Ապրիլ 23, 2024
exclusive
5510 դիտում

Հաբեթնակ Կուրղինյան. Սպորտում գաղտնի խորհրդավորություն կա

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի հետ Sport Mediamax-ի զրույցը բազմաբնույթ ստացվեց: Սկսեցինք տարվա ամփոփումից, անդրադարձանք նրա սկզբունքներին, իր սաներին մոտիվացնելու նրբություններից ու բազմաթիվ խնդիրներից, որոնց պատճառով սպորտը հետընթաց է ապրում մեր երկրում:

-Պարոն Կուրղինյան, տարվա ամփոփումից սկսենք: Ուզում եմ Ձեր գնահատականը լսել ազատ ոճի հավաքականի ելույթների վերաբերյալ:  

-Ինձ համար դժվար է տարվա գնահատականը տալ ու ասել, արդյոք գո՞հ եմ մնացել: Կարող եմ զուտ արդյունքները նշել, թե ինչերի հասանք: Եվրոպայի առաջնությունում 3-րդ տեղը գրավեց Արման Անդրեասյանը, տարին վարկանշային էր ու Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանն այն բաց թողեցին: Նրանք պայքարեցին ու նվաճեցին Օլիմպիական ուղեգրեր: Հետո Մ-23 տ. ԵԱ-ում բավական հաջող հանդես եկանք ու մեդալներ նվաճեցինք: Ապա մեկնեցինք Օլիմպիական խաղեր, որտեղ մեր 2 մարզիկներն էլ մեկնարկում պարտվեցին: Տարեվերջյան մրցումներից ԱԱ-ում Արսենը 3-րդ տեղը գրավեց, 4 հոգով էինք մասնակցել ու թիմային պայքարում 10-րդը դարձանք, ինչը վատ ցուցանիշ չէ: Մ-23 տ. ԱԱ-ում նվաճեցինք բոլոր կարգի մեդալներ ու թիմով արդեն 3-րդն էինք:

Լուսանկարը` UWW


-Հայաստանում լավ արդյունք սովորաբար համարվում է միայն մրցանակային տեղը, բայց Ձեզ համար որպես մարզիչ կարեւոր է տեսնել մարզիկների առաջընթացն ու աճը, եւ 4-5-րդ տեղն էլ վատ արդյունք չի համարվում: Ի՞նչ կասեք այդ մասին, որ մարդիկ միայն մեդալներին ուշադրություն չդարձնեն:

-Թեեւ մեր մարզաձեւն անհատական է, բայց թիմային մոտեցումն ու աշխատանքը շատ կարեւոր է: Կապ չունի, մարզիկը միջազգային մրցաշարում 5-րդն է եղել, թե Հայաստանի առաջնությունում մեդալ նվաճել, մանավանդ մեր ունեցած սուղ ու սահմանափակ մարդկային ռեսուրսների դեպքում ոչ մեկին չենք կարող անտեսել: Դրա համար բոլորն էլ մեծ նշանակություն ունեն մեզ համար ու կարող են մյուս տարի դրսեւորել իրենց: Հաշվի առնել է պետք այս ամենն ու լուրջ մոտենալ նրանց: Պետք է բազա ունենալ, որից կընտրենք մարզիկներ ու մրցակցություն կստեղծենք:

-Մարզիկների համար էլ կարեւոր է տեսնել, որ մարզիչը հավատում է իրենց, այդ դեպքում ամեն ինչ կանեն սպասելիքներն արդարացնելու համար:

-Այդպիսի շատ տղաներ կան, բոլորին էլ վստահում եմ, կարեւոր է, որ իրենք սեփական ուժերին շատ հավատան ու տեսնեն իրենց հնարավորությունները: Նրանք նաեւ պետք է զգան մարզչի մոտեցումն ու վստահությունը: Ամեն մի կաթիլը բերում է մեծ հաղթանակների: Արդյունքի հասնելու համար պետք է փոքր քայլերից սկսել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ամեն մարզիչ հավաքական ստեղծելու ու պահելու իր մոտեցումն ունի, ի՞նչ պահանջ եք Դուք դնում Ձեր սաների առջեւ:

-Առաջին հերթին ազնիվ եւ անկեղծ լինեն իրենց հետ, դա ամենադժվարն է, բայց շատ է օգնում: Կուզեի, որ կյանքում էլ այդպես լինի: Սպորտում առաջ գնալու էլ ուրիշ ճանապարհ չկա, մնացած բոլոր ուղիները կեղծ եմ համարում ու մեխանիկական: 1-2 դեպքում մարզիկը կարող է հաջողություններ ունենալ իր ֆիզիկական կամ այլ հատկությունների հաշվին, բայց ընդհանուր առմամբ՝ հավաքական ձեւավորելու միակ ուղին ինձ համար սա է:

-Հավաքականի մարզիչ լինելը բավական բարդ, բայց եւ հետաքրքիր է: Դուք մարզիկների համար ընկեր եք, ծնող, խորհրդատու, հոգեբան: Ինչպե՞ս եք անում, որ նրանք վստահեն ու նաեւ լսեն Ձեզ:

-Տարիների աշխատանքի արդյունքում է այդ փորձը կուտակվել, քայլ առ քայլ: Նախ պետք է ինքդ լինես այնպիսին, ինչպիսին պահանջում ես մարզիկներից: Երեխաներին ճիշտ դաստիարակելու միակ ձեւը սեփական օրինակով անելն է: Շատ բաներ կան, որ դիմացինն իր մեջ կարող է չնկատել, բայց տեսնում է քո մեջ, դա պետք է հաշվի առնել: Իմ սաներին էլ ասում եմ, որ մարզիչները ձեր այն որակներն են նկատում, որոնց մասին դուք չգիտեք էլ: Դա միայն մեխանիկական գործողություններին չի վերաբերվում, այլ նաեւ հոգեբանական: Մեր աշխատանքի մեջ կարեւորն է, որ ըմբիշները հասկանան՝ հուշումն իրենց համար ես անում: Երբ վերեւից ես մատնանշում սխալները, շատ դեպքում չեն էլ ուղղում: Մարզիչներով շատ է եղել, որ մտածել ենք` ախր այդքան ուղղումներից հետո էլ շարունակում են նույն կերպ գործել: Դա պետք է աննկատ անել, հավասարվել մարզիկին ու հասարակ մատուցել: Կարեւորն ասածի մեջ ազնվություն տեսնեն, եթե կեղծ լինի, չեն ընդունի, որքան էլ ճիշտն ասես: Գլխավոր մարզչի աշխատանքը շատ դժվարություններ ու նրբություններ ունի:

Լուսանկարը` Wrestling Armenia


-Իսկ սպորտային տեսանկյունից ի՞նչ եք պահանջում նրանից, ինչի՞ պատրաստ լինեն՝ սովորել, օգնել, աճել…

-Պատրաստ լինեն միշտ սովորել, իսկ դրա համար նորից պետք է նշեմ՝ ինքնաճանաչողություն է պետք, մի քիչ գլոբալ միտք է, բայց այդպես է: Նախ ինքդ քեզ պետք է լավ իմանաս, քո ֆիզիկական հնարավորությունները, մրցակցին՝ նույնպես: Իսկ ինքդ քեզ չես կարողանա ճանաչել, եթե ազնիվ չլինես:

-Սովորաբար մարզիչները մինչեւ վերջ գոհ չեն լինում իրենց աշխատանքի արդյունքից, միշտ էլ ավելացնելու տեղ կա: Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում եւ ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը:

-Իհարկե, անտարբեր չեմ, թե ինչ գույնի մեդալներ կլինեն, գիտեմ, որ անհնար է միշտ ոսկի նվաճել, նման ակնկալիքով չեմ էլ մոտենում գործին: Այդկերպ անհարմար վիճակում ու մշտական սթրեսների մեջ կհայտնվենք: Ես պրոցեսն եմ սիրում, ինձ դուր է գալիս ամեն իրավիճակի համար նոր լուծումներ գտնել: Հենց այդ ընթացքն էլ գրավում է ինձ, պետք է այն սիրես ու դրանով ապրես, ոչ թե սպասես, թե ինչ կտա քեզ: Կյանքում էլ է այդպես, պատճառը սովորաբար մեզ չի հետաքրքրում, հետեւանքն ենք միայն նկատում, բայց այն բուն ընթացքը, որն ամենահետաքրքիրն է, բաց ենք թողնում: Երբ միայն արդյունքի մասին ես մտածում, միշտ լարված ես, նման դեպքում ուժերն ու էներգիան սպառվում են: Կարեւոր է, որ մարզիկներն էլ այս ամենի միջով ճիշտ անցնեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Եկեք անդրադառնանք Օլիմպիական խաղերին, ի՞նչը չստացվեց Արսեն Հարությունյանի ու Վազգեն Թեւանյանի մոտ: Այդ պահին նրանք մեր ուժեղ ըմբիշներն էին, ուղեգրերը դիտարժան պայքարում էին նվաճել, գուցե ոգեւորությո՞ւնն էր չափից շատ:   

-Օլիմպիական խաղերին որպես գլխավոր մարզիչ առաջին անգամ էի մասնակցում: Ելքը կարող էր տարբեր լինել, բայց մեր պարագայում ուրեմն այդպես պետք է դասավորվեր: Արդարացում չհնչի, չնայած դրա կարիքն էլ չկա: Հիմա, երբ հետ եմ նայում, հստակ տեսնում եմ պատճառները: Ճիշտ եք, ոգեւորությունն էր շատ, այն բերում է կուրության, չես տեսնում շուրջդ ինչ է կատարվում: Ոգեւորվածությունն ու սպասելիքները տղաներից շատ մեծ էին, իրենք էլ շատ էին պատրաստ, գուցե, գերագնահատեցինք մեզ:

-Այնպիսի տպավորություն էր, որ ռիթմի մեջ չմտան ու չզգացին, որ Օլիմպիական խաղերում են:

-Զիջելու պատճառները մի քանիսն էին, բոլորն էլ պետք է հաշվի առնել: Ինձ համար այդ մասին դժվար է խոսել: Մրցումների տեղը, երբ հասկացանք ամեն ինչ ավարտվել է, նոր սկսեցինք ինչ-որ բացեր տեսնել: Արսենը 1-2 սխալ թույլ տվեց, որոնք բավական խորքային են: Արտահայտվել այդ մասին դժվար է, նախընտրում եմ չասել, սպորտի գեղեցկությունը նրանում է, որ պետք չէ ասել, այլ միայն գործել: Գաղտնի խորհրդավորություն կա սպորտում, ամեն ինչի մասին չէ, որ կարելի է խոսել: Պարզապես մեր առջեւ ծագած խոչընդոտները չկարողացանք հաղթահարել: Կարիք չկա դժվարություններից փախչել, դրանք պետք են ուժեղանալու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դուք տղաների հետ երկար զրույց եք ունեցել, ի՞նչ եք խոսել ու ինչպիսի՞ եզրահանգման եկել:  

-Հասկացել ենք, թե մեր բացթողումներն ինչում էին: Արսենն ինձ լսեց ու զգացի, որ ամեն ինչ հասկացավ: Այդ զրույցի պատասխանը մենք տարիներ հետո կտանք: Վազգենի դեպքում էլ այդպես կլինի: Ակնկալում եմ, որ նրանց պատասխանը արդյունքներով կլինի:

-Անձամբ Ձեզ դժվարություններն ու պարտություններն ի՞նչ են տալիս:

-Պարտություններն ու հիասթափությունները չպետք է ճնշեն, անհրաժեշտ է իրավիճակն ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Դա պարզության է բերում ու բոլոր պատճառները հստակ տեսնում ես: Որքան հերքես, չես մոտենա խնդրի լուծմանը:

- Երեւում է, որ Դուք էմոցիոնալ չեք: Դա օգնո՞ւմ է, երբ զգացմունքները մի կողմ դրած սթափ եք գնահատում իրավիճակը, թե՞ այդ հանգստության մյուս կողմում շատ բան կա թաքնված:

-Իհարկե, կա, որը չի երեւում: Բնավորությամբ հանգիստ եմ, ինչը միանշանակ օգնում է: Էմոցիոնալ կողմ էլ ունեմ, պարզապես չեմ կարողանում այն ցույց տալ: Չեմ ընդունում, որ հույզերն այդքան ի ցույց են դնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ ո՞ր պարագայում եք խառնվում կամ ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

-Ամեն ինչ էլ պատահում է, բայց միեւնույն է փորձում եմ չկորցնել ինձ: Գորգում առհասարակ հաղթում է նա, ով ներքին հանգստություն ունի, եթե դա չունեցար, ոչինչ էլ չի ստացվի: Պետք է հունից դուրս չգալ, իսկ զգացմունքային լինելն ըմբշամարտում շատ է խանգարում հաղթանակի հասնել:

-Օրինակը մեր մարզիկներով բերեմ՝ Արսենը շատ էմոցիոնալ է ու պայթյունավտանգ, իսկ Վազգենը հակառակը՝ չափազանց հանգիստ, բայց չէ՞ որ երկուսն էլ կարողանում են հաղթել:

-Դա իրենց արտաքին կողմն է: Վազգենի լարվածությունը մենք չենք տեսնում, բայց նրա մոտ էլ շատ է լինում, նախընտրում է ներսում պահել: Ամեն մեկն իր թուլությունն ունի ու պետք էլ չէ դա փոխել: Արսենը պետք է միշտ շարժվի, որ զգա իր մարմինը, իսկ Վազգենի մոտ հակառակն է: Դրա համար երկուսի մենամարտերի տակտիկան կազմելիս մարզիչներով տարբեր մարտավարություն ենք ընտրում՝ ամեն մեկին հոգեհարազատ:  Այն ինչ պետք է Վազգենին, Արսենին կխանգարի:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նոր Օլիմպիական ցիկլ ենք մտնում, որն ավելի կարճ է լինելու: Ի՞նչ խնդիրներով ու պահանջներով եք մոտենալու 2024-ի Փարիզի խաղերին:

-Այս տարի Հայաստանի առաջնությունն անցկացրինք, նորից կձեւավորվի հավաքականն ու 2022-ը կսկսենք միջազգային մրցաշարերով: Հավաքականը շատ երիտասարդ է, տղաների միջին տարիքը 22 է: Ապագայի թիմ է, իսկը Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

-Ուզում եմ նաեւ խնդիրներին անդրադառնանք, որոնք խանգարում են Հայաստանում ըմբշամարտի զարգացմանը:

-Մեծ ու ընդգրկուն հարց է: Կուզեի հարցին հարցով չպատասխանել, բայց ո՞վ է ուզում, որ ըմբշամարտը Հայաստանում զարգանա:

-Դե եկեք փորձենք հասկանալ, թե ովքե՞ր են դրանում մեղավոր:

-Այն ամենն ինչ վերաբերվում է մեր աշխատանքին, ներկայացրել ենք ըմբշամարտի ֆեդերացիային ու ԿԳՄՍ-ին: Բայց նախ պետք է իմանալ, մեզ լսո՞ւմ են առհասարակ, թե՞ չէ: Հակված եմ նրան, որ խնդիրների մասին բարձրաձայնվի: Չկա այն մարմինը, որը կլսի մեզ: Երկրում սպորտից ու մարմնակրթությունից ո՞ւմ հետ կարող ենք խոսել, այդպիսի կառույց չեմ տեսնում ու կապ չունի, թե ով է ղեկավարը: Չի լինի, որ ամեն ինչ գովենք ու ասենք շատ լավ է: Ուզում եմ, որ փոփոխություններն ազդեն իմ աշխատանքի վրա: Ջայլամի քաղաքականությամբ ոչ մի տեղ չենք գնա, մեր պարտությունների հիմնական խնդիրը հենց սա է, ու ոչ միայն սպորտում, ամեն ոլորտում՝ փոքր հարցից մինչեւ ամենակարեւորները: Եթե առաջին քայլը ուղիղ չդնես, վերեւ չես հասնի: Ի՞նչ մոտեցմամբ ենք ուզում սպորտը զարգացնել, ի՞նչ վիճակում է ազգի ֆիզիկական պատրաստվածությունն ու մարմնակրթությունը: Իսկ որտեղի՞ց մարզիչները պետք է կադրեր ընտրեն, որ սպորտ ունենանք: Դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկան չեմ էլ ասում ինչ վիճակում է: Մեզ հետ պետք է ազնիվ լինենք, իսկ եթե թաքցնում ենք եղած խնդիրները՝ վերադաս ստորադաս հարաբերություններից ելնելով, մեծ հաջողություններ չենք ունենա:

Լուսանկարը` Անձնական արխիվից


-Շատ կարեւոր հարցերի մասին եք բարձրաձայնում, բայց ինչի՞ց սկսել ու ի՞նչ անել առաջին հերթին:

-Շատ բաներ են պետք, աշխարհում մասսայական սպորտի զարգացմանը մեծ ուշադրություն են դարձնում: Ամբողջ աշխարհում սկսել են սպորտով շատ զբաղվել, քաղաքներում կան խաղահրապարակներ, վազքուղիներ, հեծանիվ, սքեյթ, չմուշկ քշելու վայրեր, այնքան բան կա: Երբ մեկնում ենք մրցումների, նկատում եմ, թե որքան այգիներ ու մարզահրապարակներ կան, որտեղ սկսած փոքրիկներից մինչեւ մեծերը մարզվում են:  Իսկ մենք չունենք որեւէ այգի, որտեղ կարելի է մարզվել, ամբողջը սրճարաններ ու ակումբներ են: Միայն արագ սպառման օբյեկտներ են աշխատում: Մենթալիտետի ու մտածելակերպի, կրթության խնդիր ունենք, ընկալման, այդտեղից է ամեն ինչ պետք սկսել:

-Հիմա բավական խառը ժամանակներում ենք ապրում, շատ արժեքներ խառնվել են իրար ու միայն սպորտը չէ, որ վատ վիճակում է:

-Երբ մի քիչ խորն ես նայում իրավիճակին, շատ հեշտ ես իրական արժեքները կեղծից տարբերում, մասսաները չեն կարողանում ու հոսքի տակ առաջ են գնում: Ինքն իր հետ ազնիվ մարդը դա չի կարող չնկատել: Նման մարդիկ շատ չեն, բայց կան: Կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ հաղթանակները շատ անգամ վերածվում են պարտության, որովհետեւ հաղթողները չեն երեւում, իսկ նրանք ովքեր դրա հետ կապ չունեն, առաջին պլան են մղվում: Իրենց են վերագրում ամեն ինչ: Միայն սպորտում չէ այդպես, մեր երկրի պատմությունն էլ դրա վկայությունն է, պետք չէ 100 տարի հետ գնալ, այդ ամենը տեսնելու համար: Մարդը մի բան չարած՝ սպասում է իրեն ինչ են տալու, փոխհատուցման սպասումն ամեն ինչ էժանացնում է:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպե՞ս եք այդ ամենը նաեւ մարզիկներին սովորեցնում, որ կենտրոնանան միայն սպորտի ու իրենց ելույթների վրա:

-Անցած տարին իսկապես շատ դժվար էր, աշխատավարձը կտրել էին, բայց տղաներին ասում էի ոչնչի չսպասեն: Խորհուրդ եմ տալիս անել այն, ինչ կարող են, քանի որ դա իրենց բնությունն է, Աստված է նման ձիրք տվել: Դա պայմանավորված չէ որեւէ մեկով ու մեկ ուրիշը չի կարող նրանց փոխարեն անել: 2020-ի տարեվերջին պատրաստվում էինք Աշխարհի Գավաթին, տղաների հոգեբանական վիճակը կորոնավիրուսի, ապա նաեւ պատերազմի պատճառով շատ վատն էր: Ընկերներ, բարեկամներ ու եղբայրներ ունեին Արցախում, դժվար էին տրամադրվում մարզումներին: Մեր հավաքը Գյումրիում էր, առաջին օրը նոր էին տեղավորվել, ու ես գործով վերադարձա Երեւան: Մարզիչներից զանգ ստացա, որ Արսենը հավաքին ու մրցաշարին մասնակցել չի ուզում: Ասացի չթողնեն հեռանալ մինչեւ ես չխոսեմ հետը, նրա հայրն էլ էր պատերազմին մասնակցում: Երբ երեկոյան հասա տեղ, արդեն իրերը հավաքած ու մեքենան միացրած ինձ էր սպասում: Սենյակ բարձրացանք ու մոտ 40 րոպե զրուցեցինք: Ասաց՝ ոտքն ու ուսն են ցավում, չի կարողանում վազել: Բացատրեցի, թե որքան շատ տղաներ կերազեին նրա տեղը լինել հավաքականում: Խորհուրդ տվեցի տաք հագնվել ու միայնակ Գյումրիում զբոսնել, լավ մտածել ու նոր որոշում կայացնել: Թույլ տվեցի մարզումը բաց թողնել, բայց կես ժամից նա բոլորի պես հագնված դահլիճում էր: Միայն տեսնեիք, թե ինչպես էր ցատկում ու վազում, արդյունքում՝ Գավաթում 2-րդ տեղը գրավեց: Մեր նվաճումների շարքը դրանից սկսվեց, թիմի վրա էլ անդրադարձավ այդ փաստը, բոլորը գիտեին Արսենը գնալու է տուն, իսկ նա մնաց ու մեդալակիր դարձավ, այդ օրինակը թիմին շատ ոգեւորեց: Վազգենը սկսեց մարզվել, թեեւ նրա եղբայրն էլ զինվոր էր, իրար նայելով ավելի լավ սկսեցին աշխատել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Փաստորեն գտաք թիմին ճիշտ տրամադրելու ու իրարից ոգեշնչվելու եղանակը:

-Բողոքում էին պայմաններից, մինչդեռ այդ նույն պահին շատերը պատերազմի դաշտում էին կռիվ տալիս ու չգիտեին էլ կենդանի կմնան, թե չէ: Պատերազմը մի պահ սթափեցնում է, բայց հետո ամեն ինչ մոռացվում է: Երբ հաջորդ պահին կարող ես չլինել, միշտ պետք է արթուն մնաս: Իսկ առօրյանի էժան ձգտումների մեջ մոռանում ենք սթափ լինելու ու կյանքը գնահատելու մասին: Հենց զգոն լինելն է բերում հաղթանակների գորգում էլ, կյանքում էլ:

Հաբեթնակ Կուրղինյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին