138 դիտում

«Բարսա»-ի խնդիրները, Մեսսիի չստացված վերադարձը․ Չավին խախտել է լռությունը


Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` FC Barcelona


Գրեթե երկու տարվա լռությունից հետո Չավի Էռնանդեսը որոշել է խոսել «Բարսելոնա»-ից իր հեռացման մասին։

La Vanguardia
-ին տված հարցազրույցը սկսվել է հարցից, թե ինչո՞ւ է նա որոշել խախտել լռությունը։

«Հեռանալուց հետո ես որոշեցի որեւէ հայտարարություն չանել՝ «Բարսա»-ի նկատմամբ հարգանքից ելնելով։ Բոլորը գիտեն, թե որքան շատ եմ սիրում ակումբը. իմ ողջ ընտանիքը «Բարսա»-ի երկրպագուներ է... Բայց հիմա որոշեցի խոսել, որովհետեւ ակումբի կողմից պատմվողը լիովին կեղծ է, եւ ես զգում եմ, որ անհրաժեշտ է բացատրություն տալ»։  

Առանձնացրել ենք նրա արտահայտած կարեւոր մտքերից մի քանիսը։ 

Լուսանկարը` FC Barcelona


«Ինձ շատ է դուրս գալիս Հանսի Ֆլիկի թիմը, որը հարձակվող ու գերիշխող է։ Մենք վայելում ենք դա եւ ուրախ եմ, որ ժամանակին լավ հիմք ենք դրել՝ կազմելով թիմի ողնաշարը։ 

Իմ հարաբերությունները Ֆլիկի հետ հիանալի են։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, շնորհավորում եմ հաղթանակների կապակցությամբ, խոսում ֆուտբոլից։ Նա նույնիսկ մեր տուն էր եկել ստեղծված մի դժվարին իրավիճակի պատճառով, դա գովելի արարք է։ Ես ֆուտբոլիստների հետ եւս լավ հարաբերություններ ունեմ։ Մենք մի ընտանիք էինք, անկեղծ էինք ու մինչեւ հիմա կապի մեջ եմ նրանց հետ։

Երբ ես վերադարձա Քաթարից, նախագահին ասացի, որ եթե մենք չպայմանավորվենք մի շարք խաղացողների հետ, չենք կարող մրցել ամենաբարձր մակարդակով։ Նա լսեց ինձ։ Մենք հաղթեցինք Լա Լիգան։ Հաջորդ ամռանն այդ չափանիշները նվազեցին, ինչի համար ափսոսում եմ։

Երբ Բուսկետսը հեռանում էր, ես խնդրեցի պայմանագիր կնքել Մարտին Սուբիմենդիի հետ։ Ասացին, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարող։ Ապա հեռացավ Ժորդի Կրոյֆը՝ նրանց կողմից արհամարհանքի պատճառով։ Ես Լապորտային ասացի. «Ի՞նչ ես ասում»։ Մեկուկես ամիս անց նրանք բաց թողեցին Մատեուին։ Այդ պահին ես նույնպես պետք է հեռանայի։  
Իրականում իմ հարաբերությունները նախագահ Լապորտայի հետ շատ լավ էին։ Ես պայմանագիր կնքեցի նրա շնորհիվ, բայց նա, ի վերջո, հիասթափեցրեց ինձ։

Նա ինձ հեռացրեց մարզչի պաշտոնից՝ առանց ճշմարտությունն ասելու, ազդված լինելով մեկի կողմից, որը, իմ կարծիքով, նախագահից բարձր է՝ Ալեխանդրո Էչեվարիայից (Բարսելոնա»-ի նախագահի խորհրդական, խմբ․)։ Այլ կերպ ասած, հենց Ալեխանդրոն էր, որ ինձ հեռացրեց մարզչի պաշտոնից։ Գործնականում հենց նա է ղեկավարում «Բարսա»-ն: Ես նրա հետ մտերիմ ու ընկերական հարաբերություններ ունեի։ Ամեն ինչի ավարտից հետո նա եկավ տուն ներողություն խնդրելու, մենք խոսեցինք ավելի քան երկու ժամ։ 

Լուսանկարը` FC Barcelona


Իմ վերջին մրցաշրջանն էր, հունվարին ես նրանց ասացի, որ հունիսից հետո չեմ շարունակի աշխատել ակումբի եւ իմ բարօրության համար: Թիմը հաղթանակներ էր տոնում, մինչեւ եղավ ՊՍԺ-ից կրած պարտությունը։ 

Ալեխանդրոն զանգահարեց ինձ ու ասաց, որ խորհրդի նիստ են անցկացրել, շատերը կողմ են իմ աշխատանքի շարունակությանը։ Ես ասացի, որ արդեն ասել եմ՝ հունիսից հեռանալու եմ։

Հետո Լապորտայի տուն կանչեցին։ Բառացի ասում եմ նրա խոսքերը․ «Չավի՛, ես չեմ կարող պատկերացնել թիմն առանց քեզ, ես չեմ կարող տեսնել նոր «Կամպ Նոու»-ն առանց քեզ, ես չեմ կարող տեսնել ակումբի 125-ամյակն առանց քեզ՝ որպես մարզիչ»։ Ես ունեի տաղանդավոր ու երիտասարդ ֆուտբոլիստներ, տեսնում էի ապագա ու համաձայնեցի մնալ՝ խնդրելով միայն մեկ փոփոխություն։

Հանդիպում կազմակերպվեց իմ անձնակազմի հետ եւ Ալեխանդրո Էչեվարիան սկսեց գոռգոռալ ֆիզպատրաստվածության աղետալի վիճակի պատճառով։ Ընդհատեցի նրան եւ ասացի, որ դա այդպես չէ։ 

Ապա մամուլի միջոցով սկսեցին լուրեր տարածել, թե ես պատրաստվում եմ ազատվել 10 կարեւոր խաղացողներից։ Կատարյալ սուտ։ Նույնիսկ մի պահ եղավ, երբ Սերխի Ռոբերտոն մոտեցավ ինձ ու հարցրեց, թե ես նրան ինչո՞ւ չեմ տեսնում թիմում։ Բացատրեցի, որ դա կեղծիք է։ Կարծում եմ, տղաները հավատում էին ինձ, որովհետեւ միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ։ 

Ես խոսում եմ արդարությունից, ուզում եմ մարդիկ իմանան, որ «Բարսա»-ում ամեն ինչ չէ, որ լավ է։ Այս հարցազրույցը կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների վրա ու ինձ կարող են մեղադրել։ Բայց ես գտնում եմ, որ ակումբն ամբողջական վերանայման կարիք ունի՝ վերեւից մինչեւ ներքեւ, կառուցվածքի, պրոֆեսիոնալիզմի առումով...  

Ես լավ հարաբերություններ ունեմ Լեո Մեսսիի հետ։ Անձնական զրույցներ ենք ունենում, քննարկել ենք նաեւ ակումբի նախագահի ընտրությունները, բայց ոչինչ չեմ ասի։ Կարծում եմ բոլորն էլ գիտեն, թե ինչ է նա մտածում։

Լուսանկարը` FC Barcelona


Այո, մենք քննարկել էինք նրա վերադարձը «Բարսելոնա», բայց Լապորտան այս թեմայի մասին եւս ճշմարտությունը չի ասում։ Աշխարհի առաջնությունը հաղթելուց հետո Լեոն ինձ ասաց, որ ցանկանում է վերադառնալ։ Ես խելագարվում էի այն մտքից, որ Մեսսին վերադառնա։ Գիտեի, որ ունակ է օգնել մեզ նոր հաղթանակներ տոնել։ Մենք մինչեւ մարտ քննարկումների մեջ էինք եւ նրան ասացի, երբ վերջնական համաձայնությունը տա, ես կհայտնեմ նախագահին։ Վերջինս սկսեց բանակցություններ վարել Լեոյի հոր հետ, բայց ինքն էլ հենց ամեն ինչ խափանեց։

Լապորտան ինձ ասաց, որ եթե Լեոն վերադառնա, պատերազմ է սկսելու իր դեմ, ինչն ինքը թույլ տալ չի կարող։ Լեոն դադարեց պատասխանել իմ զանգերին։ Ես զանգահարեցի նրա հորը, վերջինս հորդորեց խոսել Լապորտայի հետ։

Սուտ է, երբ Լապորտան ասում է, թե Մեսսին չեկավ «Բարսելոնա» Լա Լիգայի ինչ-որ խնդիրների կամ ավելի շատ գումար պահանջելու պատճառով։ 

Լեոն կարծում էր, որ ես էլ եմ ներգրավված այդ ամենում, ինչն ազդեց մեր հարաբերությունների վրա։ Բայց հիմա ամեն ինչ հարթվել է ու մենք կրկին լավ շփվում ենք։

Այս պահի դրությամբ ես իմ առաքելությունը «Բարսելոնա»-ում որպես գլխավոր մարզիչ ավարտված եմ համարում։ Ես չեմ վերադառնա»։

Մեր ընտրանին