Մայիս 20, 2025
99 դիտում

«Շիրակ»-ը որոշել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել ՀՖՖ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


«Շիրակ» ֆուտբոլային ակումբը որոշել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Դրա հետ կապված ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«2023 թվականի դեկտեմբերի 29-ին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ողբերգական դեպք՝ ուժեղ քամուց ակադեմիայի պարսպի մոտ 25 մետր հատված փլուզվեց, ինչն էլ քաղաքացու մահվան պատճառ դարձավ: Դեպքի առթիվ նախաձեռնված է հանրային քրեական վարույթ:

Դժբախտ պատահարից անմիջապես հետո դեպքի մասին պատշաճ տեղեկացրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը հանդիսանում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների նոմինալ սեփականատերը:

Անցել է մեկուկես տարի, բայց ՀՖՖ-ն ոչ մի ներկայացուցիչ անգամ հարկ չի համարել այցելել ակադեմիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Այս ընթացքում բազմիցս դիմել ենք ՀՖՖ-ին՝ վեր հանելու ակադեմիայի շինարարական փաստաթղթերը, ինչպես նաեւ առաջարկվել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ակադեմիայում շինարարական եւ անվտանգային խնդիրներն արձանագրելու ու համապատասխան լուծումներ տալու ուղղությամբ: Սակայն կրկին հանդիպել ենք ՀՖՖ ղեկավարության բացարձակ անտարբերությանը:

Ակադեմիայում մարզվող սաների անվտանգությունը որպես առաջնահերթություն ընդունելու եւ հետագայում նման ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին