Հոկտեմբեր 13, 2024
exclusive
86208 դիտում

Ջոն Պատրիկ Գալագեր. Ցանկանում եմ, որ Հայաստանը դուրս գա ԱԱ-ի եզրափակիչ փուլ ու խաղա Անգլիայի հետ

Ջոն Պատրիկ Գալագերը
Ջոն Պատրիկ Գալագերը

Լուսանկարը` gov.uk


Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը Հայաստանում գտնվելու ընթացքում արդեն մի քանի անգամ առիթ է ունեցել ստադիոնում հետեւելու եվրագավաթների խաղերին:

Mediamax Sport-ի հետ զրույցի ընթացում նա խոսել է անգլիական ֆուտբոլի առաջընթացի, Եվրոպայի առաջնության եզրափակչում կրած ցավալի պարտության, եւ Օլիմպիական խաղերում բրիտանացի ու հայ մարզիկների հիանալի ելույթների մասին:


-Պարոն Գալագեր, արդեն մի քանի ամիս է, որ դեսպան եք նշանակվել ու տեղափոխվել Հայաստան: Ի՞նչ գիտեիք մինչեւ այստեղ գալն ու որքանո՞վ եք հասցրել ծանոթանալ մեր երկրին:

-5 ամիս է, որ Հայաստանում եմ: Ինձ համար բավական դրական փորձ էր, թե ինչպես ինձ այստեղ ընդունեցին, նաեւ մարդկանց հետ ծանոթանալու ու երկրի տարածքում ճանապարհորդելու տեսանկյունից: Հայաստանի համար մարտրահրավերային ու բարդ ժամանակներ են հիմա, հետաքրքիր էր ականատես լինել նոր կառավարության ընտրություններին: Մինչեւ գալս գիտեի, որ Հայաստանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, տեղյակ էի նաեւ հակամարտությունից: Այստեղ գտնվելու ընթացքում տեսա, թե այդ ամենն ինչ հետեւանքներ է թողել երկրի վրա: Հայաստանում վերջին տարիներին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, երկիրը բավական մեծ պոտենցիալ ունի: Հույս ունեմ, որ այստեղ գտնվելու ընթացքում Միացյալ Թագավորությունը դրական դեր կունենա երկրի զարգացման գործում, ժողովրդավարական սկզբունքների տեսանկյունից էլ կաջակցի ու կօգնի հակամարտության արդյունքում տուժած համայնքերին ու մարզերին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


-Իսկ Հայաստանի սպորտային կյանքին որքանո՞վ եք հասցրել ծանոթանալ ու ի՞նչ միջոցառումների եք ներկա եղել:

-Այնպես ստացվեց, որ եվրագավաթների շրջանակներում հայկական ակումբները 2 բրիտանական թիմերի հետ խաղացին: Երեւան եկան Ուելսի ու Շոտլանդիայի ակումբներն ու 2-ին էլ ներկա էի հանրապետական ստադիոնում: Հաճելի էր հետեւել այդ խաղերին ու ականատեսը լինել Միացյալ Թագավորության ու Հայաստանի թիմերի պայքարին: «Ալաշկերտի» համար հիանալի հնարավորություն էր այդ մակարդակով ներկայացնել հայկական ֆուտբոլը: Օլիմպիական խաղերն էլ առիթ էին ցույց տալ Հայաստանի ուժն ու օգնել մեզ սպորտի միջոցով այն ավելի լավ հասկանալ:

-Օլիմպիական խաղերի թիմային պայքարում Միացյալ Թագավորությունը 65 մեդալով 4-րդ տեղը գրավեց: Հիանալի արդյունքի հասաք, ի՞նչ կասեք Ձեր հավաքականի մասնակցության մասին ու ո՞վ ամենաշատը տպավորեց Ձեզ:

-Օլիմպիական խաղերում իսկապես լավ հանդես եկանք ու տպավորիչ արդյունքներ գրանցեցինք, մեծ հաջողություն էր մեզ համար 65 մեդալ նվաճելը: Սպորտային առումով մեծ ներդրում էր մեր երկրի համար: Մյուս կողմից մարզիկները մեծ ոգեւորություն առաջացրին երիտասարդ սերնդի մոտ, ովքեր հետագայում կգնան նրանց ճանապարհով: Այդ մեդալները եղան 25 տարբեր մարզաձեւերում, ինչը ցույց է տալիս Միացյալ Թագավորության սպորտի ընդգրկուն լինելը: Կարծում եմ խաղերն օգնեցին երկիրն ավելի միասնական դարձնել, քանի որ բոլորը հետեւեցին մրցումներին, առհասարակ՝ դրանք մեծ իրադարձություն էին ամբողջ աշխարհի համար: Տոկիոյում մենք տեսանք 2012-ի Լոնդոնի խաղերի ժառանգությունը. երիտասարդները, ովքեր 9 տարի առաջ ոգեշնչվել էին այն ժամանակվա մարզիկներով, այս տարի իրենք արդեն մեդալներ նվաճեցին երկրի համար:

Լուսանկարը` manchestereveningnews.co.uk


Թոմ Դեյլին իր 3-րդ Օլիմպիական խաղերում կարողացավ ոսկե մեդալ նվաճել, նա մեծ նվաճման հասավ ջրացատկի պես մրցակցային մարզաձեւում: Նրա հաջողությունը շատ կարեւոր էր նաեւ այն պատճառով, քանի որ ներկայացնում էր մի համայնք, որը Միացյալ Թագավորությունն աջակցում ու արժեւորում է: Մարզիկներից ինձ տպավորել է նաեւ 13-ամյա Սքայ Բրաունը, որն Օլիմպիական չեմպիոն դարձավ սքեյդբորդինգում: Նա շատ տպավորիչ հանդես եկավ ու կոգեշնչի շատ երիտասարդների:

-Պարոն դեսպան, Հայաստանը Տոկիոյում համեստ մասնակցություն ունեցավ ու 4 մեդալ նվաճեց, սակայն դրանք էլ մեզ համար են շատ կարեւոր: Հետեւե՞լ եք մեր մարզիկների ելույթներին ու ի՞նչը Ձեզ դուր եկավ:

-Տեսել եմ, թե ինչպես Հայաստանի հավաքականը 2-ական արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեց: Դրանք հսկայական նվաճում են մի երկրի համար, որն իր չափերով այնքան էլ մեծ չէ, բայց նրա մարզիկներն ամբողջ աշխարհի մակարդակով տպավորիչ ելույթ ունեցան: Հիշում եմ Գյումրի մեր այցն ու թե ինչպես էին մարդիկ հպարտանում իրենց սպորտային նվաճումներով: Տոկիոյում նվաճած մեդալները ոչ միայն նման մակարդակով ցուցադրեցին Հայաստանի սպորտային պոտենցիալը, այլ ամբողջ երկրով կօգնեն զարգացնել սպորտը: Հույս ունեմ, որ հաջորդ խաղերում եւս ձեր մարզիկները լավ հանդես կգան ու ոսկե մեդալ էլ կկարողանան նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ըստ Ձեզ՝ որքանո՞վ էր կարեւոր աշխարհի համար այս բարդ ժամանակներում կազմակերպել Օլիմպիական խաղերն ու իսկապե՞ս դրանք, ինչպես ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն է նշել, հույսի խորհրդանիշ դարձան:

-Տոկիոյի ղեկավարության ու ՄՕԿ-ի համար մեծ մարտահրավեր էր այս պայմաններում կազմակերպել խաղերը: Դրանք օգնեցին մարդկանց կենտրոնանալ սպորտի վրա ու չմտածել այլ խնդիրների մասին: Բայց միեւնույն ժամանակ համավարակը մեծ խնդիր է աշխարհի համար, Միացյալ Թագավորությունը ես պայքարում է դրա դեմ: Մենք պատվաստման ծրագիր ունենք ու կենտրոնացած ենք մարդկանց օգնելու վրա, որպեսզի նրանք կարողանան որքան հնարավոր է ազատ ապրեն, կյանքը վերադառնա իր բնականոն հունին: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունն առաջիններից մեկն էր, որը միացավ Covax նախաձեռնությանը, այն կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքար է ծավալում ամբողջ աշխարհում: Առանց պատվաստանյութի, որը ստացվեց չափազանց կարճ ժամանակում՝ մեկ տարուց էլ քիչ, չափազանց դժվար կլիներ կազմակերպել խաղերը: Մեր երկիրը հպարտ է, որ բրիտանացի գիտնականներն էլ դրանում իրենց մասնակցությունն են ունեցել: Դա ցույց է տալիս մեր երկրի պատրաստակամությունը՝ պայքարել աշխարհին սպառնացող մարտահրավերի դեմ:

-Հերթն արդեն Պարալիմպիկ խաղերինն է, այդ մարզիկներն իսկական ուժի ու չհանձնվելու խորհրդանիշ են: Ձեզ ի՞նչն է գրավում այդ խաղերում:

-Պարալիմպիկ խաղերն իսկապես անկրկնելի են, որովհետեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ նույն հնարավորությունն ունեն իրենց սպորտային ունակությունները ցուցադրելու: Դա հարթակ է արտահայտելու իրենց պոտենցիալը, ինչպես նաեւ ուղերձ հղել ու ցույց տալ, թե որքան կարեւոր դեր են խաղում մեր հասարակություններում:

Լուսանկարը` Paralympic Games


Պարալիմպիկ խաղերը Միացյալ Թագավորության նախաձեռնությամբ են սկսվել անցկացվել, 1948 թ. մի խումբ վիրավոր զինվորների են հիմնել մրցումները: Հիանալի է, որ դրանք այնքան են աճել, որ վերածվել են Պարալիմպիկ խաղերի, որոնք արդեն Օլիմպիական խաղերին հավասար մրցումներ են: Դրանք մեծ ժառանգություն են թողնում, բացի այդ էլ ցույց են տալիս սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց դերն ու կառավարություններին առիթ տալիս մտածել, թե ինչ պայմաններ կարող են ստեղծել նրանց համար: Հայաստանում հիմա հազարավոր վիրավորներ կան, որոնք հատուկ պայմանների կարիք ունեն ու շատ կարեւոր է այդ ամենը նրանց տրամադրել:

-Նշեցիք, որ նրանց համար Պարալիմպիկ խաղերը կարող են հնարավորություն լինել, բայց Հայաստանում անգամ սպորտի համար նորմալ ենթակառուցվածքներ չկան, ուր մնաց թե հաշմանդամային սպորտի: Ինչպե՞ս կարող են մեր երկրներն այդ տեսանկյունից համագործակցել ու օգնել իրար:

-Կարծում եմ՝ Միացյալ Թագավորությունը բավական լավ փորձ ունի նման պայմաններ տրամադրելու նաեւ ենթակառուցվածքների առումով, ու ես շատ կցանկանայի դրանով կիսվել Հայաստանի հետ: Մենք աշխատում ենք երկրի արեւելյան ու հարավային սահմանամերձ բնակավայրերում՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք, դասընթացներ ենք կազմակերպում ու տնտեսական հնարավորություններ տրամադրում: Այդ ամենը ներառում է նաեւ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց: Ուրախ կլինեմ, եթե այդ ամենը օգնի հեշտացնել նրանց կյանքը:

Լուսանկարը` Reuters


-Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 4 տարի հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Արսենալում»: Հետեւե՞լ եք նրա խաղին ու որքանո՞վ է նրան հաջողվել Հայաստանը ճանաչելի դարձնել Միացյալ Թագավորությունում:

-Նա հայկական ֆուտբոլի հիասքանչ դեսպանն էր մեր երկրում, հիանալի խաղացող է, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Մխիթարյանը հանդես է եկել իմ հարազատ քաղաքներում՝ Մանչեսթեր Յունայթեդում եւ Լոնդոնում, ցուցադրել, թե ինչի է ընդունակ: Գիտեմ, որ նա ակտիվ էր նաեւ հայկական համայնքի հետ կապված հարցերում, աջակցել է տարբեր կազմակերպությունների, ինչը շատ կարեւոր է: Մխիթարյանը շատ է օգնել բրիտանացիներին ավելի լավ ճանաչել Հայաստանը: Նա Հայաստանի հիանալի դեսպան էր Միացյալ Թագավորությունում, հույս ունեմ՝ նույն գործն էլ ես կանեմ Երեւանում:

-Իսկ ստադիոնում Մխիթարյանի խաղերին հետեւե՞լ եք:

-Այո, իհարկե, տեսել եմ նրա խաղն ու հավանել: Մխիթարյանը տեխնիկապես ուժեղ էր ու կարողանում էր զարմացնել իր գործողություններով: Հիմա էլ շարունակում է նույն կերպ խաղալ Հռոմում: Իսկապես լավ տղա է, ուրախ եմ նրա հաջողությունների համար:

Լուսանկարը` Անձնական արխիվից


-Մի քանի օր առաջ հանրապետական ստադիոնում ներկա եղաք Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆի «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպմանը: Ի՞նչ տպավորություն ստացաք խաղից:

-Ափսոս, որ գոլեր չգրանցվեցին: Երկու թիմերն էլ լավ ջանքեր գործադրեցին, «Ռեյնջեսի» կազմի համարյա կեսն ու գլխավոր մարզիչը կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով չէին ժամանել Երեւան: Թիմը խաղաց ավելի անփորձ ֆուտբոլիստներով, «Ալաշկերտն» էլ խաղի մեծ մասը գործեց 10 հոգով: Երկու ակումբն էլ պետք է հպարտանան իրենց ելույթով: Կնշեմ նաեւ ստադիոնի լավ մթնոլորտը, շատ տպավորիչ էր տեսնել, թե «Ալաշկերտի» երկրպագուներն ինչպես էին աջակցում: Շատ ուրախ կլինեմ ակումբին նորից տեսնել եվրոպական մեծ մրցաշարում:  

-Այդքան էլ չենք տխրել, քանի որ մեր թիմը խաղալու է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում: Խոսենք անգլիական ֆուտբոլից, որը չափազանց ուժեղ է ու Հայաստանում էլ շատ սիրահարներ ունի: Ինչի՞ հաշվին հաջողվեց 2020-ին եվրոպական մակարդակում՝ ՉԼ-ում, այդքան լավ հանդես գալ:

-Դա եղավ մի քանի հանգամանքների շնորհիվ. նախ ֆուտբոլը Միացյալ Թագավորությունում ազգային մարզաձեւ է, շատ-շատ երեխաներ են ցանկանում մարզվել ու ֆուտբոլիստ դառնալ: Պրեմիեր Լիգան հայտնի է ամբողջ աշխարհում, համարյա բոլոր երկրներում հետեւում են խաղերին: Ակումբները շատ գումարներ են ծախսում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին ու մարզիչներին ձեռք բերելու համար: Բայց մեր թիմերին շատ երկար ժամանակ պետք եղավ նշանակալի առաջընթաց արձանագրելու եւ անգլիական ֆուտբոլը նույն մակարդակին հասցնելու համար: Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում 2 թիմ ունեինք, դրանից լավ էլ ի՞նչ կարող էր լինել:

Լուսանկարը` UEFA


-Իսկ հետաքրքիր է Դուք ո՞ր ակումբին եք երկրպագում:

-«Արսենալին» (ծիծաղում ենք, խմբ.): Տխուր է, որ հիմա ակումբը ծանր ժամանակներ է ապրում, ցավոք, ոսկե շրջանն ավարտվել է ու վերջին խոշոր գավաթը եղել է 2004 թվականին: Երբ ակումբը լավ է խաղում, իսկապես, ամեն ինչ ստացվում է, բայց վատ խաղեր էլ շատ են լինում:

-Եվրոպայի առաջնությունում շատ քիչ էր մնում, որ առաջին անգամ չեմպիոն դառնաք, սակայն Իտալիան եզրափակչում կորզեց հաղթանակը: Ինչպե՞ս Անգլիան արձագանքեց 2-րդ տեղին ու անձամբ Ձեզ համար այդ պարտությունը որքանո՞վ էր ցավալի:

-Մեր երկրի համար կարեւոր պահ էր: Հավաքականը լավ էր խաղում ու հիանալի ներկայացրեց Անգլիան Եվրոպայի առաջնությունում: Ֆուտբոլիստները թիմային ոգու, իրար աջակցելու ու նվիրվածության շնորհիվ կարողացան իրենց այդքան լավ դրսեւորել: Նախորդ մրցաշարում մենք շատ աստղային խաղացողներ ունեինք, բայց թիմն այսքան լավ չէր գործում, այս հավաքականը միասնական խաղաց, ֆուտբոլիստներն իրար շատ ավելի լավ գիտեին ու իրար հետ հանդես գալու փորձ ունեին: Նրանք նաեւ հասարակության դեմքն էին ու պայքարում էին տարբեր խնդիրների, այդ թվում՝ ռասսայական խտրականության դեմ ու մեզ բոլորիս կարեւոր ուղերձներ հղեցին: Նրանք Անգլիայի հավաքականի երբեւէ ցուցադրած լավագույն արդյունքին հասան:

Լուսանկարը` UEFA


-Ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկին քիչ է մնում, ի՞նչ ակնկալիքներ ունեք ձեր հավաքականից:

-Վստահությունը բավական բարձր է, դրան նպաստել է ԵՎՐՈ-ում լավ հանդես գալը: Սակայն վատ կողմն այն է, որ անգլիացի երկրպագուներն իրենց վստահությունը կորցնում են ամեն խոշոր մրցաշարից առաջ, քանի որ չեն հասնում ցանկալի արդյունքին: Այս անգամ հույս ունեմ, որ ամեն ինչ այլ կերպ կլինի: Հիմա առավել քան բարձր են մեր ակնկալիքներն ազգային թիմից:

-Գուցե հարցս մի քիչ զարմանալի հնչի, բայց հնարավոր չէ՞ կազմակերպել Անգլիայի ու Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

-Շատ ուրախ կլինեմ, որ խաղը կայանա, բայց, ցավոք, չունեմ նման հանդիպում կազմակերպելու լիազորություն: Ամենալավ առիթը, որ նրանք կարողանան միասին խաղալ, կլինի Աշխարհի առաջնությունում, եթե Հայաստանի ընտրանին կարողանա  դուրս գալ եզրափակիչ փուլ:

-Այս պահի դրությամբ լավ շանսեր ունենք, 3 հաղթանակ ենք տարել ու 9 միավոր վաստակել:

-Շատ եմ ցանկանում, որ Հայաստանը կարողանա հաղթել մրցակիցներին ու հասնի Քաթար: Հույս ունեմ՝ սեպտեմբերի 8-ին կկարողանամ ստադիոնում ներկա լինել Լիխտենշտեյնի դեմ խաղին: Ֆանտաստիկ արդյունք կլինի, եթե հասնեք եզրափակիչ ու մեր թիմերը հանդիպեն Աշխարհի գավաթում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


-Ի՞նչ կմաղթեք մեր ֆուտբոլիստներին ընտրական փուլում:

-Թող ցույց տան իրենց հնարավորությունները, որովհետեւ մինչ այս պահն արտակարգ աշխատանք են կատարել, հնարավոր է հայկական ֆուտբոլի ամենալավ սերունդն են:  Նրանք հիանալի են գործում, թող քաջություն ունենան հետեւել իրենց նպատակներին ու հավատան սեփական ուժերին:

-Եվ վերջին հարցը, ինչպես Նելսոն Մանդելան է ասել, ոչինչ այնպես չի միավորում, ինչպես սպորտը: Հետաքրքիր է Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ի՞նչ կարող են սպորտային առումով սովորել իրարից:

-Համաձայն եմ Մանդելայի հետ, սպորտի ամենամեծ ուժն այն է, որ այն թույլ է տալիս մարդկանց պայքարել լրիվ հավասար պայմաններում: Կարեւոր չէ, թե որքան մեծ է երկիրը, ֆուտբոլում, օրինակ, 11 ֆուտբոլիստ խաղում է 11-ի դեմ, միեւնույն հավասար պայմաններ են գործում նաեւ այլ մարզաձեւերում: Կարծում եմ սպորտը հիանալի հնարավորություն է տալիս ներկայացնել երկիրը եւ ճանաչելի դարձնել այն: Այն մարդկանց հպարտանալու առիթ է տալիս ու միավորում:

Սպորտում մարզիկները հարգում ու գնահատում են մրցակիցների տաղանդն ու ջանքերը, կարեւոր չէ, թե ինչ արդյունք է գրանցվում, նրանք արժեւորում են միմյանց: Դա հենց այն է, որ բոլորս պետք է սովորենք մարզիկներից ու կիրառենք կյանքում՝ հարգենք մարդկանց, որոնց հետ հանդիպում կամ աշխատում ենք: Դա սպորտի պարզ, բայց կարեւոր ուղերձն է:

Ջոն Պատրիկ Գալագերի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին