Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը միշտ կենտրոնում է» կենսագրական գիրքը մի քանի օր առաջ է իտալերենով լույս տեսել, ու արդեն հետաքրքիր բացահայտումներ են դրանից հայտնվել ԶԼՄ-ում:
Goal.com-ն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Մխիթարյանի ու Ժոզե Մոուրինյոյի լարված հարաբերություններին: Գրքում կիսապաշտպանն անկեղծորեն անդրադարձել է այդ դրվագին: Թեեւ պորտուգալացին ինքն է ցանկացել, որ պայմանագիր կնքեն Մխիթարյանի հետ, բայց շատ շուտով նրանց հարաբերությունները թշնամական են դարձել:

Լուսանկարը` MU
«Նրան ասացի, որ արդեն կես տարի է, ինչ տեղափոխվել եմ ՄՅՈՒ ու ինձ քննադատում է: Իսկ Մոուրինյոն պատասխանեց, որ ես կեղտի կտոր եմ, չդիմացա ու պատասխանեցի. «Դու ես կեղտի կտոր, հսկայական կեղտի կտոր»: «Կորիր այստեղից, էլ քեզ չեմ ուզում տեսնել »,- արձագանքեց նա: Մարզումների ժամանակ ինձ ոչինչ չէր ասում, բայց ամեն երեկո գրում էր. «Միկի, խնդրում եմ հեռացիր»: Իսկ հետո տեքստի բովանդակությունը մի քիչ փոխվեց. «Միկի, խնդրում եմ հեռացիր, որպեսզի կարողանամ ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին: Իրավիճակն անհեթեթ էր, ամեն անգամ ասում էի, որ կհեռանամ, եթե հարմար ակումբ գտնեմ, այլապես կմնամ մինչեւ ամառ: Մինո Ռայոլան աշխատում էր, որ տեղափոխությունս «Արսենալ» կայանա: Դրա համար հետագայում իմ պատասխանն էլ փոխվեց. «Հեռանում եմ ոչ լավություն անելու համար ու խնդրում եմ դադարեք ինձ գրել: Եթե ուզում եք խոսել, Մինոյի հետ կապվեք»»,- գրքում անկեղծացել է Մխիթարյանը:
Չնայած ունեցած գժտություններին, նրանք 2021-ին նորից են միասին աշխատել «Ռոմա»-ում: Ֆուտբոլիստի խոսքով՝ Իտալիայում նրանց միջեւ եղած լարվածությունը շատ արագ է անցել. «Հենց առաջին օրը մենք գրկախառնվեցինք»:
Պետք է նշել, որ իր կարիերայի երկու կարեւոր եվրագավաթներին նա տիրացել է հենց պորտուգալացու հետ՝ Եվրոպայի Լիգայում ՄՅՈՒ-ում խաղալու տարիներին, իսկ Կոնֆերենցիաների՝ «Ռոմա»-ում:

Լուսանկարը` Getty Images
«Հանդերձարանում իրար հաճախ էինք կրկնում, որ հաղթելու ենք: Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչից առաջ Մոուրինյոն ամբողջ մարզումային կենտրոնում փակցրել էր գավաթի նկարն ու գրել. «Մեք պետք է հաղթենք»: Այդ գրություններն ամենուր էին՝ հանդերձարանում, միջանցքներում, ննջասենյակներում, խոհանոցում, լոգասենյակում: Մենք զգեստափոխվում էինք ու մտածում հաղթանակի մասին: Քայլում էինք ու մտածում այդ մասին, քնելիս էլ այդ ամենն էր մեր մտքում: Ուտելիքի հոտն էինք առնում ու նորից մտածում հաղթանակի մասին: Նույնիսկ, երբ զուգարան էինք գնում, մեր մտքում միայն հաղթանակն էր»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: