Հոկտեմբեր 12, 2025
105 դիտում

Հունգարիան հաղթեց Հայաստանին ու խմբում զբաղեցրեց նրա 2-րդ տեղը


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` MLSZ

Լուսանկարը` MLSZ

Լուսանկարը` MLSZ

Լուսանկարը` MLSZ

Լուսանկարը` MLSZ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում առաջին արտագնա հանդիպումն անցկացրեց Հունգարիայի հետ ու պարտություն կրեց։

Այս խաղը Հայաստանի հավաքականի համար կարեւոր նշանակություն ուներ, քանի որ որոշիչ էր լինելու F խմբում 2-րդ տեղը զբաղեցնելու առումով։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էլ խաղից առաջ նույնիսկ ոչ-ոքին էր դրական արդյունք անվանել։ 

 

Այս ընտրական մրցաշարում մեկական հաղթանակ ու պարտություն (Իռլանդիա եւ Պորտուգալիա) ունեցող հայ ֆուտբոլիստները Բուդապեշտի «Պուշկաշ արենա»-ում մեկնարկեցին երկրորդ համարով։ Տանտերերն ավելի վստահ էին գործում ու հիմնականում իրենք էին տիրում գնդակին, իսկ Հայաստանի հավաքականը պաշտպանվում էր մեծ ուժերով։ Ի դեպ, սա հավաքականների համար առաջին պաշտոնական հանդիպումն էր։

 

Լուսանկարը` MLSZ

 

12-րդ րոպեին Գեորգի Հարությունյանը սխալվեց, ու Դանիել Լուկաշը միայնակ մնաց Հենրի Ավագյանի հետ, բայց դարպասապահը կարողացավ փրկել վերահաս գոլից, ինչը հանդիպման ընթացքում մի քանի անգամ էլ արեց։ Հունգարացիները նորանոր հնարքներով ու եզրերով էին փորձում գրոհել, բայց հայերը դիմադրում էին ողջ թիմով։

 

17-րդ րոպեին նախ Վահան Բիչախչյանը փորձեց սպառնալ դարպասին, ապա հեռահար հարված կատարեց Լուկաս Սելարայանը։ Հույսեր արթնացան, որ հայ ֆուտբոլիստները հարձակման մասին չեն մոռացել ու փորձելու են պաշտպանվելուց բացի նաեւ գոլեր խփել։

 

Բայց հունգրացիները վճռական էին տրամադրված, ամենառեալ գոլային պահը բաց թողեց թիմի ավագ Դոմինիկ Սոբոսլայը՝ հարմար դիրքում շեղ հարվածելով։ Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

 

Լուսանկարը` MLSZ


Ընդմիջումից հետո Հունգարիան կարողացավ իր գրոհը դարպասի գրավմամբ ավարտել՝ 56-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաշը։ Ու ինչպես սովորաբար գոլից հետո լինում է մեր հավաքականի հետ, այս անգամ էլ այն կորցրեց գնդակի ու խաղի վերահսկողությունը։

 

Հանդիպման ավարտին Մելիքյանի թիմը որոշեց փրկել խաղն ու ակտիվության նշաններ ցույց տվեց։ Ամենահիշարժանը նախ Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանի հարվածն էր, բայց գնդակն այդպես էլ չկարողացավ հայտնվել Բալաշ Տոտի դարպասում։ Իսկ հետո Էդուարդ Սպերցյանը լավ գրոհ կազմակերպեց ու ինքն էլ հարվածեց, նորից անարդյունք։ 

 

Իսկ ահա փոխարինման դուրս եկած Ժոմբոր Գրուբերը ավելացված ժամանակում գրավեց Ավագյանի դարպասն ու Հունգարիայի հավաքականի կազմում իր առաջին գոլը գրանցեց՝ 2:0:

 

Լուսանկարը` MLSZ

 

Հայաստանի հավաքականն այս ընտրական մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց ու շարունակում է 3 միավոր ունենալ՝ խմբում նահանջելով 3-րդ հորիզոնական։ Հունգարիան մեկ միավորվ շրջանցեց նրան ու 2-րդն է, առաջատար Պորտուգալիան (6) քիչ անց մրցելու է Իռլանդիայի (1) հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին