Հոկտեմբեր 13, 2024
exclusive
11333 դիտում

Հանս-Դիտեր Հերման. «Ցավալի կլինի, եթե Աշխարհի առաջնությունը սկսենք Հայաստանից կրած պարտությունից հետո»

Հանս-Դիտեր Հերմանը
Հանս-Դիտեր Հերմանը

Լուսանկարը` European Newspaper Congress


Մեդիամաքսի թղթակից Մարիամ Մանոյանը Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի սպորտային հոգեբան, պրոֆեսոր Հանս-Դիտեր Հերմանին հանդիպել է Վիեննայում: Պրոֆեսորը մասնակցում էր «Եվրոպական մամուլի համաժողով-2014»-ին` ներկայացնելով «Լրագրողները կարծես ֆուտբոլիստներ լինեն, բայց կկարողանան արդյո՞ք կառուցել սեփական թիմը» զեկույցը:

Հանս-Դիտեր Հերմանը մինչեւ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխատել է Գերմանիայի հոկեյի, սպորտային մարմնամարզության, բոքսի ազգային հավաքականների եւ Ավստրիայի դահուկային սպորտի ազգային հավաքականի հետ: Նրա աշխատությունները անդրադառնում են առաջնորդության, թիմի կառուցման եւ մոտիվացիայի գաղափարներին` բացահայտելով, թե ինչպես բիզնեսի ղեկավարները կարող են հաջողության գաղտնիքներ սովորել կատարողականության բարձր մակարդակ ունեցող մարզիկներից:

Պրոֆեսոր Հերմանի կարծիքով, լրագրողներն ու պրոֆեսիոնալ մարզիկներն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նրանք ուժեղ անհատականություններ են, որոնք տիրապետում են հրաշալի հմտությունների: Բայց այս հանգամանքը լրագրողներին մեխանիկորեն չի վերածում թիմային խաղացողների, չնայած որ հաղթանակը կամ ձախողումը գրեթե միշտ թիմային աշխատանքի արդյունք է ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլ նաեւ խմբագրատանը: Սպորտային հոգեբանի կարծիքով, միայն ուժեղ թիմը կարող է գերակայել, իսկ ուժեղ թիմ կառուցելու կարեւոր նախապայմաններից են, որպեսզի առաջնորդը իրեն հեռու չպահի թիմից, ինչպես նաեւ վստահության, ոգեշնչման  եւ մոտիվացիայի առկայությունը թիմի մյուս անդամների մոտ:

Իր ելույթից հետո Հանս-Դիտեր Հերմանը համաձայնել է հունիսի 6-ին կայանալիք Հայաստան-Գերմանիա ընկերական հանդիպմանն ընդառաջ պատասխանել Մեդիամաքսի հարցերին:

-Շուտով Գերմանիայի ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Հայաստանի ընտրանու հետ, որը բավականին լավ խաղ է ցուցադրում հատկապես ուժեղ թիմերի հետ: Նախապատրաստվո՞ւմ եք այդ խաղին:

-Մենք գիտենք, որ Հայաստանը շատ լավ հավաքական ունի եւ լավագույնս նախապատրաստվում ենք այդ հանդիպմանը: Մեզ համար դա առանձնահատուկ հանդիպում է, քանի որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Գերմանիայի վերջին խաղն է լինելու: Յուրօրինակ փորձնական խաղ է մինչեւ Աշխարհի առաջնությունը: Մեզ հետաքրքիր խաղ է սպասվում ուժեղ հակառակորդի հետ եւ ցավալի կլինի, եթե Աշխարհի առաջնությունը սկսենք Հայաստանից կրած պարտությունից հետո:

-Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղում է Բունդեսլիգայի առաջատարներից մեկի` Դորտմունդի Բորուսիայի կազմում: Հետեւո՞ւմ եք նրա ելույթներին:

-Այո, նրա մասնակցությամբ մի քանի խաղ եմ դիտել: Նա շատ լավ խաղացող է, բայց կարծում եմ, նրան մի փոքր ժամանակ է անհրաժեշտ թիմին ամբողջությամբ հարմարվելու համար: Նոր առաջնություն տեխափոխվելիս միշտ էլ որոշ ժամանակ է հարկավոր նոր կենսակերպին եւ նոր ակումբի խաղաոճին հարմարվելու համար: Ընդհանուր առմամբ, նա հրաշալի ֆուտբոլիստ է:

- Ոմանք կարծում են, որ ֆուտբոլային թիմում հոգեբանի առկայությունն անհրաժեշտություն չէ, քանի որ մարզիչը լավագույն հոգեբանն է խաղացողների համար: Ի՞նչ կասեք այս առիթով:

-Ժամանակակից ֆուտբոլում մարզումները գնալով բարդանում են: Մարզիչն ունի բազմաթիվ օգնականներ` տեխնիկական վարպետության զարգացման գծով, սպորտային նախապատրաստության եւ մարզավիճակի գծով մարզիչներ, ֆիզիոթերապեւտ եւ այլն: Այնպես որ հոգեբան ունենալն էլ նորմալ է: Բնական է, որ թիմի կառուցման պատասխանատու աշխատանքում նոր մասնագետների կարիք է զգացվում, որոնք կարեւորում են անհատական աշխատանքը թիմի յուրաքանչյուր խաղացողի հետ: Եթե մարզչի մյուս օգնականները պատասխանատու են թիմի ֆիզիկական պատրաստվածության համար, ապա հոգեբանը պատասխանատու է մտավոր պատրաստվածության համար:

-Դուք աշխատում եք նաեւ մարզչի՞ հետ:

- Եթե նա իմ կարիքն ունենում է, ապա այո: Գերմանիայի հավաքականի մարզչի հետ մենք ժամանակ առ ժամանակ զրուցում ենք եւ պլանավորում հետագա անելիքները:

-Իսկ ինչպե՞ս եք վարվում, երբ մարզիկն ունենում է որոշ խնդիրներ, սակայն հրաժարվում է ձեր օգնությունից:

-Եթե խաղացողը գտնում է, որ հոգեբանական օգնության կարիք չունի, ապա մենք անզոր ենք: Իրավունք չունենք ոչինչ ձեռնարկել: Բայց սովորաբար նրանք քաջ գիտակցում են դրա անհրաժեշտությունը:

-Հետաքրքիր է, ինչպիսի՞ օգնություն եք ցուցաբերում մարզիկին, որն, օրինակ, հուսահատվել է եւ իրեն մեղավոր է զգում թիմի պարտության համար:

-Դա, իհարկե, շատ սխալ մտավիճակ է: Մենք խնդրում ենք խաղացողին խոսել եւ մեզ հետ կիսվել, թե ինչն է իրեն անհանգստացնում եւ ինչպես նա կարող է շտկել իր սխալը: Նա երկու-երեք օր կարող է մտածել իր սխալի մասին, հետո խնդրում ենք այլեւս չկենտրոնանալ այդ մտքի վրա: Հաջորդ անգամ նա չի գործի այդ սխալը: 

Գոյություն ունեն բազմաթիվ մտավոր ռազմավարություններ եւ լիցքաթափման մեխանիզմներ, որոնք օգնում են մարզիկներին հաղթահարել խոչընդոտներն ու օգտագործել իրենց առավելագույն ներուժը:

-Հոգեբանը նաեւ խրախուսում եւ մոտիվացնո՞ւմ է խաղացողներին:

-Գերմանիայի ազգային հավաքականում բոլորը պրոֆեսիոնալ խաղացողներ են եւ անհատական մոտիվացման կարիք չունեն: Սակայն պատասխանատու խաղերից առաջ թիմի հետ աշխատանք է տարվում նրանց մտավոր նախապատրաստման ուղղությամբ:

Հանս-Դիտեր Հերմանի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին