Հոկտեմբեր 13, 2024
exclusive
26991 դիտում

Դավիթ Խիթարյան. Դիմորդն ընտրում է մեր ԲՈՒՀ-ը, որովհետեւ սիրում է սպորտը

 Դավիթ Խիթարյանը
Դավիթ Խիթարյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Առջեւում ընդունելության քննություններն են, իսկ կորոնավիրուսը շարունակում է փակ պահել կրթական հաստատությունների գործունեությունը:

Mediamax Sport-ի զրուցակիցն է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: Նա ունի ԲՈՒՀ-ի զարգացման հստակ տեսլական եւ նպատակադրված է հաստատությունը դարձնել այն կրթօջախը, ուր պիտի գան միայն որակյալ կրթություն ստանալու նպատակով:


-Պարոն Խիթարյան, մեր զրույցը սկսենք փոփոխություններից։ Վերջերս ԲՈՒՀ-ը հայտարարեց ռեբրենդինգի մասին, ինչի արդյունքում ունեք նոր լոգո ու նոր դեմքով եք ներկայանում: Արդյո՞ք սա  նախանշում է կրթական գործընթացների արդիականացման մեկնարկը, պատմեք ակնկալվող բովանդակային փոփոխությունների մասին։

 -Ինստիտուտը, լինելով սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի ոլորտում միակ մասնագիտական պետական կրթական հաստատությունը, կարծես թե հեռացվել է թելադրողի կամ քաղաքականությունը մշակողի դերից, եւ երկրում մեր ոլորտի հետ կապված  շատ հարցեր են լուծվել, առանց ԲՈՒՀ-ի մասնագիտական կարծիքը հաշվի առնելու: Ես կարծում եմ, որ մեղավորությունը նաեւ ԲՈՒՀ-ինն է: Այսօր դիրքավորվելով որպես նորարարություններին ուղղված կրթական հաստատություն՝ մտադիր ենք լինել սպորտի եւ կրթության ոլորտում ընթացող գլոբալ փոփոխությունների առաջնագծում, եւ հստակ քայլեր ենք անում այդ ուղղությամբ:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեր հիմնական առաքելությունը բարձրագույն որակյալ կրթության ապահովումն է: Դա ենթադրում է ԲՈՒՀ-ի զարգացում բոլոր ուղղություններով՝ կրթական, հետազոտական, միջազգային կապերի ու տեխնիկական հագեցվածության եւ ներքին միջավայրի արդիականացման: Առաջին քայլերն արել ենք կրթական ծրագրերի, ուսումնական պլանների բարեփոխման եւ դասախոսական կազմի կատարելագործման համար: Սակայն  որակյալ կրթության ապահովման գործում մեծ է նաեւ տեխնիկական հագեցվածության դերը, միջավայրի արդիականացումը, լսարանային գույքի նորացումը, գրադարանային ֆոնդի թվայնացումը, որոնք նույնպես մեզ մոտ չլուծված խնդիրներ են:

Այժմ  ներդնում ենք պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման ծրագրեր: Մեզ համար այսուհետ կարեւոր է լինելու ոչ միայն ակադեմիական գիտելիքը, այլեւ գիտական հոդվածների եւ հետազոտությունների կիրառելիությունը: Ինչ վերաբերում է ուսանական գործընթացներին, ԲՈՒՀ-ը նոր նշաձող է սահմանում` քննությունների անցկացման կարգում մտցնելով  լուրջ փոփոխություններ: Այս տարի փորձ արվեց քննություններն անցկացնել գրավոր եւ ծածկագրված: Առաջին հերթին ապահովեցինք մրցակցություն, ուսանողներ եղան, որ վճարովի ուսուցման համակարգից անցան անվճար եւ հակառակը: Այս ձեւաչափը լիովին կներմուծենք աստիճանաբար: Կարծում եմ ԲՈՒՀ-ն ունի սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի ոլորտում արդիական կրթություն ապահովող տարածաշրջանային նշանակության հաստատություն դառնալու բոլոր հնարավորությունները՝ դասավանդման ու ուսումնառության ուսանողակենտրոն միջավայրով:

Լուսանկարը` Անձնական արխիվից


-Խոսեցիք պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների մասին: Նախատեսո՞ւմ եք աշխատավարձերի բարձրացում:

- Այո, պլանավորում ենք: Միանշանակ, ցանկացած բնագավառում շատ կարեւոր է մոտիվացված լինելը, իսկ ցածր աշխատավարձով ակնկալվող  արդյունքը չես ստանա: Եթե ցանկանում ես թիմում ունենալ արհեստավարժ մասնագետ` պրակտիկ հմտություններով, պետք է նաեւ աշխատավարձը լինի  համապատասխան: Մենք ունենք ներուժ, այս տարի իրականացրել ենք շուկայի ուսումնասիրություն, ըստ այդմ նախատեսել ենք նոր ամբիոնի բացում, նոր մասնագիտացում եւ նոր մագիստրոսական  ծրագիր՝  «Սպորտային տուրիզմ»: Դասախոսական  կազմում կան մարդիկ, որոնք ակտիվ են տուրիզմի շուկայում` լեռնագնացության ու ալպինիզմի: Մեր համագործակցությունը մասնագետների հետ արդյունավետ ստացվեց եւ  հետաքրքրվածները  նորաբաց ամբիոնով եւ նոր մասնագիտացմամբ շատ են:

- Կորոնավիրուսով պայմանավորված մոտ երկու ամիս է, ինչ դասերն ընթանում են հեռավար ձեւաչափով։ Դասերին ուսանողների ընդգրկվածությունն ինչպի՞սնն է եւ ի՞նչ հիմնախնդիրների առջեւ կանգնեց ԲՈՒՀ-ը:

-Կորոնավիրուսն անսպասելի ներխուժեց մեր կյանք, եւ կաթվածահար եղավ ողջ կրթական համակարգը: Համավարակը մեզ ցույց տվեց, թե որքան անպատրաստ էինք գալիք փորձություններին: Մենք հասկացանք, որ շատ կարեւոր է ունենալ ԲՈՒՀ-ում հեռավար ուսուցման համակարգ, մենք պարտադրված անցանք հեռավար ուսուցման շատ կարճ ժամանակում, մասնագիտական վերապատրաստման միջոցով, կարողացանք հասնել նրան, որ ուսանողության ճնշող մեծամասնությունը կարողացավ  հեռավար կրթություն ստանալ:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հեռավար դասերի անցկացման հիմնական հարթակը «Zoom»-ն է, սակայն այլ հնարավոր հարթակներ նույնպես օգտագործվում են: Նշեմ, որ հիմա մշակվում է հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր: Սեպտեմբերից այն բարձրակարգ մարզիկները, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ակումբներում, հաճախ են լինում  մարզումների եւ դասերին մասնակցությունն էլ քիչ է,  հնարավորություն կունենան բարձրագույն կրթություն ստանալ հեռավար՝ առանց ԲՈՒՀ-ի տարածքում գտնվելու վիդեոդասախոսություններ լսել:

-2020 թ.-ի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը ԲՈՒՀ-ի ուսանող է։ Հայտնի մարզիկներից էլ ովքե՞ր են ուսանում ՀՖԿՍՊԻ-ում։

- Բավականին շատ են, եթե սկսեմ թվարկել, շատ երկար  ցանկ կստացվի: Մեզ մոտ սովորում են չեմպիոններ, գավաթակիրներ, հայտնի ըմբիշներ ու ծանրորդներ, մարմնամարզիկներ, սամբոյի եւ ձյուդոյի մեդալակիրներ: Նաեւ այս շատ ուրախալի փաստը նշեմ, որ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ուսումը շարունակում է մեր ԲՈՒՀ-ի մագիստրատուրայում: Մարզիկները իրենց կարիերային զուգընթաց նաեւ  կարեւորում են տեսական  գիտելիքները:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեզ մոտ սովորում են ոչ միայն բարձրակարգ մարզիկներ, այլեւ ապագա կինեզիոլոգներ, փրկարարներ, մարզական լրագրողներ: Մեծ է ուրախությունս , երբ տեսնում եմ, որ թվարկածս մասնագիտական ոլորտները համալրվում են մեր շրջանավարտներով: 

-Ամիսներ առաջ ՀՖԿՍՊԻ-ում բացվեց ներառական լսարան։ Խոսենք։ Խոսենք իրականացվող ներառական կրթության մասին:

- Մենք պետք է կրթական համակարգի ներառականության ապահովմանն ուղղված բարեփոխումների կրողը դառնանք: Հենց այդ քայլերից մեկն էլ ներառական լսարանի բացումն էր ՀԱՕԿ-ի օգնությամբ: Սա քայլ էր ուղղված ֆիզիկական մատչելիության նոր նշաձող սահմանելուն, բայց միայն դա բավարար չէ: Քայլեր ենք ձեռնարկում նաեւ ծրագրային, սոցիալական մատչելիության եւ ակադեմիական ներառականության ուղղությամբ:

Մեր հաջորդ թիրախը լսողության եւ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար պայմանների ստեղծումը կլինի: Համագործակցում ենք Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ: Այժմ էլ մեզ մոտ սովորում են հաշմանդամություն ունեցող շատ ուսանողներ, բազկամարտի աշխարհի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը սովորում է ադապտիվ ֆիզիկական կուլտուրա մագիստրոսական ծրագրում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ի դեպ, պատրաստում ենք մասնագետներ, որոնք իրականացնում են ներառական կրթություն ֆիզիկական կուլտուրայի ոլորտում: Շատ կարեւոր է , որ առողջական  խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատեն ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ոլորտում որակավորում ստացած մասնագետները:


-Մայիսի 25-ից գործարկվել է նոր կայք, որտեղ դիմորդները լրացնում են օնլայն դիմում։ Տասնյակ ԲՈՒՀ-ից ինչո՞ւ պետք է դիմորդը ընտրի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը։

-ԲՈՒՀ-ն ուսանողին նախապատրաստում է աշխատանքային գործունեության ու մասնագիտական առաջընթացին: Դիմորդն ընտրում է մեր ԲՈՒհ-ը, որովհետեւ սիրում է սպորտն ու մարզումներով հագեցած ակտիվ ուսանողական կյանքը: Սպորտի մարքեթինգ, կառավարում, հոգեբանություն, լրագրություն, ադապտիվ ֆիզիկական կուլտուրա՝ այս ամենը հենց մեզ մոտ է: Մեր առաջ խնդիր ենք դրել ոչ միայն որակյալ մասնագետներ պատրաստել, այլեւ փոխանցել այնպիսի արժեքներ, որոնց արդյունքում կունենանք արժանապատիվ եւ բազմակողմանի զարգացած, հայրենիքը սիրող քաղաքացիներ: Գաղտնիք չէ, որ ուսանողների թիվն օրինաչափորեն կրճատվում է, ուստի պետք է կարողանանք այդ պայմաններում զարգացնել ԲՈՒՀը, համակերպվել նոր պահանջներին, իսկ դրա միակ լուծումը որակյալ կրթություն ապահովելը եւ լավագույնը լինելն է:

Մերի  Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին