Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի, դրան զուգահեռ զարգացնելով նաեւ հայաստանյան համագործակցությունները:
Ինստիտուտի ռազմավարական զարգացման ուղղությունների վերաբերյալ Mediamax Sport-ը զրուցել է ՀՖԿՍՊԻ արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի հետ:
-Տիկին Նուշիկյան, նախ եկեք խոսենք ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռազմավարական զարգացման մասին: Ի՞նչ նորություններ ունեք սրա հետ կապված:
-Մեր ինստիտուտի ռազմավարական զարգացման ուղղությունները միտված են ԲՈւՀ-ի միջազգայնացման եւ մասնագիտական կրթական ծրագրերի ակտիվացմանը: Մենք այս ուղղություններով կատարած բազմաթիվ աշխատանքներ ունենք:
Բերեմ Հնդկաստանի «Սպորտային ակադեմիաների ասոցիացիայի» («SPAA INDIA») հետ ձեւավորված հաջող համագործակցության օրինակը: Անցած տարվա սեպտեմբերին մեր պատվիրակությունը մասնակցեց «SPAA INDIA»-ի կողմից կազմակերպված «Սպորտ Հնդկաստան 2019» միջազգային ցուցահանդեսին, որտեղ էլ ձեռք բերված նախնական պայմանավորվածության եւ հետագայում՝ մեր ԲՈւՀ-ի միջազգային եւ գիտատեղեկատվական կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքի շնորհիվ, նախանշվեցին համագործակցության հետագա ուղղությունները:
Համատեղ ծրագրերից մեկով նախատեսվում էր ապրիլին Երեւանում հյուրընկալել մեր հնդիկ գործընկերներին, որոնց համար կազմակերպվելու էր «Սպորտի կառավարում» մագիստրոսական ծրագրի գիտագործնական պրակտիկան: Ցավոք, կորոնավիրուսի համավարակի պատճառով այցը չկայացավ:
Լուսանկարը` Անձնական արխիվից
«SPAA INDIA»-ի հետ իրականացվելիք մեկ այլ հաջողված ծրագրի մասին էլ ասեմ, որով հնդիկ մագիստրոսների մասնակցությամբ կկազմակերպվեն առցանց հեռավար միջազգային դասընթացներ՝ «Սպորտային ֆիզիկական թերապիա» թեմայով: Ծրագրել ենք, որ դասընթացները լինեն շարունակական: Ակնկալում ենք, որ դրանց կներգրավենք նաեւ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչների:
2020-2021 թթ. ուսումնական տարում նախատեսում ենք կազմակերպել հնդիկ դիմորդների ընդունելություն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական ինստիտուտի մագիստրատուրայում՝ «Սպորտի կառավարում» կրթական ծրագրով:
-Բացի Հնդկաստանի հետ համագործակցությունից, միջազգային համագործակցության ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք նշել:
Լուսանկարը` Անձնական արխիվից
-Մենք աշխատում ենք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի որոշ համալսարանների հետ: Ցավոք, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը փոխում է մարդու կենսակերպը՝ ազդելով նաեւ նրա հենաշարժողական համակարգի վրա։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի հետ իրականացվող «Տեղեկացված սերունդ, առողջ սերունդ» ծրագրով նախատեսվում է հետազոտել դպրոցահասակ երեխաների հենաշարժողական համակարգի ֆունկցիոնալ վիճակը եւ մշակել դրա վատթարացումը կանխող կամ շտկող միջոցառումների շարք: Այդ ամենը պետք է կազմակերպել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հավելվածների համար մշակված ինտերակտիվ խաղերի միջոցով: Այս փուլում թիրախավորելով դպրոցահասակներին՝ հետագայում նախատեսում ենք ծրագիրը կիրառել բոլոր տարիքային խմբերի համար: Հավելվածների մշակման համար համագործակցելու ենք Թումոյի եւ Սինոփսիսի մասնագետների հետ:
-Փորձե՞լ եք այլ երկրների հետ համագործակցել Հայաստանում գործող դեսպանատների միջոցով:
-Այո: Օրինակ բերեմ Ճապոնիայի դեսպանատանը: Բոլոր ժամանակներում հանրության տարբեր շերտերում կա բուլինգի երեւույթը, երբ իրենց լիդեր համարողներն, առաջնորդվելով անձնային առաջնահերթություններով, մյուսներին նսեմացում են կամ արժանապատվությունը վիրավորում:
Մեր ինստիտուտի մասնագետների կողմից մշակված ծրագրերից մեկով առաջարկելու ենք հանրակրթական դպրոցների ֆիզիկական դաստիարակություն առարկայի ուսումնական ծրագրերում որպես բուլինգի կանխարգելման եւ շտկման միջոց կիրառել ճապոնական բուդո մարզաձեւերը: Այս ծրագիրն իրականացվելու է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ համագործակցությամբ:
Լուսանկարը` Անձնական արխիվից
-Տիկին Նուշիկյան, ձեր ինստիտուտի հիմնական առաքելությունը մարզիչ-մանկավարժներ պատրաստե՞լն է:
-Այո, եւ մեր նպատակն է պատրաստել հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրա առարկայի այնպիսի ուսուցիչներ, որոնք մրցունակ են եւ համապատասխանում են կառավարության կողմից որդեգրած առաջնահերթություններին: Շատ է խոսվել հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Այս ուղղությամբ մենք նույնպես փոփոխություններ ենք իրականացրել կրթական ծրագրերում, եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտն ավարտած եւ մարզիչ-մանկավարժի որակավորում ստացած մասնագետներն այսուհետեւ կարող են դպրոցներում դասավանդել նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող եւ հատուկ բժշկական խմբերի (ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող) աշակերտներ ունեցող դասարաններում: Ցավոք, այս երեխաները նախկինում անարդարացիորեն ազատվել են ֆիզկուլտուրա առարկայից եւ դասերին չեն մասնակցել: Մեր ռազմավարությունը հենց այդ սխալը շտկելն է:
Լուսանկարը` Անձնական արխիվից
-Բացի միջազգային համագործակցության օրինակներից, ինչպիսի՞ հարաբերություններ կան ձեւավորված հայաստանյան գործընկերների հետ
-Ցանկանում եմ հպարտությամբ տեղեկացնել Պաշտպանության նախարարության հետ կնքած համագործակցության հուշագրի մասին: Դրա շրջանակներում կազմակերպելու ենք ՊՆ ֆիզպատրաստության պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ: Պաշտպանության նախարարության հետ համագործակցության հետագա ծրագրերից մեկն էլ վերաբերելու է անձի անվտանգության ապահովման համատեքստում զինակոչիկների հարմարման բժշկակենսաբանական գործոնների ուսումնասիրմանը: Համակողմանի ուսումնասիրություններ են իրականացվելու զինվորական ծառայության ընթացքում զինվորների առողջության պահպանման ուղղությամբ, տրվելու են դրա գիտական հիմնավորումները, կատարելագործման ուղղությունները:
Նախատեսում ենք ֆիզպատրաստության պատասխանատուների վերապատրաստման դասընթացների ծրագիրը տեղայնացնել նաեւ մյուս ուժային կառույցների համար՝ ըստ անհրաժեշտության ընդգրկելով նաեւ այդ կառույցների հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներին:
-Եւ վերջում, կա՞ն ծրագրերի, որոնք մասին չխոսեցինք, բայց կցանկանայիք նշել:
-Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի սպորտի պետական ինստիտուտն առաջին անգամ դիմել ենք Erasmus+ միջազգային ծրագրերին եւ հնարավոր է մասնակցենք Erasmus+-ի FOCOS եւ ARI-net ծրագրերին: Դրանցից առաջինը, որն, ի դեպ, համակարգում է Երեւանի պետական համալսարանը, ուղղված է ԲՈւՀ-երի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական կոմպետենցիաների ձեւավորմանը եւ զարգացմանը: ARI-net ծրագիրն իրականացվելու է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ եւ միտված է հետազոտական ինտեգրման ցանցի ստեղծմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: