Մայիս 10, 2025
832 դիտում

Արաս Օզբիլիզ․ Վստահ եմ, որ արդար ընտրության դեպքում կհաղթեմ


Լուսանկարը` Photolure


Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը կարծում է, որ կարող է հաղթել ՀՖՖ նախագահի ընտրությունում։


Ներկայացնում ենք նրա մտքերը, որոնք արտահայտել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Զգում եմ, որ ֆուտբոլային աշխարհն ինձ աջակցում է, հաղթելու շանսեր ունեմ։ Թեկնածությունս դրել եմ, որովհետեւ տեսնում եմ, որ ֆեդերացիան ճիշտ չի աշխատում, իսկ ես կարող եմ օգնել փոփոխություններ անել։

Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում եմ թեկնածությունս դնում, ոչ թե այլ մարզաձեւի։ Ֆուտբոլն իմ մասնագիտությունն է, որին ես լավ տիրապետում եմ։ Վստահ եմ, որ կարող եմ կատարել այդ աշխատանքը։

Բոլոր ակումբների ներկայացուցիչների հետ էլ փորձում եմ հանդիպել, զգում եմ, որ նրանք եւս փոփոխություններ են ուզում։ Իսկ նա, ով տեսնում է մեր ֆուտբոլի վիճակն ու ձայն չի հանում, ինքն էլ է մեղավոր։ Մեր ֆուտբոլի սիրտը պետք է հանենք, նորը դնենք։

Իմ նպատակը հայկական ֆուտբոլի զարգացումն է, ոչ թե Հենրիխ Մխիթարյանի վերադարձը։ Ես շատ կուզեի, որ նա հավաքականում խաղար ու ընտրվելու դեպքում կփորձեմ զրուցել հետը։ Բայց եթե ինձ ընտրելու են նրա համար, որ Հենրիխը վերադառնա, ապա ավելի լավ է չընտրեն։ Կրկնեմ, հայկական ֆուտբոլի հետ կապված երկարաժամկետ նպատակ ունեմ։

Երբ հրավիրվեցի ազգային հավաքական, հայաստանցի ֆուտբոլիստներն ավելի շատ էին, իսկ հիմա հակառակ պատկերն է։ Մենք իսկական ընտանիք էինք, շատ լավ մթնոլորտ էր տիրում, այժմյան թիմում դա չեմ զգում։ Հավաքականում պետք է խաղալ երկրի համար, ոչ թե անձնական շահերի։

ՀՖՖ Գործկոմը պետք է անկախ լինի՝ համալրված տարբեր մասնագետներով։ Ընդհանրապես, կարեւոր է թափանցիկությունը, բոլոր ակումբներին ՀՖՖ-ն պետք է նույնկերպ վերաբերվի։ Կարծում եմ, որ այսօրվա ֆեդերացիան թափանցիկ չի աշխատում։ Առանց քննադատության ֆուտբոլ չի զարգանա, իսկ երբ միայն ծանոթներով ես շրջապատված, քննադատական խոսք չես լսի։  

Երբ դառնամ ՀՖՖ նախագահ, առաջինն աուդիտ եմ անցկացնելու, որ իմանամ ինչից սկսեմ։ Իմ թիմն ունեմ, սակայն բոլոր այսօրվա աշխատողների հետ զրուցելու եմ, գիտեմ, որ շատ ՀՖՖ-ում շատ լավ մասնագետներ կան։ Պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ։

Մինչեւ վերջ պայքարող եմ։ Չեմ կարող ասել՝ ընտրությունը որքանով արդար կանցնի, բայց դա լինելու դեպքում վստահ եմ, որ կհաղթեմ։ Իսկ եթե չհաղթեմ, կշարունակեմ մնալ ֆուտբոլում ու նպաստել զարգացմանը։

Բոլորով պետք է նպաստենք մեր ֆուտբոլի առաջընթացին, ես միայնակ դա անել չեմ կարող»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին