Մայիս 17, 2024
1530 դիտում

Փաշիկ Ալավերդյան․ Հայկական սպորտը գնում է կործանման


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնց բախվում են ԿԳՄՍ նախարարության պատճառով։

«Նախարարությունում սպորտի մասին գիտելիք չունեն, ով էլ որ ունի, բանի տեղ չեն դնում։ Ես այդ մարդու փոխարեն 15 րոպե էլ չէի կարող աշխատել նախարարությունում։

Մեզ պարտադրում են ամեն ինչի համար գնումների հայտարարություն տալ։ Մինչեւ այսօր ԿԳՄՍ-ից վիտամինների ձեռքբերման համար մի լումա չենք ստացել, ինչո՞ւ չեն տալիս։ Վիտամինները ձեռք ենք բերել ՀԱՕԿ-ի օգնությամբ։

Ուսումնամարզական հավաք անցկացնելու համար եւս պարտադրում են գնումների մրցույթ հայտարարել։ Եթե Հայաստանում միայն Երեւանի Օլիմպավանն ու վերջերս մասնավորի կողմից Գյումրիում բացված դահլիճն են մարզման համար պիտանի, ես ի՞նչ մրցույթ հայտարարեմ։ Ասում են, ոչինչ, դու ամեն դեպքում արա։ Նշեմ, որ ամեն մի  հայտարարության համար մուծում ենք 50 հազար դրամ։

Հավաքականում աշխատելու համար ընտրվում են լավագույն մարզիչները։ Մոտ չորս տարի է որոշել են, որ ուսումնամարզական հավաքների ժամանակ այդ մարդկանց աշխատավարձ չեն տալու։ Ի՞նչ է սա նշանակում։ Ստացվում է, որ տարվա ընթացքում ավելի քան 100 օր մարդը չի վարձատրվում։ Շատերը ստիպված հրաժարվում են աշխատել հավաքականում։

Հիմա էլ սկսել են մարզիչներին տարբեր պատճառներով դատական պրոցեսների մեջ ներքաշել։ Մեղադրում են, թե 2023-ին Երեւանում կայացած ԵԱ-ի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար 690 մլն դրամի փոխարեն ինչո՞ւ ենք մատակարար ընկերության հետ պայմանավորվել ու այն էժան գնել՝ 90 մլն խնայելով ու բյուջե հետ փոխանցելով։ Մեզ ասում են՝ փողերն ուտում եք ու թալանում։ Չեմ ճանաչում մի մարզչի, որ նման բան լինի արած ու հիմա միլիոնատեր լինի։

Երկրի քանդելը սկսվում է կրթությունից, դա արդեն արել են, հիմա էլ սպորտն է ընթացքի մեջ։ Հայկական սպորտը գնում է կործանման։ Տեսեք, թե քանի մասնակից է ունեցել Հայաստանը նախորդ Օլիմպիական խաղերում ու քանիսը կունենա հիմա։

Նախարարությանն առաջարկ անել հնարավոր չէ, ասում են օրենքն է այդպես պահանջում։ Ես խոսել եմ նաեւ այլ ֆեդերացիաների անդամների հետ, նրանք եւս ունեն բազմաթիվ խնդիրներ։ Պետք է սպորտն առանձին լինի, ունենա իր հաշվապահությունը, որտեղ կաշխատեն սրտացավ ու սպորտից գիտակ մարդիկ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին