Նոյեմբեր 24, 2024
exclusive
34968 դիտում

Արսեն Ջուլֆալակյան. Երբեք թույլ չեմ տա սպորտի նկատմամբ ոտնձգություններ լինեն

Արսեն Ջուլֆալակյանը
Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ամբողջ օրը պլանավորած է: Մինսկում հավաքների է մասնակցել, վերադառնալուց հետո ԱԺ-ում նիստերի ներկա եղել ու կիսատ գործերն ավարտին հասցրել, իսկ այս շաբաթ արդեն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է մարզումների վրա: Մի քանի օրից նա Հայաստանի հավաքականի հետ մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը:

Այս անգամ Ջուլֆալակյանի հետ հանդիպումն Ազգային ժողովում էր, նա պատմել է պատգամավորական աշխատանքի առանձնահատկությունների, սպորտին մեծ ուշադրություն դարձնելու ու ամեն ինչ հասցնելու մասին:

- Արսեն, արդեն մի քանի ամիս է մարզումները համատեղում ես ԱԺ-ի պատգամավորի աշխատանքի հետ: Ո՞նց հարմարվեցիր նոր պարտականություններիդ հետ:

-Շատ հետաքրքիր աշխատանք է, բայց նաեւ չափազանց ծանրաբեռնված, հատկապես նիստերի օրերն են հագեցած: Վերջերս հավաքականի հետ երկշաբաթյա հավաքի էի Մինսկում, բախտս բերեց, որ այդ ընթացքում նիստեր չկային ու չբացակայեցի: Աշխատանքները դրսից էլ օգնականիս հետ կազմակերպում էի, բայց նիստերից չեմ ցանկանում բացակայել: Այս ամիսների ընթացքում բավական հարմարվել եմ, ամեն ինչի սկիզբն է դժվար, երբ պատասխանատվությունը մեծ է լինում, հետո հունի մեջ ես ընկնում ու ավելի հանգիստ գործում:

Արսեն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


 -Իսկ հե՞շտ է լինել գործող մարզիկ ու զբաղվել քաղաքականությամբ:

- Փորձում եմ բալանսավորել աշխատանքս ու ըմբռնումով մոտենալ: 1 տարի է պետք դիմանալ՝ մինչեւ Օլիմպիական խաղերը: Փորձում եմ այնպես անել, որ երկուսն էլ չտուժեն, քանի որ շատ կարեւոր ու մեծ նպատակների համար են: Աշխատում եմ հավասար մոտեցում ցուցաբերել:

- Բայց կարեւոր մրցաշարերից առաջ երեւի առաջնայինը սպո՞րտը կլինի:

- Բնականաբար: Մինչեւ մրցումների վերջին օրը հնարավոր չէ նույն ծանրաբեռնվածությամբ աշխատել ու նույնքան հանդիպումների եւ քննարկումների մասնակցել: Դրանք բավական ժամանակատար են ու հոգնեցնող: Կաշխատեմ կարեւոր մրցումներից 10-15 օր առաջ միայն սպորտին նվիրել:

- Առաջին անգամն է, որ ԱԺ-ն գործող մարզիկ պատգամավոր ունի: Թիմակիցներդ ու մարզաշխարհի մյուս ներկայացուցիչները քեզնից շատ ակնկալիքներ ունեն: Ի՞նչ ծրագրեր ես ցանկանում կյանքի կոչել:

- ԱԺ-ի գործընկերներս էլ սկսել են ուշադիր հետեւել մարզական հաջողություններիս, անընդհատ հետաքրքրվում են իմ ելույթներով ու անհամբեր սպասում 2020-ի Օլիմպիական խաղերին: Իսկ մարզիկներն, իսկապես, անչափ շատ ակնկալիքներ ունեն: Նրանց միայն սպորտն է հետաքրքրում, օրենսդրական մակարդակում փոփոխություններ են ուզում: Գիտեն, որ երբեք թույլ չեմ տա սպորտի նկատմամբ ոտնձգություններ լինեն, դրանում իմ դերը շատ եմ կարեւորում: 7-րդ գումարման ԱԺ-ում սպորտային խնդիրներն ուշադրության կենտրոնում կպահեմ:
Արսեն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գործող մարզիկ-պատգամավոր լինելու հանգամանքը լրիվ բացառիկ երեւույթ է: Իմ գործունեությամբ կապացուցեմ, որ պրոֆեսիոնալ մարզիկը կարող է միաժամանակ մի քանի կարեւոր գործով զբաղվել: Հուսամ, օրինակս վարակիչ կլինի, ու մարզիկները միայն սպորտի վրա չեն կենտրոնանա: Նրանք պետք է կարիերայի ավարտից կամ սպորտում հաջողություն չունենալու դեպքում կոտրած տաշտակի առաջ չկանգնեն, կարողանան աշխատանք գտնել:

- Դրան հասնելու համար ի՞նչ տարբերակներ ես տեսնում ու առաջարկում:

- Պետք է կրթություն ստանալ ու այլ մասնագիտություն ձեռք բերել: Հիմա շատ հայտնի մարզիկներ ամբողջ աշխարհում սպորտային մենեջմենթով ու լրագրությամբ են զբաղվում: Ինձ միշտ զարմացնում է, թե ինչու Հայաստանում չի կիրառվում այդ պրակտիկան, երբ կարիերայի ավարտից հետո մարզիկներն իրենց ոլորտում չեն աշխատում:

Վստահեցնում եմ, նրանք մի քանի քայլ առաջ կլինեն կրթություն ստացած լրագրողներից իրենց իմացությամբ ու անցած ճանապարհով, բազմաթիվ նրբությունների են տիրապետում ու շատ ավելին կտան երկրպագուներին: Օլիմպիական ու Աշխարհի շատ չեմպիոններ, հայտնի ֆուտբոլիստներ մարզական եւ ոչ միայն մարզական լրագրողներ են աշխատում, իսկ մենք անգամ մեկ նմանատիպ օրինակ չունենք: Արտերկրում մարզիկները նաեւ մոտիվացնող ելույթներ են ունենում, կիսվում իրենց փորձով ու գիտելիքներով, ոգեշնչում ու օրինակ ծառայում, օգնում մարդկանց հաղթահարել իրենց վախերն ու խնդիրները:
Արսեն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Համաձայն եմ, բայց ոչ բոլոր մարզիկները կարող են այդ ամենով զբաղվել: Նրանք առաջին հերթին պետք է ինքնակրթությամբ զբաղվեն ու փորձեն կատարելագործվել, բացի այդ էլ գիտակցեն իրենց կարեւորությունն ու դերը:

- Ցավոք, այդ խնդիրն արդիական է: Շատ հաճախ մարզիկներն իրենք էլ չեն հասկանում, թե ինչքան մեծ գործ են կատարում ու որքան մեծ է իրենց ազդեցությունը հասարակության մեջ: Նրանք պետք է այդ ամենը գիտակցեն ու ավելի ակտիվ լինեն: Իմ նպատակներից մեկն էլ դա է՝ օգնել հասկանալ իրենց կարեւորությունը: Եթե հաջողության հասնեմ, շատ մեծ քայլ արած կլինեմ:

Կրթություն ստանալն առաջնային պայման է: Կարող ես հիասքանչ սպորտային ուղի անցնել, բայց 5 րոպե չկարողանաս այդ մասին պատմել, որ մարդիկ ազդվեն կամ փշաքաղվեն: Մեր նպատակը սպորտը տարածելն ու նրա օգնությամբ կրթելն է:

- Շատ կարեւոր է նաեւ մարզիկի մասին կարծրատիպերը փոխելը, նրանք պարզապես մարդիկ չեն, որոնք հաղթում են ու բարձրանում պատվոհարթակին, նրանք էլ դժվարություններ են հաղթահարում, կոտրվում, ուժ գտնում նորից ոտքի կանգնելու: 

- Ժամանակն է, որ կարծատիպերը վերանան, մարզիկները շատ ունակություններ ունեն՝ ճկուն են, արագ են կողմնորոշվում, հիմնականում լավ հիշողություն ունեն, 10-ից 9-ը մեծ պոտենցիալով են: Պարզապես պետք է ուղորդել նրանց ու օգնել, որ կրթություն ստանան: Դեռ այդ ամենին մատների արանքով են նայում: Երբ անհրաժեշտ գիտակցումը զարգացնենք, իդեալական բան կստացվի: Ներքին համոզմունք ու փաստեր ունեմ, որ իմ այս գործունեությունն օգնելու է նոր սերնդին՝ 13-14 տարեկաններին, ու նրանք վարակվելու են այս ամենով:
Արսեն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Արսեն, արդեն մի քանի տպավորիչ ելույթ ես ունեցել ԱԺ-ում՝ խոսելով սպորտի կարեւորության ու մի քանի խնդիրների մասին: Հիմա ո՞ր փուլում է դրանց լուծումն ու ինչի՞ց ես սկսելու աշխատանքները:

- Հաշվի առնելով, թե որքան խնդիրներ էին կուտակվել, դրանց մասին խոսելը շատ անհրաժեշտ էր: Մենք պետք է սպորտային տուրիզմին ու սպորտային բժշկությանը մեծ ուշադրություն դարձնենք: Դրանցով նաեւ տնտեսական խնդիրներ կլուծենք:

Սպորտային տուրիզմը զարգացնելով՝ կարճ ժամանակում կարող ենք մարզական ենթակառուցվածքները բարելավել, լավ դահլիճներ ու մարզադաշտեր ունենալ: Ամոթ է ու խայտառակություն, որ 400 մ վազքուղի չունենք կամ քիչ են 50 մ լողավազաններ: Հասկանում ենք, որ չենք կարող միայն սպորտի վրա կենտրոնանալ ու ամբողջ գումարը դրա վրա ծախսել: Դրա համար էլ նպատակ ունեմ ներդրողների ներգրավել, որոնք կարող են պետության հետ համագործակցել ու եկամուտ հետապնդել: Արդյունքում նոր դահլիճներ կունենաք, դրանցից մարզիկներն ու պետությունը կօգտվեն, զբոսաշրջիկներ կգան ու սպորտային երկրի իմիջ կձեւավորվի:

Նույնն էլ սպորտային բժշկությանն է վերաբերում: Մեր երկրում բժշկությունը շատ է զարգացած, պատկերացրեք տարածաշրջանում տուրիստական ինչ հոսքեր կլինեն: Վրաստանում նման կենտրոն չկա, Ռուսաստանում միայն Մոսկվայում է գործում: Շրջապատված ենք երկրներով, որոնք սպորտը կարեւորում են, բայց նման հզոր կառույցներ չունեն կամ էլ մատչելի չեն: Մեր մարզիկներն ամեն առիթի դեպքում մեկնում են Մոսկվա կամ Գերմանիա, որտեղ բուժումը բավական թանկ է, երբ ինքներս էլ կարող ենք այն ապահովել ու շատ մատչելի գներով:
Արսեն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Բայց մենք հաշված սպորտային բժիշկներ ունենք, շատ հավաքականներ առանց նրանց են մեկնում մրցումների: Մարզիկների ամենամյա ստուգումներն էլ վատ շենքային ու գույքային պայմաններում են իրականացվում:

- Վերջին 2 տարին այդ պարտադիր ստուգումներին չեմ էլ գնում: Ամեն տարի գումար է հատկացվում այդ նպատակով, բայց միակ լուրջ ստուգումը, որն իրականացվում է, սրտինն է, այն էլ միայն խնդիրներն է ցույց տալիս, բայց բուժումը չի ապահովում: Միայն բարձրակարգ մարզիկների են նման պարագայում օգնություն ցուցաբերում, բայց այդ դեպքերը 5-10 են լինում, մինչդեռ սպորտը միայն նրանցով չի սահմանափակվում, երիտասարդ ու տաղանդավոր շատ մարզիկներ կան, որոնք ֆինանսապես առավել խոցելի են:

- Ցավալի է, բայց վերջերս դեպքեր եղան, որ տարբեր խնդիրների պատճառով մարզիկներն այլ երկրներ սկսեցին ներկայացնել, վերջերս այդպես եղավ ըմբիշներ Զավեն Միքայելյանի ու Էդգար Խաչատրյանի դեպքում:

- Զավենի հետ նույն դահլիճում ենք մարզվել, ինչով կարողանում էի, օգնում էի, մասնագիտական խորհուրդներ տալիս: Ցավալի է, որ այդքան բան սովորելուց հետո նա այլ երկիր է ներկայացնելու: Նա վնասվածք ուներ ու ֆինանսական խնդիրներ, ինչի արդյունքում էլ մեկնեց Ֆրանսիա:

Էդգարը նույնպես ֆինանսական խնդիրներ ուներ, նրա հեռանալը մեծ կորուստ է: Արթուր Ալեքսանյանն, ըստ էության, մնաց առանց սպարինգ մրցակցի, դրսից պետք է մրցակից բերենք նրա համար: Մեր մարզիկին չպահեցինք, որը պոտենցիալ ուներ ու ինքն էլ կարող էր ոսկե մեդալակիր դառնալ: Կամ էլ պետք է գերծախս կատարենք, որ Արթուրն անընդհատ գնա ու արտասահմանում մարզումներ անցկացնի:
Արսեն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Մենք իսկապես լավ մարզիկների պակաս ունենք ու ամեն մեկի կորուստն էլ ցավալի է: Ինչպե՞ս ես ընդունում այդ երեւույթը:

- Սա աննորմալ եմ համարում, մենք փոքր պետություն ենք ու բոլոր մարզիկներին անուններով գիտենք: Սպորտի գերատեսչությունն ամեն մեկին պետք է անհատապես հետեւի, մեդալի բոլոր հավակնորդները միասին կարող են 30-40-ը լինել: Բոլորի խնդիրներին տեղյակ չլինելը նորմալ չէ: Շատ գերատեսչություններ չեն հասկացել իրենց  գործառույթի իմաստը: Ղեկավարելն ու սենյակներում փակվելը բավական չէ, եթե մարզիկները հաջողություններ չունենան, նրանց պաշտոնն էլ չի լինի:

- Ելույթներիցդ մեկի ժամանակ շատ ես կարեւորել նաեւ որակյալ ու գեղեցիկ հանդերձանքով միջազգային մրցումներում հանդես գալը:

- Ամեն տարի մարզիկներին հագուստ տրամադրելու համար գումար է հատկացվում պետբյուջեից, որից նրանք գոհ չեն մնում: Այդ գումարի շրջանակներում հնարավոր է որակյալ մարզահագուստ ապահովել: Մի քանի տարի առաջ նախարար Հրաչյա Ռոստոմյանին հիանալի առաջարկ էր արվել, Ադիդասը մեզ որակյալ հագուստ կտրամադրեր, բայց չընդունվեց: Շատ հավաքականներ երազում են կրել այդ բրենդը: Բոլոր մարզիկներն էլ ցանկանում են լավ մարզահագուստով հանդես գալ, անգամ եթե այն նախատեսվածից 20-30 տոկոսով կրճատվի: Ներկայիս հանդերձանքը 1-2 անգամ կրելուց հետո գունազրկվում է ու պատռվում: Հարցը բարձրաձայնվել է, հիմա պետք է հետեւողական լինել: Պարզապես հագուստի մատակարարների հետ գործող պայմանագիր կա, պետք է իմանալ, երբ է այն ավարտվում:

Մյուս կարեւոր հարցը, որին ուզում ենք լուծում տալ, մեծահասակների հավաքականի անդամների գործունեությունը որպես աշխատանքային ստաժ գրանցելն է: Պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություն ենք նախաձեռնել:
Արսեն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում կատարել:

- Մանուկյանն առաջարկել է մարզիկների օրապահիկների հարցին լուրջ մոտենալ: Հիմա մեր մարզիկները պարտավոր են ՀՀ տարածքում ցանկացած հյուրանոցում մեկ օրվա ընթացքում բնակվել 9800 դրամով՝ ներառյալ 3 անգամյա սնունդը: Նախատեսում ենք գումարը բարձրացնել, ավելացնել նաեւ ճանապարհածախսերը: Նախկին Սահմանադրությամբ գործում էր նախագահի թոշակը, հիմա նախագահը նման լիազորություններ  չունի: Թոշակների տրամադրումը ժամանակավոր կասեցվեց, հետո դարձավ վարչապետի թոշակ, անհրաժեշտ է Սահմանադրության մեջ դա եւս ամրագրել, որ հակասություն չլինի:

Օլիմպիական չեմպիոնը ցմահ ամսական 100 հազ. դրամ է ստանում, Աշխարհի չեմպիոնը՝ 50 հազ.: Նախագիծ ենք մշակել, որ գումարն ավելի մեծ լինի: Այս պահին Օլիմպիական մեդալակիրները ոչինչ չեն ստանում, նրանք էլ պետք է խաղերում մեդալներ նվաճելու համար վարձատրվեն: Դա այն նվազագույնը կլինի, որ կարող ենք անել անվանի մարզիկներին շնորհակալ լինելու համար: Նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, Հայաստանում բնակվող ընդամենը 6 Օլիմպիական չեմպիոն ունենք: Խոսքը հսկայական գումարների մասին չէ, ու բյուջեի վրա լրացուցիչ ծախս չի լինի:
Արսեն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Բանակի կենտրոնական մարզական ակումբը փակելու պատճառով մարզաշխարհում շատ դժգոհություններ եղան: Այն վերաբացելու հետ կապված ի՞նչ աշխատանքներ են տարվում:

- Ինձ համար էլ ԲԿՄԱ-ի վերաբացումն առաջին ահրաժեշտության է: Եթե այն չգործի, պոտենցիալ լավ մարզիկների կարող ենք կորցնել, որոնք հետագայում լուրջ հաջողությունների կարող են հասնել: ԲԿՄԱ-ն արագ վերաբացելու դեպքում միայն կշահենք: Պն-ի հետ ակտիվ քննարկումների մեջ եմ, գործընթացն ակտիվորեն ընթանում է: Նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մինչեւ տարեվերջ այն արդեն կգործի: Խնդրել եմ չափորոշիչները մշակելիս ինձ, սպորտի նախարարությանն ու ֆեդերացիաներին էլ ներգրավել աշխատանքներում: Կարծում եմ տարբեր մարզաձեւերի համար չափորոշիչներն այլ պետք է լինեն, եթե ուժեղ մարզաձեւերի սանդղակներով առաջնորդվենք, մյուսները ուղղակի չեն ընդգրկվի վաշտում, միայն 5-6 մարզաձեւերի ներկայացուցիչներ կլինեն: Եթե ուզում ենք լավ սպորտ ունենալ, այդ մոտեցումը սխալ կլինի:

Պարզապես անհրաժեշտ է հասկանալ ակումբի ձեւաչափը՝ Ռուսաստանի պես ուժեղ լինի, թե ուղղակի մի տեղ, ուր մարզիկները  գրանցված կլինեն ու միայն ծայրահեղ պահերին կծառայեն:

- Վերջում խոսենք այս տարվա Եվրոպայի առաջնությունից: Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մասնակցելու ես ԵԱ-ին, ինչպե՞ս ես տրամադրված ու ի՞նչ արդյունքի ես ձգտելու:

- Ձգտելու եմ մեդալով վերադառնալ: Ռիոյից հետո 3 տարի հիմնականում այս մրցաշրջանին եմ պատրաստվել: Եվրոպայի առաջնությանն իմ հիմնական հակառակորդ Ռոման Վլասովն է մասնակցելու, այնպես որ, հետաքրքիր մրցաշար եմ ակնկալում:

Սպորտային տարին նոր է սկսվում, նպատակս է վերելքով անցնել մինչեւ Տոկիո ընկած ճանապարհն ու ԱԱ-ի ժամանակ վարկանիշ նվաճել: Իմ առաջնային ու անփոփոխ նպատակը 4-րդ խաղերին մասնակցելն է:  Իսկ ԱԺ-ում մինչեւ հունիս աշխատելու եմ նշած խնդիրները հնարավորինս զարգացնել ու վերջնական լուծում տալ:

Արսեն Ջուլֆալակյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին