Հոկտեմբեր 10, 2025
298 դիտում

Բարսեղյան. Ռոնալդուն կատակեց, որ նախ ինքը գոլ կխփի, ապա կգա նաեւ իմ հերթը


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Բրատիսլավայի «Սլովան»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հունգարական Nemzeti Sport պարբերականին տված հարցազրույցում կիսվել է ԱԱ-ի ընտրական մրցաշարում Հունգարիայի դեմ կայանալիք խաղի սպասելիքներով, խոսել Պորտուգալիայի (0:5) հետ հանդիպման ընթացքում Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած զրույցի ու Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Պորտուգալիայի դեմ հանդիպումը շատ դժվար էր: Գիտեինք, թե ինչպիսի ուժեղ խաղացողներ ունի մրցակիցը, նրանք լավագույններից են աշխարհում, բազմաթիվ հաջողությունների են հասել իրենց ակումբներում, իսկ հավաքականի հետ դարձել Ազգերի Լիգայի հաղթող: 

Սովորաբար չեմ սիրում մեկնաբանել, թե ինչ եմ հանդիպման ընթացքում խոսել որեւէ ֆուտբոլիստի հետ, բայց բացառություն կանեմ: Առաջին խաղակեսի սկզբում, երբ Պորտուգալիան հաշվի մեջ առաջ էր 3:0 հաշվով, Քրիշտիանու Ռոնալդուն հարցրեց, թե ինչո՞ւ ենք այդքան փակ գործում ու չենք փորձում գոլ խփել: Ինչին ես պատասխանեցի, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Հետո նա կատակեց, որ նախ ինքը գոլ կխփի, ապա կգա նաեւ իմ հերթը: Ու իսկապես, կես րոպե անց նա գրավեց մեր դարպասն ու ժեստով ցույց տվեց, որ հիմա իմ գործելու ժամանակն է: Մեկ հարված կատարեցի Պորտուգալիայի դարպասին, բայց ցավոք, այն գոլային չէր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պորտուգալացիները շատ սպորտային էին տրամադրված մեզ հետ դիմակայությունում, իսկ խաղադաշտ մտնելիս շատ սիրալիր էին: Որպես թիմի ավագներ ես ու Ռոնալդուն իրար հետ շատ լավ էինք հաղորդակցվում:

Այդ խաղից 3 օր անց հաղթեցինք Իռլանդիային, գուցե պատճառը վատ խոտածածկն էր, իհարկե կատակում եմ: Իրականում շատ էինք ցանկանում հաղթել, չէ որ դրանից մեկ տարի առաջ էինք սեփական հարկի տակ հաղթանակ ունեցել: Ամբողջությամբ տրվեցինք ու խաղացինք ողջ հոգով, երկրպագուներն էլ մեզ շատ օգնեցին, ինչի համար շնորհակալ ենք: 

Իռլանդիան հանդիպման ընթացքում հոգնեց ու թարմ տեսք չուներ, նախօրեին նրանք ծանր հանդիպում էին անցկացրել Հունգարիայի հետ: Այդ հաղթանակից հետո Երեւանում մեծ ուրախություն էր տիրում: 

Իռլանդիայի դեմ նշանակած 11-մետրանոցը ես չիրացրի, քանի որ այդ դիրքից շատ գոլեր եմ խփել, ունեցել նաեւ վրիպումներ, ինչպես ՉԼ-ում եղավ ակումբի հետ ու մենք դուրս մնացինք պայքարից: Գոլ խփելը հաճելի զգացողություն է, բայց ինձ համար կարեւորը ոչ թե անհատական ցուցանիշներն են, այլ թիմի հաջողությունը: Հենց դա էլ ավագի պարտականությունների մեջ է մտնում, անգամ առանց ավագի թեւկապի եմ առաջատար խաղադաշտում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեզ համար անհանգստացնող հանգամանք է, որ Հունգարիան Պորտուգալիային զիջել է ընդամենը մեկ գոլի տարբերությամբ (2:3), ինչը շատ բան է ասում մարզիչ Մարկո Ռոսսիի թիմի մասին։ Բացի այդ էլ թիմը 10 հոգով կարող էր հաղթանակ կորզել Իռլանդիայից: 

Վաղվա հանդիպման ֆավորիտը հունգարացիներն են, հավաքականի կազմում բարձրակարգ ակումբներում հանդես եկող լավ ֆուտբոլիստներ կան, բացի այդ էլ թիմին աջակցելու են գալու 60 հազ. երկրպագուներ: 

Հունգարիան մասնակցել է Եվրոպայի վերջին 3 առաջնություններին, մենք էլ ենք ցանկանում հասնել նման հաջողության: Բարդ է կանխագուշակել, թե հանդիպումն ինչպես կընթանա, հնարավոր է ողջ ընթացքում ճնշման տակ գործենք, բայց մեկ բան հաստատ է՝ հենց այնպես չենք դուրս գալու խաղադաշտ: Վճռական ենք լինելու ու պայքարելու ենք»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին