exclusive
32545 դիտում

Հայաստանի միջազգային մրցավարները. Արայիկ Ալավերդյան


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանում միջազգային կարգի մրցավարներն այդքան էլ շատ չեն: Ծանրամարտում, որտեղ հայ մարզիկներն այդքան ուժեղ են, իր մրցավարական առաջին քայլերն է կատարում Արայիկ Ալավերդյանը:

Նա Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում աշխատելուն զուգահեռ ուժերն է փորձում կարեւոր մրցաշարերում: Mediamax Sport-ին Ալավերդյանը պատմել է իր կատարած կարեւոր գործի մասին:

Ծանրամարտի նկատմամբ սերը

11 տարեկանից սկսած շուրջ 10 տարի զբաղվել եմ ծանրամարտով, ապա սովորել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Առաջին մարզիչս հայրս է եղել`Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Պարապել եմ Աշխատանքային ռեզերվների մարզադահլիճում: 

Այն ժամանակ ներկայիս մարզումային պայմանները չկային, ես ձմեռն առանց պատուհանների ու տաք ջրի եմ պարապել, ծանրամարտի նկատմամբ սերն ու հայրիկիս ներկայությունն է ինձ պահել սպորտում: Երբ տեսնում ես, թե հարազատդ ինչպես է վերաբերվում այդ սպորտաձեւին, չես կարող անտարբեր լինել:

Հետաքրքիրն այն է, որ հայրս սկզբում ըմբշամարտով է զբաղվել, հետո չգիտեմ էլ, թե ինչն է դրդել նրան ընտրել ծանրամարտը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մարզաձեւն իմանալը շատ է օգնում լավ մրցավար դառնալ, մյուսների պես կանոնադրությունն ամենասկզբից չես կարդում եւ սովորում: Իսկ ինձ համար շատ հեշտ էր, քանի որ ծանրամարտն իմ ամենօրյա աշխատանքն ու առօրյան էր: Բայց պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ պլանավորել մրցավար դառնալ:

Մրցավար դառնալու ճանապարհը

Մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժ եմ, նախկինում 5 տարի մարզիչ եմ աշխատել, այդ գործը շատ անշնորհակալ է՝ դժվար ու նյարդեր պահանջող, դրա համար այդ ուղին չընտրեցի:

Շուրջ 7 տարի աշխատել եմ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, ապա տեղափոխվել եմ Բարձրագույն սպորտի քաղաքականության վարչությունն ու սկսել եմ անմիջականորեն շփվել ֆեդերացիաների հետ: Պատասխանատու եմ ծանրամարտի, հեծանվասպորտի ու ուշուի համար: Այնպես ստացվեց, որ ավելի մտերմացա սպորտի հետ եւ որոշեցի, որ կարելի է ուժերս փորձել նաեւ որպես մրցավար: Յուրաքանչյուրն էլ կարող է մրցավարությամբ զբաղվել:

Միջազգային 2-րդ կարգ ունեմ ու թեեւ գրքույկը վաղուց ստացել էի, բայց մրցումների չէի մասնակցում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Կարգը ստանալու ընթացակարգ կա, հարցաշար ես լրացնում ու գումար վճարում, հետո արտոնագրի համար ես վճարում, որ կարողանաս մրցաշարերի ժամանակ աշխատել: Բայց հենց այնպես չես կարող ներգրավվել մրցավարական աշխատանքներում, պետք է հրավեր լինի, երկիրդ հայտ ներկայացնի, իսկ միջազգային ֆեդերացիան ինքն է որոշում ընդունել այն, թե ոչ:

Առաջին մրցաշարը, որի ժամանակ աշխատել եմ, 2019-ին Բաթումիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունն էր: Սկզբում մի քիչ դժվար էր, շփումը միայն անգլերենով էր: Ես աշխատել եմ իտալացի, ռումինացի ու բրիտանացի մրցավարների խմբի հետ: Ինձ համար շատ հետաքրքիր էր համատեղ աշխատանքը:

Փաշիկ Ալավերդյանի օգնությունը

Բնականաբար, հայրս մեր ընտրանու գլխավոր մարզիչն է ու նրա ներկայությամբ էի առաջին քայլերս անում միջազգային ասպարեզում: Նա որոշ հարցերում օգնում էր ինձ, աջակցում ու հուշում:

Քանի որ ես չեմ զբաղվել մանկավարժությամբ ու բացթողումներ եմ ունեցել, օրենքները զգալի փոփոխությունների են ենթարկվել, նորերը կիրառության մեջ մտել, այդ տեսանկյունից է հատկապես ինձ օգնել:

Հայ մարզիկների ելույթների ժամանակ էլ աշխատել եմ, ծանրամարտում դա չի արգելվում, բայց միեւնույն է խստորեն հետեւել եմ կանոններին ու որեւէ կողմնապահություն թույլ չեմ տվել:

Մեր թիմի ելույթների ընթացքում հայրիկի հետ վիճահարույց պահեր չեն եղել, բայց առաջնության ընթացքում նման բան պատահել է: Նա պարզապես հուշել է, որ ԵԱ-ում ես մեր երկրի ու թիմի համար եմ նաեւ ու պետք է իմ լուման ունենամ հավաքականին աջակցելու գործում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մեր երկրին միջազգային մրցավար ունենալն առաջին հերթին մեծ օգուտ է բերում: Երբ մարզիկները ծանրաձողին մոտենալիս տեսնում են ծանոթ դեմք, ուժ են ստանում: Միջազգային ճանաչումն առաջին հերթին երկրի ու թիմի համար են, չնայած Փաշիկ Ալավերդյանը շատ ճանաչված է միջազգային հարթակներում, դա եւս առավելություն է:

Ինձ սկզբում որպես Ալավերդյանի որդի էին ճանաչում, հիմա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի վարչական ողջ կազմին գիտեմ:

Մեր հավաքականի ուժի գաղտնիքը

Մեր հավաքականը պինդ է ու ի տարբերություն շատ երկրների ծանրամարտի թիմերի՝ կայուն, ամենակարեւորը բամբասանքներից զուրկ է: Դա բոլորի ջանքերի շնորհիվ է, մարզիչն էլ, տղաներն էլ իրենց դերն ունեն այդ ամենում:

Հայաստանի թիմն ուժեղներից է ամբողջ աշխարհում, պատճառներից մեկն այն է, որ մարզիչն անհնարինն է անում, ներդնում իր ոգին: Ինչպես կվարվի իր ընտանիքի հետ, այդպես էլ թիմին է վերաբերվում:

Շատ էմոցիոնալ է, տանն էլ այդպիսին է, ընդհանրապես չի փոխվում: Շատ ուղղախոս է ու պահանջկոտ բոլորի`մարզիկների ու ընտանիքի նկատմամբ:

Տանն էլ սպորտից քննարկումներ ենք ունենում, հյուրանոցում էլ մրցումների ժամանակ մեկ սենյակում ենք մնում, խոսում ենք, նա ուղղություն է ցույց տալիս, ես էլ տարբեր հարցեր եմ տալիս: Նա ինձ միշտ օգնում է:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մրցավար աշխատելիս շատ քիչ ազատ ժամանակ եմ ունենում ու հավաքականի տղաների հետ մեր շփումը հիմնականում ընկերական է լինում: Քննարկումներ ենք ունենում, բայց շատ կարճ, կամ էլ ճաշարանում ենք հանդիպում: Ես ֆեդերացիայում ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնում:

Հայ մրցավարները

Հայաստանի առաջնության ընթացքին ու մրցավարների աշխատանքին հետեւում եմ որպես նախարարության աշխատակից, բայց ժամանակի առումով չեմ կարող անձամբ դատել:

Տեխնիկական առումով բացեր կան, մեզ սարքավորումներ են պետք, բայց խոսքն ահռելի գումարների մասին է, մեր ունեցած մարդկային ռեսուրսը բավական է, մեր մասնագետները բարձրակարգ են:

Որպես մրցավար շատ խստապահանջ եմ, փոքր թերություն տեսնելիս միշտ սեղմում ու ազդարարում եմ, որ քաշը չհաշվեն: Օրենքը բոլորի համար է գրված, իսկ ես սիրում եմ այն պահպանել:

Մեր աշխատանքի գնահատականը միջազգային ֆեդերացիան չի տալիս, դա զգում ենք միայն այն ժամանակ, երբ մյուս մրցմանը սիրով հրավիրում են նորից աշխատելու: Դա նշանակում է, որ եթե 2019-ին լավ չաշխատեի, այս տարի նման հրավերներ չէի ստանա:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նոր մարտահրավերներ

Այս տարի առաջին անգամ ներկայացված էի ու պետք է աշխատեի Աշխարհի առաջնության ժամանակ: Բայց երիտասարդների ԱԱ-ն կորոնավիրուսի պատճառով չեղարկվեց, պետք է 2-րդ տարին լինեի նաեւ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, բայց այդ մրցաշարն էլ հետաձգվել է:

Առաջիկա Օլիմպիական խաղերում չեմ աշխատի, քանի որ առաջին կարգ նոր եմ ստացել, մյուսի մասին անպայման կմտածեմ:

Օլիմպիական խաղերում լինելն, ինչպես մարզիկների ու լրագրողների, այնպես էլ մրցավարների համար պատիվ է: Օլիմպիական աշխարհն ուրիշ է, միայն նվիրյալներն են հասկանում դա:

Ցավոք, կորոնավիրուսը շատ ուժեղ է ու ընդգրկել է ամբողջ աշխարհը, այդ պատճառով ծանրամարտի առաջնությունների անցկացման ժամկետների մասին հստակություն չկա:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին