Դեկտեմբեր 22, 2024
exclusive
91744 դիտում

Համլետ Մխիթարյան մարդն ու ֆուտբոլիստը. մաս V

Համլետ Մխիթարյանի մասին այս շարքը պատրաստելու ժամանակ մեր բոլոր զրուցակիցները հաճույքով պատմում էին ոչ միայն իրենց ընկերոջ, այլ նաեւ նրա որդու՝ Հենրիխի մասին:

Համլետ Մխիթարյանը որդու հետ
Համլետ Մխիթարյանը որդու հետ

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը որդու հետ
Համլետ Մխիթարյանը որդու հետ

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը
Համլետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը
Համլետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Համլետ Մխիթարյանը
Համլետ Մխիթարյանը

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Երեւանի «Արարատը» 1987 թվականին
Երեւանի «Արարատը» 1987 թվականին

Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Մարինա Թաշչյանը
Մարինա Թաշչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաղընկերները շնորհավորում են Համլետ Մխիթարյանին խփված գոլից հետո
Խաղընկերները շնորհավորում են Համլետ Մխիթարյանին խփված գոլից հետո

Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` PanArmenian.net

Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի՝ Համլետ Մխիթարյանի, մասին պատմող շարքի վերջին հատվածը: Հատուկ նախագծի նախորդ չորս մասերը կարդացեք այստեղ:

Համլետ Մխիթարյանի մասին այս շարքը պատրաստելու ժամանակ մեր բոլոր զրուցակիցները հաճույքով պատմում էին ոչ միայն իրենց ընկերոջ, այլ նաեւ նրա որդու՝ Հենրիխի մասին:


Մենք էլ որոշեցինք առանձին նյութով ներկայացնել հայր եւ որդի Մխիթարյանների նմանություններն ու տարբերությունները:

Հենրիխը մեծացել է հոր ֆուտբոլային հաջողությունները տեսնելով ու փոքր տարիքից երազել է շարունակել նրա ուղին: Ֆուտբոլ սկսել է խաղալ քայլել սովորելուն զուգահեռ: Հայրը Հենրիխի համար առաջին խաղակոշիկներն ու հագուստը գնել է երեք տարեկանում:

Մայրը՝ Մարինա Թաշչյանը, պատմում է, որ փոքրիկ Հենրիխն այդ խաղակոշիկները հագնում էր ու ամբողջ օրը տանը խաղում:

«Համլետը հաճախակի էր Հենրիխին իր հետ տանում մարզումների, սակայն ամեն անգամ ասում էր, որ դա վերջինն է լինելու: Պատճառն այն էր, որ Հենրիխի պատճառով պարապմունքները ձախողվում էին, բոլորն իրենց գործը թողած փոքրիկի հետ էին խաղում»,- հիշում է տիկին Մարինան:


Մարինա Թաշչյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց Հենրիխն արդեն լավ գիտեր հոր մարզումների ժամերն ու ամեն օր կազմ-պատրաստ դռան մոտ նրան էր սպասում: Իսկ եթե մայրիկին հաջողվում էր նրա ուշադրությունը շեղել, ու հայրը միայնակ էր գնում մարզումների, ողջ օրը լաց էր լինում ու նեղանում բոլորից: «Շատ կցանկանայի, որ հիմա Համլետը կենդանի լիներ ու վայելեր որդու ֆուտբոլային հաջողությունները», - ասում է տիկին Մարինան:

Հիմա Մխիթարյան ազգանունը ֆուտբոլային է դարձրել նրա որդին, որն իր աշխատասիրությամբ ու համառությամբ մեծ նվաճումների է հասել ու շարունակում է էլ ավելի կատարելագործվել:

Հազվադեպ է պատահում` այն էլ Հայաստանում, որ մեկ ընտանիքում մեծ հաջողությունների հասած հայր եւ որդի ֆուտբոլիստներ լինեն, ինչն էլ բնականաբար համեմատությունների առիթ է հանդիսանում:


Հենրիխ Մխիթարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Թաշչյանը կարծում է, որ Համլետն ու Հենրիխը նման են իրար պարտաճանաչությամբ ու աշխատանքին լուրջ մոտենալու հատկությամբ:

«Համլետը, եթե ինչ որ բանից պետք է իրեն զրկեր հանուն ֆուտբոլի՝ անում էր: Այդպիսին է նաեւ Հենրիխը: Նրանք շատ են նման արտաքնապես, կառուցվածքով: Երբ Հենրիխը տանը քայլում է, մեկ-մեկ ինձ թվում է, թե Համլետն է: Նույնիսկ քնելու ձեւն է նույնը: Ուղղակի Հենրիխը բնավորությամբ հանգիստ է, Համլետը շատ աշխույժ էր, մի րոպե նույն տեղում չէր նստում»:


Խաղընկերները շնորհավորում են Համլետ Մխիթարյանին խփված գոլից հետո
Լուսանկարը` Սամվել Պողոսյանի արխիվից

Ըստ «Արարատի» դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովի, ֆուտբոլիստների պարագայում այնպես է լինում, որ որդիները հայրերից ավելի վատ են խաղում, սակայն Հենրիխը կարծես կամաց-կամաց սկսում է առաջ անցնել իր հորից:

«Չգիտեի, որ Համլետի տղան ֆուտբոլիստ է: Երբ առաջին անգամ դեռ «Շախտյորում» լսեցի Մխիթարյան ազգանունը, միանգամից սկսեցի հետաքրքրվել այդ տղայով: Կարդացի Հենրիխի հարցազրույցներից մեկը, որտեղ նա հոր մասին էր խոսում ու իմացա, որ Համլետի որդին է»,- ասաց Պոդշիվալովը:


Երեւանի «Արարատը» 1987 թվականին
Լուսանկարը` Մոնիկա Թաշչյանի արխիվից

Պոդշիվալովը նշում է, որ հայր եւ որդի Մխիթարյաններն արտաքնապես շատ են նման, բայց ֆուտբոլում Համլետն ավելի արագ է եղել, իսկ Հենրիխը՝ տեխնիկապես է ավելի լավը. «Անչափ ուրախ եմ Հենրիխի համար, ցանկանում եմ, որ հետագայում ավելի մեծ հաջողությունների հասնի թե իր ակումբի, ու թե Հայաստանի հավաքականի հետ: Համոզված եմ, որ Համլետը երկնքում ուրախանում է որդու հաջողություններով»: 


Տեսագրությունը տրամադրվել է Մ. Թաշչյանի կողմից` հատուկ Sport.Mediamax.am կայքի համար:

«Արարատի» մեկ այլ ֆուտբոլիստ Բաբկեն Մելիքյանն այսօր Հայաստանի հավաքականի կամ էլ Դորտմունդի «Բորուսիայի» խաղեր նայելիս հաճախ է շփոթում Հենրիխին Համլետի հետ:

«Խաղը նայում եմ ու ասում, վայ, Համոն ինչ լավ է խաղում, հետո հասկանում եմ, որ Համոն չի, այլ Հենրիխն է: Շատ է նման հորը, դաշտում վազելու ձեւը, կառուցվածքը, դիմագծերը: Մենք սիրում ենք ֆուտբոլ ու միշտ էլ հետեւում ենք, բայց որ Հենոն մեր Համլետի տղան է, մի տեսակ ուրիշ կերպ ենք նայում: Հենրիխն այնպես է անում, որ իր հորը երբեք չմոռանանք», - անկեղծանում է Բաբկեն Մելիքյանը:


Համլետ Մխիթարյանը
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

Համլետ Մխիթարյանի ու նրա ընտանիքի ընկերներից Սուրեն Դովլաթյանի կարծիքով, Համլետն ու Հենրիխը նման են աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ ու մարդամոտությամբ:

«Համլետը իսկական «ցեց» էր: Մի տեղ չէր նստում մի քանի րոպե, անընդհատ շարժման մեջ էր: Երբ նրան ամառային արձակուրդների ժամանակ տանում էի Իջեւան մեր տունը, ամբողջ օրը վազվզում էր, խաղեր խաղում, չարություններ անում: Նա հոգնել չուներ, էներգիան անսպառ էր, անընդհատ պրպտումների մեջ էր: Հենրիխը հանգիստ է ու ավելի հավասարակշռված: Նա հոր ակտիվության 50 տոկոսն էլ չունի: Հիմա, որ գնում եմ Իջեւան, այն տղաները, որոնք խաղացել են Համլետի հետ, Հենրիխից են հարցնում ու հետաքրքրվում նրանով»,- ասաց Դովլաթյանը:


Համլետ Մխիթարյանը
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից
 
«Որպես կանոն, ֆուտբոլիստներն իրենց տղաներին տանում են ֆուտբոլի: Հիմա ես նայում եմ, մեր ընկերներից Համլետն է բացակայում, բայց միայն իր որդին է, որ այս մակարդակի ֆուտբոլիստ դարձավ: Շատ եմ ուրախանում այդ փաստով»,- սա էլ «Արարատի» ու Համլետ Մխիթարյանի մեկ այլ ընկեր Ալբերտ Սարգսյանի կարծիքն է:

Ըստ նրա, Հենրիխի այդպիսի լավ խաղի շնորհիվ է նաեւ, որ մարդկանց հիշողություններում վերածնվում ու շարունակում է ապրել նաեւ Համլետ Մխիթարյանը:


Համլետ Մխիթարյանը որդու հետ
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

«Արարատի» մեկ այլ խաղացող ու կրկին Մխիթարյանի մոտ ընկերներից Սամվել Պողոսյանը եւս նշում է Համլետի ու Հենրիխի նմանությունները, փաստելով սակայն, որ Հենրիխի ու Համլետի տարբերությունը երեւի նրանում է, որ տղան ավելի շատ ֆուտբոլով է տարված, իսկ հայրը բացի ֆուտբոլից, հասցնում էր նաեւ այլ բաներ անել. «Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են, որ տղաները շարունակեն իրենց գործը: Համլետն էլ բացառություն չէր: Ափսոս, որ նա չտեսավ իր տղայի հաջողությունները»:

Որպես վերջաբան. ամփոփում է Համլետ Մխիթարյանը

Հատուկ նախագծի վերջում առաջարկում ենք կարդալ մեջբերումներ Համլետ Մխիթարյանի տարբեր տարիների հարցազրույցներից:

«Գրոհն իմ տարերքն է, դրանում եմ ես տեսնում ֆուտբոլային կրակոտ մրցակցության ամբողջ իմաստն ու գրավչությունը, իսկ գոլն էլ խաղի զարդն է»:


Համլետ Մխիթարյանը
Լուսանկարը` Մարինա Թաշչյանի արխիվից

«Դարպասը գրավելու ոչ մի գաղտնիք էլ չկա: Գլխավորը խաղային իրադրությունը ճիշտ գնահատելն է, այլ կերպ ասած, պետք է նպաստավոր պահի զգացում ունենալ  եւ ճիշտ ընտրել տեղը»:

«Հարձակվողը պետք է շարունակ հարվածներ կատարի դարպասին տարբեր դիրքերից, դաշտի տարբեր կետերից: Այդ նպատակով էլ ես թիմային մարզումներից հետո մնում եմ դաշտում եւ մարզիչներիս օգնությամբ հղկում հարվածներիս կատարման տեխնիկան»:

«Երբ տեսնում եմ, որ ստադիոնում քիչ են երկրպագուները, խաղալս չի գալիս»:

Գոհար Նալբանդյան
Հասմիկ Բաբայան

Հատուկ նախագծի մտահղացումը` Արա Թադեւոսյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին