Ապրիլի 22-ին Երեւան էր ժամանել UFC-ի վարկածով Աշխարհի չեմպիոն Ռոնդա Ռոուզին՝ հարգելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակն ու ներկա գտնվելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Ռոնդա Ռոուզին ներկայում հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպությունում՝ կրելով UFC կանանց գերթեթեւ քաշային տիտղոսը: Ունեցել է տասնմեկ պրոֆեսիոնալ ելույթ եւ բոլորն ավարտել է հաղթանակով։
Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում Ռոուզին նվաճել է բրոնզե մեդալ՝ դառնալով ձյուդո մարզաձեւում օլիմպիական մեդալ նվաճած առաջին ամերիկուհին։
Ռոնդա Ռոուզին մարզվում է հայազգի մարզիչներ Գոքոր Չիվիչյանի «Hayastan MMA Academy» (Լոս Անջելես,Կալիֆորնիա) եւ Էդմոնդ Թարվերդյանի «Glendale Fighting Club» (Գլենդել, Կալիֆորնիա) մարտական դպրոցներում:
Նա սպորտից դուրս հայտնի է «Ֆորսաժ 7», «Անզսպելիները 3» եւ «Անտուրաժ» գեղարվեստական ֆիլմերում կերտած դերերով։
Ներկայացնում ենք Mediamax Sport-ի հարցազրույցը Ռոնդա Ռոուզիի հետ:
-Ռոնդա, խառը մարտարվեստներում դու անպարտելի ես: Ամեն անգամ դիտելով քո մենամարտերը` ակնկալում ենք տեսնել, որ մարտը կավարտվի 60 վայրկյանից պակաս ժամանակում: Հետաքրքիր է, ի՞նչ ես ռինգում զգում մրցակիցներիդ հանդեպ:
-Իրականում ռինգում որեւէ զգացմունք չեմ ունենում: Լրացուցիչ որեւէ բան ուղեղումս չկա: Այդ պահին ամբողջովին ապրում եմ ներկայով: Միակ բանը հասկանալն է, թե ինչ է կատարվում եւ ըստ դրա որոշումներ եմ կայացնում: Ուղղակի ժամանակ չունեմ զգացմունքներ ունենալու համար:
-Ո՞վ է ռինգում դիմացդ կանգնած մրցակիցը:
-Նա խնդիր է, որը պետք է լուծել:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Քեզ ագրեսիվ մարդ համարո՞ւմ ես:
-Իրականում ես ագրեսիվ մարզիկ եմ, սակայն որպես մարդ այդպիսին չեմ: Պատճառն այն է, որ ամբողջ օրը մարզվում եմ, ինչի արդյունքում ագրեսիան անհետանում է:
-Խառը մարտարվեստները կոպիտ սպորտաձեւ է համարվում, ի՞նչն է քեզ դրանում հատկապես գրավել:
-Մասնակցել եմ Պեկինի Օլիմպիական խաղերին եւ բրոնզե մեդալ նվաճել ձյուդո սպորտաձեւից: Իրականում ԱՄՆ-ում այնքան էլ հոգ չեն տանում իրենց օլիմպիական մարզիկների մասին: Չկա աշխատանք, կրթաթոշակ: Ես աշխատել եմ որպես բարմեն, ապա հասկացա, որ կարող եմ ինձ փորձել խառը մարտարվեստներում:
-Ինչ որ բան փոխվե՞լ է մարդկանց մտածելակերպում՝ վերջին տարիներին խառը մարտարվեստներով զբաղվող կանանց առումով:
-Մեծ առաջընթաց կա: Կանանց մասնակցությամբ մարտարվեստներն ունեն նույնպիսի մրցակցություն, ինչպես տղամարդկանց դեպքում է: Սակայն տղամարդկանց մարտարվեստներում, եթե դու հայտնի մարզիկ ես, կկարողանաս քեզ փորձել բռնցքամարտում, քիքբռնցքամարտում եւ այդպիսով գումար վաստակել: Կանանց պարագայում ներկայում կարելի է գումար վաստակել` միայն խառը մարտարվեստներով զբաղվելով: Այնպես որ, կանանց դեպքում մարզաձեւը շատ ավելի արագ է զարգանում, քան այդ փուլում զարգանում էր տղամարդկանց դեպքում:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Ռոնդա, ո՞վ է քեզ ներշնչում սպորտում:
-Իմ սիրելի մարզիկը Ֆյոդոր Եմելիանենկոն է: Ինձ շատ է դուր գալիս մենամարտելու նրա ոճը: Իսկ ընդհանրապես ինձ ներշնչում է մայրիկս, ով ձյուդոյի աշխարհի չեմպիոն է: Նա լավագույն օրինակն է ինձ համար:
-Քո մրցակից Միեշա Թեյթը նախկինում Mediamax Sport-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք քեզ համարում է իր գլխավոր մցրակիցն, ասել էր. «Ռոնդան բարդ ոճ ունի, գոնե ինձ համար այդպես է, բայց շատ ուժեղ չի հարվածում, ու նրանից ավելի կոշտ մարտիկներ էլ հաստատ կան»: Նույն հարցը քեզ եմ ուղղում՝ ո՞վ է Միեշա Թեյթը քեզ համար:
-Իսկապես չգիտեմ, թե ինչու է նա այդպես արտահայտվել եւ ասել, որ ես այդքան ուժեղ չեմ հարվածում: Գուցե հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նա մոռացե՞լ է: Հնարավոր է (ծիծաղում է):
-Երբեւէ առիթ եղե՞լ է ռինգում ստացած գիտելիքները դրանից դուրս օգտագործելու:
-Այո, այդ ժամանակ ես ավելի երիտասարդ էի եւ ավելի հիմար (ժպտում է):
-Խառը մարտարվեստներով Հայաստանում ոչ շատ աղջիկներ են զբաղվում: Բայց հնարավոր է, որ քո այցը շատերին ոգեւորի: Ո՞րը կլինի քո խորհուրդը նրանց:
-Չեմ կարծում, որ յուրաքանչյուր կին պետք է ունենա այն նույն հավակնությունները, ինչ որ ես, բայց, միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր կնոջ դեպքում նորմալ է հավակնություններ ունենալը: Պետք է անել այն, ինչ ցանկանում ես: Չկան այնպիսի մասնագիտություններ, որոնք միայն կանանց կամ տղամարդկանց համար են նախատեսված: Ոչ, դրանք մարդկանց համար նախատեսված մասնագիտություններ են եւ յուրաքանչյուրը կարող է զբաղվել այն ամենով, ինչով ցանկանում է:
-Ռոնդա, ԱՄՆ-ում հայերով ես շրջապատված՝ հայ են թե մարզիչդ, թե թիմակիցներդ: Ո՞ր տարիքում ես առաջին անգամ լսել Հայաստանի մասին:
-Կարծեմ 12 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի Հայաստանի մասին: Հիանալի է մարզվել հայերի հետ: Ես ինձ շատ ավելի հարմարավետ էի զգում այնտեղ, քան մարզվելու համար նախատեսված այլ վայրերում: Իմ մտածելակերպը հարմար էր հենց այդտեղ մարզվելու համար: Շատ մարդկանց համար անակնկալ էր, որ ես այդպես վարվեցի, սակայն ինձ իսկապես լավ եմ զգում հայերի շրջապատում:
-Մեկ նախադասությամբ նկարագրիր քո մարզիչ Էդմոնդ Թարվերդյանին:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Նա սեւ-սպիտակ մարդ է: Այս մարդու հետ մոխրագույն հատված գոյություն չունի: Կան ճիշտ եւ սխալ կողմեր, միայն դա (ծիծաղում է):
-Սա քո առաջին այցն է Հայաստան: Ինչպիսի՞ն էր այն քեզ համար:
- Ցանկացած շինություն, որի կողքով այստեղ քայլում ես, շատ ավելի հին է քան ԱՄՆ-ն: Այն, ինչ հասցրել եմ տեսնել, գերազանցել է իմ ակնկալիքները: Գիտեմ, որ 1 ու կես մլն հայեր 1915թ. սպանվել են թուրքական կառավարության կողմից: Բայց չգիտեի, որ այդ փաստը այդպես լայնորեն չի ընդունվում: Դա թուրքական հարց չէ, դա մարդկային հարց է: Ցեղասպանությունը մարդկային վարքագծի աղետալի մաս է, եւ պետք է համոզված լինել, որ այն այլեւս երբեք չի կրկնվի: Իսկ դրա համար հարկավոր է ընդունել կատարվածը եւ դասեր քաղել: Եթե ոչ, ապա տեղի կունենա ճիշտ հակառակը:
Ռոնդա Ռոուզիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: