12-ամյա չինացի լողորդուհի Յու Ցիդինը վաղուց է իր մասին լուրջ հայտ ներկայացրել մեծահասակների սպորտում: Նախ նա կարողացավ մեծահասակների Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, ապա օրեր առաջ փայլեց Սինգապուրում կայացած մրցաշարում: Նա ընդամենը 6 հարյուրերորդականով հետ մնաց բրոնզե մեդալից ու 4-րդ տեղը զբաղեցրեց, մինչ այդ Ցիդինի հասակակից ոչ մի լողորդուհի նման արդյունքի հասնել չէր կարողացել:
Նրա մասին առաջին անգամ աշխարհն իմացել է 2024-ի ապրիլին, երբ 11-ամյա Ցիդինը Չինաստանի առաջնության 400 մ համալիր լողում 2-րդ տեղը զբաղեցրեց: Ցիդինին ընդամենը 2 վայրկյան չբավականացրեց, որպեսզի նվաճի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Այդ տարվա առաջնությունում նա 200 մ համալիր լողում արծաթե մեդալակիր դարձավ՝ զիջելով 2024-ի Օլիմպիական բրոնզե մեդալակիր Իտին Յուին: Սակայն 2.10,63 արդյունքով գերազանցեց իր տարիքային տղաների ու աղջիկների բոլոր ռեկորդներն ու ԱԱ-ի ուղեգիր նվաճեց:

Լուսանկարը` Xinhua
Թեեւ սովորաբար ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մասնակիցների գոնե 14 տարին պետք է լրացած լինի, սակայն նրան թույլ տվեցին ելույթ ունենալ, քանի որ արդյունքները համապատասխանում էին A կատեգորիային: Իսկ 200 մ բաթերֆլայում մարզուհին 2.06,83 արդյունքով չեմպիոն հռչակվեց:
«Թոքերս հիմա կպայթեն: Չգիտեի, թե ինչ արդյունք եմ գրանցել: Պարզապես լողացել եմ իմ ռիթմով»,- հաղթանակից հետո ասել է նա:
Աշխարհի առաջատար ԶԼՄ-ը սկսել են Ցիդինին համեմատել 15 տարեկանում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Սամեր Մաքինթոշի, 15-ում Օլիմպիական չեմպիոն դարձած Քեթի Լեդեկիի ու 14-ում Օլիմպիական ոսկի նվաճած Կյոկո Իվասակիի հետ:
Ցիդինն ԱԱ-ներում մասնակցած երկրորդ ամենաերիտասարդ լողորդուհին է, նրանից փոքր եղել է միայն Բահրեյնը ներկայացնող Ալզաին Թարեքը, որը 2015-ի մրցաշարում ելույթ է ունեցել 10 տարեկանում:
«2024-ին մի քանի մրցումների մասնակցեցի եւ հաջողությունների հասա, ինչից հետո լողի շատ սիրահարներ առաջին անգամ իմացան իմ մասին: Ավելի խոշոր միջազգային մրցումներում հասկացա, թե որքան կարեւոր է ամեն մարզման ժամանակ լավ աշխատանք տանելը, որպեսզի կարողանաս բարձր արդյունքների հասնել ու նաեւ դիմացկուն լինել: Ամենաբարդը երեւի այն է, երբ նպատակիդ շատ մոտ ես գտնվում, պետք է ստիպես քեզ առաջ գնալ»,- իր ապրումների մասին չինական ԶԼՄ-ին տարեսկզբին ասել է Ցիդինը:

Լուսանկարը` Global Times
Նա ծնվել է 2012 թվականին Հեբեյ նահանգի Բաոդինե քաղաքում: Ընտանիքի հետ հանգստի ժամանակ է զգացել, թե որքան շատ է սիրում ջուրն ու սկսել է լողով զբաղվել: 4 տարվա տքնաջան մարզումների արդյունքում նրան նկատել են ու հրավիրել պատանեկան հավաքական: Շատ կարճ ժամանակ անց բարելավել է ցուցանիշներն ու սկսել լուրջ հաջողությունների հասնել՝ 11 տարեկանում արդեն Չինաստանի արծաթե ու բրոնզե մեդալակիր էր: Նա կարողացել է նաեւ ապահովել իր մասնակցությունն Աշխարհի առաջնութունում, որտեղ 200 մ համալիր լողում 2:10.22 արդյունքով դուրս է եկել եզրափակիչ:
Նա Սինգապուրում մասնակցել է նաեւ 200 մ բաթերֆլայ ու 100 մ ազատ ոճի մրցումներին, իսկ 4x200 մ փոխանցումավազքում բրոնզե մեդալակիր դարձել:
«Շատ ուրախ էի մասնակցել փոխանցումավազքին, ընթացքը հիանալի էր: Հույս ունեմ, որ հետագայում Աշխարհի առաջնությունում ավելի արագ կլողամ»,- լրագրողներին ասել է նա:
Ցիդինը ԱԱ-ներում լողի պատմության ու 89 տարվա ընթացքում խոշոր միջազգային մրցումների ամենաերիտասարդ մեդալակիրն է: 1936-ի Բեռլինի Օլիմպիական խաղերում 100 մ բրասում 3-րդ տեղն է գրավել 12-ամյա դանիացի Ինգա Սերենսենը:

Լուսանկարը` Global Times
Ցիդինը մարզվում է 23-ամյա Օլիմպիական չեմպիոն Լի Բինցզեի հետ, որը նրա կուռքն է: Յույը նրան ավագ քույր ու մտերիմ ընկեր է անվանում:
Մայիսին Չինաստանի առաջնությունում նրա աննախադեպ հաջող ելույթը World Aquatics-ը սենսացիոն է անվանել:
Այդքան պատանի տարիքում մարզուհու մասնակցությունն Աշխարհի առաջնությանը տարատեսակ քննարկումներ է առաջացրել: BBC Radio 5-ի եթերում Աշխարհի քառակի չեմպիոն Կարեն Պիկերինգը եւ Օլիմպիական բրոնզե մեդալակիր Սթիվ Փերին իրար հակասող կարծիքներ են հայտնել:
«Տեսնել, թե պատանի մարզուհին ինչպես է պայքարում նման մրցումներում, մի կողմից զարմանալի է, մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե որքա՞ն վաղուց է նման համառ կերպով մարզվում եւ ինչպե՞ս է մարզվում: Ինչպե՞ս է այդ ամենը ազդում նրա ֆիզիկական վիճակի վրա»,- զարմացել է Պիկերինգը:
«Յուի նվաճումն իսկապես դրական եմ ընկալում: Այդ երիտասարդ լողորդուհին ընդամենը 12 տարեկան է ու նրա հետ կապված ճիշտ հարցեր ենք տալիս: Բայց ինձ ժամանակին շատ լավ «ապտակ» էր 15-ամյա Ֆելփսի ելույթը Սիդնեյում, հետագայում տեսաք, թե նա ինչպես դարձավ բոլոր ժամանակների մեծագույն լողորդը: Ընդունում եմ, որ կարող ենք ունենալ Շերոն Դեւիս, Յու Ցիդին, Քեթի Լեդեկի եւ մյուսներ, բայց մենք առաջին հերթին պարտավոր ենք մտածել նրանց հոգեբանական առողջության մասին, որպեսզի ժամանակից շուտ հսկայական ֆիզիկական ծանրաբեռնվածության չենթարկվեն»,-խոստովանել է Փերին:

Լուսանկարը` world aquatics
Շերոն Դեւիսն ընդամենը 13 տարեկանում Մեծ Բրիտանիան ներկայացրել է 1976-ի Օլիմպիական խաղերում, իսկ 1980-ին արծաթե մեդալ նվաճել: Այնպես որ, պատանի մարզիկների մասնակցությունը մեծահասակների մրցումներին բնավ էլ վերջին տարիներին չի հատուկ: Լինում են մարզիկներ, որոնք դեռ երիտասարդ տարիքում ցուցանիշներով համապատասխանում են մեծահասակներին ու ժամանակից շուտ դուրս գալիս իրենց հասակակիցների հետ մրցակցությունից:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: