exclusive
58596 դիտում

Հայաստանի միջազգային մրցավարները. Ավետիք Վարդանյան


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը նաեւ Հայաստանի ամենաերիտասարդ միջազգային մրցավարներից է:

2017 թվականից նա նաեւ Օլիմպիական կարգ ունի ու կարող է աշխատել 2020-ին Տոկիոյում կայանալիք խաղերի ժամանակ:

Mediamax Sport-ի մրցավարների մասին պատմող հոդվածաշարում այսօր ներկայացնում ենք Վարդանյանին:

Մրցավար դառնալու ուղին

Հայրս ըմբշամարտի մարզիչ է եղել, փոքր տարիքից մարզադահլիճներում եմ եղել ու այնտեղ մեծացել: Հաճախ էր լինում, որ մարզումների ժամանակ առաջարկում էին դատել գոտեմարտերը: Ինձ մոտ էլ, չգիտես ինչու, վատ չէր ստացվում, աստիճանաբար սկսեցի ավելի ու ավելի լավ զգալ այդ աշխատանքում:

2007 թվականից միջազգային մրցավար եմ, սկզբում դեռ 3-րդ կարգի էի, ապա 2 տարին մեկ գնացել եմ որակավորումս բարձրացնելու:  2010-ին 2-րդ կարգ եմ ստացել, 2012-ին՝ 1-ին, 2017-ից էլ Օլիմպիական խաղերում աշխատելու իրավունք ունեմ:

Առաջին անգամ միջազգային մրցավարի քննություն պետք է 2005-ին հանձնեի, սակայն թյուրիմացության պատճառով մասնակցել չկարողացա:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մինչեւ 2005-ը մրցավարները պետք է քննությանը մասնակցելու համար գրանցվեին մեկ օր առաջ: Սակայն կանոնները փոխվել էին, ու մենք այդ մասին տեղյակ չէինք: Հայաստանի պատվիրակությունը՝ ես ու հանրապետական կարգի եւս 2 մրցավար Իրան էինք մեկնել բավական շուտ, սակայն այդ քննություններին մասնակցել չկարողացանք:

2007-ին Ստեփան Սարգսյանի մրցաշարի ժամանակ ՖԻԼԱ-ն (հիմա UWW) որոշել էր Հայաստանում անցկացնել 3-րդ կարգի քննությունները: ՖԻԼԱ-ն ներկայացնում էին Մարիաննա Նոբսն (Շվեյցարիա) ու Կոստյա Միխայլովը (Ուզբեկստան):

Տարբեր երկրներից էին մեզ մոտ մրցավարներ ժամանել, Հայաստանից ես ու Գուրգեն Սահակյանը մասնակցեցինք քննությանը: Այդպես բավական երիտասարդ տարիքում դարձա միջազգային մրցավար:

Անհրաժեշտ որակները

Մրցավարը գորգի վրա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի միայն կարմիր ու կապույտ գույներին: Եթե որեւէ մեկին համակրենք, չենք կարող օբյեկտիվ ու անաչառ լինել, վիճելի իրավիճակներում նախապատվությունը նրան կտանք: Գորգում ճիշտ տրամադրվել ու աշխատել է պետք:

Լուսանկարը` անձնական արխիվից


Մրցավարը պետք զգա գորգը, միայն մարզիկի համար չէ, որ դա կարեւոր է: Տեսնի, թե ըմբիշը երբ կկատարի հնարքը, ավարտեց, թե դեռ սպասել է պետք: Երբեմն մեկ վայրկյան շուտ կարող ես սուլել ու խանգարել հնարքն ավարտել: Որոշ մրցավարներ մինչ սուլելը ձեռքերով են ժեստիկուլյացիա անում, բայց դա էլ ուշադրությունը շեղում է: Ժեստերն ու սուլիչը պետք է միաժամանակ լինեն:

Գորգի վրա աշխատելիս պետք է շատ արագ կողմնորոշվել, ճիշտ դիրք գրավել, որ աչքի համար տեսանելի լինեն բոլոր վիճահարույց դրվագները: Բնականաբար, միշտ չէ, որ ստացվում է: Գորգի ղեկավարների համար ավելի հեշտ է, կարելի է մի քանի անգամ դիտել դրվագն ու որոշում կայացնել, իսկ գորգի վրա տեղի ունեցածին մաքսիմալ արագ արձագանքել է պետք:

Առաջին ու կարեւոր մրցաշարերը

Առաջին անգամ միջազգային մրցաշար դատել եմ 2008-ի փետրվարին Կիեւում: Անհանգստություն ու լարվածություն կար, գիտեի, որ ինձ հետեւում են ու աշխատանքս գնահատում:

Լուսանկարը` անձնական արխիվից


Հիմա, երբ ինքս եմ պատվիրակի կարգավիճակում հանդես գալիս, հասկանում եմ, որ բնավ էլ լարվելու կարիք չկա, եթե ամեն ինչ ճիշտ ես անում, չես մտածում որեւէ մեկին օգնու կամ խանգարելու մասին, ամեն ինչ իր հունով ընթանում է:

Իսկ կարեւոր համարում եմ բոլոր գոտեմարտերը, քանի որ գորգում մարզիկներ են, որոնք երկար ջանք են թափել, մարզվել ու պետք է իրենց մարզիչների ու ծնողների սպասելիքներն արդարացնեն: Ես էլ մարզիչ եմ ու այդ ամենը հիանալի հասկանում եմ: Պետք է ուժեղ մարզիկը հաղթի, իսկ նրան ոչինչ չխանգարի:

Առավել կարեւորների թվում կնշեմ 2013-ին Թբիլիսում կայացած Եվրոպայի առաջնությունը, երբ Դավիթ Սաֆարյանը չեմպիոն դարձավ, ինչպես նաեւ 2014- Տաշքենդում կայացած ԱԱ-ն: Այնտեղ էլ 2 ոսկե մեդալակիր ունեցանք՝ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Օլիմպիական կարգը

2 անգամ փորձել էի սպասարկել պատանեկան Օլիմպիական խաղերը, բայց չէր ստացվել, այս անգամ հաջողությամբ հանձնեցի քննությունն ու կարգը ստացա: 

Ճիշտ է ընդգրկված եմ 2020-ի Տոկիոյի խաղերը դատող մրցավարների ցանկում, բայց դեռ բավական ժամանակ կա, հնարավոր են փոփոխություններ: Ամեն ԱԱ-ից ու ԵԱ-ից հետո հետեւում է սեմինար, որի ժամանակ գնահատվում ու ստուգվում է կատարված աշխատանքը եւ գրավորը:

Լուսանկարը` անձնական արխիվից


Օլիմպիական կարգի 80 մրցավար կա, բայց ԵԱ-ի ու ԱԱ-ի համար նորից ընտրություն է կատարվելու: Հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավարներին բաժանելու են հիմնական ու պահեստային խմբերի: Ես ընդգրկված եմ հիմնական 50-ի մեջ ու ամենաերիտասարդներից եմ: Դա ավելի ոգեշնչող է, բայց նաեւ պատասխանատվությունն է մեծ: 

Մրցավար մարզիչն ու դժվարությունները

Որպես մրցավար իմ աշակերտներին կարեւոր խորհուրդներ եմ տալիս, թե ինչ խորամանկությունների կարող են դիմել, որ մրցավարը չնկատի: Կամ, որ դեպքում զգուշացումը կարող է սպառնալ իրենց:

Երիտասարդ տարիքում ավելի էմոցիոնալ մրցավար էի, տեղից կարող էի կանգնում, գոռում, հուշում, երկրպագում մարզիկներին: Նյարդայնանում էի, երբ մերոնց վատ էին դատում, բայց հիմա շատ եմ փոխվել:

Միջազգային մրցավար լինելը շատ հաճելի է, բայց միաժամանակ այն շատ ծանրաբեռնված ու դժվար աշխատանք է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցավարներն առավոտյան գնում են դահլիճ ու սպասում մինչեւ օրվա ավարտը: Մեկ օրվա ընթացքում առավելագույնը 6 գոտեմարտ են դատում, բայց տարածքը լքելու իրավունք չունեն: Ես սիրում եմ գոտեմարտերը դատել, բայց հոգնում եմ սպասելուց: 

Նախապես չենք իմանում, որ մեկի ժամանակ ենք սպասարկելու, 2 կամ 3 գոտեմարտ առաջ են միայն տեղեկացնում, իսկ եզրափակիչների դեպում՝ 1: Համակարգիչն է ընտրությունը կատարում:

Անկախ նրանից, թե որքան օբյեկտիվ ես գործում, բողոքողներ ու դժգոհողներ միշտ կլինեն, կարեւորը վստահ լինես կայացրած որոշումներիդ վրա:

Մրցավար ունենալու կարեւորությունը

Շատ կարեւոր է միջազգային մրցավար ունենալն ու խոշոր մրցաշարերի ժամանակ ներկայացված լինելը: Խարդախ մրցավարներ կան, որոնք հաճախ խանգարում են որեւէ երկրի մարզիկի հաջողության կայացմանը: Սակայն, եթե նախապես իմանում են, որ այդ երկրից էլ մրցավար կա, ավելի զգաստ ու սթափ են գործում, դրանով ենք առաջին հերթին օգնում մեր ըմբիշներին:

Լուսանկարը` անձնական արխիվից


Իրականում ֆեդերացիայի ուժն իր մրցավարներով է երեւում: Ոչ բոլոր երկրներն Օլիմպիական կարգի մրցավարներ ունեն, շատ են ցանկանում ունենալ, բայց բավականին դժվարությունների առաջ են կանգնում:

Մենք ընդամենը 6 միջազգային կարգի մրցավար ունենք, ինչն, իհարկե, քիչ է: Մյուս կողմից էլ խթան չկա, որ երիտասարդներին ներգրավենք այս աշխատանքում: Ճիշտ է հրավիրում են մրցաշարեր դատելու, ոգեւորում ենք ու օգնում, բայց մրցավարական աշխատանքը սիրելուց բացի նաեւ պետք է վարձատրություն ստանալ: Այն ամբողջ օրն է տեւում, մարդիկ նյարդեր են քայքայում, հոգնում, միշտ դժգոհող կողմեր են լինում, իսկ այդ ամենին դիմանալն այդքան էլ հեշտ չէ:

Վերջին 2 տարիներին Հայաստանից միայն ես իրավունք ունեմ սպասարկելու մեծահասակների ԵԱ ու ԱԱ:

Մրցավարներն իրենց որակավորումը բարձրացնելու համար պետք է շատ միջազգային մրցաշարեր սպասարկեն, քննությունների ու սեմինարների մասնակցեն: Եթե ըմբշամարտի մեջ ես ու ամեն ինչից տեղյակ, բնավ էլ դժվար չէ քննությունը հանձնել, պարզապես պետք է անգլերեն կամ ֆրանսերեն իմանալ:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին