Հունիս 23, 2025
exclusive
3449 դիտում

Ճանապարհ դեպի Համբուրգ. Սյուզի Կենտիկյանը երկու կյանք ունի, ու մեկը մյուսին չի խանգարում

Սյուզի Կենտիկյանը
Սյուզի Կենտիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս կարճահասակ, ակտիվ ու անսպառ էներգիայով լի մարզուհին երկար տարիներ կանանց բռնցքամարտի խորհրդանիշներից մեկն է: Չեմպիոնական 3 գոտի, բազմաթիվ հաղթանակներ, ագրեսիվ ոճ ու այդ պատճառով «մարդասպան թագուհի» անունը ստացած Սյուզի Կենտիկյանը գիտի, ինչպես հասնել իր նպատակին ու չի թաքցնում բարձրունքում հայտնվելու գաղտնիքը:

Մի քանի օրով Հայաստան ժամանած մարզուհին Mediamax Sport-ին տված հարցազրույցում խոսել է իր կյանքում կատարված փոփոխությունների, գոտիների համար անվերջ մղվող պայքարի, բռնցքամարտում կանացիությունը պահելու ու խանութների նկատմամբ իր թուլության մասին:

- Սյուզի, Հայաստանում դու վերջին անգամ 5 տարի առաջ էիր եղել: Այդ ընթացքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել քո կյանքում:

- Բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, արդեն նոր փրոմոութերական ընկերության հետ եմ համագործակցում, սկսել եմ հիմնականում Քյոլնում մարզվել, չնայած ապրում եմ Համբուրգում: Քյոլնում մարզվելու համար ավելի շատ պայմաններ կան, բացի այդ էլ իմ թիմն այնտեղ է աշխատում: Անընդհատ առաջընթաց եմ արձանագրում ու նոր ծրագրեր իրականացնում: Այս տարիների ընթացքում նոր գոտի եմ նվաճել ու այն հաջողությամբ պաշտպանել:

- Նվաճել ես թեթեւագույն քաշային կարգում WBA, WBO, WIBF գոտիները, ո՞րն է քո հաջորդ նպատակը բռնցքամարտում:

- Ինձ համար կարեւորը գոտիները պաշտպանելն է, քանի որ անընդհատ նոր մարտահրահերներ են ինձ նետում: Հաղթանակի ծարավ ավելի շատ մրցակիցներ են ցանկանում մենամարտել, այդ պատճառով ես միշտ պետք է պատրաստ լինեմ ու գոտիներն ինձ մոտ պահեմ: Դա այս պահին իմ ամենակարեւոր նպատակն է:



- Իսկ քեզ համար կա՞ տարբերություն, երբ գոտու համար ես մնամարտում ու փորձում ես պաշտպանել այն:

- Որեւէ  տարբերություն չկա, որովհետեւ իմ միակ նպատակը հաղթելն ու գոտի ունենալն է: Այդ պատճառով էլ ես միշտ նույն տրամադրվածությամբ ու եռանդով եմ դուրս գալիս ռինգ՝ այն միայն հաղթանակած լքելու համար: Ես նույն կերպ կռվել եմ  գոտին ձեռք բերելու համար, հիմա էլ չեմ պատրաստվում հեշտությամբ զիջել որեւէ մեկին:

- Կա՞ անհարմար մրցակից, որի հետ չէիր ցանկանա մենամարտել:

- Ոչ, ես շատ տարբեր մրցակիցներ եմ ունեցել: Մենամարտելու միակ պայմանն այն է, որ մրցակիցս նույն  քաշային կարգում լինի, իսկ թե գեր, նիհար, բարձրահասակ, ցածրահասակ կլինի, կարեւոր չէ: Նույնիսկ մեկ անգամ ավելի ծանր մրցակցի եմ հաղթել:

- Պրոֆեսիոնալ ռինգում 36 մենամարտ ես անցկացրել ու ընդամենը 2 պարտություն կրել, ընդ որում անընդմեջ: Այդ պարտություններն անակնկալ էին բոլորի համար, իսկ դու ինչպե՞ս կարողացար մոռանալ դրանց մասին: 

- Շատ դժվար ժամանակներ էին, շաբաթներով չէի կարողանում քնել: Առաջին պարտության պատճառն այն էր, որ կենտրոնացած չէի դուրս եկել ռինգ, սովորական մենամարտի պես էի մոտեցել այդ դիմակայությանը, ուղղակի այն կարեւոր չէի համարում: Այդ ընթացքում ինձ մոտ ոչինչ չէր ստացվում, ամեն ինչ գլխիվայր էր շուռ եկել: Մտածում էի` հաջորդ մենամարտի ժամանակ կկարողանամ հաղթանակ տոնել, բայց պարտվեցի 2-րդ անգամ անընդմեջ: Այդ դեպքում արդեն մրցավարական սխալ կար, հանդիպումն անկողմնակալ չէին դատել: Որքան էլ ինձ համար դժվար էր, ես հասկացա, որ երկար ժամանակ չեմ կարող տխրել: Նայեցի մարտերը, գտա սխալներս ու սկսեցի ավելի լավ մարզվել:

- Կարինա Մորենոյի հետ դու ռեւանշ-մենամարտ անցկացրիր,  կարողացար հաղթել նրան ու վերադարձնել WBA գոտիդ: Ի՞նչ էր քեզ համար նշանակում այդ մենամարտը:

- Մորենոյին պարտվելուց հետո ես որոշել էի ամեն գնով նրան կրկին հանդիպել: Ինձ համար այլ տարբերակ այլեւս գոյություն չուներ, չէի կարող  3-րդ պարտությունը կրել: Գիտեի, որ դժվար հանդիպում է ստացվելու, այդպես էլ եղավ: Մորենոն անհարմար մրցակից էր, բայց կարողացա նրա արգելքը հաղթահարել:



- Սյուզի, շարունակում ես ապացուցել, որ բռնցքամարտում կարելի է կանացի մնալ, միեւնույն ժամանակ` հասնել հաղթանակների: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում:

- Ես երկու կյանք ունեմ՝ ռինգինն ու անձնականը, ու մեկը մյուսին չի խանգարում: Կարող եմ ռինգում ծեծել մրցակիցներիս, կոպիտ լինել, բայց հաջորդ օրը շատ կանացի տեսք ունենալ: Եթե գիտես` ինչպես դրանք իրար հետ համատեղել, երբեք էլ չեն խանգարի:

- Քո հաղթանակները սովորաբար շատ տպավորիչ են ստացվում, հատու՞կ ես այդպես անում:

- Ես միշտ ցանկանում եմ բացահայտ առավելությամբ հաղթանակ տանել, որպեսզի հետո խոսակցություններ չլինեն: Ռինգում ավելի ագրեսիվ ու ակտիվ եմ լինում, ինչն էլ օգնում է տպավորիչ հաղթանակ տանել: Բայց ամենաշատը նոկաուտներն եմ սիրում:

- Իսկ ինչպե՞ս ես դեմքիդ կապտուկները քողարկում:

- Երբեմն շատ դժվար է լինում, ու շաբաթներ են անհրաժեշտ, որ ամեն ինչ անհետանա: Բայց հիմա լավ է, որ շպարի տարբեր միջոցներ կան ու օգնում են քողարկել անգամ ամենասարսափելի կապտուկները: Կարինա Մորենոյին պարտվելուց հետո աչքի այնպիսի կապտուկ ունեի, որ ոչնչով էլ ծածկել հնարավոր չէր:



- Ո՞վ է, ըստ քեզ, մեր օրերի լավագույն բռնցքամարտիկը:

- Ֆլոյդ Մեյվեզերը, Գենադի Գոլովկինն ու Մեննի Պակյաոն: Ինձ միշտ ոգեշնչել է նաեւ Մայք Թայսոնն, իհարկե, իր կարիերայի լավագույն տարիներին:

- Իսկ եթե հնարավորություն ընձեռնվի ընտրել, ո՞ւմ հետ կցանկանաս ռինգում մրցել:

- Իհարկե, Մեյվեզերի ու Մուհամեդ Ալիի:

- Ըստ քեզ, ո՞րն է պատճառը, որ կանցանց բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է:

- Կարծում եմ, դրանում ես էլ իմ ներդրումն ունեմ: Երբ նոր էի սկսում իմ կարիերան, այդքան էլ շատ կին բռնցքամարտիկներ չկային: Հիմա իրավիճակը բոլորովին փոխվել է: Փորձում եմ ոգեշնչել երիտասարդ մարզուհիներին: Բռնցքամարտում մեծ նվաճումների եմ հասել, իմ քաշային կարգում առաջին համարն եմ, ու դա օգնում է, որ շատ աղջիկներ գնան իմ ճանապարհով:

- Հետաքրքիր է իմանալ շպարվելու պարագաներից ի՞նչ կա անպայման քո պայուսակում:

- Շատ եմ սիրում շրթներկ ու օծանելիք, դրանք իմ պայուսակի անբաժանելի պարագաներն են: Երբեմն էլ այնպես է պատահում, որ ամեն ինչ էլ վերցնում եմ հետս:

- Իսկ գնումներ կատարել սիրո՞ւմ ես, ինչի՞ կողքով չես կարող անտարբեր անցնել:



- Այո, ինձ իսկական շոպոգոլիկ կարելի է համարել, երբեմն հատուկ չեմ գնում խանութներ, քանի որ գիտեմ, որ ինձ այնտեղից անհնար կլինի հանել: Սովորաբար կես խանութը գնում եմ: Գնումներիս մեծ մասն են կազմում դասական հագուստն ու կոշիկները, սակայն իմ թուլությունը պայուսակներն են:

- Եթե մի քիչ ազատ ժամանակ ունենաս ու հայտնվես խոհանոցում, ի՞նչ կպատրաստես:

- Խոհանոցում ոչ այդքան հաճախ, բայց լինում եմ: Հիմնականում մայրիկիս եմ օգնում: Բայց եթե ես հյուրասիրելու լինեմ, տոլմա կամ էլ բորշ կպատրաստեմ: Խոհանոցում իմ հմտություններն այդքանով չեն սահմանափակվում, ուրիշ բաղադրատոմսեր էլ գիտեմ (ծիծաղում է – հեղ.):

- Մի բան, որ Հայաստանում պարտադիր անում ես:

- Անպայման Սեւանում եմ լինում, բարեկամներիս եմ տեսնում ու լավ ժամանակ անցկացնում:

- Դու երկար տարիներ է ապրում ու ներկայացնում ես Գերմանիան, հիանալի խոսում ես գերմաներեն, իսկ այդ երկրում ի՞նչն է քեզ հոգեհարազատ:

- Մարդիկ շատ կարգապահ են: Երբ ես Երեւանում տեսնում եմ, թե ինչպես են մեքենա վարում, զարմանում եմ. այնտեղ ամեն ինչ սահմանված կարգով է արվում: Գերմանիայում ամեն ինչ հստակ կանոնակարգված է: Բայց այնպես չէ, որ այնտեղ ամեն ինչ ինձ դուր է գալիս, նրանք էլ շատ անշնորհք բաներ են անում, ամոթ չունեն:

- Ամռանը կայացած ֆուտբոլի ԱԱ-ին բոլորն էին հետեւում, դո՞ւ էլ նշեցիր Գերմանիայի հավաքականի հաղթանակը:

- Ես շատ էի ուզում, որ Արգենտինան հաղթի, բայց, ցավոք, չստացվեց: Չեք կարող պատկերացնել, թե Գերմանիայում ինչ էր կատարվում: Բայց ես, միեւնույն է, չմիացա խրախճանքին: Անգամ եզրափակչին չեմ հետեւել, քնած էի այդ ժամանակ,  հրավառությունից ու աղմուկից արթնացա, ու ամեն ինչ արդեն պարզ էր:

- Ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի քո կողքին, ու արդյոք հե՞շտ է քո սիրտը գրավել:

- Ցանկանում եմ այնպիսի ամուսին ունենալ, որը կընդունի իմ աշխատանքը, կողքիս կլինի ու կաջակցի ինձ: Բայց իմ սիրտը գրավելն այդքան էլ հեշտ չէ, ես կասեի՝ շատ դժվար է: Հիմա սիրահարված չեմ, ու դա այնքան լավ է, ոչինչ չի անհանգստացնում: Երբ ընկերուհիներս պատմում են, թե սիրո պատճառով որքան են տանջվում, որախանում եմ, որ հիմա ազատ եմ: Իհարկե, եղել է ժամանակ, որ ես ել եմ սիրել, բայց իմ պարագայում դա ընդամենը մի շաբաթ է տեւում:



-2011-ին լույս է տեսել քո  «Ինձ ոչինչ չեն նվիրել» ինքնակենսագրական գիրքը, հետագայում նպատակ ունե՞ս  կրկին քո մասին գիրք ներկայացնել: 

- Գիրքը շատ լավ արձագանք է գտել, մեկ օրվա ընթացքում 1500 օրինակ է վաճառվել: Էլի եմ ցանկանում գիրք գրել, բայց արդեն այն ժամանակ, երբ կարիերաս կավարտեմ:

- Իսկ մտածել ես՝ ինչո՞վ կցանկանաս զբաղվել բռնցքամարտը թողնելուց հետո:

- Դեռ առնվազն 2 տարի մնալու եմ բռնցքամարտում, բայց արդեն հիմա էլ գիտեմ, թե ինչով եմ զբաղվելու: Ցանկանում եմ կանանց բռնցքամարտի ակումբ բացել ու իմ գիտելիքներն ու փորձն այնտեղ կիրառել: Ես հիանալի եմ տիրապետում գերմաներենին, ու ինձ առաջարկել են սպորտային մեկնաբան դառնալ, կարիերայի ավարտից հետո դրանով էլ կզբաղվեմ: Բայց ամենամեծ ցանկությունս այն է, որ հաղթանակած թողնեմ բռնցքամարտը, իսկ դա նշանակում է, որ թուլանալու իրավունք չունեմ, պետք է շարունակեմ հաղթանակներ տոնել ու ուրախացնել իմ սիրելի երկրպագուներին:

Սյուզի Կենտիկյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին