exclusive
24430 դիտում

Կարեն Գիլոյան. 2021-ին սպորտը պետք է փրկենք վերջնական կործանումից

Լուսանկարը` Մեդիամաքս


2020 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար:

Mediamax Sport-ը հանդիպել է Գիլոյանի հետ ու խոսել մի քանի առանցքային ու հրատապ հարցերի մասին: Փոխնախարարը ներկայացրել է սպորտի ոլորտը կարգավորելուն ուղղված իր հագեցած ծրագիրը, անդրադարձել առավել սուր մարզական խնդիրներին ու դրանց լուծման եղանակներին:

- Պարոն Գիլոյան, ո՞ւմ առաջարկով ստանձնեցիք այս պաշտոնը եւ արդյո՞ք միանգամից տվեցիք Ձեր համաձայնությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


- ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն է առաջարկել գալ ու ղեկավարել սպորտի ոլորտը: Բավական երկար ժամանակ մտածել եմ, հաշվարկել բոլոր հնարավորությունները՝ գիտակցելով, որ երկրի համար դժվար պահ է, ինչն անդրադառնալու է նաեւ սպորտին: Ասեմ, որ սպորտի բյուջեից 176 մլն դրամ (մոտ 20 տոկոս) կրճատվել է, իսկ դա մեծ գումար է մեզ համար:

Ավիատոմսեր ենք ձեռք բերում, մրցումների մեկնում, միջազգային ֆեդերացիաներին անդամավճար մուծում, մարզիկների հավաստագրերի համար գումար վճարում: Բնականաբար, տարադրամի թանկացումը նոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար: Բայց կշեռքի մյուս նժարին էլ դրված էր այն, որ սպորտն այսօր գահավիժում է, պետք է ամեն ինչ անենք, որ կանգնեցնենք այդ անկումը: Ես 25 տարի սպորտի մեջ եմ ամբողջ էությամբ, որոշել եմ կողքի դնել ամեն ինչ ու անելու եմ հնարավորը, որ հայկական սպորտը լավ վիճակում հայտնվի:

- Ձեր նշանակումից հետո եղան որոշ քննադատություններ, հասարակության մի հատվածը չըմբռնեց, թե ինչպես ընդունեցիք այդ առաջարկը:

-Մարդուն գնահատել պետք է նրա կատարած աշխատանքով: Թե ինչպիսի նվիրվածությամբ եմ աշխատել մինչ այս, գիտեն բոլորը: Այժմ ավելի մեծ ուժերով եմ աշխատելու ու ձգտելու եմ օգտակար լինել սպորտին: Շատերը զանգահարել ու ասել են, որ ճիշտ եմ արել, որովհետեւ ոլորտից տեղյակ մեկը պետք է վերջապես ստանձներ այս պաշտոնը: Ես լավ հասկանում եմ, որ շատ պատասխանատու պահի եմ եկել ու հստակ գիտեմ, թե ինչպես պետք է ծառայել սպորտին ու, իհարկե, Հայրենիքին: Ես ռազմի դաշտում եմ եղել, ոչ թե շատերի նման քաղաքում սուրճ խմելով եմ հայրենասիրությունից խոսել:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանի հետ ու ի՞նչ եք քննարկել:

- Այո, հանդիպել ենք: Առաջադրանք է դրվել ոլորտը զարգացնել եւ ուժեղացնել:

- Հայաստանում ստեղծված այսօրվա բարդ պայմաններում դրանք կյանքի կոչելը իրատեսակա՞ն եք համարում:

- Իրականում շատ բարդ վիճակ է, բայց թեւաթափ լինել, ասել՝ վատ է ու ոչինչ չանել՝ նշանակում է հանձնվել ու վերջնականապես պարտվել: Պարտությունն իմը չէ, ես հանձնվող չեմ: Ո՞վ չի հասկանում, որ երկիրը ծայրահեղ ծանր վիճակում է, ինչն արտացոլվում է նաեւ սպորտում: 2021-ին սպորտը պետք է վերջնական կործանումից փրկենք, մենք հիմա փորձում ենք ունեցածը պահել, վերակենդանացնել, արդյունավետությունը բարձրացնել, որ, երբ արդեն լավ օրեր գան, ստիպված չլինենք մինուսից սկսել:

- Ինչպե՞ս եք համակարգում նախարարի հետ աշխատանքը: Սպորտի հետ կապված հարցերով ամբողջությամբ Դո՞ւք եք զբաղվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Նախարարը միանգամից ասել է, որ սպորտն ամբողջությամբ թողնում է ինձ վրա: Մենք ամեն առավոտ քննարկում ենք եղած հիմնական հարցերն ու սկսում աշխատել: Որոշումները միասին ենք կայացնում, բայց իմ առաջարկով: Պարոն Դումանյանն ինձ վստահում է ու թողնում ազատ գործել:

- Պարոն Գիլոյան, կներկայացնե՞ք Ձեր ծրագիրն ու սպորտի զարգացման Ձեր տեսլականը:

- Իմ առաջարկած ծրագիրը բազմաթիվ կետեր ունի, բայց դրանցից մի քանիսը կնշեմ:

Միջազգային կառույցներում ներկայացվածության խնդիր․ հարկավոր է վերականգնել մեր ունեցած երբեմնի ավանդույթները: Հնգամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Իգոր Նովիկով ենք ունեցել, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Վանիկ Զաքարյան, ըմբշամարտի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Ստեփան Ղազարյան, այս մարդիկ հարցեր էին լուծում Հայաստանի համար: Տարիներ շարունակ մեր երկիրը ոչ մի քայլ չի ձեռնարկել ու աչքաթող է արել այս շատ կարեւոր ոլորտը:

Ամեն անգամ որեւէ առաջնությունից վերադառնալուց հետո մեր թիմերն ասում են, թե մրցավարները կողմնակալ էին: Ինչո՞ւ։ Որովհետեւ տեր չունենք: Ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանը ներկայացված լինի միջազգային հարթակներում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մարքեթինգ․ մեր սպորտի ապրանքային տեսքը զրո է, ոչ ոքի բացարձակ հետաքրքիր չէ Հայաստանի ցանկացած առաջնություն, ոչ մի հովանավորի հնարավոր չէ ներգրավել, որովհետեւ ո՞ւմ է պետք վատ հագնված, չլուսավորված դահլիճներում, չսափրված ու չխնամված մարզիչների պարագայում անցկացնել մրցում: Պետք է տեսքի բերել սպորտը:

Սպորտային հեռուստաալիք․ այստեղից անմիջապես բխում է սպորտային ալիք ունենալու անհրաժեշտությունը: Նման նախագիծ հիմա ունենք, կփորձենք կյանքի կոչել եւ ունենալ սպորտային ալիք, որը համապատասխան առեւտրային պայմանագրերով հնարավորություն կտա թիմերին, ակումբներին, ֆեդերացիաներին գովազդ հայթհայթել եւ իրենց մրցումը ցուցադրել: Եթե դա եղավ, հետո գովազդատուին հավասարի իրավունքով կկարողանան հետաքրքրել: Հավատացնում եմ, որ բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են սպորտով:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Այլ աղբյուրներից գումար ու հաշմանդամային սպորտ․ իմ ծրագրի մյուս կետերից մեկն էլ այլընտրանքային աղբյուրներից գումար հայթայթելն է: Ինչքան էլ պետությունը փող տա, ամբողջությամբ չի կարող հոգալ սպորտի խնդիրները: ԽՍՀՄ-ի պես հզոր երկիրը սպորտը պահելու համար նաեւ սպորտլոտո ուներ: Չեմ ասում այդ տարբերակով, բայց նման մի ծրագիր էլ մենք պետք է ունենանք, որ ամբողջ շահույթը տրամադրվի սպորտին ու հաշմանդամային սպորտին: Պատերազմի արհավիրքից հետո հաշմանդամային մարզիկները շատանալու են: Շատ երիտասարդներ շարժողական խնդիրներ ունեն, բայց նրանց էներգիան ու ուժն անսպառ են, իրենց հնարավորությունները պարալիմպիկ սպորտում են փորձելու:

Մեծ մարզահամալիրի կառուցում․ մեր երկրին պարտադիր մարզահամալիր է պետք Երեւանում ու մեկ հատ էլ մարզերից մեկում: Ինչո՞ւ պետք է Թբիլիսում անցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, ապա՝ հինգ տարի հետո՝ Բաթումիում: Համեմատում եմ Վրաստանի հետ, որովհետեւ մենք գրեթե համարժեք երկրներ ենք, եթե նրանք կարող են, մենք ինչո՞ւ չենք կարող: Հասկանում եմ, որ 2021-ին սա հնարավոր չէ անել, բայց հարկավոր է այս ուղղությամբ աշխատել:

- Իսկ այս ժամանակահատվածում արդեն հասցրե՞լ եք ինչ-որ հարցեր լուծել:

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Ես որպես ԿԳՄՍ փոխնախարար աշխատում եմ հունվարի 11-ից ու հաճելի է, որ արդեն դրական ձեռքբերումներ ունենք:

Գիտեք, որ մարզական բժշկության հարցն անցել էր ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողությանը, եւ տարին հավաքականները սկսել էին առանց դեղերի, վիտամինների, բուժզննման: Այժմ կրկին մենք ենք իրականացնում այդ աշխատանքը, գումար հայթայթեցինք, ու այս լուրջ հարցը լուծվեց: Շուտով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կբացվի սպորտային բժշկության համար նախատեսված առանձին մասնաշենք, որը տեխնիկապես շատ հագեցված կլինի, այնտեղ կաշխատեն նաեւ մեր մարզական բժիշկները:   

Բռնցքամարտի ֆեդերացիայի ցավոտ խնդիրն է հանգուցալուծվում, երկու կողմն էլ ուզում են այդ հարցը լուծել: Արթուր Գեւորգյանը հրաժարականն ուղարկել է ինձ, ես էլ խոստացել եմ, որ ընտրությունն ազնիվ է լինելու: Ամենասեղմ ժամկետներում հանձնախումբ է ստեղծվելու, որի կարգախոսը կլինի՝ գնում ենք դեպի Օլիմպիական խաղեր, որպեսզի  կարողանանք ընդհանուր թիմ ստեղծել ու պատրաստվել: Հետո ԱԻԲԱ-ի հետ համագործակցելով՝ տեղի կունենա ֆեդերացիայի նախագահի ընտրությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բարձրացրել ենք նաեւ շենքային հարցեր, ուզում ենք հոգեբանների խումբ ստեղծել, որը կաշխատի մարզիկների հետ, մանկապատանեկան ճամբարի տեսքով ծրագրեր անել, վերականգնել վարպետության բարձրագույն դպրոցը:

- Հայաստանի կարեւոր սպորտային կառույցներից մեկն էլ ՀՖՖ-ն է, նրա հետ ի՞նչ նախագծեր կյանքի կկոչեք:

- Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ շատ կարճ ժամկետում կարողացանք հասկանալ «Միկայի» ճակատագիրը: Ինձ բավարարեց ՀՖՖ-ի ծրագիրը, միայն 3 կետ ավելացրի, որ նշագծվեն ու դահլիճը հագեցնեն վոլեյբոլի եւ բասկետբոլի համար, ինչպես նաեւ պետական միջոցառումներին անվճար տրամադրեն: Դահլիճը մեծացնում են, հատակը բարձրակարգ է լինելու ու բասկետբոլի համար շատ ավելի լավը, կկարողանանք այնտեղ բազմաթիվ մրցումներ կազմակերպել: Մարզակառույցը ՖԻՖԱ-ի ֆինանսավորմամբ կդառնա այն, ինչ ցանկանում ենք: ՀՖՖ-ի հետ նաեւ հավաքական թիմերի կենտրոնի հետ կապված ենք համագործակցում, այն ֆուտզալի ակադեմիա է դառնալու, շատ այլ աշխատանքներ էլ ունենք ու սերտորեն համագործակցում ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարոն Գիլոյան, իսկ ովքե՞ր են Ձեր աշխատանքային թիմում:

- Սպորտի նախարարության աշխատակիցներն իրազեկ են ու լավ են աշխատում, ուղղակի պետք է առաջադրանքը ճիշտ դնել: Ամբողջ սպորտն է իմ թիմը: Ոչ ոքի գործից չեմ ազատել, եղել են միայն տեղաշարժեր պաշտոնների առումով: Աշխատում եմ բոլոր ֆեդերացիաների, ընկերությունների, մարզադպրոցների հետ:  

- ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ զրույցում իմացանք, որ հանդիպումներ եք ունեցել: Կստացվի՞ վերականգնել նախարարություն-կոմիտե հարաբերությունները, որոնք այս երկու տարվա ընթացքում լարվել էին:

- Թե ինչ հարաբերություններ ունենք ես ու պարոն Ռոստոմյանը կյանքում, մեր խնդիրն է: Մենք կարող ենք հանդիպել, ինչ-որ տեղ գնալ իրար հետ, բայց կարեւորն այն է, որ կարողանանք համագործակցել աշխատանքում: Ես ավելի քան վստահ եմ, որ այդ համագործակցությունը կստացվի, քանի որ, եթե մարդիկ նույն նպատակին են գնում, չեն կարող չհամագործակցել: Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող է երկրի սպորտային գլխավոր կառույցը չհամագործակցել այլ կառույցների հետ: Ես անձնական հարաբերություններս աշխատանքային հարթակ չեմ բերում ու իմ գործը կատարում եմ միայն ի շահ հայկական սպորտի:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ես փոխնախարար եմ նշանակվել սպորտի բարօրությանն ուղղված աշխատանքներ կատարելու համար: Դրա համար համագործակցում ենք բոլորի հետ, ովքեր ուզում են լավ գործ անել սպորտը զարգացնելու համար: Բոլորի հետ էլ աշխատելու ենք, առավել եւս՝ ՀԱՕԿ-ի: Առանց համագործակցության որեւէ հաջողություն չենք ունենա ու նվաճումների մասին չենք կարող խոսել: Դրա համար սառույցը ոչ թե հալվում է, այլ սառույց առհասարակ չպիտի լինի, վարար ջուրը նույն ակոսով պետք է հոսի:

- 2021-ին սպասում ենք Օլիմպիական խաղերի անցկացմանը: Եթե դրանք հնարավոր լինի կազմակերպել, ՀԱՕԿ-ն ու ԿԳՄՍ-ն պետք է շատ աշխատեն, որպեսզի հնարավոր լինի արդյունքների հասնել: Ի՞նչ ծրագրեր կան խաղերի նախապատրաստման հետ կապված:

- Ֆինանսավորումը սկսվել է, բոլոր հավաքներն անցնում են ծրագրվածի պես, թիմերը պատրաստվում են միջազգային մրցաշարերի, դրանցից հետո կլինեն վարկանիշայինները: Երբ բոլոր ուղեգրերը նվաճվեն, ուժերի գերկենտրոնացում հարկավոր կլինի, մոտավորապես ապրիլի վերջից պետք է միասնական ջանքերով գնանք դեպի Օլիմպիական խաղեր: Մեզ շատ էներգիա է պետք, դրա պակասը չկա, ունենք ֆինասների ու հնարավորությունների խնդիր: Առավոտյան 9-ից շուտ գալիս եմ աշխատանքի ու մինչեւ 7-ը մնում՝ կամ աշխատավայրում եմ, կամ հավաքների անցկացման վայրում, պետք է խնդիրները շուտ լուծենք, որպեսզի հետագայում չանդրադառնան արդյունքների վրա:

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել: 2020-ին ԿԳՄՍ-ն բավական ուշ արձագանքեց սպորտի ոլորտին՝ մարզադպրոցները փակ էին, հավաքականներն էլ չէին կարողանում նորմալ մարզվել: Հիմա ինչպե՞ս կարող ենք դիմակայել համավարակին:

- Եթե չեմ սխալվում, մայիսին ԿԳՄՍ-ն որոշեց վերսկսել մարզումներն ու ահագին ծավալով դրանք կայացան: Մի ընթացք ամեն ինչ փակ էր, բայց հետո մերոնք միջազգային մրցաշարերի էլ մասնակցեցին, տարեվերջին էլ ըմբիշներն Աշխարհի գավաթին մեկնեցին: Մարզադպրոցների առումով խնդիրներ եղան, բայց դա սպորտից կախված խնդիր չէր՝ աշխարհի մասշտաբով էր: Շատ որոշումներ կայացվում են անկախ սպորտի ոլորտի ցանկությունից: Եթե երկիրը որոշում է համավարակի պատճառով ամեն ինչ փակել, մենք ի՞նչ կարող ենք անել: Այլ բան է, որ փորձենք սահմանափակումները մեղմել: Կարող ենք կարանտինային մարզադպրոցներ ու փակ գոտիներ բացել, այնտեղ թույլ տալ միայն մարզիկների եւ մարզիչների մուտքը:

-Մարզադպրոցների մի քանի ամիս չգործելը լուրջ ազդեցություն է թողել պատանեկան ու երիտասարդական սպորտի վրա, առաջիկայում որակյալ կադրերի հետ կապված խնդիրներ ենք ունենալու:  

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Հաղթանակների շարունակական լինելու առաջին պայմանը մարզադպրոցների աշխատանքն է: Ցանկացած մարզիկ մի օր վետերան է դառնում ու հեռանում սպորտից։ Որպեսզի արդյունքները մնան, նրան փոխարինող է պետք: Դրա համար մանկապատանեկան մարզադպրոցներում շատ անելիքներ կան: Մյուս տարվա համար գույքային մեծ ծրագիր ունենք, կփորձենք հագեցնել դրանք ու օպտիմալացնել: Մոտ ապագայում աուդիտ ենք անելու՝ հասկանալու համար, թե ինչ ունենք ու, ըստ այդմ, կկառուցենք մեր հետագա աշխատանքները: Կան մարզադպրոցներ, որոնք միայն թղթի վրա են ու միայն հաստիքներ են բաժանում:

-Ծանր դրության մեջ են հայտնվել նաեւ մարզերի դպրոցները: Իրականում որակյալ կադրերի մեծ մասը հենց այնտեղից պետք է լինի, բայց մարզադպրոցները չեն վերահսկվում ու նորմալ չեն աշխատում:

-Իմ աշխատանքի հիմքում լինելու է ոչ թե վատ մարզադպրոցները փակելը, այլ դրանց որակը բարձրացնելը: Ընկերների մեծ բանակ ունեմ, ովքեր ամբողջովին կաջակցեն իմ աշխատանքին ու կօգնեն լավ արդյունքներ ստանալ: Դրա համար մի քանիսի հետ պայմանավորվածություններ ունենք, որ մարզերում նրանց ֆինանսական աջակցությամբ, առանց պետբյուջեի օժանդակության, նոր մարզադպրոցներ կառուցենք, եղածները նորոգենք, գույք տրամադրենք ու նպաստենք մրցումների մեկնելուն:

-Պարոն Գիլոյան, նշել էիք, որ արտասահման այցեր են նախատեսվում, մի քիչ կմանրամասնե՞ք դրանց մասին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


- Շատ եմ կարեւորում միջազգային կապերն ու համատեղ ուսումնամարզական հավաքները: Դրա համար տարածաշրջանային շատ երկրներ եմ այցելություններ նախատեսում՝ Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Իրան, առայժմ գոնե այդքանը: Պետք է աշխատենք դուրս գալ Հայաստանից, սպորտը չի կարող միայն երկրի ներսում լինել:

-Նաեւ Արցախում եք եղել ու մարզադպրոց վերանորոգել: Արցախի սպորտը զարգացնելու հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:

- Նոր տարուն ընկերներիս աջակցությամբ Մարտակերտի ըմբշամարտի մարզադպրոցը շահագործման հանձնեցի, որը պատերազմի ժամանակ ավերվել էր: Հիմնանորոգեցինք, միկրոավտոբուս ու մարզահագուստ նվիրեցինք: Յուրաքանչյուրիս պարտքն է տեր կանգնել մեր Արցախին:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Առաջնահերթ ցանկանում ենք Արցախում հրաձգարան կառուցել: Պետք է բյուջետային առումով տեսնել, թե ինչ ունենք եւ ովքեր են պատրաստ օգնել մեզ: Եթե Արցախում շենք տրամադրեն, մենք էլ գույք կտանենք, ինչը բավական թանկ է, ինչպես նաեւ մասնագետներ կուղարկենք: Տեղի լավ հրաձիգների հետ էլ նախնական պայմանավորվածություն ունենք: Մյուս մարզաձեւերի հետ կապված էլ պետք է սերտ համագործակցություն լինի: Եթե ուզում ենք Արցախը հայկական մնա, մարդիկ պետք է չգնան այնտեղից: Մնալու համար էլ զբաղվածությունը հավուր պատշաճի բերելու ու մարդկանց գոյությունն արժանավայել կազմակերպելու կարիք կա: Սպորտն էլ դրա մի մասն է, այնպես որ, պիտի շատ գործ անենք ու առանց ուշացնելու:

-Բասկետբոլից էլ խոսենք․ Դուք Եվրասիական լիգայի նախագահն եք, կշարունակե՞ք մնալ այդ պաշտոնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Այո, կմնամ, դա եւս մեկ հնարավորություն է ուժեղացնել եւ լիգան, եւ հայկական սպորտը: Այս տարվա եզրափակիչն ամենայն հավանականությամբ կանենք Երեւանում ու ներկայացուցչական կազմով՝ երեւի 6 թիմ կմասնակցի: Ի վերջո՝ նախորդ տարի ամբողջ Եվրոպայում միակ լիգան էր, որ ավարտեց ելույթներն ու հաղթող ունեցավ: Կփորձենք ամեն ինչ անել, որ մեր ստեղծած եզակի սպորտային կառույցը մնա ու ուժեղանա: Նպատակ ունեմ Եվրասիական երկրների նախարարներին, բասկետբոլի ֆեդերացիայի նախագահներին ու միջազգային ֆեդերացիայից էլ մարդիկ հրավիրել: Ուզում ենք գեղեցիկ մրցաշար կազմակերպել ու ցույց տալ, որ անգամ նման դժվարություններով հանդերձ կարող ենք լավ բան անել:

- Նախկինում նման փորձ ունեցել ենք, երբ ծանր ժամանակներում մարզիկները հեռանում էին Հայաստանից ու սկսում այլ երկրներ ներկայացնել: Հիմա կա՞ նման մտավախություն:

- Դա շատ լուրջ խնդիր է ու, ցավոք, մտավախություն կա: Պիտի փորձենք այլընտրանքային գումարի հաշվին խրախուսել, որ չգնան: Ի վերջո՝ մարդկանց հետ խոսել է պետք ու ասել, որ իրենք էլ այս երկրի մի մասնիկն են ու մեխանիզմի մի անիվը, պետք է կոչ անել միասին պտտել այն: Հասկանում եմ, որ պրոֆեսիոնալ մարզիկներն այլ տարբերակ չունեն ու միայն սպորտի միջոցով են գումար վաստակում, նրանք պիտի չեմպիոնին վայել ապրեն: Պետք է խնդրենք, որ իրենք էլ հասկանան, ի վերջո, երկիրը հիմա է այս վիճակում, բայց լավ օրեր են գալու: Հավատանք ու մի փոքր համբերությամբ լցվենք, պետականամետ մտածողությամբ լինենք, երկիրը մենք պետք է կառուցենք: Եկեք բոլորս էլ մեզ կարեւոր էլեմենտ համարենք ու ամեն մեկն իր դերը կատարի:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին