Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորից ազգային ընտրանու հետ է ու պատարստվում է մասնակցել Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա 3 խաղերին:
Հայ ֆուտբոլիստները սեպտեմբերի 2-ին, 5-ին ու 8-ին խաղալու են Հյուսիսային Մակեդոնիայի, Գերմանիայի ու Լիխտենշտեյնի հավաքականների դեմ:
ՀՖՖ-ին տված հարցազրույցում նա խոսել է թիմակիցների, գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի, իր նոր մոտիվացիայի ու հավաքականի երազանքի մասին:
«Հավաքականի նորեկներից ոմանց հետ խաղացել եմ, կամ ծանոթ եմ: Թիմ հրավիրվածները լավ մարզավիճակում են ու հիանալի տպավորություն են թողնում: Հույս ունեմ՝ կօգնեն հավաքականին սպասվող հանդիպումներում:
Հավաքականում հանդես եկողների նվիրվածությունը 100 տոկոսից ավել պետք է լինի, որովհետեւ էլ չես կարող կասկածներ ունենալ ու պետք է փորձես միայն օգուտ տալ:
Կապառոսը շատ ընտիր մարզիչ է, լավ հասկանում է ֆուտբոլը, փորձում խաղացողների լավ կողմերն օգտագործել ու այնպես դասավորել թիմը, որ կարողանա ցավ պատճառել հակառակորդին:
Սարգիս Ադամյանն ու Վարազդատ Հարոյանն ապացուցեցին, որ անհնարին ոչինչ չկա, եւ բոլորն էլ կարող են խաղալ լավ լիգաներում: Նրանք պետք է օրինակ լինեն բոլոր այն երիտասարդների համար, ովքեր նպատակ ունեն ու ցանկանում են ուժեղ առաջնություններում խաղալ: Բոլորն էլ կարող են հասնել այդ մակարդակին:
Երբեք չեմ մտածել, որ հավաքականում կկարողանամ հասնել այս ցուցանիշերին, բայց միշտ ցանկություն եմ ունեցել խաղալ այնտեղ: Երբ դեռ 12-13 տարեկան էի, դիտում էի ազգային ընտրանու խաղերն ու ցանկանում ինչքան հնարավոր է շուտ ներկայացնել իմ երկիրը:
Մոտենում եմ 88 խաղի շեմին, կարեւոր չէ անցկացրած հանդիպումների քանակը, առաջնային է հավաքականին տված օգուտը: Սարգիս Հովսեփյանն է ռեկորդակիր (հավաքականում 132 խաղ է անցկացրել, խմբ.) անցկացրած խաղերով, բոլորը պետք է ձգտեն հասնել նրա ցուցանիշին:
Իմ նոր մոտիվացիան կարող է լինել 40 գոլի սահմանը հատելը (այս պահին 30 գոլ է գրանցել, խմբ.): Նախկինում անհնար էր թվում Արթուր Պետրոսյանի 11 գոլերի քանակը շրջանցել, հիմա 40-ն իրական է անցնել: Մեծ ցանկությամբ կսպասեմ դրան, եւ ես կուրախանամ, եւ երկրպագուները:
Իմ անցկացրած 3 հիշարժան խաղերի թվում կառանձնացնեմ 2007 թվականին ԱՄՆ-ում Պանամայի դեմ նորամուտս, երբ առաջին անգամ հագա ազգային հավաքականի մարզաշապիկը, մեծ հավաքականներից Իտալիայի դեմ խաղը 2012-ին, իմ առաջին լուրջ մրցակիցն էր ու նաեւ գոլի հեղինակ դարձա, իսկ արդյունքի տեսանկյունից Բոսնիա եւ Հերցեգովիանայի դեմ հանդիպումն էր՝ 4:2 հաշվով հաղթանակ տարանք, Դանիայի (4:0), Սլովակիայի (4:0):
Հաճելի կլինի, որ մի օր բոլորիս երազանքն իրականանա ու հավաքականը խաղա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Իմ խաղընկերներն արդեն լավ են մեկնարկել ընտրական փուլում, լավ հնարավորություն ենք ստացել, բայց պետք է կենտրոնանանք առաջիկա 3 խաղերի վրա ու փորձենք մոտենալ մեր երազանքին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: