Դեկտեմբեր 21, 2024
exclusive
34452 դիտում

Արամ Ավագյան. Բռնցքամարտն արագ շախմատ է՝ 11 րոպե տեւողությամբ

Արամ Ավագյանը
Արամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրեր առաջ Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել մեկ մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Արամ Ավագյանը (56 կգ):

Mediamax Sport-ը հետաքրքիր զրույց է ունեցել Եվրոպայի առաջնություններում իր արդեն 3-րդ մեդալը նվաճած բռնցքամարտիկի հետ: Ավագյանը պատմել է չհանձնվելու իր մեթոդների, ռինգ մտնելուց առաջ ունեցած վախի, Բուենոս Այրեսի նկատմամբ տածած սիրո ու պրոֆեսիոնալ բռնցքամարտի հետ կապված ցանկությունների մասին:

- ԵԱ-ում Հայաստանի հավաքականի կազմում միայն քեզ հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել: Ինչպիսի՞ն էր մրցակցությունն առաջնությունում:

- Արժանի մրցակիցներ եմ ունեցել, ու բոլորն էլ ուժեղ են եղել: Բռնցքամարտում թույլ երկրներ գրեթե չկան, բոլորն էլ տիրապետում են մարզաձեւին: Ճիշտ է, միայն ինձ հաջողվեց մեդալ նվաճել, բայց իմ ընկերներից երկուսին՝ Հովհաննես Բաչկովին ու Արման Հովիկյանին, զրկեցին մեդալներից ու չտվեցին հաղթանակը: Մեդալերի թիվն ավելի շատ կլիներ, եթե մրցավարությունն արդար լիներ:

- Գո՞հ ես ելույթիցդ, ու ի՞նչը չբավականացրեց ավելի լավ արդյունք գրանցելու համար:

Արամ Ավագյանը Արամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դա առավելագույնը չէ, որ կարող էի անել, ես երբեք չեմ բավարարվում իմ արդյունքով: Միշտ ավելիին եմ ձգտում, եւ քանի սպորտում եմ, այդ սկզբունքով եմ առաջնորդվելու: 2014թ. ես հանդես չեմ եկել 56 կգ քաշային կարգում, այն ժամանակ տեղափոխվել էի 60 կգ: Ու ինձ համար ամենադժվարը 2015թ. Հայաստանի առաջնությունում հանդես գալն էր, քանի որ վերադարձել էի նախկին քաշիս: Ինձ վերագտնելու կարիք ունեի, քանի որ 60-ում չէի կարողացել հաստատվել: ԵԱ-ում մրցավարներն իմ հանդեպ արդար են եղել, մրցակիցներս մեկը մյուսից լավն էին: Բոլոր նվաճումներն էլ դժվար են  տրվում: Հաղթանակի համն աննկարագրելի է, ինձ համար դրանից թանկ ոչինչ չկա:

- Կիսաեզրափակչում դու զիջեցիր Մեծ Բրիտանիան ներկայացնող Քաիս Աշվաքին: Ինչպիսի՞ պայքարում ընթացավ այդ հանդիպումը:

- Անգլիացի բռնցքամարտիկից ես 2012թ. ԵԱ-ում ուժեղ էի եղել, դրանից հետո եւս 2 անգլիացիների հետ անցկացրած մենամարտերում էլ հաղթանակն իմն էր եղել: Նրանք ինձ ուսումնասիրել էին ու շատ լավ էին ճանաչում: Աշվաքի հետ հանդիպման առաջին ռաունդում ես չկարողացա գտնել նրա թույլ կողմերը, բայց 2-րդում բեկեցի մենամարտի ընթացքն ու 3-րդում բացարձակ առավելությամբ հաղթանակ տարա: Բայց 2:1 հաշվով հաղթանակը շնորհվեց մրցակցիս: Պետք էր ուղղակի շուտ կողմնորոշվել ու անել առավելագույնը:

-Դա քո 3-րդ մեդալն էր ԵԱ-ում, մինչ այդ մեկական արծաթ ու բրոնզ էիր նվաճել, իսկ ե՞րբ սպասենք ոսկե պարգեւին:

-Իհարկե, դժվար է միանշանակ ասել, բայց ես միշտ ձգտելու եմ ու քայլեր եմ անելու այդ հաղթանակին հասնելու համար: Երբեք չեմ բավարարվելու իմ արդյունքով ու ձգտելու եմ առավելագույնին:
Արամ Ավագյանը Արամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մրցանակային եռյակում ընդգրկվելը քեզ նաեւ հնարավորություն տվեց ձեռք բերել ԱԱ-ի ուղեգիր ու պայքարել Օլիմպիադա մեկնելու համար: Մի քանի ամիս անց կայանալիք ԱԱ-ին ինչպե՞ս ես պատրաստվում:

-Վերջին մենամարտս օգոստոսի 14-ին եմ անցկացրել ու որոշել էի Հայաստան վերադառնալուց հետո 10 օր հանգստանալ: Օգոստոսի 24-ից սկսել եմ նորից մարզվել ու պատրաստվել ԱԱ-ին, որպեսզի կռվեմ օլիմպիական ուղեգրի համար:

-Դոհայում հավաքվելու են բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկները, ինչպե՞ս ես գնահատում հնարավորություններդ:

- Ես երբեւիցե ոչ մեկին չեմ թերագնահատում, բայց չեմ թերագնահատում նաեւ ինձ:

-Չենք կարող չխոսել նաեւ այս տարի ամռանը Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասին: Ըստ քեզ՝ ինչո՞ւ այնտեղ մեր ընտրանուն չհաջողվեց մեդալ նվաճել:

- Բաքվում մեր անվտանգությունը բարձր մակարդակով էր կազմակերպված: Իրենց գերխնդիրը մեզ անվտանգ ու ապահով պահելն էր: Նրանք ուղղակի մեզ չթողեցին հաղթել: Բաքվում միայն մեկ հաղթանակ ունենցանք, որն իր հաշվին գրանցեց իմ ընկեր Նարեկ Աբգարյանը: Առաջին մենամարտում նա այնպես արեց, որ մրցավարները չկարողանան նրանից խլել հաղթանակը: Իսկ Նարեկի 2-րդ մենամարտում մեզանից առնվազն բրոնզե մեդալ գողացան:
Արամ Ավագյանը Արամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ քո ելույթին այնտեղ ի՞նչը խանգարեց, կա՞ր որեւէ ճնշում:

- Ես երբեք տրիբունաների ճնշմանը ուշադրություն չեմ դարձնում, իսկ Բաքվում դա ինձ համար լրացուցիչ մոտիվացիա էր: Ոչ մի ռինգում նման զգացողություն չեմ ունեցել, որ ցանկանամ մրցակցիս պատռել, կտոր-կտոր անել: Իմ մենամարտի ընթացքում անգամ երկրպագուները մրցակցիս անունով պաստառներ էին բերել եւ ոգեւորված աջակցում էին նրան: Դա ինձ վրա որեւէ հոգեբանական ճնշում չի գործադրել, ոչ մի ավելորդ լարվածություն չեմ զգացել, որովհետեւ ռինգում միայն ես եմ ու մրցակիցս: Ու վերջում մրցավարը մեզանից մեկի ձեռքն է բարձրացնելու:

-Իսկ ռինգ մտնելուց առաջ ի՞նչ  է կատարվում քեզ հետ:

- Ռինգ մտնելիս ես առհասարակ վախենում եմ առավել հանգիստ լինելուց: Ինձ համար կարեւոր է, որ ես գոնե մի փոքր լարված լինեմ: Իսկ լարված լինելու դեպքում նաեւ զգոն ես լինում: Ինձ համար կարեւոր չէ՝ ով կլինի տրիբունայում, ինչպես կերկրպագի, ամեն ինչ երկրորդական է: ԵԱ-ում անգլիացի մարզիկի հետ մենամարտելիս էլ ես շատ հանգիստ էի, նույնիսկ անտարբեր հանգստ: Ինձ համար ռինգն ուղղակի դարձել է տան պես հարազատ մի տեղ, դա է պատճառը, որ այնտեղ մտնում եմ առանց լարվածություն ու վախ զգալու, ու հենց դա էլ ինձ ավելի է վախեցնում:

-Իսկ ինչպե՞ս ես տրամադրում քեզ ու դրական լիցքերով մտնում ռինգ:

- Ռինգ դուրս գալուց առաջ երաժշտություն եմ լսում: Սիրում եմ ռետրո, ավելի ակտիվ երաժշտություն, մոտիվացնող երգերի ներքո դուրս գալ մենամարտի:

-Նախորդ մրցաշրջանը բավական բարդ էր քեզ համար ու անհաջող դասավորվեց: Ինչպե՞ս կարողացար վերագտնել քեզ ու ի՞նչ ջանքեր գործադրեցիր դրա համար:
Արամ Ավագյանը Արամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երբ ընկճվել եմ ու ինձ կորցրել, երբ ինչ-որ բան չի ստացվել, անձնական մարզիչս՝ Կարեն Աղամալյանը, չի թողել հանձնվել: Իմ հավատը ես նրա աչքերում եմ տեսել: Դրա համար խոնարհվում եմ նրա առջեւ, որովհետեւ երբ ես անգամ ինձ չեմ հավատացել, նա իմ կողքին է եղել: Աղամալյանը միշտ իմացել է ինչպես ոգեւորել ինձ:

-Ոչ բոլոր մարզիկներն են սիրում խոսել իրենց թույլ կողմերի մասին: Իսկ դու կբացահայտե՞ս դրանք:

- Ամենաշատը չեմ սիրում մարզվել ծանրաձողերով ու աշխատել ֆիզիկական պատրաստվածության վրա:

- Արամ, իսկ ի՞նչն է ամենաբարդն ու դժվարը բռնցքամարտում:

- Յուրաքանչյուր բնագավառում էլ դժվարություններ կան: Կարեւորը ձգտումն ու աշխատասիրությունն է: Հաջողության հասնելու համար պետք է 1 տոկոս տաղանդավոր լինել եւ 99 տոկոս աշխատասեր:

- Ֆեյսբուքյան քո էջում դու անընդհատ չհանձնվելու, պայքարելու, ուժեղ լինելու գրառումներ ես կատարում: Այդ կերպ փորձում ես քեզ ոգեւորե՞լ:

- Դա ինձ թույլ չի տալիս մոռանալ սկսածս գործը ու միշտ հիշեցնում է՝ ինչ եմ ուզում անել: Նման ոգեւորող աֆորիզմներն ու նկարներն ինձ միանշանակ օգնում են: Դրանց միջոցով փորձում եմ ոգեւորել նաեւ ընկերներիս:

- Երեւի անպայման հետեւում ես բռնցքամարտում կատարվող իրադարձություններին: Ո՞րն է քեզ համար եղել տարվա լավագույն հանդիպումը:
Արամ Ավագյանը Արամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պրոֆեսիոնալ ռինգում եղել է Ֆլոյդ Մեյվեզեր-Մեննի Պակյաո հանդիպումը, որին ամբողջ աշխարհն էր սպասում: Ճիշտ է, մենամարտն այդքան էլ հետաքրքիր չէր, գուցե այն պատճառով, որ բոլորի սպասելիքներն ավելի շատ էին: Պարզապես այն ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանեց: Ոմանք սպասում էին Պակյաոյի հաղթանակին, բայց ես վստահ էի, որ Մեյվեյզերը հաղթելու է, քանի որ այսօր նա աշխարհում լավագույնն է:

-Իսկ բռնցքամարտիկներից ո՞ւմ ելույթները բաց չես թողնում:

- Միշտ երկրպագել եմ Ռոյ Ջոնսին, նա արդեն հեռացել է մեծ սպորտից: Հիմա Ֆլոյդի մենամարտերն եմ նայում, մեկ էլ մեր հայ բռնցքամարտիկների՝ Արթուր Աբրահամի եւ Վիկ Դարչինյանի:

- Իսկ ո՞ւմ խորհուրդները, իհարկե, բացի մարզչից, պարտադիր լսում ես:

- Ոչ մեկի: Ես համոզվել եմ՝ երբ լսում ես տարբեր կարծիքներ, փորձում ես բոլորն էլ անել, խառնվում ես, ընկնում ես հունից ու ամեն ինչ կորցնում: Այդ ժամանակ մարզիչը սկսում է քեզ նորից վերադարձնել հին մարզավիճակին: Ուրիշների կարծիքները՝ թե լավ, թե վատ, պետք է անտեսել: Լավի դեպքում կուրանում ես, վատի դեպքում էլ՝ ճնշվում: Միայն մարզչին է պետք լսել:

- Պարզ է, որ հաղթանակների ժամանակ բոլորն են ոգեւորում ու շնորհավորում, իսկ ո՞վ է միշտ քո կողքին լինում անհաջողությունների դեպքում:

- Ընտանիքիս անդամներն ու ամենամոտ ընկերները: Նրանք միշտ իմ կողքին են, օգնում եւ աջակցում են՝ անկախ ամեն ինչից:

- Սպորտն արդեն քո մասնագիտությունն է դարձել, իսկ մարզումներից ազատ ժամանակ ինչո՞վ ես սովորաբար զբաղվում:

- Իմ կյանքն առանց սպորտի չեմ պատկերացնում, բռնցքամարտն ինձ համար միայն սպորտ չէ, այն նաեւ ապրելակերպ է: Իսկ ազատ ժամանակ, որը, գրեթե, չեմ ունենում, սիրում եմ անցկացնել ընկերներիս հետ ու երեկոյան շրջել Երեւանում:
Արամ Ավագյանը Արամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դու տարբեր երկրներում մրցաշարերի ես մասնակցել, կա՞ որեւէ քաղաք, որը հավանում ես:

- Ես մրցումների մեկնելիս երբեք չեմ մտածում քաղաքներ տեսնելու ու զբոսնելու մասին: Միակ տեղը, որն ինձ շատ է դուր եկել, Բուենոս Այրեսն է, որտեղ պրոֆեսիոնալ Լիգայում առաջին հանդիպումն եմ անցկացրել: Հավանել եմ այնտեղի մարդկանց, նրանց հասարակ պահվածքը, քաղաքի գեղեցկությունն ու հաճախ տեղացող անձրեւը: Այնտեղ անձրեւն ուրիշ էր՝ շատ մեծ կաթիլներով, ու մարդիկ շատ հանգիստ քայլում էին այդ անձրեւի տակ:

- Լեգենդար Վլադիմիր Ենգիբարյանն ասում էր, որ բռնցքամարտը սովորեցնում է ոչ թե կռվել, այլ մտածել, այն մտքի ու ուժի միասնություն է: Քեզ համար ի՞նչ է բռնցքամարտը:

- Բռնցքամարտը շատ հաճախ համեմատում են արագ շախմատի հետ, մենք 11 րոպե ունենք ու այդ տրված ժամանակում պետք է կարողանալ շատ արագ կողմնորոշվել ու գտնել մրցակցի թույլ եւ ուժեղ կողմերը: Այն ուղղակի կռիվ չէ, թե ով որքան կհարվածի:

- Սպորտային նպատակներդ ու երազանքներդ որո՞նք են:

- Երազանքս Օլիմպիական խաղերին մասնակցելն է, իսկ հետո մտադիր եմ տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել, բայց սովորաբար Օլիմպիադայից հետո են բռնցքամարտիկներն այդպիսի անցում կատարում:

Արամ Ավագյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին