Դեկտեմբեր 26, 2024
exclusive
76339 դիտում

Հրաչյա Ռոստոմյան. Պետք է բոլորս կարողանանք գնահատել մեր մարզիկներին

Հրաչյա Ռոստոմյանը
Հրաչյա Ռոստոմյանը

Լուսանկարը` Photolure


Սեպտեմբերին կայացած Աշխարհի երեք առաջնություններում հայ մարզիկները 7 մեդալ նվաճեցին: Սպորտային տարին հագեցած էր նաեւ Օլիմպիական ուղեգրերի համար պայքարով:

2019-ի ձեռքբերումների, կատարած աշխատանքների, դոպինգի հետ պայքարի ու 2020-ի Օլիմպիական խաղերում լավ հանդես գալու մասին Mediamax Sport-ը խոսել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

- Պարոն Ռոստոմյան, եկեք սկսենք ծանրամարտից: Դուք մեկնել էինք Պատտայա ու ներկա եղաք IWF-ի համաժողովին: Ի՞նչ նոր ու Հայաստանի համար նշանակալից որոշումներ կայացվեցին:

-Այս համաժողովի ժամանակ միջազգային ֆեդերացիան շատ խիստ էր դրել դոպինգի խնդիրը: Նախորդ տարիների դառը փորձը կախված էր ֆեդերացիայի գլխին, Օլիմպիական ընտանիքից վտարվելու վտանգ կար: 

IWF-ն կտրուկ քայլերի գնաց, չկանգնեց ոչնչի առաջ, հաշվի չառավ երկրների մեծությունն ու հզորությունը, արեց հնարավորինն ու ամեն անհրաժեշտը դոպինգի հետ պայքարելու համար: Նախկին Աշխարհի առաջնություններում միշտ որակազրկվող մարզիկներ էին լինում, հիմա իրավիճակը փոխվել է:

Թաիլանդում անցկացված Աշխարհի առաջնությունում ոչ մի տեղացի մարզիկ չմասնակցեց, նրանք էլ ուժեղ են, Օլիմպիական խաղերի ու Աշխարհի մեդալակիրներ ունեն, բայց ավելի քան 10 հոգի դոպինգ էր ընդունել, ինչի պատճառով զրկվեցին ԱԱ-ից:

Հրաչյա Ռոստոմյանը Հրաչյա Ռոստոմյանը

Լուսանկարը` PAN Photo


-Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ 2017-ին մեկ դրական փորձանմուշ է ունեցել: Ի՞նչ հետեւություններ են արվել դրանից հետո ու աշխատանքներ իրականացվել:

-Մենք նորից պատժվել ենք, բայց կարեւորն այն է, որ ի տարբերություն շատ երկրների, շուտ հասկացանք, որ դոպինգն ապագա չունի սպորտում, սկսեցինք «մաքրման» աշխատանքները: Վերջին 5 տարիներին միայն մեկ դրական դեպք ենք ունեցել՝ Սոնա Պողոսյանինը, այն էլ բողոքարկել ենք, դեռ վերջնական չէ որոշումը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, ՀԱՕԿ-ն ու հակադոպինգային կոմիտեն համատեղ կարողացան այդ չարիքը վերացնել: Այս պայքարում ամենօրյա աշխատանք է պետք տանել: Մարզիկներն ու մարզիչներն աստիճանաբար հավատացին, որ առանց դոպինգ հնարավոր է արդյունքներ գրանցել, պարզապես պետք է շատ մարզվել: Եթե նախկինում 1-2 ժամ էին պարապում, հիմա դահլիճում 4-5 ժամ են անցկացնում: Մարզում, սնունդ, բժշկություն՝ այս ամենի հաշվին է հնարավոր դառնում արդյունքներ ապահովել:

-Ծանրամարտի Աշխարհի առաջնությունն ամենաստացվածն էր՝ 4 մեդալ ունեցանք, որոնցից 2-ը ոսկե: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

- Շատ լավ Աշխարհի առաջնություն էր, մեր բոլոր մեդալակիրներին էլ շնորհավորում եմ, բայց առանձնահատուկ ուզում եմ բրոնզե մեդալ նվաճած Ռուբեն Ալեքսանյանին առանձնացնել: Սրտանց ուրախ եմ նրա համար, որ այդքան տարի պայքարել է, չնայած բազում վնասվածքներին՝ ոտքի, ուսի, մեջքի, ու կարողացել Աշխարհի առաջնությունում մեդալ ունենալ: 

Լուսանկարը` news.cn


-Ի՞նչի շնորհիվ հնարավոր եղավ ծանրամարտն այսքան մրցունակ դարձնել բոլոր տարիքային հավաքականներում:

-Հիմա ծանրամարտում ամեն ինչ սահուն է ընթանում, որովհետեւ երբ ֆեդերացիայի վերահսկողությունն անցավ կոմիտեին, Փաշիկ Ալավերդյանի հետ պայմանավորվեցինք, որ պատանեկան հավաքականից մինչեւ մեծահասակները վերահսկի մարզումային ողջ գործընթացը: Նա հետեւում է մարզիչներին, խորհուրդներ տալիս, թիմերը միասնական սկզբունքներով են աշխատում: Երբ պատանիները հասնում են մեծահասակների թիմ, այլեւս չեն շտկում իրենց տեխնիկան, պարզապես սկսում են ավելացնել մարզումների ծավալն ու ծանրաբեռնվածությունը, զրոյից աշխատանք չի տարվում:
Հավաքականների մարզիչներն աշխատում են, մարզադպրոցներն արդյունք են տալիս: Սերնդափոխությունն էլ սահուն է ընթանում, անձնական մարզիչներն էլ արտասահմանյան հավաքներին ու մրցումներին ներկա են լինում: Դա օգնում է զարգանալ ու առաջ գնալ:

-Մեր մարզիկները մեդալներ են նվաճում հիմնականում ծանր քաշային կարգերում, իսկ թեթեւներում ինչո՞ւ դեռ այդքան էլ ուժեղ չենք:

-81 կգ-ից սկսած բոլոր քաշային կարգերում առաջատար մարզիկներ ունենք: 10 քաշային կարգերից նվազագույնը 4-ում ուժեղների թվում ենք ու մեդալներ ենք նվաճում: Պարադոքսալ է, որ թեթեւ քաշերում ենք թույլ, ԽՍՀՄ-ի տարիներին հակառակ պատկերն էր: Հիմա նաեւ թեթեւ քաշայինների հետ աշխատող մարզիչներ կան, որոնք դեռ Եվրոպայի մակարդակով են մրցունակ սաներ տալիս: Այդ քաշային կարգերում շատ գործ կա կատարելու, որ Աշխարհում էլ մեդալային պայքարին կարողանանք մասնակցել:

-Անցնենք ըմբշամարտին: Հունահռոմեական ու ազատ ոճի առաջնությունում ունեցանք ընդամենը 2 մեդալ ու 2 ուղեգիր: Որքանո՞վ եք գոհացուցիչ համարում այդ արդյունքը:

Լուսանկարը` UWW


-Հունահռոմեականները բավարար ելույթ ունեցան, ազատ ոճայինների դեպքում որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ 1 ուղեգիր էիք կանխատեսել: Սուտ կլինի ասել, որ նրանք Աշխարհի առաջնությունը ձախողել են, քանի որ ավելին չէինք էլ ակնկալում: Այ, հունահռոմեականների դեպքում ավելին էինք սպասում: Շատ ուրախացանք, որ Արթուր Ալեքսանյանը կրկին գորգ վերադարձավ, 4 ծանր գոտեմարտ ունեցավ դժվար մրցակիցների հետ: Թեեւ բոլորն էլ ուժեղ էին, բայց կարողացավ հաղթել: Վստահ ենք, որ ըմբիշները վարկանշային մրցաշարերով կկարողանան ուղեգրեր նվաճել: Նվազագույն առաջադրանք է հունահառոմեական ըմբշամարտում եւս 1 ուղեգիր ավելացնել, ազատում՝ 2:

Ազատ ոճի ըմբշամարտում աշխատանքներն անընդհատ տարվում են: Պատանեկան ու երիտասարդական թիմերում հեռանկարային տղաներ ունենք, ովքեր կկարողանան համալրել ազգային հավաքականը: Հունահռոմեական ոճում եւս Օլիմպիական խաղերից հետո սերնդափոխության կարիք կլինի: Չնայած կարծում եմ, որ Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը եւ այլ երիտասարդներ կփոխարինեն մյուսներին:

Լուսանկարը` UWW


-Պարոն Ռոստոմյան, ի՞նչ կասեք ձյուդոյի մասին: Այստեղ եւս վարկանիշ դեռ չունենք, իսկ այն նվաճել կարող է միայն մեկ մարզիկ:

-Կարծում եմ, որ Ֆերդինանդ Կարապետյանը մոտ է ուղեգիր նվաճելուն ու կկարողանա լուծել այդ խնդիրը: Այս տարի նա հանդես եկավ Եվրոպական խաղերում, մրցավարներն այդքան էլ լավ չդատեցին նրա մենամարտը: Բայց պետք չէ ամեն ինչ բարդել նրանց վրա, քանի որ Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ այդ նույն մրցավարներն էին աշխատում, Ֆերդինանդը չեմպիոն դարձավ: Սա նշանակում է, որ այս տարի նա այդքան էլ լավ չէր պատրաստվել: Այնպես որ, պետք է լուրջ աշխատել ու ավելի տրամադրված մոտենալ Օլիմպիական խաղերին:

-Մարմնամարզության թիմն այս պահին մեկ ուղեգիր ունի, բայց պայքարը դեռ շարունակվում է:  Գրանցած վերջին ցուցանիշներն ինչպե՞ս եք գնահատում:

-Մարմնամարզության ֆեդերացիան եզակիներից է, որտեղ արհեստականորեն խնդիրներ չեն առաջանում ու այն բավական լավ վիճակում է: Թերեւս բացատրությունն այն է, որ երկու մասնագիտացած դպրոց ունենք, եւ մարզիչները կենտրոնացած են այնտեղ: Գլխավոր մարզիչ Հակոբը Սերոբյանը վերահսկում է ամեն ինչ ու բարձր մակարդակի վրա է պահում աշխատանքները:

Այո, ուղեգիր այս պահին ունի միայն Արթուր Դավթյանը, բայց Արթուր Թովմասյանը եւս շանսեր ունի նվաճելու: Հաշվի առնելով թիմի տրամադրվածությունը՝ վստահ եմ, 2-3 վարկանիշ կունենանք ու դատարկ չենք վերադառնա Տոկիոյից:

Լուսանկարը` FIG


-Բռնցքամարտից չխոսել չենք կարող: Պարոն Ռոստոմյան, մեկ տարուց ավել է, որ ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի միջեւ տարաձայնությունները չեն ավարտվում: Սա, միանշանակ, ազդում է մարզիկների վրա, որոնց Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու քիչ ժամանակ է մնացել: Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը:

-Հուսամ դեկտեմբերին ամեն ինչ կավարտվի: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը դիմել է Լոզանի արբիտրաժային դատարան, գործն ընթացքի մեջ է: Իսկ ԱԻԲԱ-ի գլխավոր ասամբլեան լինելու է դեկտեմբերին, դրանից հետո եւս շատ բաներ կհստակեցվեն:

Միջազգային Օլիմպիական կոմիտեն ԱԻԲԱ-ին զրկել է միջազգային ճանաչումից եւ բոլոր հարցերը կարգավորում են Ազգային կոմիտեները: Դեկտեմբերի 10-ից հետո կանցկացնենք Հայաստանի բաց առաջնությունը, կորոշվեն հավաքականի առաջին համարները, ովքեր էլ մարզումներ կանցկացնեն ու կպայքարեն ուղեգրերի համար:

Կարծում եմ, որ բոլոր բռնցքամարտիկներն էլ պետք է մասնակցեն առաջնությանը, բացառություն, թերեւս, հնարավոր է անել Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի համար: Սակայն եթե ինքը ցանկանա ելույթ ունենալ, ոչ մի խնդիր էլ չի լինի:

Բոլոր տղաներն էլ մերն են, նրանց մեջ տարբերություն երբեք չենք դնում, արդար ճանապարհը սա է, թող պայքարեն ու որոշեն, թե ով պետք է երկիրը ներկայացնի:

Լուսանկարը` AIBA


-Ավելի վաղ հայտնել էիք, որ ՀԱՕԿ-ը հրաժարվելու է սպիտակ քարտերից: Արդյո՞ք այդ որոշումը չի խանգարի այն մարզաձեւերին, որոնք չեն կարող ինքնուրույն ուղեգրեր նվաճել:

-Քանի ուղեգիր նվաճենք, այդքան հոգով էլ մեկնելու ենք Օլիմպիական խաղեր: Եթե մարզիկը չի կարողանում առաջնությունում կամ վարկանշային մրցաշարում ուղեգիր ձեռք բերել, հետեւաբար խաղեր էլ պետք է մեկնի պարզապես մասնակցության համար: Նախորդ տարիներին մենք սպիտակ քարտեր ենք վերցրել, բայց հիմա չենք անի: Ավելի լավ է օգնենք այդպիսի մարզաձեւերին կամաց-կամաց զարգանալ ու մրցակցային դառնալ, որպեսզի որոշ ժամանակ անց նրանք ինքնուրույն նվաճեն Օլիմպիական խաղեր մեկնելու իրավունք: Սպիտակ քարտեր այս անգամ կտրամադրենք միայն այն մարզաձեւերի ներկայացուցիչներին, որոնց վարկանշային մրցումները Բաքվում են: Դրանք հրաձգությունն ու մարմնամարզությունն են:

-Ինչպիսի՞ն է մեր սպորտային պոտենցիալն ու ո՞ր մարզիկների վրա կարող ենք հետագայում հույս դնել:

-Շատ լավ մարզիկներ ունենք տարբեր մարզաձեւերում: 2004-2005 թվականներին անգամ Եվրոպայի առաջնության մեդալակիրը կարող էր Լավագույն մարզիկների տասնյակում 1-ինը լինել: Հիմա պատկերն էականորեն փոխվել է՝ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ունենք, մեդալակիրներ: Սիմոն Մարտիրոսյանի պես ուժեղ մարզիկ աշխարհում չկա, Գոռ Մինասյանն է հսկայական աճ գրանցել, նրա բարձրացրած կիլոգրամներով 2016-ին Օլիմպիական չեմպիոն էին դառնում: Նա Լաշա Տալախաձեի հետ թեժ մրցակցություն է ծավալելու 2020-ի Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` IWF


Չմոռանանք Արթուր Ալեքսանյանին, որով սկսվեց մեր սպորտային մեծ վերելքն ու շատ մարզիկներ ոգեշնչվեցին նրա արդյունքներով: Շատ տաղանդավոր մարզիկներ ունենք՝ Հակոբ Մկրտչյան, Հովհաննես Բաչկով, Արթուր Հովհաննիսյան, Արման Դարչինյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Շահինյան, բոլորն էլ խոշոր մրցումների մեդալակիրներ են, բոլորին նշել հնարավոր չէ: Պետք է բոլորս պարզապես կարողանանք գնահատել մեր մարզիկներին:

-Մեր զրույցը եկեք ավարտենք հաջորդ տարվա ծրագրերից խոսելով: Շատ կարեւոր փուլ ենք թեւակոխում, աշխատանքներն արդեն հստակեցվե՞լ են:

-ՀԱՕԿ-ը ֆեդերացիաների հետ նախապատրաստական աշխատանքները սկսել է, բայց ամեն ինչ կախված է ուղեգրերի վերջնական թվից: Կսկսվեն ուսումնամարզական հավաքները, մարզիչները կորոշեն, թե ինչ ծրագրով եւ որտեղ են ընթանալու դրանք: Արդեն ձեւավորված շտաբ ունենք, որը լավ կկատարի իր առջեւ դրված աշխատանքը, եւ բարձր մակարդակով կմոտենանք Օլիմպիական խաղերին:

Հրաչյա Ռոստոմյանի հետ զրուցել են Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին