Հոկտեմբեր 13, 2024
exclusive
4117 դիտում

Մնացական Իսկանդարյան. Հնարքների մեծ զինանոց ունեի, որոնք հետո ոչ ես էի կրկնում, ոչ էլ՝ մյուսները


Մնացական Իսկանդարյանի հետ մեր հանդիպումը կայացավ 11 տարի անց: 2010 թվականին Երեւանում անցկացված ըմբշամարտի գավաթի խաղարկության ժամանակ նա Ռուսաստանի ընտրանու մարզչական շտաբում էր:

Այս անգամ մեր զրույցը բոլորովին այլ հանգամանքներում էր: Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնի հետ խոսեցինք հայրենիք վերադառնալու, Ալեքսանդր Կարելինի անսպասելի հրավերի, Բարսելոնայի Օլիմպիական խաղերում Հայաստանի ընտրանու անհավանական լավ ելույթի ու սպորտում նրա թողած հետքի մասին:

- Պարոն Իսկանդարյան, ուրախ եմ Ձեզ նորից տեսնել Երեւանում, ի՞նչն է այս անգամ ձեզ բերել հայրենիք:

-Վաղուց էի պլանավորում տուն մեկնել՝ Գյումրի, լինել նաեւ Երեւանում ու տեսնել հին ընկերներիս եւ բարեկամներիս: Բառացիորեն 10 օր առաջ Կարելինը զանգահարեց, հանդիպեցինք Մոսկվայում ու հարցրեց ինձ. «Մեկնե՞ք Հայաստան»: Աչքերս լայն բացվեցին, պատասխանեցի. «Իհարկե, մեկնենք»: Ասացի, որ նրա հետ թեկուզ Աշխարհի ծայրը կգնամ: Ես մի քանի օր շուտ ժամանեցի, հետո ինձ միացավ նաեւ Կարելինը: Նրա համար այցը նաեւ քաղաքական է, իսկ ինձ համար՝ հայրենիքում լինել ու կարեւոր մարդկանց հանդիպել, դահլիճում երեխաների հետ աշխատել, տեսնել նրանց ունակությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս



-Դուք երեկ եղաք Գյումրիում, ինչպե՞ս է Ձեր հարազատ քաղաքն այս տարիների ընթացքում փոխվել:

-Քաղաքը բավական առաջընթաց է ունեցել, ճանապարհն է բարեկարգվել: Շատ բան չեմ հասցրել տեսնել, բայց այստեղ դեռ մի քանի օր էլ կմնամ, այսօր կճանապարհեմ Սան Սանիչին, ապա ամեն ինչ կհասցնեմ, նորից կլինեմ իմ հարազատ քաղաքում:

-Մեր մարզիկների ելույթներին հետեւում եք, ի՞նչ կասեք նրանց պատրաստվածությունից ու անհրաժեշտ որակներից, որոնք կօգնեն մեծ նվաճումների հասնել:

-Իհարկե, ոչ մի մրցաշար բաց չեմ թողնում, Աշխարհի առաջնություններն ու Օլիմպիական խաղերը միշտ իմ ուշադրության կենտրոնում են: Միանգամից կասեմ՝ յուրաքանչյուրը պոտենցիալ չեմպիոն կարող է դառնալ, բայց ինչպես շատ երկրների մարզիկների մոտ, նրանց էլ չի բավականացնում շատ աշխատանքը ֆիզիկական պատրաստվածության ու ֆունկցիոնալ վիճակի, տակտիկայի վրա: Ամենակարեւորը հոգեբանական պատրաստվածությունն է, կան ըմբիշներ, որոնք մի քանի անգամ Աշխարհի չեմպիոն են դարձել, բայց Օլիմպիական խաղերում զիջել են, դա պայմանավորված է հենց հոգեբանական վիճակով:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Արթուր Ալեքսանյանն իր 2-րդ խաղերում հաղթեց, սակայն 3-րդում արծաթե մեդալակիր դարձավ: Ի՞նչ եք կարծում Մուսա Եվլո՞եւն էր ավելի ուժեղ այս անգամ, թե՞ մեր մարզիկին վնասվածքը խանգարեց նորից առաջինը լինել:

-Ինձ թվում է երկուսն էլ նույն պատրաստվածության աստիճանի ըմբիշներ են, բայց Տոկիոյում հնարավոր է Մուսան հոգեբանական առումով առավելություն ուներ: Արթուրը վնասվածքով հանդես եկավ եզրափակչում, երբ գորգ մտնելիս նրան տեսա, զգացի, որ քայլերն այնքան էլ վստահ չի կատարում: Կարելինն էլ, ես էլ, շատ մարզիկներ էլ այնպիսի վնասվածքներ ենք ունեցել՝ ձեռքն ենք կոտրել, մատները ջարդել, մկանները պատռել, բայց հաղթում էինք մենամարտերը: Պարզապես կան վնասվածքներ, որոնք անհամատեղելի են հաղթանակի հետ, քանի որ շատ բարդ են, Արթուրի մոտ էլ Տոկիոյում, հավանաբար, այդպես էր:

-Մեր երիտասարդ ըմբիշներից ո՞ւմ կառանձնացնեք, ովքե՞ր են պատրաստ ապահովելու ապագայի հաղթանակները:

-Վերջերս Աշխարհի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը, նա բավական պոտենցիալ ունի: Սակայն պետք է նշեմ, որ եզրափակչում այդքան էլ լավ չգոտեմարտեց, հատկապես՝ 2-րդ մրցափուլում: Չի կարելի մրցակցին երբեք առիթ տալ հաղթելու: Նա 3:1 հաշվով էր առաջ, եթե հանկարծ մրցակիցը կարողանար գլորում անել, գոտեմարտն էլ փրկել չէր լինի: Նաեւ հոգնել էր Մալխասը, պատրաստ մարզիկը չի կարող հոգնել: Անկեղծ, երեւի 21 տարեկանից հետո չեմ հիշում, որ երբեւէ հոգնեի գորգում:

Լուսանկարը` Գրիգորյանի անձնական արխիվից


-Բայց մի՞թե նման բան հնարավոր է, ինչպե՞ս էր դա Ձեզ հաջողվում:

-Մեր առաջատար Կարելինի ոսկե խոսքերը մեջբերեմ, նա ասում էր՝ մեր հիմնական աշխատանքը սկսվում է այն ժամանակ, երբ ավարտվում է պլանային մարզումը: Մենք սովորաբար մարզումից հետո շատ ավելի երկար էինք պարապում: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ մարզումից հետո դեռ 2 ժամ մնում էինք դահլիճում ու շարունակում մեր գործը: Այ, հենց դա է մեր ըմբիշներին պակասում: Երեկ հենց դա էինք քննարկում ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի, Լեւոն Ջուլֆալակյանի, երիտասարդների ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ: Նրանք պատմում են, որ մարզումն ավարտվելուց անմիջապես հետո մարզիկները միանգամից հեռանում են դահլիճից: Ասում եմ՝ ստիպեք նրանց մնալ, կամ հաջորդ անգամ կանչեք ու հարցրեք, թե քանի՞ անգամ են Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունում հաղթել, կամ մեդալակիր դարձել, պատասխանը 0 է լինելու: Այդ դեպքում ամենալավ խորհուրդը կլինի, որ գնան տուն ու ծնողներին օգնեն, իզուր ժամանակ չվատնեն դահլիճում: Կամ եթե որոշում են մնալ, որտեղ մարզվելու համար բոլոր պայմանները կան, ուրեմն իսկապես պետք է ջանք չխնայեն: Գիտեմ, որ տղաները եւ տաղանդավոր են, եւ լավը ու կարող են ավելի հաջող հանդես գալ: Դրա  համար պետք է բոլորից ավելի շատ ու լավ աշխատել: Դա գաղտնիք չէ, բոլորս ենք այդ ամենի միջով անցել:





-Իսկ հիմա հավանո՞ւմ եք ըմբշամարտը, այն ավելի ձանձրալի՞ չի դարձել, հնարքներն են քչացել, դիտարժանությունը հետին պլան է մղվել:

-Շատ ձանձրալի, մարզիչների մեծ մասն անցում են կատարել UWW-ի փոփոխված կանոններին: Սովորեցնում են մարզիկներին մրցակցին գորգից դուրս հանել ու միավոր վաստակել: Դա, բնականաբար գեղեցիկ չէ, հնարքներ էլ չկան: Մարզումների ժամանակ էլ միայն այդ գործողության վրա են աշխատում: Ըմբիշներին պետք է սովորեցնել՝ մրցակցին հասցրիր գորգի եզրը, նորից նրան հետ բեր գորգի կենտրոն, եւ մինչեւ չանես տեխնիկական հնարք, մի կանգնիր: Մեր ժամանակ՝ 90-ականներին լրիվ այլ ըմբշամարտ էր ու ավելի դիտարժան:

-90-ականներից խոսեցիք, անդրադառնանք Հայաստանի հավաքականի փայլուն ելույթին 1992-ի Բարսելոնայի խաղերում, 5 մարզիկներից 3-ն ոսկե մեդալ նվաճեց, մեկն՝ արծաթե: Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց:

-Վերջերս մի կատալոնացի լրագրող, որն ապրում է Մոսկվայում ու խմբագիր աշխատում, գտավ ինձ, ցանկանում է գիրք գրել ու պատմել նաեւ մեր թիմի ֆենոմենալ ելույթի մասին: Բոլորից ուժեղ էինք, դրա համար էլ այդքան լավ մասնակցեցինք Բարսելոնայում: Շատ երկրներ կային, ընդ որում՝ նաեւ գերտերություններ, որ 1 ոսկե մեդալ էլ նվաճել չկարողացան: Փոքրիկ Հայաստանն 3 ոսկե ունեցավ, Ալֆրեդ Տեր-Մկրտչյանն էլ պետք է 1-ինը լիներ, պարզապես վերջին պահին ոսկին ձեռքից բաց թողեց: Նա միշտ հիշում է այդ պարտության մասին, առհասարակ եզրափակչում զիջածներն այդ մասին երբեք չեն մոռանում: Ավելի լավ է Օլիմպական խաղերի ժամանակ 3-րդը լինել, քան արծաթե մեդալ նվաճել:

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից


-Իսկ դուք ավելի շատ հաղթանակնե՞րն եք մտապահում, թե՞ պարտությունները:

-Ես միշտ հիշում եմ, թե որքան լավ էր հավաքականի մի մասը լինել: Ինձ մարզումային պրոցեսն էր դուր գալիս, սիրում էի երեւակայությանը մեծ տեղ տալ, հնարքների մեծ զինանոց ունեի, որոնք հետո ոչ ես էի կրկնում, ոչ էլ՝ մյուսները: Ստեղծագործ ըմբիշ էի, իսկ դրանում ինձ մեծ երեւակայությունն էր օգնում: Յուրաքանչյուր դիրքից հնարք էի անում, անհնարին ոչինչ չկար ինձ համար:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին