Հայաստնի ֆուտբոլի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել էր Լատվիայի դեմ տնային խաղով եւ հաղթել 4։1 հաշվով։
Վերջին դիմակայությունը եւս հայերն անցկացրին Լատվիայի դեմ՝ այս անգամ հյուրընկալվելով Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում եւ հաղթելով 2։1 հաշվով։
Առաջին կեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, թիմերը փորձում էին գտնել միմյանց թույլ կողմերը, սակայն էական հաջողության չէին հասնում։ 13-րդ րոպեին Լուկաս Սելարայանի հարվածը տանտերերը կարողացան չեզոքացնել, ապա հեռահար հարվածով Օգնեն Չանչարեւիչին փորձեց անակնալի բերել Վլադիսլավ Գուտկովսկին, սակայն նրա հարվածը բավական շեղ ստացվեց։
Առաջին կեսի վերջնամասում Ուգուչուկվու Իվուի գեղեցիկ փոխանցումից հետո լավ հնարավորություն ստացավ Նաիր Տիկնիզյանը, սակայն նրա հարվածը փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտից։ Հայերի ակտիվությունն արդյունք չտվեց, ընդմիջման թիմերը գնացին գոլազուրկ ոչ-ոքիով։
Երկրորդ կեսը մեկնարկեց հայ ֆուտբոլիստների հաջողությամբ։ Մինչ կրկնապատկերով դիտում էինք Հրանտ-Լեոն Ռանոսի վտանգավոր հարվածը, գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։ Սելարայանի դիպուկ փոխանցումից հետո մրցակցի տուգանայինում մենակ մնացած Սպերցյանը գլխով գրավեց Ռիխարդս Մատրվիցսի դարպասը։ Ի դեպ, Սպերցյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ Լատվիայի դեմ կայացած առաջին խաղում։
Սակայն տանտերերը, չնայած նախաձեռնությունը զիջել էին հյուրերին, կարողացան կազմակերպել իրենց գրոհները եւ անհանգստացնել Չանչարեւիչին։ Ռոբերտս Ուլդրիկիսը, որը 69-րդ րոպեին մոտ էր գոլի հեղինակ դառնալուն, դրանից 2 րոպե անց գեղեցիկ գնդակ խփեց՝ 1։1։
Լատվիացի երկրպագուների ուրախությունը շատ քիչ տեւեց։ Սելարայանի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, Արթուր Միրանյանն արագ կողմնորոշվեց ու, վրա հասնելով, այն ուղարկեց Լատվիայի դարպասը՝ 1։2։
Ազգերի լիգայի C լիգայում Հայաստանի հավաքականն այսպիսով տոնեց միայն երկու հաղթանակ, կրեց երեք պարտություն եւ մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքիով։
Հյուսիսային Մակեդոնիան 1։0 հաղթեց Ֆարերյան կղզիներին ու 16 միավորով գլխավորեց աղյուսակը՝ դուրս գալով B լիգա։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի ընտրանին 7 միավորով բարձրացավ 2-րդ տեղն ու հանդես կգա անցումային խաղերում։ B դիվիզիոն դուրս գալու համար հայ ֆուտբոլիստները կմրցեն B դիվիզիոնի խմբերում երրորդ տեղը գրաված թիմերից մեկի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: