Մայիս 15, 2025
1914 դիտում

ՌՖՊԼ-ի ամենահետաքրքիր տրանսֆերները


ՌՖՊԼ-ի ամենահետաքրքիր տրանսֆերները
ՌՖՊԼ-ի ամենահետաքրքիր տրանսֆերները

Լուսանկարը` footballtop.ru


Իսպանական Լա-լիգա, անգլիական Պրեմյեր-լիգա` դրանք բոլորը հետաքրքիր ու գրավիչ են, բայց չմոռանանք, որ Հայաստանի հավաքականի «կմախքը» (4 ֆուտբոլիստներ) խաղում է Ռուսաստանի պրեմյեր-լիգայում, այդ պատճառով մեզ չի կարող չհետաքրքրել, թե այսօր ինչ է այնտեղ կատարվում: Հիմա միջմրցաշրջան է, թիմերը սկսել են հավաքագրումները, ուրեմն եկեք քննարկենք ամենահետաքրքիր տրանսֆերները:

Սկսենք Յուրա Մովսիսյանի եւ Արազ Օզբիլիսի թիմից` մոսկովյան «Սպարտակից»: Օրերս պաշտոնապես հայտարարվեց կիսապաշտպան Էյդեն Մակգիդիի` անգլիական «Էվերթոն» տեղափոխվելու մասին. նա Օզբիլիսի միակ իրական մրցակիցն էր եզրային հարձակվող կիսապաշտպանի դիրքում: Շոտլանդացու հեռանալուց հետո Արազի խաղաժամանակը պետք է որ զգալիորեն ավելանա, թեեւ Մակգիդիի ժամանակ էլ Հայաստանի հավաքականի խաղացողը բավականին հաճախ էր հաղթում նրա հետ մրցակցությունում հիմնական կազմում տեղի համար (միաժամանակ, պետք է խոստովանել, որ Մակգիդին բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է տեղափոխվել Անգլիա եւ այդ պատճառով, ըստ իս, կորցրել է շարժառիթը): Հուսանք, որ Արազն իր խաղով «Սպարտակի» երկրպագուներին կստիպի մոռանալ Մակգիդիի մասին:    

Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա նրա տեղը հիմնական կազմում այսօր անձեռնմխելի է, չնայած «Սպարտակն» ունի նաեւ Լուկաս Բարիոս, ով հայտնի է Հենրիխ Մխիթարյանի ներկայիս թիմի` Դորտմունդի «Բորուսիայում» իր ելույթներով: Միակ բանը, որ անհանգստացնում է, վնավածքներն են, որոնք Յուրային թույլ չէին տալիս խաղալ ամբողջ ուժով: Հուսանք, որ վիրահատությունից հետո ռուսաստանյան առաջնության լավագույն ռմբարկուն (նա եւ Դզյուբան խփել են 12-ական գնդակ) լիովին կապաքինվի, եւ հետագայում վնասվածքները կանցնեն մեր հարձակվողի կողքով: 

Մեզ հետաքրքրող մեկ այլ տրանսֆերը հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխությունն է «Փյունիկից» «Ռոստով»: Եթե մեր հավաքականի 21-ամյա պաշտպանը կարողանա տեղ գտնել հիմնական կազմում (իսկ «Ռոստովը» պինդ թիմ է), հավանաբար, կխաղա Ռուսաստանի առաջնության լավագույն պաշտպաններից մեկի` Դյավկովի (Բրազիլիայում Աշխարհի առաջնությանը մասնակցության թեկնածու, որով ձմռանը հետաքրքրվում էր «Զենիթը») զույգում, ինչը, անկասկած, օգտակար կլինի մեր երիտասարդ խաղացողի, հետեւաբար, նաեւ Հայաստանի հավաքականի համար: Վարազդատին հաջողություն մաղթենք: 

Միջխաղաշրջանային մյուս իրադարձություններից նշենք «Ռուբինի» գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիեւի հրաժարականը եւ նրա փոխարեն Ռինատ Բիլյալետդինովի նշանակումը: Այդ իրադարձությունը մեկնաբանելը բավականին դժվար է, քանի որ, եթե Բերդիեւին` որպես մարզչի, ճանաչում էին բոլորը (նրա ղեկավարած թիմը դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայում կարողացել էր հաղթել «Բարսելոնային», այն էլ` Նոու Քամփում), ապա Բիլյալետդինով մարզչի մասին ասելու գրեթե ոչինչ չկա. նա 56 տարեկան է, մարզել է «Լոկոմոտիվի» փոխարինողներին, որպես գլխավոր մարզչի ժ.պ. նույն «Լոկոմոտիվի» հետ անցկացրել է երկու խաղ Եվրոպայի Լիգայում (երկուսում էլ պարտվել է), եւ վերջ: Համաձայնեք, այնքան էլ տպավորիչ չէ: Ավելի հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես նա կհաղթահարի «Ռուբինի» ղեկավարման իր դերը:      

Ռուսաստանում միջմրցաշրջանը կշարունակվի եւս մեկուկես ամիս, եւ մենք դեռ ակատատես կլինենք հետաքրքիր տրանսֆերների: Այնպես որ, հարգելի ընթերցողներ, մենք կշարունակենք ձեզ տեղեկացնենլ իրադարձությունների ընթացքին:

Տեսությունը պարտաստեց Արսեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին