Դեկտեմբեր 04, 2024
exclusive
78637 դիտում

Համլետ Մխիթարյան մարդն ու ֆուտբոլիստը. մաս IV

Մենք բացել ենք 30 տարվա վաղեմության արխիվներն ու արթնացրել Համլետ Մխիթարյանի ընկերների հիշողություններում վառ մնացած հուշերը, որոնք երկար տարիներ պահվում էին նրանց հոգու անկյուններում:

Համլետ Մխիթարյանը
Համլետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը պատանի խաղընկերների հետ
Համլետ Մխիթարյանը պատանի խաղընկերների հետ

Լուսանկարը` Ալբերտ Սարգսյանի արխիվից

Հավաքներից մեկի ժամանակ Խարկովում
Հավաքներից մեկի ժամանակ Խարկովում

Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Ալբերտ Սարգսյանը
Ալբերտ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը
Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը

Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը
Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը

Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը Ֆրանսիայում
Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը Ֆրանսիայում

Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Հավաքներից մեկի ժամանակ Խարկովում
Հավաքներից մեկի ժամանակ Խարկովում

Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից


Mediamax Sport-ը շարունակում է պատմել հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի՝ Համլետ Մխիթարյանի մասին:

Հատուկ նախագծի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերը կարդացեք այստեղ:

Մենք բացել ենք 30 տարվա վաղեմության արխիվներն ու արթնացրել Համլետ Մխիթարյանի ընկերների հիշողություններում վառ մնացած հուշերը, որոնք երկար տարիներ պահվում էին նրանց հոգու անկյուններում:

Չափազանց բարի, ընկերասեր, անմիջական ու շփվող: Հենց այսպիսին է եղել ու իր ընկերների հիշողություններում մնացել 1980 թվականի «Արարատի» հարձակվող Համլետ Մխիթարյանը, որի անհանգիստ բնավորության ու ակտիվության համար  նրան «ցեց» էին անվանում:  

Համլետը թիմի հույսն էր ու միշտ օգնում էր հաղթանակի հասնել

Համլետ Մխիթարյանին շատ փոքր տարիքից ճանաչում էր ու նրա հետ մտերիմ էր Ալբերտ Սարգսյանը, որի հետ նրանք խաղացել են նաեւ «Արարատի» կազմում: Սակայն առաջին հանդիպման ժամանակ տղաները չգիտեին, որ ֆուտբոլում մեծ հաջողությունների են հասնելու: 13 տարեկան պատանիներ էին, եռանդուն ու ակտիվ, որոնք անչափ սիրում էին ֆուտբոլը, ինչի շնորհիվ էլ ծանոթացել էին բակային ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ:


Ալբերտ Սարգսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգսյանը հիշում է, որ հետագայում ավելի կատարելագործեցին իրենց ֆուտբոլային հմտությունները, Կազանում մասնակցեցին համասովետական պատանեկան մրցաշարի ու հաղթեցին:

«Այդ ժամանակ մենք իրար ավելի լավ ճանաչեցինք ու ընկերացանք: 14 տարեկանում առաջին անգամ մեկնեցինք Մադրիդ: Դա մեզ համար իսկական արկած էր: Երբ գիշերն օդանավակայանի լույսերը վառված տեսանք, ուղղակի հիացել էինք: Այնտեղ ամեն ինչ նորություն էր մեզ համար՝ գեղեցիկ հյուրանոցը, մեծ լողավազանը, բարձրահարկ շենքերը, մեզ պարզապես մնում էր վայելել այդ ամենը»,- հիշում է Սարգսյանը:

Տղաները նաեւ միասին սովորել են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որտեղ նրանց մաթեմատիկա է դասավանդել Անահիտ Դավթյանը: Տիկին Անահիտը հիշում է, որ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո է աշխատանքի անցել, ու թեեւ այդ ժամանակից անցել է ավելի քան 30 տարի, շատ լավ է հիշում Համլետ Մխիթարյանին: Նրա խոսքով, Համլետը շատ աշխույժ, ակտիվ ու չարաճճի տղա էր, ահավոր շատ էր սիրում ֆուտբոլ: Դա էլ պատճառ էր հանդիսացել, որ ուսուցչուհին մի հետաքրքիր դեպքի ականատես լինի:


Համլետ Մխիթարյանը պատանի խաղընկերների հետ
Լուսանկարը` Ալբերտ Սարգսյանի արխիվից

Դավթյանը նշում է, որ դա պատահել է 10-րդ դասարանում, այդ ժամանակ «Փոքր Արարատ» թիմը, որտեղ խաղում էր նաեւ Համլետը, պարտություն էր կրել ու թիմակիցները ողջ մեղքը բարդել էին նրա վրա. «Երբ դասարան մտա, ու բոլորը ոտքի կանգնեցին, նկատեցի, որ Համլետը վարտիքով է: Դասարանում աղմուկ բարձրացավ, բոլորը սկսեցին ծիծաղել: Պարզվեց, որ թիմակիցները Համլետին պատժելու համար նրա շորերը պահել էին: Նրանք կարծում էին, որ Համլետը կարող էր իրենց պարտությունից փրկել, սակայն դա չէր արել: Նա թիմի հույսն էր ու միշտ օգնում էր հաղթանակի հասնել»:

Համլետին դեռ պատանեկան տարիներից ճանաչում էր նաեւ Սուրեն Դովլաթյանը, որը նրա մայրիկի հետ աշխատում էր սննդի մինիստրության ավտոբազայում: Սկզբում նրանք պարզապես ծանոթներ էին, այնուհետեւ լավ ընկերներ դարձան ու մշտապես օգնում էին միմյանց: Սուրենը, որը 14 տարով մեծ էր Համլետից, հաճախ էր լինում նրանց տանն ու օգնում տնային հանձնարարությունները կատարել:

«Ես Իջեւանից եմ, ու Համլետին հաճախակի էի տանում մեր գյուղ, նա մայրիկիս հետ էր մնում, նաեւ այդտեղ կազմակերպվող ճամբարին էր մասնակցում: Համլետը հավաքում էր գյուղի բոլոր տղաներին ու ֆուտբոլային խաղեր կազմակերպում: Նա չափազանց ակտիվ երեխա էր, ու ողջ գյուղը ոտքի տակ էր տալիս, տեղ չէր մնում, որ չգնար»,- պատմում է նա:

Համլետը տարված էր մեքենաներով, մեծ արագությունը նրա տարերքն էր

«Արարատում» հանդես գալու տարիներին էլ առաջացավ Համլետի ու Սամվել Պողոսյանի ընկերությունը, որոնք ավելին էին, քան պարզապես ընկերներ: Քանի որ Համլետը տան միակ երեխան էր, Սամվելը նրա համար իսկական եղբայր էր դարձել, նրանք անբաժան էին թե ֆուտբոլում, թե կյանքում: «Արարատի» ուսումնամարզական հավաքների ժամանակ միեւնույն սենյակում էին մնում:


Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը
Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Սամվելի խոսքով, Համոն հազվագյուտ լավ մարդ էր՝ չափազանց ընկերասեր, աշխույժ ու ուրախ, որի դեմքից ժպիտը երբեք չէր անհետանում: 

Նա պատմում է, որ Մխիթարյանը յուրահատուկ կանխազգացում ուներ ու հաճախակի էր նշում, որ եթե անգամ մինչեւ 33 տարեկանն էլ ապրի՝ լավ կլինի: Ընկերների համար զարմանալի էր Համլետի պես ուրախ ու ակտիվ մարդուց նման բաներ լսել:

«Նա կյանքով լի տղա էր, շատ էր շտապում, երեւի, զգում էր, որ ավելի շուտ է հեռանալու: Միշտ ասում էր, վաղը մեռնել կա, ժամանակը կարճ է, պետք է քիչ քնել, որ ամեն ինչ հասցնենք անել: Մի րոպեն էլ թանկ էր իր համար: 3 ժամ քնում էր ու նորից առույգ դառնում: Մեզ էլ չէր թողնում հանգիստ քնել, իսկ ինքը հենց նստած տեղը կարող էր գլուխը դնել ու հանգիստ քնել»,- հիշում է Պողոսյանը:


Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը
Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Համլետը շատ էր տարված մեքենաներով, մեծ արագությունը նրա տարերքն էր: Նա ջանք ու եռանդ չէր խնայում իր մեքենան ամենագեղեցիկն ու աչքի ընկնողը դարձնելու համար: Համլետի մայրը Գազ 24-10 մակնիշի մեքենա ուներ, ու նա շատ փոքր տարիքից էր տիրապետում վարորդական հմտություններին:

Սամվել Պողոսյանը հիշում է, որ տարբեր քաղաքներից տարբեր մասեր էր բերում ու վերազինում ավտոմեքենան: Այդպես Համլետի «Վոլգան» նոր ազդանշան, մագնիտոֆոն ու լուսարձակներ ունեցավ. «Անընդհատ մեքենայի վրա գործ էր անում, հետո փոշմանում, քանդում էր: Ցածրահասակ էր, տակը բարձ էր դնում, որ հասնի ղեկին»,- ասում է Պողոսյանը:


Հավաքներից մեկի ժամանակ Խարկովում
Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Հավաքների ժամանակ էլ մեքենային հանգիստ չէր տալիս ու շատ էր պատահում, որ հոգին հանում էր: Ոչ մի արգելք Համլետի վրա չէր ազդում, նա չափազանց ճարպիկ էր ու գտնում էր իր ուզածին հասնելու եղանակները: Մի անգամ մայրիկից գաղտնի ավտոտնակից հանած մեքենան հարվածել էր ու իրեն օգնելու համար շտապել Սուրեն Դովլաթյանի մոտ: Համլետը գիտեր, որ մայրը շատ խիստ ու պահանջկոտ է ու այդ արարքը հեշտությամբ չի մարսելու:

«Ասաց, Ամալի (մայրիկին անունով էր կոչում) մեքենան խփել եմ, պետք է օգնես: Մեքենան լրիվ նոր էր, պետք էր անհրաժեշտ սարքերը գտնել: Գործարանից կարողացա ձեռք բերել ամեն ինչ, մեքենան տեսքի բերեցինք, բայց ամենադժվարը մայրիկին այդ մասին հայտնելն էր: Միասին գնացինք տուն, Համլետը միանգամից դուրս եկավ, մայրն իմ պահվածքից զգաց, որ մի բան այն չէ: Երբ իմացավ, շատ բարկացավ, բայց ամեն ինչ հեշտ հարթվեց, քանի որ արդեն հասցրել էինք մեքենան վերանորոգել»:

Կույր աղիքի վիրահատություն ու աֆրիկյան արկածներ կապիկի հետ

Համլետ Մխիթարյանը թիմի ուրախություններից էր, տխուր պահերին կամ էլ պարտություններից հետո նա միշտ գիտեր, թե ինչպես բարձրացնել բոլորի տրամադրությունը: Քիչ չէին դեպքերը, երբ զվարճալի միջադեպերի կենտրոնում էր հայտնվում: 


Համլետ Մխիթարյանը եւ Սամվել Պողոսյանը Ֆրանսիայում
Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Սամվել Պողոսյանը պատմում է, որ Համլետի հետ պայմանավորվել էին Ամանորը նշել Ծաղկաձորում, սակայն նա անսպասելիորեն հիվանդանոցում հայտնվեց: Սամվելի կույր աղիքը վիրահատեցին, ու բոլոր պլանները ձախողվեցին: «Համլետն եկավ ինձ տեսակցելու ու ասաց. «Չմտածես, շուտով ես էլ եմ գալու կողքիդ պառկելու»: Այնպես ստացվեց, որ հունվարի 5-ին թիմը գնաց Ծաղկաձորում հավաք անցկացնելու, իսկ ամսի 6-ին նրա կույր աղիքն էլ վիրահատեցին: Միասին մնացինք հիվանդանոցում, միասին էլ դուրս գրվեցինք: Շատ հետաքրքիր ստացվեց` նա այդ իրավիճակում էլ իր խոսքի տերն եղավ»,- ընկերոջ մասին պատմում է Պողոսյանը:


Տեսագրությունը տրամադրվել է Մ. Թաշչյանի կողմից` հատուկ Sport.Mediamax.am կայքի համար:

Իսկ Ալբերտ Սարգսյանի ու Համլետի հետ էլ զվարճալի դեպք է պատահել Աֆրիկայում: Այնտեղ շատ բան էր զարմանալի ֆուտբոլիստների համար, բայց ամենամեծ նորությունը խանութի մոտ կանգնած կապիկն էր: Երբ հայ ֆուտբոլիստները խանութ են մտել, կապիկը մեծ արագությամբ ցատկել է ու Համլետի ոտքից քաշել. «Ահավոր վախեցել էինք, հետո հաճախակի էինք գնում խանութ ու այդ կապիկի հետ «ընկերացանք»:


Հավաքներից մեկի ժամանակ Խարկովում
Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Համեստ, հասարակ, ուրախ, մարդամոտ, հյուրասեր, բարի. հատկանիշների այս շարքը երկար կարելի է թվարկել: Մեզ համար, որոնք չեն ճանաչել Համլետին, գուցե, այս համեմատությունները փոքր ինչ չափազանցված լինեն, սակայն ֆուտբոլիստների ընկերների պատմությունները վկայում են անկրկնելի ու յուրահատուկ մարդ տեսակի մասին, որոնք հաճախակի չեն հանդիպում, սակայն անմոռանալի են դառնում:

Շարունակելի:

Հասմիկ Բաբայան

Գոհար Նալբանդյան

Նախագծի մտահղացումը` Արա Թադեւոսյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին