Մայիս 10, 2025
847 դիտում

Արաս Օզբիլիզ․ Իմ ծրագիրը կնպաստի հայկական ֆուտբոլը դուրս բերել այսօրվա վիճակից


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզն այսօր ներկայացրել է նախընտրական ծրագիրը, որն իրականացնելու է ընտրվելու դեպքում։

Դեկտեմբերի 23-ին նշանակված ընտրությանը ՀՖՖ նախագայի պաշտոնի համար նա պայքարելու է գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի դեմ։

Մանկապատանեկան ֆուտբոլ

«Հայկական ֆուտբոլի զարգացման ամենակարեւոր հանգամանքը մասսայական եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է։ Մեր ֆուտբոլում բոլորը խոսում են վերեւից՝ մոռանալով հիմքի մասին, որը չափազանց կարեւոր է։ Երեւանում երեխաները ֆուտբոլի դպրոց կարող են գնալ միայն «Փյունիկ»-ում, «Ուրարտու»-ում եւ Ֆուտբոլի ակադեմիայում, ինչը չափազանց փոքր թիվ է։ Շրջել ու տեսել եմ, որ Երեւանում կան դաշտեր, որոնք կարող են օգտագործվել մարզումային պրոցեսը կազմակերպելու համար։

Ցավոք, բայց երեխաները նաեւ քիչ մրցումներ են անցկացնում, միայն մարզվելով հնարավոր չէ աճել։ Մրցումները պարապմունքի քննությունն են։ Իմ երկու տղան հաճախում են Ավանի ակադեմիա, վճարում եմ 15 հազար դրամ, իսկ նրանց նույնիսկ մարզահագուստ չեն տրամադրում, խաղեր գրեթե չեն խաղում։ Հայաստանում մանկապատանեկան թիմերը պետք է շատ մրցումներ անցկացնեն միմյանց հետ։

Հանրակրթական դպրոցների հետ համագործակցությունն է չափազանց կարեւոր, օրինակ՝ Նիդերլանդներում, որտեղ ես մեծացել եմ, եթե դպրոցում լավ չէիր սովորում, մարզումների չէիր կարող գնալ։ Իսկ Հայաստանում մարզումները հաճախ հենց դասերի ժամերին են լինում, դա եւս պետք է փոխել։

Մարզչական կրթություն ու ենթակառուցվածքներ

Լավ սերունդ ունենալու համար մեծ կարեւորություն ունի որակյալ ու կրթված մարզիչը։ Հայաստանում մարզչական դասընթացներն ավելի թանկ են, քան Նիդերլանդներում կամ Անգլիայում։ Չի կարող այսպիսի բան լինել։ Մենք պետք է համագործակցենք այնպիսի երկրների հետ, որոնք համապատասխանում են մեզ։ Գործուղենք մեր մարզիչներին այլ երկրներ, կազմակերպենք դասընթացներ։

Ստանդարտ չափսերի դաշտեր հարկավոր է կառուցել ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում։ Ես Հայաստանի տարբեր վայրերում եմ եղել, շատ տեղեր կան, որտեղ կարող ենք դաշտեր կառուցել, դրա համար էլ համագործակցություն է մշակվելու աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Լուսանկարը` Photolure


Կարեւոր է վերականգնողական կենտրոն ունենալը, ես շատ վնասվածքներ եմ ստացել, բայց պայքարել ու կրկին մարզվել եմ։ Ցավոք, շատերը թողել են ֆուտբոլը, որովհետեւ ճիշտ բուժում չեն ստացել։ Մեր երեխաների առողջությանը հետեւել է պետք։

Ֆուտբոլի ազգային մոդելի ներդրում, պրոֆեսիոնալ եւ կանանց ֆուտբոլ

Ներդնել սեփական խաղային փիլիսոփայություն, որը հիմնված կլինի ազգային առանձնահատկությունների վրա՝ սկսած բոլոր տարիքային հավաքականներից ﬕնչեւ Մ-21 տարեկաններ։ Մոդելը չի կարող կախված լինել մեկ մարդուց։

Ֆեդերացիան պարտավոր է գործել թափանցիկ, ստեղծել պրոֆեսիոնալ լիգա, հավաքականներում կատարել լուրջ աշխատանքներ, բարձրացնել մրցավարների կարգը։

Կանանց ֆուտբոլն արագ զարգանում է, իսկ մենք շատ ենք հետ մնացել։ Հարկավոր է հավասար պայմաններ ստեղծել կանանց ու տղամարդկանց ֆուտբոլում։

Այս բոլոր քայլերն իրար հետ փոխկապակցված են, առանց մեկի՝ մյուսը լինել չի կարող։ Ես գիտեմ, որ դժվար է լինելու, սակայն աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել լավ արդյունքի։ Իմ ծրագիրը երկարաժամկետ է, փոփոխությունները միանգամից տեսանելի լինել չեն կարող, բայց կնպաստի, որ հայկական ֆուտբոլը դուրս գա այս վիճակից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին