Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը 12 տարի անց մեդալ նվաճեց Աշխարհի առաջնությունում:
Դավիթ Չալոյանին հաջողվեց դառնալ արծաթե, Հովհաննես Բաչկովին՝ բրոնզե մեդալակիրներ:
Mediamax Sport-ը զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ, որն այս պաշտոնը ստանձնել էր Օլիմպիական խաղերի ավարտից հետո:
Հաղթանակներն ու նորացված ԱԻԲԱ-ն
Կարեն Աղամալյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
-Պարոն Աղամալյան, 13 քաշային կարգերից Հայաստանը հանդես եկավ 11-ում ու նվաճեց երկու մեդալ: Որպես գլխավոր մարզիչ, այս արդյունքը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Սրան մենք հասանք ճիշտ ու շատ աշխատանքի շնորհիվ ու ցույց տվեցինք, որ տղաները պատրաստ են: Գոհ եմ նրանցից, կարող եմ ասել, որ իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան: Օլիմպիական նոր ցիկլ է սկսվել, ու բոլոր հավաքականներն էլ ձգտելու են առավելագույնին:
-Եկեք խոսենք մեդալակիրներ Բաչկովից ու Չալոյանից, որոնք բավական տպավորիչ ու դիտարժան մենամարտեր վարեցին:
-Հովհաննեսի համար հեշտ չէր Օլիմպիական խաղերից հետո արագ վերականգնվել ու դուրս գալ նման ծանր պայքարի: Բայց նա հիանալի դրսեւորեց իրեն, հաղթանակներ տարավ, ցավոք, չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Այս պահի դրությամբ կուբացին, որին զիջեց Հովհաննեսը, շատ ուժեղ է: Բաչկովն ամեն ինչ արեց նրա դեմ մենամարտում, տրվեց մինչեւ վերջ, բայց չստացվեց:
Դավիթն ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար իսկական անակնկալ էր: 2015 թվականին նրան տարել էի երիտասարդական ԵԱ, որտեղ պարտվեց առաջին մենամարտում: Բանակայինների Աշխարհի առաջնությունից առաջ ասացի, որ եթե այնտեղ մեկ մենամարտ էլ հաղթի, կընդգրկեմ ԱԱ-ի կազմում: Նա երկու հաղթանակ տարավ ու պարտվեց ուզբեկին, որին այս առաջնությունում հաղթեց: Անկեղծ կլինեմ, ինձ վստահություն էր ներշնչում Դավիթը, նրան այս քաշային կարգի հավակնորդ էի տեսնում ու տարել էի Բելգրադ ոչ այնքան մեդալի, որքան իրեն դրսեւորելու համար: Նա արծաթ նվաճեց մեծ կամքի շնորհիվ, բայց աշխատելու եւ աճելու շատ-շատ տեղ ունի:
Կարեն Աղամալյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
-Աշխարհի առաջնությունը կայացավ Օլիմպիական խաղերից հետո: Արդյո՞ք այն լավ կազմ էր հավաքել ու բարձրակարգ էր:
-Հիմնականում թեժ առաջնությունները լինում են նախաօլիմպիական տարում: Կարծում եմ, որ այս ԱԱ-ն ուժեղագույններից չէր, չնայած լավ ընթացք ունեցավ, քանի որ երկրները, բացառությամբ Ռուսաստանի, Օլիմպիական մեդալակիրների էին բերել: Լավ է, որ ԱԻԲԱ-ն մրցանակային ֆոնդ էր սահմանել, ու մեդալակիրները գումարային պարգեւներ ստացան:
-ԱԻԲԱ-ն բազմաթիվ խնդիրներ ուներ, վարկանշային մրցաշարերը կազմակերպեց ՄՕԿ-ը, նույնիսկ սպառնաց հեռացնել մարզաձեւն Օլիմպիական խաղերից: Սակայն հիմա կարծես թե այս կառույցը սկսել է ավելի լավ աշխատել:
-Նոր նախագահ ընտրվեց Ումար Կրեմլյովը, նրա թիմը փորձում է նորարարություններ անել: Կարող եմ ասել, որ ԱԻԲԱ-ում մրցավարությունը լավացել է, ամեն դեպքում ԱԱ-ում ես չտեսա ակնհայտ սխալներ, որոնք լինում էին նախկինում: Նկատելի է, որ մրցավարությունը գնում է դեպի լավը:
Կարեն Աղամալյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
-Պակաս խնդիրներ չունեին նաեւ հայ բռնցքամարտիկները: Կար երկու ֆեդերացիա, ովքեր իրենց մեջ բաժանել էին նրանց ու անհասկանալի իրավիճակ ստեղծել:
-Լավ է, որ երկուսը դարձավ մեկ: Հավաքականի անդամները խնդիրներ չունեն, լարվածությունը հարթվել է: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ողջ ընթացքում մեզ հետ է եղել: Ի դեպ, նրա ջանքերի շնորհիվ կարողացանք վերականգնել արդարությունն ու մրցավարների սխալն ուղղվեց՝ Հովհաննես Բաչկովին վերադարձնելով հաղթանակը:
Վերադարձ հավաքական
-Պարոն Աղամալյան, Դուք լավ ծանոթ եք մեր թիմի հետ, քանի որ նախկինում աշխատել եք թե որպես երիտասարդական, թե ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Ինչպե՞ս կրկին վերադարձաք:
-2016-ի Օլիմպիական խաղերի ավարտից հետո որոշվեց, որ ես այլեւս չեմ գլխավորի հավաքականն ու նշանակվեցի երիտասարդների թիմի մարզիչ: Տոկիոյի խաղերից հետո ինձ կրկին առաջարկ եղավ, իսկ ես մի քանի անգամ մերժեցի: Շատ եմ մտածել այս հարցի շուրջ, չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց ի վերջո տեղի տվեցի ու վերադարձա:
- Ի՞նչը Ձեզ ստիպեց ստանձնել այս պատասխանատու գործը:
-Ես այս տղաների հետ շատ երկար ճանապարհ եմ անցել փոքր տարիքից, քաջ ծանոթ եմ նրանց, գիտեմ բոլորի թույլ եւ ուժեղ կողմերը: Իհարկե, դժվար էր Աշխարհի առաջնությունից առաջ այսպիսի պատասխանատվություն վերցնելը, բայց փաստը, որ ճանաչում եմ տղաներին, ի վերջո ինձ հանգեցրեց այն մտքին, որ պետք է համաձայնվեմ: Նրանք ինձ, ինչպես միշտ, լավ ընդունեցին, իսկ ահա երիտասարդները շատ ափսոսացին, որովհետեւ մի քանի ամիս էր մնում Եվրոպայի առաջնությանն ու ցանկանում էինք գործն ավարտին հասցնել: Շատ ուրախ եմ, որ նրանք Վազգեն Բադալյանի գլխավորությամբ բազմաթիվ մեդալներով վերադարձան:
Կարեն Աղամալյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
-Մյուս տարի Երեւանն ընդունելու է Եվրոպայի առաջնությունը: Նախկինում բռնցքամարտի մրցաշարեր, պատանեկան ու երիտասարդական առաջնություններ են եղել, բայց մեծահասակների մակարդակում սա առաջինն է: Ի՞նչ կտա սա մեր երկրին ու բռնցքամարտին:
- Ինձ համար պատասխանատվությունն ավելի մեծ է լինելու: Ցանկանում ենք ամբողջական թիմով հանդես գալ, պետք է շատ աշխատենք: Կարծում եմ, որ ԵԱ-ն կմասսայականացնի բռնցքամարտը, երեխաներն ավելի կհետաքրքրվեն: Բացի այդ էլ մեր երկիրը ճանաչելի կդառնա: Ես համոզված եմ, որ լավ ենք կազմակերպելու:
Հայաստանի բռնցքամարտի խնդիրներն ու մարզիչները
-Անկեղծ լինենք, պարոն Աղամալյան: Ցավոք, բայց մարզադպրոցներում բազմաթիվ են խնդիրները, ինչի արդյունքում էլ ունենում ենք ոչ բարձրակարգ Հայաստանի առաջնություն:
-Կարճ կլինեմ, ես դժգոհ եմ Հայաստանի առաջնության որակից: Իհարկե, քանակն էլ մեծ չի լինում, բայց գլխավորը որակն է: Պետք է աշխատանք-աշխատանք բոլորի հետ:
-Ինչպե՞ս եք տեսնում այդ աշխատանքի ընթացքը:
-Ցավոք, բայց ունենք դեպքեր, երբ Հայաստանի չեմպիոնն ընդգրկվում է հավաքականում, իսկ ես նրան նոր պետք է Ա ու Բ սովորեցնեմ: Սա այսպես չպետք է լինի, մարզադպրոցները հսկայական անելիք ունեն, անձնական մարզիչները պարտավոր են ճիշտ աշխատել իրենց սաների հետ: Ես հաճախ եմ մտնում դահլիճներ, հետեւում տղաներին, խոսում մարզիչների հետ ու ասում, որ մենք կոլեգաներ ենք ու խնդրում, որ այսպես կամ այնպես աշխատեն, ինչ-որ բանի վրա ուշադրություն դարձնեն:
Կարեն Աղամալյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
-Իսկ սեմինարներ կազմակերպվո՞ւմ են նրանց համար, որպեսզի աճեն ու տեղյակ լինեն ժամանակակից բռնցքամարտի նորություններին:
-Այո: Վերջերս նույնպես մրցավարների ու նաեւ մարզիչների համար հանդիպումներ եղան: Երիտասարդ մարզիչներ ունենք, ովքեր ճիշտ աշխատելու դեպքում կկարողանան հաջողություններ գրանցել: Բայց կարեւորը ցանկությունն է, պետք է ոչ թե պարզապես աշխատես, այլ նվիրվես, ապրես քո գործով:
-Շատ մարզիչներ ասում են, որ քիչ աշխատավարձով չեն կարող այդպես:
-Հասկանում եմ, բայց ես էլ ասում եմ. աշխատավարձն այդքան է, կամ աշխատեք, կամ՝ ոչ: Այնքան տաղանդավոր երեխաներ են գալիս ու կորչում, պետք է տեսնես նրանց ու բացահայտես: Դրա համար եմ ասում, ապրեք այդ կյանքով: Ես մարզիչ եմ ճանաչում, որ բռնցքամարտից այդքան էլ լավ չէր հասկանում, բայց իր աշխատասիրության շնորհիվ աճեց ու լավ սաներ պատրաստեց:
Հոգատար մարզիչը, ժամանակակից բռնցքամարտն ու առաջիկա ծրագրերը
-Բայց նաեւ բավական բարդ է մարզչի աշխատանքը: Ի տարբերություն մարզիկների նրանք գրեթե չեն հանգստանում:
Կարեն Աղամալյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
-Այո, մենք պատասխանատու ենք պարտության ու նաեւ հաղթանակի համար: Հավաքն ավարտվեց, ես գնում եմ տուն ու մտածում, թե ճի՞շտ եմ արել աշխատանքս, որտե՞ղ եմ թերացել: Նայում եմ առաստաղին ու սկսում վերլուծել: Աղջիկս ասում է, «էլի մտածում ես, թե ինչպես մեկի քաշի հարցը լուծես, կամ ինչ տակտիկա ընտրես»: Այնպես է ստացվել, որ ես իմ բռնցքամարտիկներին ավելի լավ եմ ճանաչում, քան աղջկաս ու տղայիս:
-Փաստորեն, Ձեր աղջիկն արդեն գիտի, թե ինչ եք մտածում ազատ ժամանակ:
-Աշխարհի առաջնությունից հետո տուն եկա, մի քանի օր հետո ասում է «հիմա էլ Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին ես չէ՞ մտածում»: Ասացի՝ հա: Կամ նեղվում է, որ քիչ եմ տանը լինում, բայց տեսեք, վերջերս Չալոյանի աչքը վիրահատեցին, ինչպե՞ս կարող եմ նրան միայնակ թողնել ու չգնալ տեսակցության:
-Անհատական մոտեցմամբ ու լավ ճանաչելու շնորհիվ է Ձեզ հաջողվում թիմը լավ մթնոլորտում պահել:
-Բռնցքամարտիկներին պետք է զգալ, հասկանալ, ինչ է այդ պահին նրա հետ կատարվում: Ես միշտ մարզումներից առաջ նայում եմ նրանց աչքերին ու հասկանում, թե ինչ է տեղի ունենում հետները: Եղել է, որ մարզումից ազատ եմ արձակել ու ասել, որ գնա մաքուր օդում զբոսնի: Կամ տեսնում եմ, որ լարված է մրցումից առաջ, առաջարկում եմ միասին գնալ ինչ-որ սրճարան, որ ցրվի:
-Այսինքն նաեւ ընկերական եք նրանց հետ:
-Բայց երբեք իմ թիմում թույլ չեմ տա խառնաշփոթ կամ կարգուկանոնի բացակայություն: Ես խիստ մարզիչ եմ, բայց ամեն ինչն չափ ու սահման ունի: Պատժում էլ եմ, դա նրանք հասկանում են իմ աչքերից: Կարող է մարզման ժամանակ ոչ մի ուշադրություն չդարձնեմ, հետո հասկանում են իրենց սխալը եւ ուղղվում: Մեծագույն պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին ու նույնը պահանջում եմ տղաներից:
Կարեն Աղամալյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
-Իսկ ինչպիսի՞ն է ժամանակակից բռնցքամարտը:
-Բռնցքամարտն արվեստ է, բայց ցավոք, այսօր այն ավելի շատ կռիվ է հիշեցնում՝ խփիր ու պաշտպանվիր: Բռնցքամարտիկը պետք է արագ մտածի, կողմնորոշվի, ֆիզիկապես պինդ լինի եւ ուժեղ հարվածի տիրապետի: Մենք այսօր հարվածող բռնցքամարտիկ չունենք, ինչը ցավալի է:
-Պարոն Աղամալյան, եկեք ամփոփենք մեր զրույցը հավաքականի առաջիկա ծրագրերն իմանալով:
-Տարվա վերջին ֆեդերացիայի նախագահը ցանկանում է 4-5 երկրի բռնցքամարտիկներով Երեւանում սպարինգ-մրցում կազմակերպել: Հունվարի 20-ից հետո կկայանա Հայաստանի առաջնությունը, ապա Ծաղկաձորում հավաք կունենանք: Եվրոպայի առաջնությունից առաջ երկու մրցում կա, կստանանք օրացուցային պլանն ու կորոշենք, թե ովքեր ու որտեղ են մասնակցելու:
Կարեն Աղամալյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: