Ապրիլ 18, 2024
exclusive
58741 դիտում

Հայաստանի միջազգային մրցավարները. Սուրեն Բալիյան


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանը ֆուտբոլի միջազգային կարգ ունեցող երկու գլխավոր մրցավար ունի: Սուրեն Բալիյանի մեծ սերն այս մարզաձեւի նկատմամբ նրան դարձրել է իր գործի իսկական գիտակ:

Խաղադաշտ դուրս գալն ու նվիրումով աշխատելը նա շատ է սիրում: Mediamax Sport-ի մրցավարներին նվիրված շարքում Բալիյանը հաճույքով պատմել է մրցավարության մասին:

Վնասվածքն «օգնեց» դառնալ մրցավար

Լուսանկարը` Անձնական արխիվից


6 տարեկանից ֆուտբոլով եմ զբաղվել, բայց, ցավոք, 19-ում լուրջ վնասվածք ստացա ու դադարեցի մարզվել: Շատ էի տխրել, որովհետեւ ուզում էի ֆուտբոլում մնալ, այն ինձ կանչում էր: Հորեղբայրս՝ Պողոս Բալիյանը, մրցավար էր ու ինձ խորհուրդ տվեց սիրած մարզաձեւից չկտրվելու համար զբաղվել մրցավարությամբ:

Ավարտեցի մրցավարական բարձրագույն դպրոցը, մեր մարզիչ-հրահանգիչները զբաղվում էին հեռանկարային մրցավարներով ու տեղյակ էին պահում ֆեդերացիային:

2006 թվականին ես միջազգային օգնական էի, հետո որոշեցի ուժերս փորձել որպես գլխավոր մրցավար: Կարծում էի, որ այդ աշխատանքն ինձ մոտ ավելի լավ է ստացվում ու չսխալվեցի:

2010-ին Մալթայում ֆիզիկական ու տեսական, ինչպես նաեւ լեզվի իմացության քննություններ հանձնեցի ու ահա արդեն 7 տարի է միջազգային կարգի մրցավար եմ:

Ֆուտբոլը շատ կարեւոր է ինձ համար, բառերով չեմ կարող նկարագրել, իսկ մրցավարությունը դարձել է կյանքիս անբաժանելի մասը, որին անչափ նվիրված եմ:

Առաջին միջազգային հանդիպումից մինչեւ փորձի ձեռքբերում

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ցանկացած մրցավար պետք է հոգեբանորեն լավ պատրաստ լինի: Մեր մարզաձեւն էմոցիոնալ է, ու երկրպագուները լարված են պահում, սակայն երբ պատրաստ ես ու տիրապետում ես իրավիճակին, ոչ մի դժվարություն էլ չկա: Ժամանակի ընթացքում ձեռք բերված փորձն է օգնում դաշտում ավելի ազատ ու անկաշկանդ գործել, պետք է պարզապես անընդհատ աշխատել ու պատրաստվել լավագույնս դրսեւորվելու:

Առաջին միջազգային խաղս եղել է 2010-ին, աշխատեցի մինեչեւ 19 տարեկանների մրցաշարի ժամանակ: Որպես մրցավարի օգնական միջազգային հանդիպումների փորձ ունեի, սա էր պատճառը, որ լարվածություն չէի զգում ու հեշտորեն մտա խաղի մեջ:

Սպասարկել եմ Ուելս-Մակեդոնիա, Վրաստան-Լիտվա ազգային հավաքականների հանդիպումները: Երիտասարդական թիմերի ու ակումբների եվրագավաթների խաղերում էլ եմ աշխատել: Հիմա կրկին հրավերներ ունեմ ու գնալու եմ մոտ ժամանակներս:

Երբ հայտնում են, թե որ թիմի խաղն եմ վարելու, սկսում եմ ուսումնասիրություններս. ով է ավելի ակտիվ, ով կարող է դժվարություններ ստեղծել մրցավարի համար: Մինչեւ անգամ իմանում եմ, թե այս կամ այն ֆուտբոլիստի սիրած ուտեստը որն է: Հավատացնում եմ, փորձը ցույց է տալիս, որ դա եւս օգնում է խաղադաշտում: Ինչքան շատ ես իմանում տվյալ անձին, այնքան հեշտ է դաշտում: Չնայած լինում են նաեւ դեպքեր, երբ քո պատկերացրածի հակառակն է տեղի ունենում, այնպես որ, պետք է պատրաստ լինել ամեն ինչի:

Աշխատանքին ամբողջությամբ տրվելն ու ԱԱ-ի հանդիպումներ սպասարկելը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Շաբաթական 4-5 անգամ մարզումներ են լինում, դրանից բացի էլ առանձին եմ աշխատում ինձ վրա ու, իհարկե, սննդակարգիս հետեւում: Հանդիպման ընթացքում առաջին սուլիչից մինչեւ վերջինը պետք է զգոն լինես, որովհետեւ ամեն ինչ էլ կարող է կատարվել: Ֆուտբոլում չես կարող իմանալ, թե հաջորդ քայլին ինչ տեղի կունենա, պետք է միշտ ուշադիր, կենտրոնացած ու հավաքված լինել:

Լինում է, որ խաղի ժամանակ ինչ-որ բան չես նկատում՝ կամ ֆիզիկապես չհասցնելու, կամ էլ խաղացողների խանգարելու պատճառով: Այդ ժամանակ էլ խորհրդակցում եմ օգնականների հետ, որոնց շնորհիվ արագ որոշում է կայացվում: Կարմիր ու դեղին քարտերը մեր գործի մի մասն են, սակայն ինչքան քիչ լինեն, այնքան լավ:

Իմ վարած բոլոր հանդիպումները պարտադիր դիտում եմ: Հայաստանի առաջնության խաղերից հետո ֆեդերացիայում քննարկումներ ենք ունենում ու վերլուծություն անում: Ինչպես ֆուտբոլիստները, մենք էլ հավաքներ ենք ունենում, պարզապես իրենք գնդակով են շփվում, մենք՝ սուլիչով: Ինձ համար տարբերություն չկա, մինչեւ 17 տարեկանների, ազգային հավաքականների, թե Հայաստանի առաջնության խաղ եմ դատում, ես տրվում եմ ամբողջովին ու աշխատում եմ լավ դրսեւորել ինձ:

Շատ եմ ցանկանում, որ Հայաստանն Աշխարհի առաջնությունը սպասարկող մրցավար ունենա: Դրան հասնելու համար շատ աշխատել է պետք: Խոստումնալից երիտասարդ մրցավարներ ունենք, ովքեր Հայաստանի Բարձրագույն խմբի խաղեր են դատում, փորձ կհավաքեն ու կկարողանան նաեւ միջազգային ասպարեզում փորձել իրենց ուժերը: Անչափ լավ կլինի, որ Հայաստանն աշխարհում ճանաչելի լինի նաեւ իր մրցավարներով:
 
Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին