Դեկտեմբեր 09, 2024
exclusive
16817 դիտում

Արա Պողոսյան. Բասկետբոլային աշխարհում մեզ արդեն ճանաչում են

Արա Պողոսյանը
Արա Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բասկետբոլային կյանքում արդեն մի քանի տարի է որոշակի ակտիվություն է նկատվում: Այսօր արդեն գործում են տարբեր տարիքային խմբերի առաջնություններ, շատացել է այս մարզաձեւով հետաքրքրվողների թիվը:

Mediamax Sport-ն Ա լիգայում հանդես եկող թիմերի մասին պատմող շարք է նախատեսել: Մինչ ակումբների հետ ծանոթանալը, զրուցել ենք լիգայի նախագահ Արա Պողոսյանի հետ, որն էլ պատմում է այս ընթացքում կատարած աշխատանքի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարոն Պողոսյան, շուրջ երկու տարի է բասկետբոլի Ա լիգան հետաքրքիր ու դիտարժան հանդիպումներ է նվիրում մարզասերներին: Լիգայի ստեղծումից հետո ի՞նչ է փոխվել բասկետբոլային կյանքում:

- Անցյալ տարի Ա լիգան գրեթե սիրողական բնույթ էր կրում, միայն 1-2 թիմ պրոֆեսիոնալ մակարդակի հասան: Իսկ այս տարի միանգամից շատ բան փոխվեց, մեր բոլոր թիմերն էլ ավելի մեծ ներուժով են աշխատում, իսկ լիգան դարձավ պրոֆեսիոնալ: Այժմ ավելի ենք համոզվում, որ ճիշտ վարվեցինք Ա լիգան վեց թիմով սահմանափակելը եւ Բ լիգա ստեղծելը: Այն թիմերը, որոնք ֆինանսական պատճառներով չէին կարող ուժեղ կազմ ունենալ, Ա լիգայում հանդես գալով այն կթուլացնեին: Հիմա վեց ակումբ ունենք, որոնք անկանխատեսելի հանդիպումներ են անցկացնում, ցանկացածը ցանկացածին կարող է հաղթել: Անկեղծ եմ ասում, երբ այս ամենի հիմքը դնում էինք, չէինք պատկերացնում, որ ամեն ինչ նման հաջողություն կունենա:

-Ա լիգան որքանո՞վ է ճանաչվել բասկետբոլի աշխարհում:

- Հետաքրքիր է, որ նախորդ տարի Եվրոբասկետի պաշտոնական կայքը քիչ էր անդրադառնում մեզ, իսկ հիմա հաճախակի հոդվածներ են գրում, վիճակագրությունը ներկայացնում: Բասկետբոլային գործակալները կապվում են մեզ հետ ու առաջարկություններ անում, տարբեր խաղացողներ պատրաստ են նույնիսկ անվճար գալ Հայաստան ու հանդես գալ Ա լիգայում: Մեր աշխարհում շատերն են զարմացել, թե կարճ ժամանակահատվածում բասկետբոլը Հայաստանում ինչպես աճեց: Սա, անշուշտ, շատ է ուրախացնում մեզ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նշվում է, որ լեգիոներներն Ա լիգայում շատ են: Նրանց ներկայությունն օգնո՞ւմ է հայաստանցի բասկետբոլիստներին:

-Այժմ ունենք խաղացողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մոլդովայից, Վրաստանից: Աշխարհագրությունը դեռ կշարունակի աճել:

Կարծում եմ, որ լեգիոներները միանշանակ օգնում են տեղացի բասկետբոլիստներին, նրանց հետ խաղալով՝ մերոնք աճում են, բարձրացնում իրենց որակը: Օրինակ՝ 18-ամյա Դավիթ Խաչատրյանը կես տարի է «Արցախի» հնգյակում է ու խաղից խաղ աճում է, նույնը կարող ենք ասել ՖԻՄԱ-ի բասկետբոլիստներ Ռուդոլֆ Հարությունյանի ու Գոռ Գյագունցի մասին:

Այս տարվա Հայաստանի գավաթում ամեն թիմ անպայման պետք է դաշտում ունենա երեք հայաստանցի բասկետբոլիստ: Մյուս տարի էլ Ա լիգայի թիմերը պետք է երկու հայազգի բասկետբոլիստ ունենան դաշտում: Իհարկե, արտասահմանցիները կշարունակեն ելույթները, բայց այս քայլով կտեսնենք մեր պոտենցիալը, սա էլ ավելի շատ կզարգացնի տեղացի բասկետբոլիստներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարոն Պողոսյան, Ա լիգայից բացի այսօր գործում է նաեւ Բ լիգան: Կխնդրեի նաեւ դրա մասին խոսել:

-Բ լիգայում լուրջ պայքար է ընթանում, ինչը, խոստովանում եմ, զարմացրեց մեզ: Այժմ մասնակցում է 8 թիմ, բայց նոր հայտեր ենք ստանում, հետեւում ենք այդ թիմերի մարզումներին ու հասկանում, որ հաջորդ մրցաշրջանում թիվը կաճի: Ասեմ, որ ցանկանում ենք մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնության հիմքի վրա նաեւ կանանց առաջնություն սկսել:

Տեսեք, Ա ու Բ լիգաների, գավաթի ու պատանեկան լիգաների շնորհիվ ունենք 150 հոգի, ովքեր աշխատավարձ են ստանում: Այսօր բասկետբոլը մեր երկրի տնտեսության մեջ փոքր, բայց ապագա ունեցող ճյուղ է, որն օգնում է ոչ միայն առողջ լինել ու սպորտով զբաղվել, այլ նաեւ աշխատատեղ ունենալ:

-Իսկ առաջնություններում երկրպագուների հոսքից գո՞հ եք:

-Ցավոք, ոչ, չնայած մասնագետ էլ չունենք, որը կկարողանա ապահովել հանդիսատեսի հոսքը դեպի դահլիճ: Վճռորոշ հանդիպումները փլեյ-օֆֆում են լինում, դրա համար էլ ես չեմ էլ կասկածում, որ Ա լիգայի կիսաեզրափակիչներին եւ եզրափակչին շատ մարդ է ներկա լինելու, ինչպես նախորդ տարի էր:

Բայց պատկերն այլ է մարզերում: Մենք մարզային երկու թիմ ունենք՝ «Արթիկն» ու «Արցախը»: Այս թիմերի խաղերին ասեղ գցելու տեղ չի լինում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հայաստանն ունի նաեւ մարզադահլիճների խնդիր: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:

-Իսկապես, մենք այսօր չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող բասկետբոլի դահլիճ: Երեւանում լավ վիճակում են Օլիմպավանի, «Միկայի» դահլիճները, «Դինամոյում» էլ զամբյուղներ չկան: Մարզերում նույնպես հատ ու կենտ դահլիճներ կան: Բայց, օրինակ, Արթիկի դահլիճը մասնավոր ներդրողի կողմից վերանորոգվեց ու կրկին տրվեց քաղաքին: Կարծում եմ, որ էլի կարող ենք ներդրողներ գտնել, բայց պետք է լինի նաեւ կառավարության աջակցությունը: Մեր ծրագրերը կոմերցիոն չեն, եւ այդ դահլիճները չեն նախատեսվում վարձավճարով տալ այլ մարդկանց:

-Պարոն Պողոսյան, ինչպիսի՞ն եք տեսնում հայկական բասկետբոլի մոտ ապագան, եթե այսպիսի ջանքերով էլ շարունակեք աշխատանքը:

-Մյուս մրցաշրջանում Գյումրին Ա լիգայում թիմ կունենա, Դիլիջանը լավ դահլիճներ ունի, պետք է այն օգտագործել: Այս տարի ունեցանք առաջին արտասահմանցի մարզիչը, կամաց-կամաց մեր լավագույն մասնագետները գլխավորում են մյուս ակումբները: Հայաստանի հավաքականից շատ բասկետբոլիստներ գալիս են ու այստեղ են ելույթ ունենում: Հետաքրքիր շարժ մեր բասկետբոլում կա, պետք է այս ամենը կարողանանք պահել ու, եթե ստացվի, լուծենք դահլիճների ու մանկապատանեկան բարձրակարգ մարզիչներ ունենալու խնդիրը, կկարողանանք մասսայականացնել մեր մարզաձեւը: Իսկ դրանից մոտ 10 տարի հետո կունենանք ուժեղ ու մրցունակ բասկետբոլ:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին