Դեկտեմբեր 11, 2024
exclusive
7190 դիտում

Արսեն Հարությունյան. Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի, շատերն են հեռանալու Հայաստանից

Լուսանկարը` Մեդիամաքս


Արսեն Հարությունյանը Բուդապեշտում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեց: Ազատ ոճի ըմբիշը չստացված Օլիմպիական խաղերից հետո լուրջ հետեւություններ է արել, ինչի արդյունքում կարողացել է 3 մեդալ նվաճել:

Mediamax Sport-ին նա պատմել է խաղերում ձախողման իրական պատճառների մասին, խոսել Հայաստանում սպորտի ոլորտի լուրջ խնդիրների, մարզիկների հիասթափվածության ու անձնական կյանքում եղած փոփոխությունների մասին:

-Արսեն, Բուդապեշտում դարձար Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ինչպե՞ս այս անգամ քեզ տրվեց ոսկին ու ինչպիսի՞ պայքար ընթացավ:

-Չէի ասի, որ առաջինի պես դժվար է տրվել, այս անգամ ավելի հեշտ էր: Շատ վստահ հանդես եկա, միայն առաջին օրը մի քիչ լարվածություն կար, բայց կարողացա տրամադրվել ու բոլոր գոտեմարտերը ճիշտ վարել: Պարզապես չէի նախատեսել, որ կիսաեզրափակչում 6 միավոր կզիջեմ լեհ Էդուարդ Գրիգորեւին: Առաջին անգամն էր, որ չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում գորգի վրա: Պարզապես հնարքները շատ արագ կատարեց:

-Այդ դեպքում ինչպե՞ս կողմնորոշվեցիր, որ շտկես իրավիճակը:  

-Նախ նրա համարձակությունը դուրս շատ եկավ, մտածում էի, թե ինչքան լավ գործեց, ես էլ եմ այդ հնարքը կատարում, բայց ինձնից առաջ ընկավ: Փաստորեն ես էլ այդ կերպ եմ մրցակիցներին շոկի ենթարկում, երբ արագ գրոհի եմ նետվում: Հազիվ էի ուշքի եկել, երբ նույն հնարքը հիմա էլ մյուս ոտքից կատարեց: Այդ ժամանակ էլ որոշեցի, որ դուրս եմ գալու ու մինչեւ վերջ պայքարեմ: Ինձ հետ պատահում է, որ անջատվում եմ, բայց կարողացա ինձ ճիշտ կառավարել, չխառնվեցի ու լավ գոտեմարտ վարելու շնորհիվ վստահություն եկավ: Համոզված էի, որ հետ եմ բերելու կորցրածը, լավ շնչում էի ու չէի հոգնում:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Դու եզրափակիչներում շատ դիտարժան պայքարում ես հաղթում ու մեծ հաշիվ գրանցում: Չե՞ս վախենում այդքան ռիսկային գործելու դեպքում հաղթանակը ձեռքիցդ բաց թողնել:

-Եզրափակչի ժամանակ շատ վստահ էի, չգիտեմ էլ ինչու: Սովորաբար նման որոշիչ գոտեմարտերում զգուշությունն ավելի շատ է լինում, չես գնում գրոհի, սպասում ես, որ առավելությունդ չկորցնես: Ուզում էի դիտարժան մենամարտել եւ սիրուն հնարքներ կատարել: Շատ լավ տրամադրվեցի պայքարին, թուրք Սուլեյման Աթլին ավելի փորձառու էր, նրան չպետք է շանս տայի: Դրա համար էլ հենց սկզբում որոշեցի հարցերը լուծել: Չէի պլանավորել 15:3 հաշվով հաղթել, բայց ստացվեց: Իմ երազանքն է Եվրոպայի 5-ակի չեմպիոն դառնալ, փոքր տարիքից եմ այդ մտքի վրա կենտրոնացած, ինչպես նաեւ տիրանալ Աշխարհի 5 ոսկու:  

-Շատ է նշվել, որ այս առաջնությունը թույլ էր մրցակցության առումով, համաձա՞յն ես այս տեսակետի հետ: Դու, օրինակ, պայքարը սկսեցիր քառորդ եզրափակչից:

-Երբեք էլ հեշտ չի լինում, մանավանդ, երբ մեդալակիր ես դառնում: Չեմ համարում, որ այս առաջնությունը թույլ էր, բավական ուժեղ մրցակիցներ կային իմ քաշային կարգում, բացակայում էր միայն Ռուսաստանի ներկայացուցիչը: Ես էլ որպես առաջին համար մեկ գոտեմարտ քիչ անցկացրի:

Լուսանկարը` Մեդիամաքս


- 2019-ին Եվրոպայի առաջին չեմպիոնությանդ ու հիմա տարբեր կերպ արձագանքեցիր: 19 տարեկանում շատ բուռն կերպով նշեցիր ձեռքբերումդ, հիմա հանգիստ էիր:  

-Առաջին չեմպիոնությունից հետո շատ էի ուրախացել, երջանկությանս սահման չկար, անգամ չէի էլ հասկանում, թե ինչ է կատարվում: Հաղթանակից մի 10 օր հետո էլ չէի գիտակցում կատարվածը, դա իմ առաջին ամենամեծ նվաճումն էր: Այդ մեդալը յուրահատուկ է, միշտ կհիշեմ, քանի որ լիարժեք երջանիկ էի: Կան մեդալներ, որ նվաճում ես, անգամ չեմպիոն դառնում, բայց չես կարողանում լիաթոք ուրախանալ: Այս առաջնությունում իմ գոտեմարտերից ընդհանրապես գոհ չեմ, ինձ նման չէի: Երկու  գոտեմարտ շատ զգուշավոր եմ վարել: Երկար ժամանակ մրցումների չէի մասնակցել, երեւի դա էր պատճառը: Մի քիչ լարվածություն կար, բայց առաջին օրվանից հետո անցավ: Լիարժեք ուրախանալու համար պետք է հաճույք ստանամ իմ արած գործից: Օրինակ, թուրք մրցակցի հետ պայքարից գոհ եմ, որովհետեւ ուզում էի բացարձակ առավելությամբ հաղթել: Շատ էի տրամադրված, բայց նաեւ՝ հանգիստ: Հայելու մեջ իմ աչքերին նայելիս հաստատ գիտեի, որ չեմ զիջելու: Մրցակիցներին տեսնելիս էլ զգում եմ, թե ինչպես են նրանք տրամադրված:

-Իսկ եթե հանկարծ հասկանում ես, որ քեզնից ավելի մարտական են ու կարող են հաղթել, ի՞նչ ես անում այդ դեպքում:

-Շատ դեպքեր են լինում, որ հավասար ենք իրար ու երկուսս էլ չենք ուզում զիջել, բայց ում ցանկությունն ավելի մեծ եղավ ու դիմացավ գորգում, նա էլ հաղթում է: Կապ ունի նաեւ, թե ով չի վախենա մրցակցի հոգեբանական ճնշումից:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մանավանդ հաղթանակներից հետո շատ հեշտ է մեծ ուշադրությունից ու գովասանքներից հետո գլուխդ կորցնել: Ինչպե՞ս սովորեցիր չտարվել այդ ամենով:

-Ամենակարեւորը պետք է ոտքդ գետնից չկտրես: Հիմա արդեն սովորական է դարձել այդ ամենը, բայց 2019-ին մի պահ տարվել էի: Պատճառը նաեւ այն էր, որ վնասվածք ունեի ու ազատ ժամանակս շատ էր: Հիմա հրավերների մոտ 70 %-ը մերժում եմ: ԵԱ-ից հետո Սոչի են հրավիրել՝ աշխարհի լավագույն վերականգնողական կենտրոններից մեկը: Նախորդ այցիս ժամանակ ինձ առաջարկել էին խառը մենամարտերում հանդես գալ, 6 րոպեի համար 50 հազար դոլար էին առաջարկել, բայց չհամաձայնվեցի:

-Նման առաջարկների մեծ մասն անում են մարդիկ, ովքեր չեն մտածում քո կարիերայի մասին: Ինչպե՞ս ես մերժում այդ գայթակղիչ առաջարկությունները:  

-Ամեն մեկն իր գլխի տերն է, ինքն է գծում իր ապագան ու գիտի, թե ինչն է լավ, կամ էլ վատ իր համար: Սխալվելու դեպքում էլ ընկերներս ու մարզիչներս կասեն այդ մասին, նրանց շատ եմ լսում: Մարզիչներիս հետ անգամ ավելի շատ եմ շփվում, քան ծնողներիս: Ես 2015 թվականից ինքնուրույն եմ, ինքս եմ ինձ համար ամեն ինչ անում: Հիմա էլ սկսել եմ մեզ մոտ՝ Մասիսում, տուն կառուցել: Չգիտեմ ոնց եմ անելու, բայց ուզում եմ ինքնուրույն գլուխ հանել:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Այսինքն այստեղ տուն կառուցելով ապագադ Հայաստանի հե՞տ ես կապում, թե՞ քեզ տեսնում ես նաեւ այլ երկրում:

-Առաջ չէի տեսնում, բայց հիմա՝ այո: Ապրելու համար կգնամ Գերմանիա կամ էլ ԱՄՆ: Գերմանիայում կարողանում ես կյանքդ վայելել, կուզեմ երեխաներս այնտեղ մեծանան: Բայց Հայաստանի հետ կապս կպահեմ, անպայման կգամ:

-Իսկ ինչո՞ւ էլ Հայաստանում մնալ չես ուզում:

-Այստեղ բոլորը խաբում են, ամեն ինչի մեջ խաբեություն կա: Ոչ մեկն իր խոսքին հավատարիմ չէ, նախանձները շատ են:

-Բայց կարծում ես դրսում ամեն ինչ իդեալակա՞ն է լինելու, այնտեղ էլ վատ երեւույթներ կան:

-Իդեալական չէ, բայց գոնե չեն խաբի, այնտեղ դրվածքն ուրիշ է, օրինակ գերմանացիները շատ ճշտախոս են: Շատ եմ լինում այնտեղ ու մասնակցում Բունդեսլիգային, կյանքը լրիվ ուրիշ է եւ հետաքրքիր: Փողոցում վայելում ես մաքրությունը, մարդկանց անկեղծությունը, թեեւ մի քիչ սառն են: Այնտեղի հայերն էլ ուրիշ են՝ անկեղծ, սրտանց, մաքուր: Աշխարհի ծայրից էլ հայեր են գալիս մեր գոտեմարտերը նայելու, նրանք լրիվ այլ են, միանգամից զգացվում է նրանց տեսակն ու մտքինը:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Բայց, Արսեն, մի՞թե այստեղ էլ չեն ուրախանում քո նվաճումներով:

-Իհարկե, ուրախանում են, այստեղ էլ շատ լավ մարդիկ կան, հեռանալու դեպքում նրանց հաստատ կկարոտեմ: Մի քիչ հիասթափված եմ, գուցե դրա համար եմ այսպես խոսում: Միայն ինձ չէ, բոլոր մարզիկներին էլ խաբում են, որեւէ մեկին չեմ առանձնացնի, բոլորն են ստում:

-Ի՞նչն է պակասում մարզիկներին, մոտիվացիա չկա՞, գումարնե՞ր, վերաբերմո՞ւնք:

-Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ, ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին: Հասել է այն պահը, որ էլ չեմ կարող լռել:

Որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս վճարները ինքս եմ հոգում, բայց  իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։ Պարապելու փոխարեն ըմբիշները մտածում են ինչպե՞ս հոգան իրենց եւ ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպե՞ս ես այդ դեպքում տեսնում մեր սպորտի ապագան:

-Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու: Գիտե՞ք հիմա ինչու են շարունակում ներկայացնել Հայաստանը, որովհետեւ սիրում են սպորտն ու ուզում են չեմպիոն դառնալ, դեռ չի հետաքրքրում, թե ինչպես կվերաբերվեն իրենց: Ես էլ ուշադրություն չէի դարձնում, բայց հիմա տուն եմ կառուցում եւ գումար չունեմ: Սա է իմ աշխատանքը, որի միջոցով պետք է փող վաստակեմ:

-Խոսենք 2021-ի Օլիմպիական խաղերից, Տոկիոյում դու պարտվեցիր հենց մեկնարկային գոտեմարտում: Երբեմն անհաջողությունները շատ բան են սովորեցնում, դու ի՞նչ դասեր քաղեցիր:

-Իմ կյանքի ամենամեծ դասը հենց այնտեղից եմ քաղել՝ առանց պարապելու երբեք ոչ մեկի չես կարող հաղթել: Չէի մարզվել, ինչպես հարկն էր: Ինձ համար շատ ցավոտ թեմա է, դժվար է անդրադառնալ: Ամեն հաղթանակից հետո նորից եմ հիշում այդ մասին: Ամենակարեւոր մրցմանն ամենավատ կերպով էի պատրաստվել: Ես էլ չեմ հասկանում՝ ինչու այդպես արեցի: Հաստատ պատճառն իմ մեջ էր, չէի կարողանում ներդնել ուժերս: Երեւի հոգով ու սրտով չէի ուզում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հավանաբար, կարողացար սխալներդ գտնել ու աշխատել դրանց վրա, այլապես վերջին նվաճումներդ չէին լինի:

-Օլիմպիական խաղերից հետո արդեն գիտեի, թե որոնք են սխալներս՝ առավոտից երեկո չաշխատելը: Տքնաջան մարզումներն իրենց արդյունքը տվեցին 3 մրցումներ շարունակ՝ 2 անգամ ոսկե մեդալ նվաճելի Մ-23 տ. ու մեծահասակների ԵԱ-ում, մեկ բրոնզ էլ՝ Աշխարհի առաջնությունում: Բանն այն է, որ ինչ հասել էի Տոկիո չէի քնել: Ելույթիս օրը չէի ուզում գորգ դուրս գալ, քունս տանում էր, մեկ օր առաջ արդեն հանձնվել էի ու պայքարելու ցանկություն չունեի: Չգիտեմ էլ՝ ինչ էր կատարվում:

-Փաստորեն, դու մինչեւ պայքարն արդեն հանձնվել էիր ու տարբերակ չունեիր հաղթելու:

-Այո, քաշս էլ ավել էր, չքնելու արդյունքում էներգիա չէի հավաքում ու զգում էի, որ չեմ կարողանա պայքարել: Մինչեւ խաղերը գոնե պետք է ռեժիմը շատ լավ պահած լինեի, որ Տոկիոյում խնդիրներ առաջանալու դեպքում կարողանայի հաղթահարել: Քանի որ մնացած ամեն ինչն իդեալական չէի արել, դրա համար էլ չստացվեց: Շանս էր ինձ համար, որը բաց թողեցի, կարող էի հանգիստ չեմպիոն հռչակվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարտությունից հետո գոնե հասկանո՞ւմ էիր, թե ինչ է կատարվում:

-Միայն քնելու մասին էի մտածում այդ պահին: Ոչ մեկի հետ չէի ուզում խոսել ու չեմ էլ խոսել: Հայաստան չեմ էլ վերադարձել, Մոսկվայում եմ մնացել, միայնակ զբոսնել ու ներսս քչփորել:

-Որքա՞ն կարեւոր է նման պահերին մարզիչների հետ խոսել ու նրանց կարծիքը եւս լսել:

-Շատ կարեւոր է, իմ մարզիչների ամեն ասածն ընդունում եմ, չէ՞ որ իրենց խորհուրդներով եմ նվաճել մեդալներս: Ընկեր Արշակի (Հայրապետյան, խմբ.) հետ եմ երկար զրուցել, ինչն օգնել է ինձ: Նա ասաց այն, ինչ ինքս էլ գիտեի՝ լավ չեմ մարզվել: Նրա կարծիքով՝ նույնիսկ Հայաստանի առաջնությանն այդպես չէի պատրաստվի, լիովին ճիշտ էր: Բայց այդ բացթողումից հետո զգոնությունս խիստ պահում եմ, օրական երկու մարզում անցկացնում:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մի քիչ էլ անձնական կյանքիդ անդրադառնանք, մի քանի ամիս առաջ ես նշանվել: Ինչպե՞ս եք ծանոթացել Դիանայի հետ ու ո՞նց հասկացար, որ հենց նրա հետ ես ուզում անցկացնել կյանքդ:

-3 տարի առաջ ենք ծանոթացել, կարեւորը գիտեի, որ լավ ընտանիքից է ու շատ խելացի: Պատահաբար եմ տեսել, հետո որոշ ժամանակ անց սոցկայքերով եմ նորից գտել: Դիանան նկարում է, իր աշխատանքներն աչքովս ընկան: Աստիճանաբար սկսել ենք շփվել, հետո հասկացա, որ շատ եմ սիրում իրեն եւ ուզում եմ կյանքս իր հետ կապել:

-Իսկ ինչպե՞ս ես հասցնում ժամանակ հատկացնել եւ նրան, եւ սպորտին:

-Դիանան իմ հաղթանակների մեջ մեծ ներդրում ունի՝ ոգեշնչում է, ճիշտ մտածում ու կողքիս լինում: Եթե ուրիշը լիներ նրա փոխարեն, հնարավոր է արդեն հեռացած լինեի սպորտից: Սովորաբար սիրահարվածությունը խանգարում է մարզիկներին: Նա նույնքան է ուզում հաղթեմ, որքան եւ ես: Դիանայի համար իմ կարիերան շատ կարեւոր է: Միշտ ասում է, որ ամբողջ ուշադրությունս սպորտի վրա կենտրոնացնեմ: Լարված ժամանակ նրա հետ եմ զրուցում ու հանգստանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպիսի՞ն է սիրահարված Արսենը:

-Ոչ մի բանի հետ չեմ փոխի նրան: Ուրիշ զգացմունք է, բարիանում ես, կյանքին գույներով նայում: Ով դեռ չի սիրահարվել, թող անպայման այդ բացը լրացնի: Պլանավորում ենք ամուսնանալ սեպտեմբներին՝ ԱԱ-ից հետո: Այդ ժամանակ եմ ազատ լինելու, այլապես չհասցնելու դեպքում կմնա մյուս տարվա Աշխարհի առաջնությունից հետո:

Արսեն Հարությունյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին