«Ռուբին»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուն «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է իր ակումբի նպատակների, ԱԱ-2026-ում Հայաստանի հավաքականի հնարավորությունների եւ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Բոլոր խաղացողների մոտիվացիան բավականին պարզ է՝ ֆուտբոլ խաղալ եւ վայելել ընթացքը: Իսկ այս պահին «Ռուբին»-ին մոտիվացնում է ամեն խաղում հաղթելու, մրցաշարային աղյուսակում հնարավորինս բարձրանալու եւ սեփական երկրպագուներին ուրախացնելու ցանկությունը:
Դեռ վաղ է խոսել հաջորդ մրցաշրջանի ծրագրերի մասին, նախ եկեք այս մեկն ավարտենք: Կարծում եմ՝ «Ռուբին»-ը կարող է պայքարել Ռուսաստանի առաջնության մեդալների եւ Գավաթում հաղթանակի համար:
Մեծ հույս ունեմ եւ հավատում եմ, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի օր հանդես են գալու Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում։ Կարող եմ ասել, որ մենք մինչեւ վերջ պայքարելու ենք Հունգարիայի, Իռլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականների դեմ, որոնց հետ ընդգրկված ենք Աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Այո, դժվար է լինելու դուրս գալ եզրափակիչ փուլ, բայց սա ամենաանկանխատեսելի սպորտն է։
Տեսանք չէ՞, թե ինչպես Վրաստանը հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը կարող է դուրս գալ ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլ։
Դժվար է խոսել Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունից։ Բայց պետք չէ մոռանալ, որ Հայաստանի ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի, որը դեռ չէր հասցրել շատ մարզումներ անցկացնել։ Բացի այդ էլ որոշ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին։
1։9 հաշվով կրած պարտությունը ցույց չի տալիս հայկական ֆուտբոլի այսօրվա վիճակը։ Եկեք հիշենք, թե ինչպես Բրազիլիան 1։7 հաշվով զիջեց Գերմանիայից։ Ֆուտբոլում նման բաներ երբեմն պատահում են։
Պարտությունից հետո հանդերձարանում բոլորս էլ անտրամադիր էինք, շատ լուրջ զրույց կայացավ գլխավոր մարզչի հետ։ Հավատացեք ինձ, կվերականգնվենք պարտությունից հետո։
Ջոն վան’տ Սխիպը մեծ պրոֆեսիոնալ է։ Ֆուտբոլիստ եմ, որի աշխատանքն է մարզվել ու խաղալ, ես չէ, որ պետք է գնահատեմ մարզչին։ Բայց կարծում եմ, որ նա մեծ օգուտ կբերի հայկական ֆուտբոլին։
Կարծում եմ, բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են խաղալ Եվրոպայի թոփ-ակումբներում։ Ես էլ բացառություն չեմ։ Բայց այս պահին կենտրոնացած եմ «Ռուբին»-ի վրա։
Իհարկե, Չեմպիոնների լիգայում ես հաջողություն մաղթում եմ Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ին։ Նա հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդն է։ Եթե «Ինտեր»-ը հաղթի ՉԼ-ն, շնորհավորական նամակ կուղարկեմ Մխիթարյանին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: