Դեկտեմբեր 08, 2024
exclusive
71920 դիտում

Հայաստանի միջազգային մրցավարները. Դավիթ Խիթարյան


Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից


Սպորտում պետությունները հարգանք վայելում են ոչ միայն մարզիկների շնորհիվ: Երկրների համար անչափ կարեւոր է նաեւ բարձրակարգ մրցավար ունենալը:

Ցավոք, բայց Հայաստանում միջազգային կամ Օլիմպիական կարգ ունեցող մրցավարների թիվը շատ քիչ է: Պատճառները տարբեր են՝ ֆինանսականից մինչեւ ցանկության բացակայություն:

Mediamax Sport-ը որոշել է ներկայացնել տարբեր մարզաձեւեր ներկայացնող հայ մրցավարներին, որոնք իրավունք են վաստակել գործունեություն ծավալել միջազգային ասպարեզում:

Այսօր կծանոթանանք ձյուդոյի Օլիմպիական կարգի մրցավար, Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, Ֆրանսիական համալսարանի սպորտի ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Դավիթ Խիթարյանին:

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից


Ճանապարհ դեպի մրցավարության աշխարհ

Ես դեռ երիտասարդ մարզիկ էի, ու երբ փոքր տարիքի երեխաները գոտեմարտեր էին անցկացնում, մեր մարզիչների խորհրդով բարձրանում էի տատամի ու դատում: Նրանք գոհ էին մնում, ես էլ ոգեւորվում էի ու երեւի այդ ժամանակից էլ զգացի, որ մրցավարությունն իմն է: Չնայած մարզչի աշխատանքն ավելի եմ սիրում, քանի որ այն ստեղծագործական է:

2001 թվականին երիտասարդական հավաքականի ավագ մարզիչն էի: Հունգարիայում միջազգային մրցաշարի էինք մասնակցում ու պարզվեց, որ զուգահեռ մրցավարական քննություններ են լինելու: Մեր ֆեդերացիայի նախագահն Ալեքսան Ավետիսյանն էր, առաջարկեց մասնակցել դրանց: Ես հաջողությամբ հանձնեցի քննությունն ու ստացա միջազգային կարգի մրցավարի որակավորում: Սկզբնական շրջանում շատ պասիվ էի, քանի որ շարունակում էի մարզչի աշխատանքս: Բայց 2005-ին փոփոխություններ եղան, դարձա մեր ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահն ու սկսեցի ակտիվ գործունեություն ծավալել:

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից


Մինչեւ 2012-ը դատել եմ հեղինակավոր մրցաշարեր՝ Աշխարհի գավաթ, Եվրոպայի առաջնություններ: Հետո որոշեցի Օլիմպիական կարգի մրցավարի համար պայքարել: Բուդապեշտում բարեհաջող հանձնեցի քննությունս ու ստացա այդ կարգավիճակը: Սրանից հետո Ուսանողական երեք խաղեր եմ դատել, մեծահասակների ու մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններ, Օլիմպիական փառատոն:

Հիմա էլ նոյեմբերի 8-ին մեկնարկելիք Մ-23 տ. ԵԱ-ն սպասարկելու հրավեր եմ ստացել:

Տարբեր մասնագիտություն ունեցող մրցավարների պայքարը

Մրցավար լինելը շատ հետաքրքիր է: Ձյուդոյում մրցավարները տարբեր մասնագիտություններ ունեն, կան իրավաբաններ, բժիշկներ, ու նրանց հետ շփումը բազմազան է լինում: Սա հիմնականում չվարձատրվող աշխատանք է. դու ունես այլ մասնագիտություն, բայց չես ուզում կտրվել սիրած մարզաձեւից: Հիմա շատ խիստ է մեզ մոտ. մրցավարները յուրաքանչյուր մրցում դատելուց հետո գնահատվում են, դրա արդյունքում ձեռք են բերում վարկանիշներ ու հրավիրվում են ԵԱ կամ ԱԱ սպասարկելու: Մրցակցությունը բավական մեծ է: Գնահատողները հաշվի են առնում ժեստերը, քայլվածքը, կեցվածքը, տեսքն ու, իհարկե, մասնագիտական գործունեությունը:

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից


Օլիմպիական խաղերում Եվրոպայից սպասարկում են 6-8 մրցավար: Մենք ոչ ֆինանսապես, ոչ ձյուդոյով, ոչ էլ ներգրավվածությամբ ուժեղ ֆեդերացիա չենք: Օրինակ՝ Ռուսաստանը ոչ միայն ուժեղ է ձյուդոյում, այլ նաեւ «Ռուսգազնեվթը» միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է: Երկրներ կան, որոնց ֆեդերացիայի ղեկավարները մրցավարական հանձնաժողովում են: Չեմ ասում, որ իրենք վատ մրցավարներ են, պարզապես սա նպաստում է այդ 6-8 հոգու մեջ լինելուն: Ես առայժմ Օլիմպիական խաղեր չեմ սպասարկել:

ԵԱ կամ ԱԱ դատելու համար մինչեւ ձյուդոյի Եվրոպական ֆեդերացիայից հրավեր չստանաս, չես կարող գնալ: Գործուղումը կատարվում է քո երկրի հաշվին: Քանի որ ֆինանսների բացակայության պատճառով մեր թիմն այս տարի Մ-23 տ. առաջնությանը չի մասնակցելու, ես իրավունք չունեմ գործուղվելու: Բայց եթե ես չգնամ, այնտեղ ինձ ճիշտ չեն հասկանա: Ընդհանուր 18 մրցավար է հրավիրված, որոնց մեջ նաեւ ես եմ, ու հրաժարվելը սխալ կլինի: Ստիպված ինքս եմ գտնում այդ ֆինանսները, ընկերների, հովանավորի միջոցով, հաճախ Եվրոպայի միությունից են օգնում:

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից


Պետք է բոլոր ասպարեզներում ուժեղ լինել, այդ թվում՝ մրցավարությունում

Շատ ժամանակ տեսնում էի, որ իմ աշակերտները պարտություն են կրում մրցավարական սխալի պատճառով: Սա էր նաեւ պատճառը, որ սկսեցի Հայաստանում մրցավարությամբ զբաղվել: Սխալ որոշումներից հետո մեզ մոտ շատերը սկսում են վիճել, ես էլ էի այդպես անում, հետո հասկացա, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանելու: Փորձեցի ինքս ինչ-որ բան անել, որ կարգ ու կանոնը մտնի մեր երկիր: Մրցավարները սկսեցին համազգեստով վարել գոտեմարտերը, պարբերաբար անցկացրինք սեմինարներ, որպեսզի նրանց որակավորումը բարձրանա:

Հայաստանի հավաքականը ձեւավորվում է առաջնության արդյունքում: Եթե սպասարկող մրցավարների որակական մակարդակը ցածր եղավ, կասկածի տակ է դրվում կազմի ընտրությունը: Դրա համար մրցավարական ասպարեզում ներդրում պետք է անել:

 

Իսկ միջազգային մրցաշարերի ժամանակ մրցավար ունենալը մեր թիմին վստահություն է տալիս: Ձյուդոյում կանոնները խիստ են, օրինակ՝ մարզիչը բողոքելու իրավունք չունի: Իսկ երբ մրցավարական կազմում ունես ներկայացուցիչ, գործընկերներդ քո երկրի մարզիկի գոտեմարտն արդար են դատում:

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից


Եթե մենք ուզում ենք ուժեղ ֆեդերացիա դառնալ, բոլոր ասպարեզներում պետք է ուժեղ ներկայացուցիչ ունենանք՝ մրցավար, մարզիչ, մարզիկ, ղեկավար կազմ: Շախմատի պես դիրքային պայքար է գնում. ինչքան հզոր եղավ թիմդ, այնքան ցանկացած հարցում հաշվի կնստեն քեզ հետ:

Լարված գոտեմարտերից մինչեւ երկրպագուների ճնշում

Ամենամեծ հուզմունքն ունեցել եմ 2014-ին մեծահասակների ԵԱ-ն սպասարկելու ժամանակ: Երբ Օլիմպիական ու Աշխարհի չեմպիոններ են գոտեմարտում, բնականաբար, պատասխանատվությունը մեծանում է: Բայց մեկնարկը եղավ ու հուզմունքս էլ անցավ: Պետք է քեզ վստահ զգաս ու պայքարես: Մրցավարը պետք է տատամիի ղեկավարը լինի, իր ձեռքը վերցնի ու վստահ դրսեւորի իրեն:

Եթե ուզում ես աճել, պետք է վերլուծություններ անես: Ես կոպիտ սխալ չեմ արել, եղել են պահեր, երբ միավորների չնչին տարբերություններ եմ տվել, այդ ժամանակ էլ օգնականներիս խորհրդով փոխել եմ: Բայց այստեղ նուրբ հարցեր կան. դու տատամիի վրա ես ու միանգամից որոշում ես կայացնում, իսկ իրենք մոնիտորի վրա մի քանի անգամ տեսնում են:

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից


Ամենատպավորիչը Վրաստանում Աշխարհի գավաթի ժամանակ է եղել: 81 կգ քաշային Օլիմպիական չեմպիոն Զուրաբ Զվյադաուրին եզրափակիչ էր անցել ու գլխավոր մրցավարը ես էի: Դահլիճում տեղ ու դադար չկար, բոլորը երկրպագում էին իրենց մարզիկին: Նա գցում արեց, բայց մի քիչ դադար էր տվել, նոր կատարել հնարքը: Ես չցանկացա միանգամից գնահատել, հնարավոր էր այդ դադարի պատճառով սխալ լիներ: Որոշեցի խորհրդակցել եզրայինների հետ: Երբ մատե տվեցի, վերեւից ինչ ասես գցեցին մեզ վրա: Խորհրդակցեցինք ու միավոր տվեցինք վրացուն:

Միանշանակ, երկրպագուների ճնշումը կա, բայց կրկին պետք է սառնասիրտ լինել ու գործել ըստ կանոնների: Մրցավարը պետք է օբյեկտիվ լինի, ոչ մեկին առավելություն չտա: Ես փորձում եմ հենց այդպես գործել:

Հայկական մրցավարության խնդիրները

Ցավոք, բայց այսօր Հայաստանը ձյուդոյի միջազգային մրցավարությունում միայն ես եմ ներկայացնում: Առանձին վարձատրություն չկա այս աշխատանքի համար, երիտասարդներն էլ չեն ընտրում այս ուղին: Պետք է փոխվի պետության վերաբերմունքը, մրցավարներն առանձին հաստիք պետք է ունենան: Սա շատ ցավոտ խնդիր է, եթե ցանկանում ենք միջազգային կարգի շատ մրցավարներ ունենալ, ապա պետք է նաեւ ներդրումներ անենք այդ ուղղությամբ:

Լուսանկարը` Դ. Խիթարյանի արխիվից


Միջազգային կարգի հայ մրցավարներից Ալեքսան Ավետիսյանն այլեւս չի դատում, Վարուժան Իսրայելյանը Կանադա, Սերոբ Անդրեսայանն Իսրայել են տեղափոխվել, Արարատ Մարտիրոսյանն էլ բիզնեսի մարդ է, միշտ չէ, որ ժամանակ է տրամադրում մրցավարությանը:

Միջազգային կամ Օլիմպիական կարգի մրցավար ունենալը միայն օգուտ է տալիս մեր երկրին, ու եթե ցանկանում ենք զարգացնել մրցավարությունը, պետք է շատ բաներ վերանայենք:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին