Դեկտեմբեր 04, 2024
exclusive
61135 դիտում

Հայաստանի միջազգային մրցավարները. Գեւորգ Ալեքսանյան


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Գեւորգ Ալեքսանյանը երկար տարիներ համատեղում է մարզչի ու մրցավարի պարտականությունները: Նա մեր ամենահայտնի ըմբիշի՝ Արթուր Ալեքսանայի հայրը լինելուց բացի, նաեւ նրա անձնական մարզիչն է, աշխատում է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում:

Ալեքսանյանը նաեւ միջազգային ամենատարբեր խոշոր մրցաշարերում Հայաստանը ներկայացնող բարձրակարգ մրցավարներից է:

Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել միջազգային ասպարեզում գործունեություն ծավալող հայ մրցավարներին:

Մրցավարության ուղին ու կարգերի բարձրացումը

Մարզչական աշխատանքով սկսել եմ զբաղվել սպորտային կարիերաս ավարտելուց անմիջապես հետո: Մարզիչս՝ Արամ Սարգսյանն առաջարկեց ընտրել այդ գործը, քանի որ քիչ մրցավարներ ունեինք, բացի այդ էլ մեր թիմի համար դա մեծ օգուտ կլիներ:

Այդպես էլ երիտասարդ տարիքում ստանձնեցի այդ գործը, մեր մարզադպրոցում ուսմասվար էի աշխատում, մրցումների ժամանակ էլ՝ մրցավարությամբ զբաղվում:

Մոտ 2 տարվա ընթացքում արդեն հանրապետական կարգի մրցավար էի ու դատում էի ԽՍՀՄ-ի տարբեր տարիքայինների առաջնություններ ու սպարտակիադաներ: Հայաստանի անկախացումից հետո միջազգային մրցավար ունենալն ավելի առաջնային դարձավ:

Լուսանկարը` Անձնական արխիվից


1999-ին առաջին անգամ միջազգային մրցաշարի մեկնեցի Աթենք, որտեղ նաեւ մրցավարական քննություն կար: 3-րդ կարգի համար քննություն հանձնեցի՝ բանավոր, գրավոր ու գործնական, ու հենց առաջին փորձից ամեն ինչ հաջող դասավորվեց: Այդ ժամանակից էլ սկսել եմ միջազգային մրցաշարեր սպասարկել՝ աստիճանաբար բարձրացնելով կարգս:

Ամենաբարձրն էքստրա կարգն էր, այն հնարավորություն էր տալիս Օլիմպիական խաղեր, ԵԱ ու ԱԱ սպասարկել:

Ես էլ ձգտել եմ այդ մակարդակին հասնել, շատ անգամներ հավաստիացրել են, որ անցել եմ, սակայն տերեվերջին ցուցակներում չեմ եղել:

Առաջին լուրջ փորձը

Հիշում եմ միջազգային կարգ նոր էի ստացել ու մեր թիմի հետ Իրան էի մեկնել միջազգային մրցաշարի: Ամերիկացի ու իրանցի ըմբշների գոտեմարտ պետք է վարեի: Դեռ երիտասարդ էի, շատ պատասխանատու հանդիպում էր ինձ սպասվում:

Երկուսն էլ բավական ուժեղ էին, ու նրանց դիմակայությունը մեծ իրարանցում էր առաջացրել: Լարված հանդիպում ստացվեց, այդ ճնշումից ամբողջովին քրտնել էի:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Իրանում, իսկապես, շատ մոլեռանդորեն են աջակցում իրենց ըմբիշին: Սուլիչի ձայնը միայն ես էի լսում, ըմբիշներին այն անգամ չէր հասնում: Այդ գետմարտը շատ է տպավորվել: Բայց հպարտանալով պետք է նշեմ, որ շատ ճիշտ եմ աշխատել, կողմերից ոչ մեկը դժգոհ չի մնացել:

Անգամ այն ժամանակ չէի վախենում, որ սխալ թույլ կտամ, պարզապես փորձի պակասի պատճառով քիչ չեն լինում դեպքերը, երբ մրցավարները սխալ դիրք են ընտրում: Իսկ ճիշտ դիրք ընտրելը մրցավարի առավելություններից է՝ տեսնում ես եւ ըմբիշներին, եւ նրանց կատարած հնարքները:

Դրա հետ կապված միշտ ավելի փորձառու մրցավարներից խորհուրդներ եմ հարցրել, հիմա էլ գիտելիքներովս երիտասարդների հետ եմ կիսվում:

Մրցավարն առաջին հերթին պետք է փորձի արդար լինել ու սիրի իր գործը, հակառակ դեպքում երկար չի դիմանա: Սովորելը կարեւոր է, բայց պետք է նաեւ մրցավարական հոտառություն ունենալ:

Օլիմպիական խաղերում աշխատելու երազանքը

Երբ Արթուրը սկսեց գոտեմարտել երիտասարդական մրցումներում, ես եւ ուղեկցում էի նրան, եւ կատարում մրցավարի աշխատանք: Բայց երբ արդեն մեծահասակների տարիքային խումբ տեղափոխվեց, զգացի, որ դժվար է դրանք համատեղել: Ինձ համար առաջնային դարձավ Արթուրի կողքին լինելը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միշտ էլ նպատակ եմ ունեցել ընդգրկվել Օլիմպիական խաղերը սպասարկող մրցավարների ցանկում: Առաջին կարգի մրցավար եմ ու ընդամենը մեկ քայլ է ինձ Օլիմպիական խաղերից բաժանում: Բոլոր տեսակի մրցաշարեր՝ ԵԱ ու ԱԱ էլ դատել եմ, բայց քանի դեռ Արթուրը միջազգային ասպարեզում է, այդ ցանկությունս երկրորդ պլան է մղվել:

Երբ որդիս դադարի գոտեմարտել, այդ ժամանակ կորոշեմ շարունակել, թե ոչ, քանի որ մրցավարությունը մինչեւ 60 տարեկանն է թույլատրվում:

Մրցավարի բարդ գործն ու միտումնավոր սխալները

Մրցավարն անընդհատ պետք է լավացնի որակները, միշտ տեղյակ լինի կանոնադրության մեջ հաճախակի կատարվող փոփոխություններից ու աշխատանքով ցույց տա, որ արժանի է իր կարգին: Դա առաջին հերթին երեւում է խառը իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակությամբ:

Մրցավարությունն, իսկապես, շատ բարդ աշխատանք է, կողմերից մեկը միշտ դժգոհում է: Եթե նախկինում դա հիմնականում պարտվող կողմն էր, հիմա հաղթողներն են միացել նրանց, համարելով, որ եթե մրցավարը չխանգարեր, ավելի տպավորիչ ու լավ հաղթանակ կտանեին:

Բայց մյուս կողմից էլ պետք է նշել, որ մրցավարական սխալները շատ մեծ թիվ են կազմում: Դրանք հիմնականում  2 տեսակի են լինում՝ միտումնավոր ու ոչ միտումնավոր:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Եթե մրցավարը սխալը հատուկ է թույլ տվել, այն այլեւս հնարավոր չէ ուղղել: Դա կամ հստակ մարզիկի կամ էլ նրա երկրի դեմ է արվում: Ոչ միտումնավորի դեպքում մարզիչը կարող է վիճակ նետել, ու սխալն անմիջապես կուղղվի:

Միտումնավոր սխալների դեպքում պատիժ կա սահմանված: Սակայն մեծ միջազգային մրցաշարերի ժամանակ միտումնավոր սխալներն անձամբ մրցավարը չէ, որ կատարում է, նա պարզապես հանձնարարականներ է անում: Այդ դեպքում որեւէ պատժի չի արժանանում: Կոպիտ սխալների դեպքում մրցավարական հանձնաժողովն իրավունք ունի կարգն իջեցնել կամ խիստ պատժել՝ ընդհուպ մինչեւ միջազգային կարգավիճակից զրկելը:

2008 թվականի Օլիմպիական խաղերում Շվեդիան ներկայացնող Արա Աբրահամյանի կիսաեզրափակիչ գոտեմարտը դատած մրցավարը նույնպես պատվեր էր կատարել: Բայց քանի որ Շվեդիայի ֆեդերացիան դիմել է Լոզանի արբիտրաժային դատարան ու շահել դատը, այդ մրցավարին ընդմիշտ հեռացրել են սպորտից:
 
Մրցավարության օգուտները

Ես մրցավարական կարիերայիս ընթացքում փորձել եմ որքան հնարավոր է արդար ու անկողմնակալ դատել, քանի որ ինքնս էլ մարզիչ եմ եղել ու սաներ ունեցել: Իսկ սխալներս հաստատ միտումնավոր չեն եղել, դրանից հնարավոր էլ չէ խուսափել աշխատանքային պրոցեսում: Հենց սխալների արդյունքում էլ մրցավարները փորձում են կարգը բարձրացնել:

Մրցավարությունն ինձ շատ է օգնել, ի տարբերություն այն մարզիչների, ովքեր իրենց երբեք մրցավարի դերում չեն փորձել: Նրանք շատ նրբություններ գործի ընթացքում չեն նկատում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Երբ ըմբիշներին միայն մարզչի աչքերով ես նայում, շատ բան ես բաց թողնում: Իսկ մրցավարը դրանք շատ լավ է զգում: Բացի այդ էլ կարողանում ես սառը դատել ու հետեւել գոտեմարտի ընթացքին՝ նկատելով բոլոր սխալները: Ես սովորել եմ իրավիճակն անկողմնակալ տեսնել:

Հայաստանին էլ միջազգային կարգի մրցավար ունենալը շատ բան է տալիս: Մենք հիմա 6 մրցավար ունենք, ցավոք, թիվն այդքան էլ մեծ չէ:

Լավ կլինի, որ ԱԱ-ի 4 գորգերի վրա էլ հայ մասնագետներից որեւէ մեկն աշխատի, այդ դեպքում մեր մարզիկներին այլ երկրների մրցավարները չեն փորձի խանգարել: Իսկ նման դեպքերը բազմաթիվ են եղել:

Չգնահատված հայ մրցավարները

Մրցավարները վարձատրություն չեն ստանում ոչ միջազգային, ոչ էլ Հայաստանի ֆեդերացիայի կողմից: Միայն մրցումների օրերին ճանապարհածախսի ու ուտելիքի համար աննշան գումար է տրամադրվում: Ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը չնչին չափով վարձատրություն էր տալիս, բայց դա միայն լրացնում էր պետական գործուղման գումարը:

Մրցավարների համար միակ խթանը խոշոր մրցումներ դատելն է, իսկ եթե նրանք էլ մարզիչների պես ամեն ամիս աշխատավարձ ստանան, շատ բան կփոխվի: Մրցավարության որակն էլ կբարձրանա, մեր պահանջներն էլ:

Միշտ ցանկացել ենք սխալների դեպքում որեւէ բանից զրկել, որ ձգտեն ավելի լավ դատել: Իսկ հիմա դա անել չենք կարող, քանի որ աշխատավարձից զրկել չենք կարող, արդյունքում մրցավարները կորցնելու ոչինչ չունեն:

Ներքին առաջնությունների ժամանակ մեզ հաճախ օգնում են հանրապետական կարգի մրցավարները կամ կարգ չունեցողները,  որովհետեւ մի քանի մրցավարով հնարավոր չէ ամբողջ օրն աշխատել: Կուզենայի, որ սպորտը թողնելուց հետո մեր երիտասարդները մրցավարությամբ զբաղվեն, սակայն նման միտում, ցավոք, չեմ նկատում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանում մարզչական կուլտուրան էլ է շատ ցածր: Միջազգային մրցումներում իրենց երբեք այդպես չեն պահում, ինչպես Հայաստանի առաջնությունում՝ մրցավարների հետ են վիճում, փորձում վիրավորել, միջամտում գործողություններին:

Այլ երկրների փորձը

Մեր հարեւան Վրաստանում պատկերը բոլորովին այլ է: Վերջին տարիներին մեր երկրից 3-4 մրցավարի են հրավիրում իրենց առաջնությունները դատելու: Մենք հիմնականում գլխավոր մրցավարներն ենք լինում, ավելի չեզոք ենք աշխատում, բայց եւ վրացի մրցավարների չափ վարձատրություն ստանում:

Եթե մեզ մոտ էլ մրցավարներն աշխատավարձ ստանան, շատ լավ կլինի:  Չեմ ասի, թե Հայաստանում մրցավարությունը շատ վատն է, վիճակ նետելու ու սխալներն ուղղելու հնարավորություն կա, գլխավոր մրցավարը կարող է կանգնեցնել գոտեմարտը, դիտել տեսագրությունն ու մրցավարների հետ խորհրդակցելուց հետո փոխել հաշիվը: Փորձում ենք հնարավորինս առանց սխալների աշխատել:

Թե Հայաստանում, թե միջազգային մրցումներում պետք չէ պարտությունները միայն մրցավարների վրա բարդել: Սխալները երկրպագուներն իրենք էլ շատ լավ տեսնում են ու գիտեն՝ ով է իրավացի:

Մրցավարի համակրանքը

Մրցավարն էլ մարդ է ու կարող է համակրել մարզիկներից մեկին: Այն պահից սկսած, երբ ըմբիշները գորգ են բարձրանում ու քեզ մոտենում, ամեն ինչ սկսվում է՝ նայած թե ինչպես են բարեւում, իրենց պահում, նման մանրուքներով էլ գրավում են մրցավարի համակրանքը: Հավասար միավորների դեպքում, միանշանակ, իրեն ես տալիս հաղթանակը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Տիտղոսակիր ըմբիշների գոտեմարտերը վարելիս ավելի զգոն եմ լինում, հաշվի առնում անցած ուղին, քանի որ ամեն սխալով կարող եմ վնասել: Չնայած բոլոր մարզիկներին էլ հնարավոր է վնասել, սակայն ուժեղ մարզիկների դեպքում զգոնությունն առավելագույնի է հասցվում:

Բայց միշտ ավելի դժվար է սկսնակների գոտեմարտերը դատել, քան ամենաուժեղների: Երիտասարդ մրցավարներին միշտ խորհուրդ եմ տալիս որքան հնարավոր է փոքրերի մրցումների ժամանակ աշխատեն: Երեխաներն արագ մի դիրքից մյուսին են անցնում, մի վտանգավոր վիճակին մյուսն է հաջորդում, երբեմն բասկետբոլային հաշիվներ են գրանցում, եթե հասցնեն նրանց գնահատել, մեծերին էլ կկարողանան:

Առհասարակ մրցավարությունում շատ կարեւոր է ըմբիշներին հարգելն ու սպորտում նրանց ներդրումը գնահատելը: Սպորտը ֆիզկուլտուրա չէ, այն ինչ-որ տեղ առողջության գնով է թույլ տալիս արդյունքների հասնել: Մարզիկներն իրենց առողջություն են կորցնում, այդ մասին միշտ պետք է հիշել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին