Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր կանցկացնի 2014թ. Աշխարհի գավաթի նախընտրական փուլի իր առաջին հանդիպումը: Հայաստանի մրցակիցը Մալթայի ընտրանին է: Մեդիամաքս-ը խաղից առաջ որոշել է ընթերցողներին ներկայացնել երկու թիմերի մարզիչների հայտարարությունները եւ ակնկալիքները, փաստեր մեր մրցակցի վերաբերյալ, ինչպես նաեւ թիմերի նախորդ հանդիպումների վիճակագրությունը:
Հայաստանի հավաքականը մինչ օրս Մալթայի հետ հանդիպել է 3 անգամ: Բոլոր 3 հանդիպումներն էլ եղել են ընկերական եւ ավարտվել են նույն հաշվով` 1-0, հօգուտ Հայաստանի հավաքականի: Առաջին անգամ թիմերը միմյանց հանդիպել են հեռավոր 1994 թվականին “Հրազդան” մարզադաշտում. հաղթական գնդակն իր օգտին գրանցել է հարձակվող Արսեն Ավետիսյանը: Մնացած 2 խաղերն անցել են Մալթայում 2007 եւ 2008 թվականներին, խաղերի արդյունքներն անփոփոխ են մնացել:
Չնայած այն հանգամանքին, որ UEFA-ի պաշտոնական կայքէջի կարծիքով, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին “չես նախանձի” այն պատճառով, որ դարպասում իր տեղը չի կարողանա զբաղեցնել Ռոման Բերեզովսկին (հեռացվել է Իռլանդիայի հետ տխրահռչակ հանդիպման ընթացքում), եւ “ամեն ինչ սահուն չէ պաշտպանությունում”, մեր մարզիչը խաղից առաջ կայացած ասուլիսում հայտարարել է, որ “ինչպես միշտ, մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար”:
Անդրադառնալով պաշտպանությանը՝ Վարդան Մինասյանն ընդգծել է, որ “այդ խաղային դիրքում մրցակցությունը թիմում աճել է, եւ այսօր հավաքականի կազմում ընդգրկված է չորս կենտրոնական պաշտպան, որոնց թվում են նորեկ Ալեքսը եւ Ռոբերտ Արզումանյանը”: Հայաստանի գլխավոր մարզիչը նաեւ նշել է մրցակցի ուժեղ կողմերը` ասելով, որ Մալթայի գլխավոր մարզչին հաջողվել է “կազմակերպված, ամուր եւ մարտունակ թիմ ստեղծել”:
Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Պետրո Գեդինը, իր հերթին, ասել է, որ Հայաստանի դեմ խաղը «լուրջ թեստ» է իր թիմի համար: Անվանելով հայերին «շատ ուժեղ թիմ, ում հաջողվել է 17 միավոր հավաքել նախորդ նախընտրական փուլում»՝ Պետրո Գեդինը, այնուամենայնիվ, վստահություն է հայտնել, որ «տանը» իր թիմը կանի առավելագույնը հաղթանակի հասնելու համար:
Պետրո Գեդինի մարզչական կարիերան բավականին հետաքրքիր է: Նա արդեն մարզել է Մալթայի երիտասարդական եւ գլխավոր հավաքականները 90-ականների սկզբին: Նրա թիմը 24 հանդիպումներում տարել է 4 հաղթանակ եւ 5 անգամ ոչ ոքի է ավարտել հանդիպումը: Մալթայից հետո նա վերադարձել է հայրենիք եւ եղել Իտալիայի գլխավոր մարզիչների օգնական Աշխարհի 1998 եւ 2002 թվականների եւ Եվրոպայի 2000 եւ 2004 թվականների առաջնությունների ժամանակ: Բացի այդ, մի քանի տարի նա մարզել է Իտալիայի ֆուտբոլի կանանց հավաքականը:
Կղզեաբնակներն ունեն «մալթական Մեսսի»` 31-ամյա հարձակվող Մայքլ Միֆսուդ: Ակումբային կարիերայում մեծ բարձունքների նրան չհաջողվեց հասնել, չնայած 90-ականների վերջին` 18 տարեկան հասակում, նա դիտման էր հրավիրված Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այնուամենայնիվ, հենց նա է ընտրանու գլխավոր աստղը, ով հավաքականի կազմում անցկացրած 91 հանդիպումում խփել է 36 գնդակ, այդ թվում դուբլի հեղինակ է դարձել Սան-Մարինոյի դեմ Մալթայի հավաքականի վերջին հանդիպման ժամանակ:
Մայքլ Միֆսուդը խաղի նախաշեմին ընդգծել է հայ ֆուտբոլիստների արագությունն ու նպատակասլացությունը, նկատելով, որ «մեզ բարդ հանդիպում է սպասում, սակայն մենք պատրաստվել ենք եւ կանենք առավելագույնը հաղթանակին հասնելու համար»:
Հետաքրքրական է այն, որ այս տարի Մալթան պարտության դառնություն դեռ չի զգացել: Ավելին, անցկացնելով 3 խաղ, մալթացիները հաղթանակ են տարել բոլոր հանդիպումներում: Հարկ է նշել, որ Մալթայի մրցակիցներն էին Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը եւ Սան-Մարինոն: Իր պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը Մալթայի ընտրանին տարել է 1988թ. Կիպրոսի նկատմամբ` 10-1, իսկ խոշորագույն պարտությունը կրել է 1977-ին Իսպանիայից` 12-1:
Ըստ ՖԻՖԱ-ի վերջերս հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի, Հայաստանի ընտրանին գտնվում է 53-րդ, իսկ Մալթան` 139-րդ տեղում: Ինչ վերաբերում է բուքմեյքերներին, ապա բրիտանական հեղինակավոր William Hill ընկերությունը գնահատում է հայերի հաղթանակի հնարավորությունը 1/2, մալթացիների հաղթանակինը` 11/2, իսկ ոչ ոքիինը՝ 11/4:
Մեդիամաքս-ը հաջողություն է մաղթում մեր հավաքականին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: