Մայիս 22, 2025
127 դիտում

Սիմոնե Ինձագի. ՉԼ-ում հաղթանակը մեր փառքի գագաթնակետը կլինի


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին UEFA.tv-ին տված հարցազրույցում խոսել է մայիսի 31-ին Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի հետ սպասվող եզրափակչից:

«Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել: Բոլորն էլ հիշում են «Բարսելոնա»-ի հետ երկու դիմակայությունները։ «Բավարիա»-ի հետ հաղթանակն էլ հեշտ չի տրվել, որը շատ կազմակերպված ու ֆիզիկապես ուժեղ թիմ է:

Ամենաբարդը հենց 1/4 եզրափակիչն ու կիսաեզրափակիչն են ստացվել, 4 չափազանց լարված խաղ ենք ունեցել:

Այս տարվա արդյունքը թիմի համախմբված ջանքերի եւ ուժեղագույն մրցակիցների հետ խաղերում ճնշմանը դիմանալու շնորհիվ է եղել:

Գոհ եմ վերջին տարիներին թիմի գրանցած առաջընթացի շնորհիվ: Չեմպիոնների Լիգայի երկու եզրափակիչն աշխատասիրության ու նվիրվածության արդյունք են:

2023-ին «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում հավասար պայքար ծավալեցինք ու արժանի էինք հանդիպումը տեղափոխել ավելացված ժամանակ: Բայց այդ խաղը մեզ շատ մեծ ինքնավստահություն ու սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչեց, ինչն էլ օգնեց եւս մեկ անգամ եզրափակիչ դուրս գալ:

Մեր թիմը պատրաստ է ՊՍԺ-ի հետ սպասվող հանդիպմանը: Շատերն են նշում «Ինտեր»-ի ֆուտբոլիստների տարիքը (միջինը՝ 28,7 տ.), սակայն դա ոչ թե խնդիր է, այլ առավելություն: Կարեւոր խաղերի որոշիչ պահերին հենց փորձն է օգնում:

Ես հիանալի ֆուտբոլիստներից եւ, ամենագլխավորը, իսկական տղամարդկանցից կազմված թիմ ունեմ, որոնք լավագույնս են աշխատել ու սառնասրտություն պահպանել: Հենց դա էլ օգնել է ՉԼ-ի բարդ հանդիպումներում:

Եզրափակչում հաղթանակը 4 տարվա աշխատանքի գագաթնակետը կլինի: ՉԼ-ի գավաթը մեր փառքի պսակը կկազմի: Գիտենք, թե որքան կարեւոր է այդ խաղն ու ամեն ինչ կանենք, որ մեր երկրպագուներին մեծ ուրախություն պարգեւենք»:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին