Նոյեմբեր 20, 2024
exclusive
9301 դիտում

Դաունհիլլի վարպետ Ֆիլիպ Պոլկ. Փորձում եմ սուպեր արագություններ զարգացնել

Ֆիլիպ Պոլկը
Ֆիլիպ Պոլկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դաունհիլլը (downhill – վայրէջք բլուրից) կամ արագ վայրէջքը, լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի ժամանակահատվածում: Դաունհիլլին բնորոշ մրցուղին բաղկացած է տարբեր հատվածներից՝ զառիթափ վայրէջքներ, կտրուկ շրջադարձներ, անհարթություններ՝ լի փոսերով ու բլրակներով, ինչպես նաեւ այլ խոչընդոտներ: Մրցուղու վրա հեծանվորդը սլանում է միջինը մոտ 25 կմ/ժ արագությամբ: Դաունհիլլը աշխարհի ամենատեսարժան սպորտաձեւերից մեկն է:

Օրերս Հայաստան էր ժամանել դաունհիլլի վարպետ, լեռնային էքստրեմալ հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, հեծանվասպորտի լեգենդ սլովակ Ֆիլիպ Պոլկը: Այստեղ նա մասնակցել է աշխարհի բազմաթիվ երկրներում ընթացող Red Bull Local Hero մրցավազքին: Հայաստանի դաունհիլլերները մասնակցել են Պոլկի կազմակերպած վարպետության դասին, հնարավորություն ստանալով շփվել վերջինիս հետ:

Mediamax Sport-ը Ձեզ է ներկայացնում Ֆիլիպ Պոլկի հետ հարցազրույցը:


Դաունհիլլի վարպետ Ֆիլիպ Պոլկը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Ֆիլիպ, կարո՞ղ ենք ենթադրել, որ փոքր տարիքում շատ էիր սիրում հեծանիվներ նվեր ստանալ:

-Իհարկե, յուրաքանչյուր երեխա սիրում է որպես նվեր հեծանիվ ստանալ: Ես շատ փոքր էի, երբ նվեր ստացա իմ առաջին հեծանիվը եւ արդեն երեք տարեկանում առանց լրացուցիչ անիվների հեծանիվ վարել էի կարողանում: Սիրում էի երկար ժամանակ անցկացնել հեծանիվիս հետ, եւ այդ սովորությունը շարունակվում է մինչ օրս: 

-Քո առաջին պրոֆեսիոնալ հեծանիվը դեռ «շնչու՞մ է»:

-Ոչ, բայց դրա շրջանակը պահում եմ մինչ օրս:

-Այս պահին քանի՞ հեծանիվ ունես:

-4 հեծանիվ ունեմ, ու բոլորն էլ օգտագործում եմ: Մեկը ճանապարհային է, մեկը դաունհիլլի, իսկ մյուս երկուսը նախատեսված են էնդուրո եւ քրոսս բայքինգի համար:

-Շուտով ձմեռ է, այս եղանակին ավելի հարմար է հեծանի՞վ, թե՞ ավտոմեքենա վարելը:

-Կախված է նրանից, թե ուր ես գնում: Եվ նաեւ, թե ինչքան ձյուն է եկել: Եթե ձյունը շատ է, ապա հեծանիվով մի փոքր ավելի բարդ կլինի, բայց դաունհիլլ մրցավազքերի պարագայում նորմալ է: Երբեք խնդիր չեմ ունեցել այդ հարցում: 2 տարի առաջ, օրինակ, 116 կմ/ժ արագությամբ հեծանիվով սլացել եմ ձյունե ծածկույթի վրայով: Ընդհանրապես, արագությունը զվարճալի է (ծիծաղում է): 

-Իսկ առօրյայում հեծանի՞վ, թե՞ ավտոմեքենա ես նախընտրում:

-Ինձ շատ է դուր գալիս ավտոմեքենա վարելու գործընթացը:  Այս տարի էլ դարձել եմ BMW մակնիշի դեսպան, ահա թե ինչու սիրում եմ փորձարկել տարբեր ավտոմեքենաներ, զգալ արագությունը: Բայց երբ քաղաքում եմ, որտեղ երթեւեկությունը չափազանց շատ է, խցանումներն էլ՝ անպակաս, վերցնում եմ հեծանիվս եւ ավելի արագ հասնում անհրաժեշտ վայր:


Դաունհիլլի վարպետ Ֆիլիպ Պոլկը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

-Լեռնային բայքինգը …

-Էքստրեմալ եւ խելագար սպորտաձեւ է: Փորձում ենք սուպեր արագություններ զարգացնել՝ հաղթահարելով տարբեր խոչընդոտներ: Այո, խենթություն է թվում, բայց սա պրոֆեսիոնալ սպորտաձեւ է, եւ պետք է ֆիզիկապես եւ տեխնիկապես պատրաստ լինել: Իսկական խենթություն է դառնում, երբ քաղաքում աստիճանների վրա ես հեծանիվ վարում: Հոգեբանական պատրաստվածությունը եւս չափազանց կարեւոր է:

-Մրցավազքերը պետք է որ ուղեկցվեն նաեւ զվարճալի դրվագներով:

-Չգիտեմ՝ ինչքանով է ծիծաղելի, բայց մի անգամ հեծանիվով վրաերթի եմ ենթարկել մրցավազքի հանդիսատեսներից մեկին, չնայած այո, այդ պահին դա այնքան էլ ծիծաղելի չէր: Հիմա փորձում եմ ավելի հանգիստ պահել ինձ մրցավազքերի ժամանակ:

-Ո՞րն է ավելի դժվար՝ հեծանիվով սար բարձրանալ, թե՞ իջնել այդ սարից:

-Վեր բարձրանալ: Երբ իջնում եմ, մեծ կենտրոնացումն այնքան էլ էական չէ, քանի որ կարողանում եմ կառավարել հեծանիվը շատ լավ, եւ հաճույք եմ ստանում ներքեւ սլանալու ակնթարթներից: Բայց, միեւնույն ժամանակ, վերեւ բարձրանալը եւս հաճելի է, քանի որ, երբ արդեն վերեւում ես, քեզ մի տեսակ հզոր ես զգում (ծիծաղում է): Անկախ ամեն ինչից միշտ փորձում եմ արագություն բացել:

- Քարե՞րն են ամենալուրջ խոչընդոտը լեռներում հեծանիվ քշելու ընթացքում:

-Այո, դրանց սանձումը դժվար է: Բայց, օրինակ, քաղաքում, աստիճանները եւս մեծ մարտահրավեր են: Երբեմն աստիճանների վրա ցատկելն է դժվար, քանի որ դու դա շատ ճշգրիտ պետք  է անես: Քաղաքում դժվար է մարզվելը, քանի որ փողոցում շատ են անցորդները, իսկ մեքենաների պատճառով մեծ արագությամբ սլանալն անհնար է:

-Դաունհիլլ մրցավազքերում մեծ է վնասվածք ստանալու հավանականությունը: Լուրջ վնասվածք երբեւէ ստացե՞լ ես:

-Այո, ներքին արնահոսություն էր, քիչ էր մնում մահանայի: Բայց վնասվածքի մեղավորը ես էի, մարզման եւ ֆոտո նկարահանումների ընթացքում կատարվեց, իսկ սպորտ վերադարձա միայն երեք ամիս հետո:


Դաունհիլլի վարպետ Ֆիլիպ Պոլկը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

-Մինչեւ այցելությունդ ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին:

-Վերջին օրերին տարածաշրջանի մի շարք երկրներում եմ եղել: Հայաստանի մասին գիտեի, որ այն հայտնի է իր կոնյակով: Որոնում կատարեցի եւ ինչ որ բաներ կարդացի նաեւ Վիքիպեդիայում: Հայաստանը Սլովակիայի պես փոքր եւ լեռներով շրջապատված երկիր է:

-Եվ վերջում, ինչպե՞ս սկսել զբաղվել բայքինգով: Խորհուրդներ կտա՞ս:

-Սա զարգացող սպորտաձեւ է: Յուրաքանչյուր երեխա, ով ունի հեծանիվ, ունի նաեւ պոտենցիալ հետագայում զբաղվելու այս սպորտաձեւով: Նաեւ գեղեցիկ սպորտաձեւ է, կարող ես բնության գրկում հաճելի ժամանակ անցկացնել. հեծանիվ քշել եւ  մաքուր օդ շնչել՝ համակարգչի առաջ նստելու փոխարեն: Երիտասարդներին խորհուրդ կտամ կիրք գտնել հեծանվասպորտում, առողջ ապրելակերպ վարել, եւ ամեն օր հեծանիվ վարելու ժամանակ գտնել: Հետեւեք այս խորհուրդներին եւ ձեզ ավելի հարմարավետ կզգաք հեծանիվ վարելու ընթացքում:

Հ.Գ. Ինչպես վերջում խոստովանեց մեծ արագությունների սիրահար Ֆիլիպը, սա իր կյանքի ամենաերկար հարցազրույցն էր: Նշենք, որ այն տեւել է 9 րոպե 48 վայրկյան:

Ֆիլիպ Պոլկի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին