Դեկտեմբեր 04, 2024
exclusive
13279 դիտում

Հովիկ Խալիկյան. Շախմատի հայկական դպրոցը քանդվել է, բնագավառը՝ կործանվել

Հովիկ Խալիկյանը
Հովիկ Խալիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի ֆեդերացիայում տարիներ շարունակ տարբեր խնդիրներ են առաջացել, որոնք լուծում այդպես էլ չեն ստացել: Mediamax Sport-ը սկսում է շախմատին նվիրված հոդվածաշար, որի շրջանակներում զրուցել է ֆեդերացիայի վարչության անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանի հետ:

Շախմատի ֆեդերացիայի մթնոլորտի պղտորումը

- Պարոն Խալիկյան, ի՞նչ եղավ հայկական շախմատում վերջին շրջանում:

- Առանձնահատուկ ոչ մի բան: Ինչ երկրում է, այն էլ՝ շախմատում, ամեն բան խառնվել է: Իշխանափոխություն եղավ, նույնը փորձում էին անել շախմատում, այն մինչեւ վերջ չհաջողվեց, բայց մթնոլորտը պղտորվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ովքե՞ր էին ուզում անել այդ փոփոխությունները:

- Շախմատում փոփոխության կարիք միշտ է եղել, դեռ այն ժամանակներից, երբ հավաքականը լուրջ հաջողություններ ուներ, եւ երբ Լեւոն Արոնյանին պետք է Հայաստան վերադարձնեինք: Լեւոնին «քշել էին» երկրից, նրա գալով թիմը շատ ուժեղացավ, լուրջ հաղթանակների հասավ, շախմատային գերտերության անուն հանեցինք: Այդ ընթացքում նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը, ում հետ մենք ուսանողական ընկերներ ենք: Անձնական շփման ժամանակ էլ, մամուլով էլ ասել եմ, որ շախմատը ճիշտ ուղղությամբ չեն տանում: Չնայած հաջողություններին, որոնք հնուց էին գալիս, դա չէր երեւում: Իսկ երբ թիմն Օլիմպիադայի չեմպիոն է դառնում, բայց դու ասում ես, որ շախմատի վիճակը վատ է, մարդկանց համար անհասկանալի է լինում:

- Ստացվում է, որ մեր շախմատի ֆեդերացիայում ամեն ինչ հարթ չի՞ եղել, ինչպես երեւում էր առաջին հայացքից:

-2007-2008 թ-ից սկսած մինչ օրս լարվածություն անընդհատ կա, միակողմանի ու միանձնյա է ղեկավարվում կառույցը: 2018-ից հետո շախմատիստները գնացին այլ ճանապարհով ու Մխիթար Հայրապետյանին բերեցին Երեւան քաղաքի ֆեդերացիայի նախագահ: Տարոն Մարգարյանը վատ նախագահ չէր, օգնում էր, բայց մարդիկ, ովքեր մտածում էին շախմատի մասին, փորձեցին այդ ճանապարհով հանրապետական ֆեդերացիայում ինչ-որ բան փոխել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչո՞ւ հենց Մխիթար Հայրապետյանին որոշեցին Երեւանի ֆեդերացիայի նախագահ ընտրել, շախմատային աշխարհում ավելի հարմար թեկնածու չկա՞ր:

- Նույն կերպ կարելի է հարց տալ՝ իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանին բերեցին ֆեդերացիայի նախագահ: Այն ժամանակ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, շախմատիստները ճանաչում էին: Մխիթարյանն էլ ուներ շախմատիստ ընկերներ, պատգամավորներից մեկն էլ էր նրա ընկերը, գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը, Ռաֆայել Վահանյանը, Նորայր Քալանթարյանը ձեռնամուխ եղան ու բերեցին: Նույն կերպ փորձում էին Հայաստանի ֆեդերացիայում էլ փոփոխություններ անել, բայց հանդիպեցին ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դիմադրությանը, չգիտեմ՝ ինչու: Այս հարցը լուծում չստացավ ու շախմատային մթնոլորտը պղտորվեց:

- Այսինքն, Երեւանի ֆեդերացիան ցանկանում էր, այսպես ասած, «մաքրե՞լ» Հայաստանի ֆեդերացիան:

- Միտում կար կարգավորելու, բայց, քանի որ չհաջողվեց, ստացվեց այսպես: Լեւոն Արոնյանը եկավ Հայաստան՝ անտեղյակ լինելով քաղաքականությունից, շախմատի հանդեպ ունեցած իր սերը եւ հեղինակությունը հաշվի առնելով՝ ասաց, որ ինքը կխոսի: Զրուցեց, փորձ արեց Մխիթարին հեղինակությամբ ճնշել, բայց չհաջողվեց: Այստեղ արդեն շախմատիստները բաժանվեցին երկու կեսի՝ Երեւանի ֆեդերացիայի ու Հայաստանի ֆեդերացիայի միջեւ: Լուրջ բախում էր հասունանում, բախտները բերեց՝ կորոնավիրուսի համաճարակը եղավ, ու շախմատը մղվեց հետին պլան:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարոն Խալիկյան, հնարավո՞ր էր այս ամենից խուսափել:

- Իհարկե: Պարզապես այն հարցերը, որոնք տարիներ շարունակ ֆեդերացիայում բարձրացնում էինք, պետք էր կոլեգիալ լուծել: Սերժ Սարգսյանը թողել էր ամեն ինչ Սմբատ Լպուտյանի վրա, նա էլ, ինչպես ասացի, միանձնյա որոշում էր:

Արոնյանի՝ Հայաստանից երկրորդ անգամ հեռանալը

- Եկեք անդրադառնանք Լեւոն Արոնյանին, որի գնալով պայմանավորված էլ ավելի ակնհայտ դարձան հայկական շախմատում եղած բացերը: Հետաքրքիր է, որ պատանի տարիքում էլ այնպես ստացվեց, որ Արոնյանին «հեռացրին» Հայաստանից: Այս ամենի մասին մայրը Լեւոնին նվիրված գրքում մանրամասն գրել է:

- Այն ժամանակ անձամբ Լպուտյանն ամեն ինչ արեց, որ Լեւոնը թիմում չլինի, որպեսզի ինքը խաղա Օլիմպիադայում:

- Լեւոնն ինչպե՞ս սկսեց կրկին ներկայացնել Հայաստանը:

- Սերժ Սարգսյանը դարձավ ֆեդերացիայի նախագահ, ես հավատում էի նրան: Խնդրեցի խոսել նրա հետ Ռաֆայել Վահանյանին, մեծ դեր ունեցավ նաեւ Գագիկ Հովհաննիսյանը: Ես Լեւոնին ասացի, որ Սարգսյանը կզանգի իրեն, Լեւոնը հավատաց նրան ու վերադարձավ Հայաստան:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ նա ներե՞ց այն մարդկանց, ովքեր իր հետ այդպես էին վարվել:

- Ներելու խնդիր չկար, ժամանակը բուժում է շատ բաներ, առանձնապես նրանք չէին էլ շփվում իրար հետ:

- Անկասկած, Արոնյանն ուժեղագույններից է աշխարհում, ինչը ցույց են տալիս ձեռքբերումներն ու շախմատին ստեղծագործաբար մոտենալու նրա կարողությունը: Նա պատրաստ էր Աշխարհի չեմպիոն դառնալուն, բայց չստացվեց: Ի՞նչն էր պատճառը:

- Ես մի անգամ Սերժ Սարգսյանին ասացի, որ Լեւոնը կարող է չեմպիոն դառնալ, բայց իրեն օգնել է պետք: Ինձ պատասխանեց, թե Լեւոնն ինչ ուզում է, անում եմ իր համար: Ասացի՝ Լեւոնը չգիտի, թե ինչ է պետք իրեն, նա վիրտուոզ է, անհավանական շախմատիստ, բայց նրան հոգեբան է պետք, ֆիզիկական պատրաստվածության մարզիչ, գերհզոր համակարգիչ, մի խոսքով՝ լավ թիմ:

Աշխարհի չեմպիոն դառնալը լուրջ տեխնոլոգիա է: Մարզիկն իր գործն անում է, իսկ մնացածը պետք է անի ֆեդերացիան: Չլսեցին ինձ: Որպեսզի աշխարհը նվաճի, մարզիկի մեջքին պետք է ազգը կանգնած լինի, այդ մթնոլորտը չէր զգացվում Լեւոնի դեպքում: Հայ ժողովուրդը պետք է պահանջարկ ձեւավորեր Լեւոնի նկատմամբ, նա պետք է ամեն քայլափոխի զգար, որ մենք իրենից չեմպիոնություն ենք ակնկալում:

Կարծում եմ, հիմա էլ վատ չի նրա վիճակը, էլի կարող է պայքարել չեմպիոնության համար: Ամեն դեպքում, Լեւոնը Հայաստանում եւ լավ, եւ վատ առումով իրեն կոփող դպրոց է անցել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Եկեք խոսենք նրա ԱՄՆ տեղափոխության մասին: Դուք աշխատել եք նրա հետ, ճանաչում եք փոքր տարիքից: Ինչո՞ւ որոշեց հիմա գնալ:

- Արոնյանը բարձրակարգ շախմատիստ է, բոլորն են նրան ճանաչում ու երազում իրենց հավաքականի կազմում տեսնել: Նա շախմատով է ապրում ու արժանապատիվ հարգանքի կարիք ունի, մեծ գործ է արել երկրի համար, շատ հայրենասեր ու լավ տղա է: Որոշեց գնալ, ինչպես շատերն են արել՝ Մելիքսեթ Խաչիյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Գյոզալյանը, Սերգեյ Գալդունցը, Սերգեյ Մովսիսյանն ու մյուսները: Շատերը բարձրակարգ մարզիչներ են ու մեծ մասամբ աշխատում են տարբեր հավաքականների հետ:

- Լեւոնն անկե՞ղծ էր իր ուղերձում, երբ բացատրում էր հեռանալը: Հայտարարության մեջ մեղադրեց ներկայիս իշխանություններին, ակնարկեց նաեւ հենց Մխիթար Հայրապետյանին:

- Իրեն մի քիչ ուղղորդել էին, միգուցե մի փոքրիկ վեճ եղած լինի իր ու Մխիթարի միջեւ: Բայց եթե Լեւոնը միայն այսօրվա իշխանություններից նեղացած լիներ, այլ ոչ թե շախմատի ընդհանուր վիճակից, ինքը դրոշը չէր փոխի: Կգնար, կապրեր ԱՄՆ-ում, բարձր գումարներ կստանար, լավ համակարգիչ կունենար, բայց կներկայացներ Հայաստանը: Այսօր Իսրայել Հակոբկոխյանին ոստիկանները ծեծելով մտցնում են մեքենան, Ռոման Ամոյանին 7 ոստիկանով տանում են: Ո՞նց է հնարավոր նման բան անել․ չի կարելի, տհաճ երեւույթ է: Նրանք փառքի ու հարգանքի արժանի մարդիկ են, ցանկացած երկրում տասնյակ անգամ ավելի մեծ հարգանքի են արժանանում, քան սեփական երկրում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ պետք է անեն ֆեդերացիաները նման երեւույթները մեր երկրում թույլ չտալու համար:

- Սրա դեմը պետք է առնի ֆեդերացիան, շախմատիստն իշխանության հետ չի շփվում, նա խաղում է, իր գործն անում, իսկ ֆեդերացիան մյուս հարցերն է լուծում: Մխիթար Հայրապետյանի հետ խնդիր կա, Լեւոնը ի՞նչ գործ ունի լուծի․ Հայաստանի ֆեդերացիայի նախագահը պետք է կանչի նրան ու բացատրի իրավիճակը: Լեւոնին չպետք է մտցնել ներքաղաքական գործընթացի մեջ, նա բարձր ինտելեկտի տեր ու շատ լավ մարդ է: Պատահական չէ, որ իր հայտարարությունից երեւաց, որ ընդհանրապես չի ուզում գործ ունենալ այս երկրի հետ:

Շախմատի ընդհանուր բնագավառի կործանումը

- Պարոն Խալիկյան, շախմատի ֆեդերացիայի նախագահի սխալը ո՞րն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Նա պետք է կանխի այս ամենը, տեղյակ է եղել, ամեն բան նրան ասվել է: Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո ավելի ուշադիր պետք է լիներ այս գործերի նկատմամբ, լսեր այն շախմատիստների կարծիքը, ովքեր տարիներ շարունակ ազգին միայն տիտղոսներ են բերել:

- Փաստորեն հնչեցրած առաջարկությունները չի՞ լսել:

-Մամուլով էլ, ֆեդերացիայում էլ միշտ ասել են, միշտ էլ չի լսել: Ինչպես ասացի, թույլ է տվել Լպուտյանին միանձնյա որոշումներ կայացնել:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

- Այ դա չեմ կարողանում հասկանալ, շատերիս է անհասկանալի: Սարգսյանն ասում էր, եթե դեմ եք, հանենք Լպուտյանին, բայց ո՞ւմ դնենք: Մի անգամ բարձրակարգ գրոսմայստերներից մեկն ասաց․ «Դուք հանեք, մենք թեկնածու կառաջարկենք»:

Լարվածությունը հասավ նրան, որ փոփոխությունների համար հայկական ամբողջ շախմատային աշխարհը ոտքի կանգնեց, 30-ից ավելի գրոսմայստերներ դեմ էին Սմբատ Լպուտյանին, բայց Սերժ Սարգսյանը չգիտես ինչու ոչինչ չարեց: Հարցն այստեղ Լպուտյանը չէ, որի մասին չեմ էլ ուզում խոսել, հարցն այն է, որ մի ամբողջ դպրոց է քանդվել: Ես շախմատի ֆեդերացիայի վարչության անդամ եմ ու Շախմատի տուն աշխատում եմ չմտնել:

-Սխալ չի՞, որ չեք գնում: Միգուցե գնալը, խնդիրներն անընդհատ բարձրաձայնելը մի բան փոխե՞ն:

- Բացարձակ օգուտ չունի, մթնոլորտը պետք է ամբողջովին փոխվի: Սերժ Սարգսյանն ի զորու է դա անելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հանդիպումներ չե՞ն լինում ֆեդերացիայում:

- Չգիտեմ։ Որ կանչում են, գնում եմ: Կորոնավիրուսի պատճառով չէր լինում:

- Լավ, ինչո՞ւ է ամեն ինչ այսպես մեր շախմատում, ի վերջո:

- Շախմատի ֆեդերացիայի նախագահները միշտ շատ լուրջ շախմատիստներ են եղել, օրինակ՝ ակադեմիկոս Լորիս Քալաշյանը, որը Տիգրան Պետրոսյանի մարզիչ-մարտավկան էր ու մեր շախմատային առաջին դպրոցի հիմնադիրը, Վանիկ Զաքարյանը: Սերժ Սարգսյանի գալով լուրջ հաջողություններ գրանցվեցին ու շախմատի բնագավառի ընդհանուր կործանումը չերեւաց: Իսկ այն, որ մենք բնագավառ ենք կորցրել, հաստատ է:

- Պարոն Խալիկյան, Արոնյանը թոփ շախմատիստ է, նրան մեծ ոգեւորությամբ ԱՄՆ-ում ընդունեցին: Ի՞նչ է լինելու մեր մյուս շախմատիստների հետ:

- Կարծում եմ, հերթով կգնան։ Վաղուց արդեն գնացած կլինեին, բայց Ամերիկան այս կորոնավիրուսի պատճառով փակ է: Այնտեղ շախմատային մթնոլորտը շատ լավն է, այլ հայ շախմատիստներ էլ կան:

Հավաքականի ու երիտասարդ շախմատիստների խնդիրները

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչո՞ւ տղամարդկանց հավաքականն անհամեմատ թուլացավ:

- 1994-95-ին մենք լավ կազմակերպչական աշխատանք էինք կատարել, այն թիմը, որը դարձավ Օլիմպիադայի եռակի ու Աշխարհի չեմպիոն, 1992 թվականին իմ դպրոցի թիմն էր, որը միջազգային հարթակներում հաղթում էր տարբեր տարիքայինների պայքարում: 30 տարի է՝ այս տղաներն են թիմում: Ես մի անգամ Սարգսյանին հարցրի, թե ինչպե՞ս կարելի է այսքան տարում թիմը չհամալրել, փոփոխություն չկատարել: Երիտասարդ շախմատիստների հետ այն աշխատանքը չի տարվում, որը պետք է լիներ:

Առաջին անգամ, երբ մեր թիմն Օլիմպիադայում հաղթեց, օդանավակայանից գնացինք Սերժ Սարգսյանի տուն: Նա ինձ հարցրեց, թե ինչո՞վ կբացատրեմ, որ այսպիսի հաջողություն ենք ունեցել, բայց ժողովրդի մոտ ոգեւորություն չկա: Պատասխանեցի՝ որովհետեւ շախմատը քաղաքականացվում է, կապվում անձերի  հետ, այն չի դառնում ժողովրդի սեփականություն: Մինչդեռ ես կարծում եմ, որ Արցախի առաջին պատերազմի հաղթանակից հետո սա հաջորդ լուրջ ձեռքբերումն էր:

- Հիմա երկուսն էլ կորցրինք:

- Որովհետեւ նույն անհետեւողական, առանց վերլուծության, բարձիթողի վիճակն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ասում եք՝ տարիներ շարունակ հավաքականը չի համալրվել, հիմա այն թարմության կարիք չունի՞:

- Մարզչի առումով Արշակ Պետրոսյանը, ճիշտ է, Հայաստանում չի ապրում, բայց ինքն իր դերը կատարում է: Նա հմուտ մասնագետ է, մերված է թիմին ու հեշտ շփման մեջ է մտնում տղաների հետ: Թիմն էլ, դե, արդեն ինքնըստինքյան թարմանում է, լավ երիտասարդներ ունենք, կխաղան էլի: Այսօր գրեթե անհնարին կլինի հաղթել ուժեղ թիմերի, ինչն արել ենք տարիներ առաջ:

- Նշում եք, որ լավ երիտասարդներ ունենք: Մենք երբեք էլ նրանց պակասը չենք ունեցել, բայց պատանեկան ու երիտասարդական մեծ հաջողություններից հետո մեծ նվաճումների չեն հասնում նաեւ մեծահասակների պայքարում: Ի՞նչն է խանգարում:

- Նրանց ոչինչ էլ չի խանգարում, պարզապես երիտասարդների հետ աշխատող չկա: Ես մի անգամ ասել եմ, որ մենք աճեցնում ենք շախմատիստներին կորցնելու համար․ պատանիները դառնում են գրոսմայստեր ու դոփում տեղում:

Արժեհամակարգի բացակայությունը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարոն Խալիկյան, ի՞նչ անենք, որպեսզի շախմատը վերջնականապես չկորցնենք:

- Թարմացնենք ֆեդերացիան, յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, ֆեդերացիան ընդամենն օգնողի դերում լինի, ոչ թե ասի՝ սա արեք, սա մի արեք:
 
- Մոտ ապագայում ինչպիսի՞ պատկեր կունենանք:

- Ես չգիտեմ՝ Հայաստանի ճակատագիրն ինչպիսին կլինի, բոլորս մտածում ենք դրա մասին: Այսօր մենք մսխում ենք մեր անկախությունը, Հայրենիքը: Իսկ շախմատում՝ չեմ կարծում, որ լուրջ հաջողություն ունենանք:

Շախմատը շատ է փոխվել, հզոր համակարգիչներ կան, արդեն առցանց են խաղում: Կարծում եմ, որ առցանց ասպարեզում մենք անելիք չունենք: Մեծ ակնկալիքներ չունեմ, ու վատն այն է, որ ոգեւորություն չկա: Այն կարող է կրկին հայտնվել, եթե Լեւոնն Աշխարհի չեմպիոն դառնա:

- Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի այլեւս չկանգնենք նման խնդրի առաջ:

- Ֆեդերացիայում պետք է լինեն սրտացավ մարդիկ, ովքեր շախմատը կդիտարկեն ոչ թե որպես փող աշխատելու միջոց, այլ արժեք: Հարկավոր է կատարել ֆեդերացիայի նախագահի ընտրություն, անցած տարի ապրիլին պետք է կայանար, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց: Ֆեդերացիայի նախագահը պետք է հասանելի լինի բոլոր շախմատիստներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

- Մենք հարաբերությունները պահում ենք, հանդիպում, զրուցում ենք: Վերջին անգամ 6-7 ամիս առաջ էր, պատերազմը դեռ չէր սկսվել: Շախմատի խնդիրները միշտ էլ ասում եմ իրեն, արդեն ձանձրացել եմ կրկնելուց:

- Ի՞նչ է պատասխանում:

- Ի՞նչ պետք է պատասխանի, ասում է՝ դե լավ-լավ:

- Իսկ գործող իշխանության համար շախմատը կարեւորություն ունի՞:

- Այսօր արհամարհված են մշակույթը, գիտությունը, սպորտը, անվտանգությունը խեղված է, մենք մեր գլխին փորձանք ենք բերում: Պետությունն անհասկանալի վիճակում է, մի տեսակ անտեր երկիր ենք դարձել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Բազմաթիվ ուժեղ գրոսմայստերներ ունեցող ու շախմատն այդքան շատ սիրող ազգն ինչպե՞ս այսօր ունեցավ այսպիսի ներկա:

- Այսօր անցկացվում է Անդրանիկ Մարգարյանի մրցաշար, որի դեմ ես ոչինչ չունեմ: Բայց, տեսեք, Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին նվիրված եւ ոչ մի մրցաշար չունենք: 1965 թվականից սկսվեց շարժումը, չէ՞, սա պայմանավորված էր հենց Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Վիկտոր Համբարձումյանի հետ գնում էինք Գյումրու շախմատի դպրոցի բացմանը, նա մեքենայում պատմում էր, որ աշխարհում իրեն ճանաչում են Տիգրանով: Ազգը ոգեւորվել էր, իսկ հետո՝ ի՞նչ դարձանք հիմա: Չգիտեմ՝ ինչ ասեմ, արժեհամակարգ չկա:

Հովիկ Խալիկյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին