Երկրորդ տարին անընդմեջ Երեւանի «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպում է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»:
Նախորդ փորձը
«Սանտա Կոլոման», որը երկար տարիներ Անդորրայի առաջնությունում համարվում է ամենաուժեղն ու կարողանում է անընդհատ չեմպիոն դառնալ, բացի «Ալաշկերտից» ՉԼ-ում հանդիպել է եւս մեկ հայկական թիմի՝ «Բանանցին»:
Պետք է նկատել, որ անդորրացիները միայն մեկ անգամ են դուրս եկել ՉԼ-ի երկրորդ շրջան եւ դա եղել է 2015-ին հենց «Բանանցին» հաղթելու շնորհիվ:
Անցած տարվա «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» դիմակայության հաղթողները հայերն էին: Աբրահամ Խաշմանյանի սաները հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել, իսկ ահա սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ էին դարձել Միհրան Մանասյանը, Նորայր Գոզալյանն ու Արթուր Եդիգարյանը:

Լուսանկարը` FC Alashkert
Մինչ հանդիպումն ու դրա ընթացքում կրքերը թեժ էին եղել. նախ Խաշմանյանն էր հայտարարել, որ «ճզմելու են մրցակցին», իսկ «Սանտա Կոլոմայի» մարզիչը դժգոհել էր, թե այդ խոսքերով իրենց վիրավորել են, ապա գողացել են հաղթանակը: Իսկ ահա բուն հանդիպման ժամանակ գլխավոր մրցավարը չէր շռայլել կարմիր քարտերը՝ խաղադաշտից հեռացնելով նախ Մանասյանին, ապա անդորրացիների երեք ֆուտբոլիստի:
Այսօրվա դիմակայությունը
Մեկ տարի առաջ տեղի ունեցած այս տհաճ իրադարձություններն Աբրահամ Խաշմանյանն անցյալում է թողել:
«Մեկ տարի է անցել ու շատ բաներ են փոխվել: Մեզ բարդ հանդիպում է սպասվում, սակայն, ինչպես միշտ, մարտական ենք տրամադրված ու մեկ նպատակ ունենք՝ հաղթել ու անցնել հաջորդ փուլ»,- երեկվա ասուլիսում հայտնել է Խաշմանյանը:
Մասնագետն ընդգծել է, որ իր թիմը պարաստ է ու լավ ֆուտբոլ է ցուցադրելու, ճանաչում են մրցակցին, որը հիմնականում Անդորրայի հավաքականի ֆուտբոլիստներով է համալրված, ու կրկին հաղթելու մեծ ցանկություն ունեն:
«Ալաշկերտը» լուրջ հաջողություններ է գրանցել եւ Հայաստանում, եւ դրա սահմաններից դուրս: Մենք նորից պատմություն կկերտենք»,- եզրափակել է Խաշմանյանը:
«Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը եւս մոռացել է անցած տարվա իրադարձությունները եւ իր թիմի նպատակը համարում է ՉԼ-ի առաջին փուլը հաղթահարելը:

Լուսանկարը` FC Alashkert
«Ընդամենը մեկ տարի առաջ ենք խաղացել այստեղ ու շատ լավ ենք ճանաչում մրցակցին: «Ալաշկերտին» հաղթելը հեշտ չի լինելու, բայց մենք հաշվի ենք առել անցած տարվա փորձն ու հիմա ավելի լավ ենք պատրաստվել»,- հայտնել է Իմբերնոնը:
Նա նշել է, որ ուսումնասիրել են «Ալաշկերտին», տեղյակ են ձեռքբերումներից ու փորձելու են գտնել հակախաղ. «Ալաշկերտը» լավ խաղացողներ ունի, ովքեր անցած տարվա հանդիպման ժամանակ կարեւոր դեր խաղացին: Կառանձնացնեմ հատկապես Միհրան Մանասյանին, Արթուր Եդիգարյանին եւ Խորեն Վերանյանին»:
«Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը կայանալու է այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Հանդիպման մուտքն ազատ է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: