Միջազգային մրցավար դառնալու համար պետք է ցանկություն, աշխատասիրություն ու քննությունները հաջող հանձնելու կարողություն: Սակայն այդքան էլ հեշտ չէ կատարել այս պատասխանատու ու կարեւոր գործը, երբ հաճախ քեզնից է կախված մարզիկի կամ թիմի հաղթանակը:
Mediamax Sport-ը շարունակում է ծանոթանալ միջազգային կարգ ունեցող հայ մրցավարների հետ: Հայաստանը ֆուտբոլի երկու միջազգային գլխավոր մրցավար ունի: Նրանցից մեկը Զավեն Հովհաննիսյանն է, որն այս օրերին Խորվաթիայում է ու մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարներից է:
Լուսանկարը` Հովհաննիսյանի անձնական արխիվից
Գլխավոր մրցավար, փրկարար եւ արեւելյան մարտարվեստների 2-րդ դան
Երբեք չէի մտածի, որ կզբաղվեմ մրցավարությամբ: Հայրս՝ Գեւորգ Հովհաննիսյանը, Սովետական միության մրցավար էր: Նա խորհուրդ տվեց, որ շարունակեմ իր գործը, սակայն ես չէի ցանկանում, այն կարծես իմը չլիներ:
7 տարեկան էի, երբ սկսեցի ֆուտբոլ պարապել, հետո թողեցի ու կրկին վերադարձա 13 տարեկանում: Ապա սկսեցի զբաղվել արեւելյան մարտարվեստներով, սեւ գոտի 2-րդ դան եմ: Հայրիկիս հետ խոսակցությունից հետո որոշ ժամանակ անցել էր, երբ կրկին միասին զրուցեցինք մրցավարությունից, ու ես որոշեցի լրջությամբ զբաղվել այս գործով:
1996 թվականից սկսեցի մանկապատանեկան ֆուտբոլի առաջնություններ վարել, հետո անցում կատարեցի դեպի մեծահասակներ՝ 1-ին խմբի հանդիպումներ: Հայաստանում կա մրցավարության դպրոց, որի առաջին շրջանավարտներից եմ: 2006-ին դարձա միջազգային օգնական, իսկ 2014-ին՝ ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար:
Ես նաեւ այլ մասնակգիտություն ունեմ, փրկարար եմ: Երկու գործը համատեղել ստացվում է, երբ միջազգային խաղ եմ ունենում, առանց խնդրի թույլտվություն եմ ստանում աշխատավայրից ու մեկնում արտերկիր:
Մրցավարությունը շատ հետաքրքիր աշխատանք է: Տարբեր մարդկանց հետ ես շփվում, երկրների մշակույթին ծանոթանում, ընտանիքդ ֆինանսապես ապահովում:
Լուսանկարը` Հովհաննիսյանի անձնական արխիվից
Մրցավարի աշխատանքը մինչ հանդիպման մեկնարկը
Միջազգային խաղ սպասարկելու հրավերն ՈւԵՖԱ-ն ուղարկում է ազգային ֆեդերացիաներին, որոնք էլ տեղյակ են պահում մեզ: Երբեմն գաղտնի է լինում կոնկրետ խաղը, միայն մի քանի օր առաջ ենք իմանում: Սա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով:
Ամեն խաղի ժամանակ մի բան սովորում եմ, փորձում անընդհատ աճել: Տարբերություն չկա, թե ինչ թիմ է խաղադաշտում. մտնում ենք դաշտ մեր գործը որքան հնարավոր է անթերի կատարելու համար:
Ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մրցավարները, պատրաստվում են սպասվող հանդիպումներին: Ուսումնասիրում ենք թիմերի ոճը, վերլուծում խաղացողների առանձնահատկությունները, թե դաշտում ոնց կարող են իրենց պահել, ինչի են ընդունակ: Տակտիկական վերլուծություններ ենք անում, որպեսզի հանդիպման ժամանակ ավելի պատրաստ ու մոտ լինենք մեզ սպասվող իրականությանը: Բացի այդ նաեւ մարզվում ենք, որպեսզի խաղերի ժամանակ ֆիզիկապես պատրաստ լինենք:
Լուսանկարը` Հովհաննիսյանի անձնական արխիվից
Խաղից առաջ մրցավարական անձնակազմով պարտադիր նախախաղային զրույց ենք ունենում, քննարկում, թե ով ինչ ինֆորմացիա պետք է տրամադրի:
Ես կողմանկից չեմ շատ քարտեր տալուն, փորձում եմ բացատրել խաղացողին, որ չշարունակի կոպիտ ոճով խաղալ: Սակայն եթե ակնհայտ խախտում է լինում, իհարկե, արագ ձեռքս գրպանս եմ տանում:
Իմ անցկացրած հանդիպումները պարտադիր դիտում եմ, վերլուծում սխալներս, դիրքը, պահվածքը, շարժուձեւը, աշխատում հաջորդ խաղին ամեն ինչ ավելի լավ անել:
Սպասված խաղերից մինչեւ ֆուտբոլիստների միտքը կարդալու ունակություն
Որպես գլխավոր մրցավար միջազգային առաջին հանդիպումս անցկացրել եմ Պորտուգալիայում: Վարեցի մինչեւ 17 տարեկանների Իսլանդիա-Լատվիա հանդիպումը: Բնական է, լարվածություն կար, բայց արդեն 6 տարի միջազգային օգնականի փորձ ունեի ու գիտեի՝ ինչպես պահել ինձ: Մեկնարկից րոպեներ անց ամեն ինչ տեղն ընկավ, ես լավ դրսեւորեցի ինձ ու առանց խախտումների անցկացրի հանդիպումը:
Կառանձնացնեի ազգային հավաքականների հանդիպումները, երբ ավելի ճանաչված ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Չեխիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Սերբիայի ընտրանիների հանդիպումները կառանձնացնեմ, որոնք, իսկապես, տպավորել են ինձ: Խաղադաշտում երբեմն 70-80 հազար երկրպագու է լինում, դժգոհություններ, իհարկե, հայտնում են: Բայց ես ճնշում չեմ զգում, կենտրոնանում եմ իմ գործի վրա ու աշխատում:
Լուսանկարը` Հովհաննիսյանի անձնական արխիվից
Մրցավարը որոշումները պետք է հնարավորինս արագ կայացնի: Բայց լինում են դրվագներ, երբ քեզ 1-2 վայրկյան է անհրաժեշտ վերլուծելու համար: Շատ կարեւոր են նաեւ օգնականների կարծիքները: Երբ հեռու եմ լինում ինչ-որ դրվագից, կամ խաղացողների մեջ եմ ու չեմ նկատում, օգնականներիս հետ եմ կապվում, արագ վերլուծում ենք ստեղծված իրավիճակն ու որոշում կայացնում:
Գիտեք, մրցավարը երբեմն կարող է չնկատել, թե ինչ տեղի ունեցավ խաղադաշտում: Օրինակ, երբ գնդակն արագ հատում է դարպասային գիծն ու դուրս գալիս: Տեխնիկան ֆիքսում է, իսկ մրցավարը չի հասցնում: Դրա համար կարեւոր է ժամանակակից տեխնոլոգիաների մուտքը ֆուտբոլ:
Փորձառու մրցավարները կարդում են խաղը: Պետք է հասկանալ խաղացողների մտքերը, թե հաջորդ քայլին նա ինչ կանի, կարեւոր է դաշտում ճիշտ դիրք գրավելը: Հաճախ առանց տեսնելու զգում ես՝ ինչ տեղի ունեցավ, որոշում ես կայացնում ու 99 տոկոսով ճիշտ լինում: Անկեղծ կլինեմ, լինում են խաղեր, որ ուզում եմ շուտ ավարտվեն, որովհետեւ շատ մեծ լարվածություն է լինում, իսկ քո ուժերն անսպառ չեն:
Դեպի նոր կարգ տանող ու պարտավորեցնող ճանապարհը
Մրցավարի համար ամեն ինչն է կարեւոր՝ պահվածքը, կեցվածքը, գիտելիքը, ֆիզիկականը, լեզուների իմացությունը: Եւ, իհարկե, սովորելը, միշտ սովորելը: Չկա այնպիսի նշակետ, որին հասնելուց հետո այլեւս նոր բան ընկալելու պահանջ չլինի:
Հայաստանի մրցավարները, որպես փոքր երկրի ներկայացուցիչներ, երրորդ կարգից են մասնակցում միջազգային քննություններին: 3-րդ կարգից հետո ստանում են 2-րդ, 1-ին, հետո դառնում էլիտ-մրցավար: Եթե ՈւԵՖԱ-ն նկատում է, որ տվյալ մրցավարը բավական աճ է գրանցել ու նրա կարգը փոխելու ժամանակն է, հրավիրում է ֆիզիկական ու տեսական քննություններ հանձնելու: Հիմա աշխատում եմ, որպեսզի 2-րդ կարգի մրցավար դառնամ:
Լուսանկարը` Հովհաննիսյանի անձնական արխիվից
ՀՖՖ-ում միշտ լինում են մրցավարական դասընթացներ, քննարկումներ, մեր վարած խաղերն ենք վերլուծում, որպեսզի սխալները քչացնենք: Տարեկան 1-2 հավաք ենք ունենում արտերկրում, որի ընթացքում մեծ աշխատանք է կատարվում: Նաեւ այդ երկրում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի խաղերն ենք սպասարկում, ինչը եւս օգնում է փորձի ձեռքբերմանը:
Լավ մրցավար ունենալը շատ կարեւոր է: Ամեն միջազգային խաղի ժամանակ զգում եմ, որ իմ երկիրն ու ֆեդերացիան եմ ներկայացնում ու անում ամեն ինչ, որպեսզի բարձր պահեմ վերջիններիս պատիվը: Շատերն են համոզվել, որ փոքր երկրներում էլ լավ որակով մրցավարներ կան:
Գոհար Նալբանդյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: