Հունիսի 11-ից հուլիսի 11-ը Եվրոպական 11 քաղաքներ ընդունելու են ֆուտբոլի առաջնության հանդիպումները:
ՈւԵՖԱ-ի հետ համատեղ առաջարկում ենք ծանոթանալ հավաքականներին, որոնք ընդգրկված են 6 խմբում: Սկսենք А խմբից:
Այստեղ են Թուրքիայի, Իտալիայի, Ուելսի եւ Շվեյցարիայի ընտրանիները: Թուրքիա-Իտալիա խաղով էլ հենց տրվելու է ԵՎՐՈ-2020-ի մեկնարկը: Հանդիպումները կայանալու են Հռոմում եւ Բաքվում:
Թուրքիա

Լուսանկարը` TFF
Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնություններում նորամուտը նշել է 1996-ին: Այս երկրի հավաքականի լավագույն արդյունքը ԵԱ-ում եղել է 2008-ին, երբ դուրս է եկել կիսաեզրափակիչ: ԵՎՐՈ-2016-ը լքել է հենց խմբային փուլից:
Գլխավոր մարզիչ. Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Շենոլ Գյունեշի հաջողությունը եղել է 2002-ի ԱԱ-ի ժամանակ, երբ թիմի հետ գրավել է 3-րդ տեղը: Ազգային թիմը գլխավորում է 2019 թվականից:
Որոշիչ ֆուտբոլիստ. Համարվում է Բուրաք Յիլմազը: 35-ամյա ֆուտբոլիստն ամենամեծն է թիմում: Թուրքիայի հավաքականում ռմբարկուների թվով նա երկրորդն է: Վերջերս «Լիլի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:
Իտալիա

Լուսանկարը` UEFA
Իտալացիները Եվրոպայի չեմպիոն դառնալու փորձ ունեն, չնայած դրան հասել են հեռավոր 1968 թվականին: Իսկ ահա վերջին ԵՎՐՈ-ի ժամանակ նրանք պայքարը լքել են քառորդ եզրափակչից:
ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլն իտալացիներն անցկացրել են միայն հաղթանակներով: Ռեկորդային՝ 11-րդ հաղթանակը նրանք տոնել են Հայաստանի ընտրանու նկատմամբ՝ վերջինիս ջախջախելով 9:1 հաշվով:
Գլխավոր մարզիչ. Ռոբերտո Մանչինին իր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է եղել Իտալիայում, սակայն այդպես էլ ոչ մի տիտղոս ընտրանու հետ չի նվաճել: Որպես մարզիչ մի շարք փոփոխություններ է բերել թիմ՝ երիտասարդացնելով վերջինիս կազմը:
Որոշիչ ֆուտբոլիստ. Այստեղ ՈւԵՖԱ-ն առանձնացրել է Մարկո Վերատտիին: Կիսապաշտպանն իրեն հիանալի է զգում խաղադաշտում, անկաշկանդ տիրում է գնդակին ու կարողանում ճիշտ փոխանցումներով առաջ մղել խաղընկերներին: Չնայած նա ՊՍԺ-ի հետ ավելի շատ նվաճումների է հասել, քան Իտալիայի, բայց վերջերս ստացած թեթեւ վնասվածքից վերականգնվելուն զուգահեռ պատրաստ կլինի ԵԱ-ին:
Կարելի է նշել նաեւ դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, որը 21 տարեկանում արդեն համարվում է վետերան: Մի քանի տարի է բարձրակարգ խաղ է ցույց տալիս ու այս առաջնությունում եւս ձգտելու է հուսալի պաշտպանել Սկուադրա Աձուրայի դարպասը:
Ուելս

Լուսանկարը` FA Wales
Ուելսի հավաքականի լավագույն արդյունքը եղել է ԵՎՐՈ-2016-ի ժամանակ, երբ հասել է կիսաեզրափակիչ ու զիջել ապագա չեմպիոն Պորտուգալիային:
Գլխավոր մարզիչ. Ռոբերտ Փեյջն Ուելսի կազմում անցկացրել է 41 հանդիպում, աշխատել մի շարք ակումբներում, ապա գլխավորել երկրի երիտասարդական թիմը: Ընդգրկվել է ազգային հավաքականի մարզչական շտաբում, հետո գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Ռայան Գիգզին:
Որոշիչ ֆուտբոլիստ. Չնայած շուտով Գարեթ Բեյլը նշելու է 32-ամյակը, սակայն շարունակում է մնալ Ուելսի ամենագլխավոր ֆուտբոլիստն ու լավագույն ռմբարկուն: Նա մեծ ազդեցություն ունի ոչ միայն խաղադաշտում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս: Կարողանում է կարեւոր գոլեր խփել ու իր հետեւից տանել թիմը:
Մասնագետներն առանձնացնում են 20-ամյա Իթան Ամպադուին, որը կարողանում է հաջող խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում, ինչը նրան դարձրել է հիմնական կազմի խաղացող:
Շվեյցարիա

Լուսանկարը` Swiss Football Association
Վլադիմիր Պետկովիչի օրոք Շվեյցարիայի հավաքականը բոլոր մրցաշարերի խմբային փուլերում էլ հաջող է հանդես եկել՝ ԵՎՐՈ-2016, ԱԱ-2018 ու Ազգերի լիգա, սակայն ձախողել է փլեյ-օֆֆում: Շվեյցարացիների համար լավագույն արդյունքը եղել է 2016-ի ԵԱ-ում, նրանք հասել են մինչեւ 1/8 եզրափակիչ:
Գլխավոր մարզիչ. Ծնունդով Սարաեւոյից Վլադիմիր Պետկովիչը 1997-ից բնակվում է Շվեյցարիայում: 2014-ին դարձել է գլխավոր մարզիչ ու, ինչպես նշեցինք, թիմին դուրս բերել բոլոր մրցաշարերի եզրափակիչ փուլ:
Որոշիչ ֆուտբոլիստ. «Արսենալի» ու Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Գրանիտ Ջական հիանալի է գործում պաշտպանությունում ու մեծ ազդեցություն ունի թիմի վրա: Պատահական չէ, որ նրա հետ ու առանց նրա հավաքականն ունենում է բոլորովին
այլ տեսք:
Այս թիմի կազմում կարելի է առանձնացնել Բրել Էմբոլոյին: Արագ, ուժեղ եւ ունիվերսալ այս հարձակվողին մրցակիցները դժվարությամբ են կարողանալու չեզոքացնել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: