ: Լավ մտադրությամբ եմ վերադարձել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դոպինգ սկանդալն ի՞նչ ազդեցություն թողեց քեզ վրա ու ինչպե՞ս կարողացար այն թողնել անցյալում:

-Վայ, շատ վատ եմ տարել, նույնիսկ մազերս սպիտակեցին դրա պատճառով, հոգեբանորեն բարդ էր ինձ համար: Մեծ սթրես եմ ունեցել, բայց այդ ամենը կարողացել եմ հաղթահարել: Տեղի ունեցածի մեղավորությունը ոչ մեկի վրա չեմ կարող գցել, սպորտում ամեն ինչ էլ պատահում է, բայց եթե որակազրկելու էին, պետք է անեին մրցումներից անմիջապես հետո, ոչ թե այդքան տարիներ անց: Ինձ էլ մեղավոր չեմ համարում, այդ որակազրկումն իմ ու տարբեր երկրների մարզիկների վրա մեծ ազդեցություն է թողել: Օլիմպիական ավան մտնելուց ի վեր անընդհատ ստուգվում էինք, անալիզներ հանձնում, եթե ինչ-որ բան հայտնաբերել էին, անմիջապես պետք է հայտնեին: Հիմա պատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը, արդեն 4 անգամ արյուն ու մեզ եմ հանձնել, եթե խնդիր լիներ, Հայաստանն ինձ հաստատ չէր հայտավորի ու խնդիրների առաջ հայտնվի:

-Ընտանիքդ ինչպե՞ս վերաբերվեց սպորտ վերադառնալու որոշմանը:

-Վերջին անգամ հանդես եմ եկել 2016 թվականին, բավական ժամանակ է անցել, որ էլ գործող մարզիկ չէի: Ընտանիքս էլ շատ է ուզում, որ անունս վերականգնեմ ու ինձ չհիշեն որպես դոպինգ օգտագործած մարզուհու: Ամենակարեւորն այն է, որ ընտանիքս ու հարազատներս կողքիս են, ամուսինս ու մարզիչս են աջակցում: Ուրախ եմ, որ նրանք հավատում են ինձ, դա միայն դրական ազդեցություն է թողնում:

-Դու նաեւ մայր ես, արդեն 2 որդի ունես: Ինչպե՞ս են տղաներդ քո բացակայության հետ համակերպվում:

-Շատ շնորհակալ եմ բալիկներիս, որ կարողանում են ներել բացակայությունս ու համակերպվել դրա հետ: Իրենց ասել եմ, որ հեռու տեղ աշխատանքի եմ գնում: Փոքր որդիս 2,5 տարեկան է, շատ է կարոտում, ինձ համար էլ հեշտ չէ: Մեծն արդեն 9 տարեկան է ու շատ բան հասկանում է, գիտի՝ ինչի համար եմ իրենց թողել որոշ ժամանակով: Նա ինձ ոգեւորում է ու ասում, որ երկրպագելու է: Հուսով եմ ամենաջերմ երկրպագուներս որդիներս կլինեն ու հանուն իրենց նաեւ լավ հանդես կգամ, որ այսքան բացակայությունս արդարացված լինի: Պատվով կվերադառնամ նրանց մոտ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպիսի՞ն է ներկայիս Հռիփսիմեն, որքանո՞վ է փոխվել այս ընթացքում:

-Բացարձակ փոփոխություն չեմ նկատում, էլ ավելի ոգեւորված եմ, 17 տարեկանների հետ հավասար մարզում եմ անցկացնում, նույնիսկ ավելի արագ եմ, քան իրենք: Դա ինձ առաջ է տանում, մոտիվացիաս ընդհանրապես չի պակասել: Մտածում եմ՝ երանի նորից 20 տարեկան լինեմ, որ շարունակեմ մարզվել, չեմ պատկերացնում, որ արդեն 35 եմ: Ես սպորտով ապրում եմ:

-Երբ վերադառնալուց հետո առաջին անգամ մտար դահլիճ, ինչի՞ց սկսեցիր ու ի՞նչ վախ ունեիր:

-Միակ մտավախությունս այն էր, թե կարո՞ղ եմ նորից մեդալի համար պայքարել: Մարզչիս ու ամուսնուս հարցրի այդ մասին, բոլորից հետաքրքրվում ու դրական պատասխաններ էի ստանում, ինչն ինձ շատ էր ոգեւորում: Ներքին վստահություն էլ կար, գիտեի, որ պետք է անեմ ու ստացվում էր: Իմ լավ կողմը կամքիս ուժն է, այլապես հաստատ վերադառնալու որոշում չէի կայացնի: Առաջին մարզմանը սկսել եմ 7 կգ-ից, կարծես սկսնակ լինեի: Մկաններս բռնվեցին, հոգեբանորեն պատրաստ չէի, տրամադրում էի ինձ ու 50 կգ-ին մոտենում այնպես, ինչպես մրցումներին: Մինչեւ հիմա էլ այդպես եմ շարունակում աշխատել:

-Զգացվում է, որ քո ներկայությունը թիմում մյուս աղջիկներին էլ է օգնում: Դու ամենամեծն ես ու առաջատարը, քո կողքին նրանք էլ իրենց այլ կերպ են զգում: Ոգի ես բերել, որը շատ էր պակասում:  

-Աղջիկներն էլ խոստովանում են, որ ինձ հետ մարզումները լավ են անցնում: Նայում են ինձ ու ավելի ոգեւորվում, նրանք ինձ են օգնում, ես՝ իրենց: Ոմանց մայրիկի տարիքին եմ, ինձ են հարցնում, թե ինչով զբաղվեն, ինչ ֆիլմ դիտեն կամ խաղան ազատ ժամանակ: Կարծես մեղր լինեմ, որտեղ նստած եմ լինում, շուրջս են հավաքվում: Դրանից շատ լավ եմ զգում, թիմին պետք է առաջատար, որ սխալները ցույց տա եւ ճիշտ ուղու վրա դնի: Ուրախ եմ, որ իմ ասածներն ընդունում են ու հետեւում են խորհուրդներիս:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Առաջիկայում շատ կարեւոր մրցում է սպասվում, ինչպե՞ս ես տրամադրվում Եվրոպայի առաջնությանը:

-Անհանգստություն կա: Եթե վերադարձել եմ, ուրեմն խոսք ունեմ ասելու, չեմ ուզում ձեռնունայն մնալ, որ չմտածեն՝ դե, ավարտել էիր կարիերադ, ի՞նչ կարիք գար հետ գալու: Մեծ խնդիր է դրված իմ առջեւ, ուզում եմ անփորձանք ու առանց վնասվածքների 6 մոտեցման ժամանակ էլ աշխատել ու մեդալ նվաճել: Վստահ եմ իմ ուժերին, եթե հանգիստ չլինեմ, միանշանակ, ինձ կխանգարի:

-Այդ 6 տարվա ընթացքում ի՞նչ հասկացար քո ու ծանրամարտի կապի մասին:

-Սպորտով ապրել եմ 20 տարի շարունակ: Տեղս չէի գտնում, երբ ամուսինս հավաքներից վերադառնում էր, մտածում էի, թե ես ե՞րբ եմ նորից մարզվելու: Չէի դիմանում առանց այդ ամենի: Ցանկությունս այնքան շատ էր, որ ոչինչ ինձ չէր կարող կանգնեցնել: Բավական լուրջ վնասվածք էլ ունեմ, բայց դա էլ չի խանգարում: Իմ օդն ու ջուրն է ծանրամարտը:

-Քիչ առաջ նայում էի քո մարզումներն ու տեսնում, թե որքան բարդ է, ինչո՞ւ ես եկել նորից այս դժվարությունների միջով անցնելու:  


-Ամռանը 35 տարեկան կլինեմ, ոչ ոք հավես չէր անի առավոտյան շուտ նախավարժանք անել, մի որդուն տանել մանկապարտեզ, մյուսին՝ դպրոց, հետո մարզում անցկացնել սաների հետ, դրանից հետո էլ պարապել: Այդքան բանից հետո, եթե կարողանում եմ իմ ուզած կիլոգրամները բարձրացնել, ուրեմն արժանի եմ լինել սպորտում: Ինձ համար սա դժվարություն չէ, այլ հաճույք (ծիծաղում է, խմբ.): Մարդիկ կարող են մտածել, որ խելագար եմ, բայց, իսկապես, սիրում եմ ծանրամարտն ու դա որեւէ կերպ բացատրել չեմ կարող:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպե՞ս է ամուսնուդ՝ Տարոնի հետ աշխատելն ու ի՞նչ եք սովորում իրարից:

-Իմ 3-րդ հավաքն է ամուսնուս հետ: Աղջիկներն ուրախանում են, որ Տարոնը լինում է մարզումներին: Ես հին մարզիկ եմ, ընկեր Արտաշի (հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի, խմբ.) հետ ավելի լավ եմ աշխատում, իսկ նա նորեկ է ու երիտասարդներին ավելի լավ է հասկանում: Ընկեր Արտաշն ինձ հետ կապված ամեն մանրուք գիտի: Բայց նաեւ ավելի լավ եմ զգում, երբ ամուսինս կողքիս, ինձ աջակցում է, ասես կրկնակի ուժ ստանամ:

-Հռիփսիմե, ո՞րն է քո նպատակը սպորտում, որքա՞ն ես պլանավորում հանդես գալ ու արդյո՞ք 2024-ի Օլիմպիական խաղերին էլ կմասնակցես:

-Եթե վնասվածքներն ինձ չխանգարեն, չգիտեմ՝ երբ կհեռանամ: Ինչքան հնարավոր է ու ուժերս կներեն, կմնամ ծանրամարտում: Ինչու ոչ, կփորձեմ Օլիմպիական խաղերին էլ մասնակցել, բայց ամեն ինչի կձգտեմ աստիճանաբար: Շատ բան այս առաջնությունից է կախված:

-Դու նաեւ սաներ ունես, ինչպիսի՞ մարզիչ ես քո կարծիքով:

-10 սան ունեմ՝ աղջիկներ ու տղաներ: Ապագայում մարզչի դերում ինձ չեմ տեսնում, շատ անհամբեր եմ, ինչն այդ գործում խանգարում է: Ուզում եմ ամեն ինչ միանգամից ստացվի, բայց սպորտում արդյունքի հասնելու համար ժամանակ է պետք: Ուզում եմ ինձ նման շատ կիլոգրամներ բարձրացնեն ու պրոֆեսիոնալ լինեն: Երբ գալիս են ընդունվելու, Տարոնին խնդրում եմ տեխնիկապես պատրաստել նրանց ու հետո նոր ինձ փոխանցել (ծիծաղում է, խմբ.): Ավելի լավ է գործող մարզիկ լինել, քան մարզիչ: Հիմա մարզիչներին շատ լավ եմ հասկանում, տեսնում եմ, թե նրանց համար ամեն առումով որքան բարդ է: Մարզիկները պետք է նրանց աշխատանքը շատ գնահատեն, ամեն բարդություն հենց նրանց վրա է ընկնում, այդ թվում՝ պատասխանատվությունը: Լավ մարզիչ լինելու համար շատ նյարդեր են պետք:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մեր երկրում կանանց ծանրամարտի հետ կապված իրավիճակը որքա՞ն գոհացնող է ու ի՞նչ է պետք անել այն լավացնելու համար:

-Լավ աղջիկներ ունենք, բայց կուզեի նրանց քանակն ավելանա: Կարծրատիպերը դեռ շարունակում են հետապնդել մարզուհիներին: Մյուսները ծանրությանը չեն դիմանում, օրինակ՝ աջ ափիս մեջ կոշտուկ կա, որը բավական ցավում է ու խանգարում, ամեն աղջիկ չի կարող դիմանալ դրան: Ցավալի է, որ գալիս են մարզվելու, բավական ջանք ես թափում նրանց վրա, որոշակի մակարդակի հասցնում ու թողնում են սպորտը: Դա ինձ շատ է հունից հանում: Բացի այդ, ներկայիս սերնդին համացանցն ու սոցկայքերն են շատ խանգարում, ամբողջ օրը հեռախոսի մեջ են: Զարմանում եմ, որ մարզումների ժամանակ աղջիկները հեռախոսներով են գալիս, մեկ մոտեցում բարձրացնում են ու ստուգում, թե ով է իրենց գրել կամ նկարները հավանել: Ամբողջ աշխարհն է տառապում այդ հիվանդությամբ: Կան նաեւ այնպիսիք, որ մտածում են կկոպտանան ու կփոխվեն: Ինքս միշտ կանացի եմ եղել, սպորտը երբեք չի խանգարել ինձ դրանում: Կանայք կան, որ անգամ հայելու մեջ չեն նայում, չեմ կարծում դա սպորտի պատճառով է, մարդու տեսակից է: Նեղվում եմ, երբ համարում են, որ ծանրորդուհիները կոպիտ են: Ես միշտ փորձել եմ ամեն ինչ անել, որ կարծրատիպեր կոտրեմ ու ցույց տամ, որ հնարավոր է ուժեղ ու գեղեցիկ լինել:

-Ինչպիսի՞ն ես ուզում տեսնել սպորտը մեր երկրում:

-Կուզեմ, որ սպորտն ավելի զարգանա, Օլիմպիական մարզաձեւերով զբաղվողների թիվն ավելանա նաեւ կանանց շրջանում, հավասարվեն տղամարդկանց: Դպրոցներում ավելի մեծ ուշադրություն դարձնեն ֆիզկուլտուրային, ամեն շաբաթ երեխաներին տանեն մարզադպրոցներ, ծանոթացնեն նոր մարզաձեւի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ դու մինչեւ զբաղվելն ի՞նչ գիտեիր ծանրամարտի մասին:

-Բացարձակապես ոչինչ, լրիվ անտեղյակ էի: Սպորտն ընտրել եմ 1999 թվականին, կին ծանրորդներից ամենաշուտը ես եմ սկսել մարզվել, պարապել եմ Աշոտ Դանիելյանի հետ, այս տարիների ընթացքում այնքան սերունդ է փոխվել: Երբեմն մտածում եմ, թե ի՞նչը կարող է ինձ կանգնեցնել, տարբեր բաների միջով անցել եմ՝ վնասվածքներ, դոպինգ սկանդալ, ամուսնություն ու երեխաներ, բայց էլի վերադարձել եմ: Դա մարզաձեւի նկատմամբ բացարձակ սիրո շնորհիվ է: Հավաքների ժամանակ միանգամից կտրվում եմ ամեն ինչից, մոռանում, որ ամուսնացած եմ ու երեխաներ ունեմ, մարզադահլիճում միայն ես եմ ու իմ ծանրաձողը: Իսկապես, սիրահարված եմ սպորտին:

-Իսկ ամուսինդ չի՞ խանդում, որ այդքան ինքնամոռաց տարված ես ծանրամարտով:

-Ընդհանրապես, եթե մարզիչ չլիներ, գուցե եւ խանդեր, բայց հասկանում է ինձ: Տեսնում է, թե տանն ինչ ապրումներ եմ ունենում մյուսների ելույթներին հետեւելիս: Երեւի միայն ծերությունն ինձ ստիպի սպորտից հեռանալ, բայց այդ ժամանակ էլ վետերանների առաջնության եմ մասնակցելու (ծիծաղում է, խմբ.): Էլ ճար չկա, ինձ ոչինչ չի կանգնեցնի: Երբ Տարոնին ասում եմ որեւէ տեղս ցավում է, պատասխանում է. «Այ, պառավ ջան, արդեն ծերացել ես»:

-Հռիփսիմե, իսկապես երջանկություն է նման աջակցող ամուսին ունենալ: Ինչպե՞ս եք Տարոնի հետո ծանոթացել ու հասկացել, որ անտարբեր չեք միմյանց նկատմամբ:

-Երկուսս էլ Քասախում ենք ծնվել, միասին մանկապարտեզ գնացել, նրա տատիկն իմ դաստիարակն է եղել, բայց տարբեր դպրոցներում ենք սովորել: Ընդհանրապես չենք մտածել, որ կարող ենք սիրել իրար: Դահլիճի տղաներին կարող էի հակաճառել, բայց Տարոնի ամեն ասածից ամաչում էի: 2008 թվականին Կանարյան կղզիներում միասին երիտասարդների Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք, հենց այդ ժամանակ զգացինք, որ պարզապես ընկերներ չենք ու ամուսիններ ենք դառնալու: («Դու զգացիր»,-ասում է մեր զրույցին հետեւող Տարոնը, խմբ.): Ես չեմպիոն դարձա, իսկ Տարոնն այնքան էլ լավ հանդես չեկավ, մխիթարեցի իրեն ու հույս տվեցի: Այդպես աստիճանաբար սկսեցինք շփվել, հետո նա մեկնեց ծառայության, եթե մեկ օր չէր զանգում, ես էի կապվում հետը: Մտերմացանք ու հետագայում ամուսնացանք:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպիսի՞ն է հիմա ձեր ընտանիքը:

-Տարոն, ի՞նչ ասեմ («Ասա ինչպես կա»,- նշում է Տարոնը, խմբ.): Շատ լավ, երջանիկ ու սիրառատ ընտանիք է: Տարոնն ուզում է, որ տղաներին ճիշտ դաստիարակենք, շատ ուշադիր է այդ հարցում, որ մեծերի նկատմամբ հարգանքով լինեն: Այս տարիքից շատ կարեւոր է, որ ճիշտ արժեքներ կրեն:

-Ընտանիքով ի՞նչ եք սիրում միասին անել:

-Չեք հավատա, բայց ընտանիքով համարյա չենք կարողանում միասին լինել, հավաքների ժամանակ ենք իրար տեսնում: Երեխաներին էլ հավաքից եմ գնում ու հասցնում տեսնել, հետները մի քիչ ժամանակ եմ անցկացնում ու վերադառնում: Հետագայում այդ բացը կլրացնենք: Շատ դժվար է համատեղել սպորտն ու ընտանիքը:

-Սպորտից դուրս ի՞նչ ես սիրում անել, երբ ազատ ժամանակ ես ունենում:

-Շատ եմ սիրում երգել, հենց մարզումն ավարտում եմ, սենյակում սկսում եմ երգել: Թեեւ ոչ հաճախակի, աչքերիս խնդրի պատճառով, բայց նաեւ կարդում եմ: Վերջինն ինձ տպավորել է «Մուսա լեռան 40 օրը»: Սիրում եմ խոհանոցը, ինձ մոտ շատ լավ է ստացվում բորշը,  տարբեր աղցաններ եմ պատրաստում, խմորեղեն թխում: Տարոնն էլ հավանում է իմ պատրաստածը: Մրցումների մեկնելիս խնդրում եմ ցույց տալ տեղական յուրահատուկ սնունդը, որ ինքս էլ փորձեմ սարքել: Այնպես չէ, որ միայն ծանրաձող բարձրացնելն է ստացվում ինձ մոտ (ծիծաղում է, խմբ.): Ուզում եմ ամեն ինչից էլ որքան հնարավոր է տեղյակ լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հռիփսիմե, եթե ամփոփելու լինես մինչեւ այս պահն ունեցած քո կարիերան, ինչպիսի՞ն է այն եղել:

-Շատ հիշարժան ու լավ տարիներ եմ ունեցել, դրա համար էլ վերադարձել եմ: Երանի էի տալիս մարզիկ եղած տարիները: Երբ հիմա հավաքականի աղջիկներին պատմում եմ այդ մասին, զարմանում են, թե որքան լավ է եղել ամեն ինչ: Մրցումների ժամանակ գիտեի՝ ինչպես տրամադրվել, որ որեւէ դժվարություն չունենամ: Նազիկի ու մյուս աղջիկների հետ այնպես էինք անում, որ շատ չմտածենք մրցման մասին ու չվառվենք: Մեր օրերն այնպես էինք կազմակերպում, որ ցրվենք, դա միշտ օգնել է լավ հանդես գալ: Սպորտն ինձ շատ բան է տվել:

Հռիփսիմե Խուրշուդյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին