Մայիս 02, 2024
1581 դիտում

«Փյունիկը» ՀՖՖ-ին սպառնում է Հայրապետյանի հրաժարականի պահանջով


Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողություններից, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծմամբ:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ու մանրամասն ներկայացրել, թե ինչու է ՀՖՖ-ն վերջին շրջանում փորձում խոչընդոտել իրենց գործունեությանը:

«2017/2018 մրցաշրջանի վերջում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը որոշեցին փոխել ակումբի անունը: Նախատեսվում էր, որ նոր մրցաշրջանում թիմը կրելու է «ՖԱ Երեւան» անվանումը: Անունների փոփոխության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվեցին: ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հաստատել է, որ ինքը ողջունում է որոշումը: Մենք ներգրավեցինք երկրպագուներին ակումբի նոր տարբերանշանի ստեղծման համար, ՀՖՖ ներկայացնելու համար պատրաստեցինք  բոլոր փաստաթղթերը, բայց 2018 թվականի հուլիսի 13-ին ակումբը ծանուցում է ստացել, որ իրավունք չունի օգտագործել «ՖԱ Երեւան» անունը, քանի որ Առաջին լիգա է հայտավորվել «Երեւան» անվամբ ակումբ։

Վերոհիշյալ ակումբը գրեթե ամբողջությամբ կազմված է 2001 թվականին ծնված ֆուտբոլիստներից։ Վերջիններս «Փյունիկի»  ակադեմիայի սաներն են, որոնք 1 տարվա ժամկետով փոխանցվել էին «Ավան Ակադեմիային» 2017/18 մրցաշրջանում Առաջին լիգայում հանդես գալու համար։ Առաջնության ավարտին բոլոր խաղացողները պետք է վերադառնային «Փյունիկ» ակումբ: Մենք բազմիցս դիմել ենք «Ավանի Ակադեմիայի» ղեկավարությանը` հորդորելով կատարել համաձայնագրի պահանջները։ Սակայն մեր բոլոր կոչերը ոչ միայն անպատասխան են մնացել, այլեւ առանց մեզ հետ համաձայնեցնելու մեր  խաղացողներին ուղարկել են նոր թիմ՝ «Երեւան»։  Մենք նման գործողությունները համարում ենք ոչ կոռեկտ եւ հակաիրավական։ Եթե մոտ ժամակներս «Փյունիկ» ակումբի բոլոր խաղացողները չվերադառնան, մենք ստիպված կլինենք դիմել սպորտային արբիտրաժային դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2018 թվականի հուլիսի սկզբին Ռուբեն Հայրապետյանի հրահանգով իրենց մերժել են Եվրոպայի լիգայի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ չնայած ժամկետների նախնական համաձայնությանը:

Թիմը միայն «Բանանցի» բարեկամական աջակցության շնորհիվ է հասցրել նախապատրաստվել առաջին խաղին:

«Եվրոպայի լիգայի առաջին փուլի հանդիպումից անմիջապես առաջ մենք ստացանք Հանրապետական մարզադաշտի վարձավճարների զգալի աճի մասին ծանուցում, ըստ որի՝ մեկ հանդիպում անցկացնելու համար «Փյունիկը» պարտավորովում է վճարել 5 միլիոն դրամ, որը կրկնակի  շատ է նախկինում եղած գնից»։

Նշվում է նաեւ, որ 2018 թ. հուլիսի 7-ին Հայրապետյանը հանձնարարել է 24 ժամվա ընթացքում ազատել մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները եւ փակել ֆուտբոլի դաշտերի մուտքը, չնայած ըստ նախնական համաձայնության՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այդ տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի։

Ակումբից բացատրում են, որ նման վերաբերմունքի պատճառը հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին «Փյունիկի» դիրքորոշումն էր։

«ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին ադամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամների, որոնց մասին ոչ մի տեղեկություն չկար.

Գիտակցելով, որ այս բոլոր գործողությունները կառուցողական չեն, «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշեց հրաժարվել այդ հանդիպմանը մասնակցելուց: Այնուամենայնիվ, հունիսի 29-ի երեկոյան «Փյունիկ» ակումբի տնօրենի պաշտոնակատարը ՀՖՖ-ի ղեկավարությունից  զանգ է ստացել։ Նրան հորդորել են ներկայանալ ժողովին եւ կողմ քվեարկել օրակարգային բոլոր հարցերին, ինչն էլ վերջինս արել է։ Դրանից հետո մենք ստիպված ենք եղել դադարեցնել մեր համագործակցությունը այդ անձի հետ։

Ակումբի ներքին հարցերին միջամտությունը վրդովմունք է առաջացել ղեկավարության մոտ, վերջիններս հրաժարվել են ժողովի որոշումները լեգիտիմ համարել, քանի որ հայտարարվել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Եթե «Փյունիկի» նկատմամբ վերաբերմունքը շարունակի լինել կողմնակալ եւ ոչ ճիշտ, մենք ստիպված կլինենք հայտարարել անվստահություն ՀՖՖ-ի ողջ ղեկավարության հանդեպ եւ բարձրացնել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին