Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի հերոսն է դարձել: Նա «Հոֆֆենհայմի» կազմում իր առաջին իսկ մեկնարկային խաղում դուբլի հեղինակ է դարձել ու 2 անգամ գրավել Մյունխենի «Բավարիայի» դարպասը:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքն անդրադարձել է հարձակվողին ու ներկայացրել նրա կարիերայի առավել կարեւոր դրվագները:
26-ամյա հարձակվողը ծնվել է Երեւանում, ապա 5 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա: Ադամյանն առաջին քայլերը չի կատարել ֆուտբոլային ակադեմիայում, մարզվել է փողոցում սովորական տղաների հետ, մինչեւ որ 16 տարեկանում միացել է «Հանզային»: Այնտեղ նա խաղացել է Ռոլան Քրոսի գլխավորությամբ, որն Աշխարհի չեմպիոն Թոնի Քրոսի հայրն է:

Լուսանկարը` theguardian.com
Նորամուտը նշել է 2013 թվականին 19 տարեկանում Գերմանիայի 3-րդ դիվիզիոնին մասնակցած «Հանզայում»: Այնտեղ 8 հանդիպում անցկացնելուց հետո տեղափոխվել է «ՏՍԳ Նոյշտրելից»: Հայաստանի հավաքականի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2014 թվականի հոկտեմբերի 9-ին ու արդեն 16 խաղ ունի գրանցած: Միակ գոլը խփել է 2018-ի նոյեմբերին Լիխտենշտեյնի դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով:
Իր կարիերայի ամենաբարձրակարգ ակումբը «Հոֆֆենհայմն» է, որի հետ մինչեւ 2022 թվականը պայմանագիր է կնքել 2019-ին: Ակումբի կազմում նա 3 հանդիպման է մասնակցել ու Բունդեսլիգայում 134 րոպե անցկացրել, ապա աչքի ընկել գերմանական գրանդի հետ խաղում, որն ընդամենը նախորդ շաբաթ էր Չեմպիոնների Լիգայում 7:2 հաշվով առավելության հասել «Տոտենհեմի» նկատմամբ:

Լուսանկարը` Photolure
Ադամյանը 2-րդ հայն է Հենրիխ Մխիթարյանից հետո, որը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնությունում:
Հայ հարձակվողին Գերմանիայում համեմատում են Աշխարհի չեմպիոն Միրոսլավ Քլոզեի հետ, որը նույնպես տքնաջան աշխատանքի ու համբերատարության շնորհիվ Գերմանիայի 4-րդ դիվիզիոնից բարձրացել է Բունդեսլիգա, ապա ընդգրկվել ազգային հավաքականում:
«Բավարիայի» հետ խաղն Ադամյանն ամենանշանավորն է համարում իր կարիերայում. «Մինչեւ հիմա չեմ հավատում, որ այս ամենն ինձ հետ է տեղի ունեցել: Մարզիչն ինձ շանս տվեց, հիանալի էր մեկնարկում խաղալ «Ալյանց Արենայում»: Ուզում էի փոխհատուցել մարզչին ու դա ինձ հաջողվեց»,- խաղից հետո խոստովանել էր Ադամյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: