Մայիս 31, 2025
147 դիտում

Նոր Մխիթարյանների ակնկալիքով. «Յուվենտուս» ակադեմիաները շահագործման կհանձնվեն 2026 թ.



«Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիաները պատրաստ կլինեն ու շահագործման կհանձնվեն 2026 թվականի ամռանը:

Երեկ Երեւանում կայացած ակադեմիաների փակ շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են նաեւ ակադեմիաների մանրակերտերն ու նրանց տեղակայման վայրերը: Երկուսը կգտնվեն Երեւանում (Ավան վարչական շրջան ու «Հրազդան» ստադիոնի հարեւանությամբ), մյուսը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում:

Ակադեմիաներն ունենալու են միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ՝ տարբեր չափերի բնական ու արհեստական խոտածածկերով եւ գիշերային լուսավորությամբ մարզադաշտեր: Դրանք կգործեն վճարովի ու անվճար հիմունքներով, եւ ամեն տարի ըստ առաջադիմության եւ գրանցած արդյունքների այդ ցանկը փոփոխության կենթարկվի: Ակադեմիային կից գործող հյուրանոց-կացարանում էլ կտեղակայվեն մարզիչների կողմից ընտրված մարզաբնակ երեխաները:

Իտալական ակումբի ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ ամեն տարի ակադեմիայի լավագույն սաները Թուրինում մարզվելու եւ ընկերական խաղերի մասնակցելու հնարավորություն կունենան: Իսկ իրենց լավագույնս դրսեւորելու դեպքում կմնան հենց տեղի ակադեմիայում:


Ակադեմիաներն ընգրկելու են նաեւ ՈւԵՖԱ-ի 2-րդ կատեգորիային համապատասխանող բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, մասնագիտացված սպորտային բժշկական եւ վերականգնողական կենտրոն, որտեղ հնարավորություն կունենան մարզվել այլ սպորտաձեւերի ներկայացուցիչները եւս:

«Յուվենտուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ ու ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն արդեն 2 օր է Երեւանում է ու իր ելույթում ընդգծել է մեր երկրի էներգիան, մշակույթը, պատմությունն ու նշել ֆուտբոլային ներուժի մասին:

«Հնարավորություն եմ ունեցել հայ երեխաների հետ ֆուտբոլ խաղալ ու նրանց աչքերում նկատեցի այն կրակը, որը նրանց անպայման ֆուտբոլիստ կդարձնի: Դրանք շատ կարեւոր որակներ են, եւ, անշուշտ, բոլորիս աջակցության կարիքն ունեն: Հայաստանում «Յուվենտուս» ակադեմիայի հիմնադրումը շատ կարեւոր իրադարձություն է, որը վկայում է սպորտում ներդրումներ կատարելու համատեղ ցանկության մասին: Ակադեմիայի մուտքը Հայաստան վկայում է այն մասին, որ այստեղ կզարգանա շատ կայուն ֆուտբոլ, եւ այն հիմնված կլինի նոր մեթոդների ու որակապես նոր մակարդակի վրա»,- ընդգծել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը:

Ակադեմիաների հիմնադիր Ալֆրեդ Սադոյանն էլ հույս է հայտնել, որ իրենց նախաձեռնությունը հնարավորություն կտա հայկական ֆուտբոլին նոր Հենրիխ Մխիթարյաններ պատրաստել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին